ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Վրացիները շատ հաջող տեղավորվել են Չինաստանի համար խիստ կարևոր նախագծում

Վրացիները շատ հաջող տեղավորվել են  Չինաստանի համար խիստ կարևոր նախագծում
13.02.2015 | 00:07

Վերջերս չինական համացանցի ռուսալեզու էջերը «թերթելիս» հանդիպեցի Վրաստանին նվիրված մի հոդվածի, որը հիացմունքով պատմում էր «Կովկասյան լեռների փեշերին, Սև ծովի ափին փռված մի հիանալի երկրի մասին, որտեղ աշխատասեր ու բարյացակամ վրաց ժողովուրդը կերտել է իր բազմադարյա պատմությունն ու ինքնատիպ մշակույթը»։ Բերված էին նաև հետաքրքիր փաստեր։ Այսպես, պարզվում է, 12-րդ դարում Շոթա Ռուսթավելին «Վագրենավորը» պոեմում նկարագրել է չին և վրացի ժողովուրդների շփումները, իսկ 19-րդ դարի վերջին Լյու ազգանունով մի չինացի Սև ծովի վրացական ափին հաջողությամբ չինական բարձրորակ թեյի տեսակ է աճեցրել, որը շատ են սիրել տեղի բնակիչները, և որը մինչև հիմա էլ վրացիներն անվանում են «Լյու-Չա»։ Իհարկե, հաճելի է նոր բան իմանալ բարեկամների ու հարևանների մասին, սակայն հետաքրքրվելով իմացա, որ վերջին ժամանակներս թե՛ չինական լրատվամիջոցներում, թե՛ համացանցում բավական հաճախ են հոդվածներ երևում Վրաստանի, նրա պատմության, Չինաստանի և Վրաստանի բարեկամական կապերի մասին։ Եվ դա, իհարկե, պատահական չէ։ Նախ, ՉԺՀ Պետական խորհուրդը Վրաստանին զբոսաշրջային երկրի կարգավիճակ է շնորհել, և ինչպես հաղորդվում է, «հիշյալ որոշումը զգալիորեն կմեծացնի չինացի զբոսաշրջիկների քանակը և կնպաստի զբոսաշրջության ոլորտում Վրաստանի և Չինաստանի երկկողմ համագործակցության խորացմանը»։ Երկրորդ, անցած տարվա սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի նստաշրջանում Վրաստանի հրապարակած նախաձեռնությունը 2015 թ. Թբիլիսիում «Մետաքսի մեծ ճանապարհի» համաժողով հրավիրելու մասին, շատ լավ ընդունվեց Պեկինի կողմից։ Ինչպես հաղորդում է «Սինհուա» գործակալությունը, Չինաստանը բարձր մակարդակով հավաստում է իր մասնակցությունն այդ համաժողովին և ընդգծում «փոխհարաբերությունների ակտիվացման անհրաժեշտությունը», ինչպես նաև ուշադրություն է հրավիրում այն «լայն հեռանկարների վրա, որ երկու երկրների առջև բացում է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի նախաձեռնությունը նոր «Մետաքսի ճանապարհի» շինարարության մասին»։ Այսինքն, վրացիները կարողացել են շատ հաջող տեղավորվել Չինաստանի համար խիստ կարևոր նախագծի մեջ, որի մասին մենք շարունակ պատմում ենք մեր թերթի էջերում։
Նկատել է պետք նաև, որ, ինչպես հաղորդում են չինական լրատվամիջոցները, 2014 թ. վեց ամսվա տվյալներով, Վրաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 380 մլն դոլար, ինչը 26 %-ով ավելի է 2013 թ. նույն ժամանակամիջոցի համեմատ։ Վրաստանի խոշորագույն առևտրական գործընկերների շարքում Չինաստանը գրավում է երրորդ տեղը. Վրաստանից Չինաստան կատարվող արտահանումն ավելացել է 38 %-ով, իսկ Չինաստանից Վրաստան ներմուծումը՝ 23 %-ով։ Չինաստանի առևտրի փոխնախարար Գայե Ենի ասելով, երկրները շահագրգռված են համագործակցության զարգացմամբ, և բացի այդ, պաշտոնական Պեկինը մտադիր է մեծացնել Վրաստանին ցուցաբերվող ֆինանսական և տեխնիկական օգնությունը։ Համաձայնագրի շրջանակներում Չինաստանը Վրաստանին դրամաշնորհի ձևով կտրամադրի 30 մլն յուան (մոտ 4,8 մլն դոլար), կֆինանսավորվեն տնտեսական ու տեխնիկական առաջնային նախագծերը, որոնք կընտրվեն երկու կողմերի խորհրդակցությամբ։ Չինացի գործարարներին հետաքրքրում է համագործակցությունը Վրաստանի հետ ենթակառուցվածքային նախագծերում, էներգետիկայի, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Գերակա ուղղություններից մեկն է ճանաչվել գործակցությունը գյուղատնտեսության բնագավառում։ Մասնավորապես, ճյուղում լայնորեն կներգրավվեն չինական ներդրումներ, Վրաստանում գյուղատնտեսական մթերքների արտադրության ասպարեզում կներդրվեն նոր տեխնոլոգիաներ։ ՉԺՀ-ն մտադիր է Վրաստանին որպես նվեր մատակարարել 26 անուն 225 միավոր հատուկ շինարարական տեխնիկա, որի ընդհանուր արժեքը 10 մլն դոլար է։ Այն նախատեսված է երկրում մելիորացիոն-ոռոգման աշխատանքների համար, կոչված է նպաստելու ՉԺՀ արտահանվող վրացական գինիների ավելացմանը (չինական շուկայում վրացական գինիների հաջողության մասին ավելի մանրամասն պատմել ենք մեր թերթի նախորդ համարում)։ Պաշտոնական Թբիլիսին Չինաստանին առաջարկում է իր տարածքն օգտագործել Եվրամիության շուկա անցնելու համար, մատնանշելով, որ ինքն իրավունք ունի GPS+ ռեժիմի սխեմայի շրջանակներում ազատորեն ԵՄ շուկա մատակարարելու 7000 գործարանային մակնիշ, ինչը չինական արտադրանքին հնարավորություն կտա առանց ավելորդ մաքսատուրքերի եվրոպական շուկա ընկնել (GPS՝ ԵՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիր)։ Բացի այդ, Վրաստանի կառավարությունն առաջարկում է իր երկրում կառուցել չինական կիսամշակ արտադրանքի վերջնամշակման արտահանական տեքստիլ ձեռնարկություններ։ Եվ այս ամենն արվում է վերջին տարիներին։
Բանն այն է, որ թեև Չինաստանն առաջիններից մեկն էր, որ ճանաչեց Վրաստանի անկախությունն ու դիվանագիտական հարաբերություններ հաստատեց նրա հետ, տնտեսական կապերի բուռն զարգացումն սկսվեց 2006-ից՝ Սաակաշվիլու ՉԺՀ կատարած առաջին այցից հետո։ Նրան այն ժամանակ, մասնավորապես, հաջողվեց լուծել Չինաստանին Վրաստանի ունեցած պետական պարտքի հարցը. պարտքի մեծ մասը դուրս գրվեց ի հաշիվ հյութերի գործարանի շինարարության։ Ստորագրվեցին «Բարեկամության և համագործակցության հետագա զարգացման հռչակագիրը», «Մշակույթի և էլեկտրոնային կապերի համաձայնագիրը», «Երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների համագործակցության համաձայնագիրը»։ Եթե առաջ Վրաստանը Չինաստան էր ուղարկում մեծ մասամբ «ջարդոն», ապա շուտով սկսեց արտահանել իր գլխավոր արժեքները՝ գինի և անալկոհոլ ըմպելիքներ։ Երկու երկրների միջև առևտրի ծավալը կարճ ժամանակամիջոցում աճեց 96,4 %-ով և հասավ 85,26 մլն դոլարի, չինացիների օգնությամբ գործարկվեց Խադորի հէկը, որի շինարարության ընթացքում հաղթահարվեցին շատ դժվարություններ, ընդլայնվեց համագործակցությունը Չինաստանի հաղորդակցական ընկերությունների հետ։ Օրինակ, երկար ժամանակ վրացական ընդդիմությունն ու լրատվամիջոցները (և ոչ միայն վրացական) մանրամասնորեն գրում էին, թե մտադրություն կա Վրաստանում կառուցելու «չայնաթաուն» և 126 հազար չինացու բնակեցնել Թբիլիսյան լճի մերձակա տարածքում։ «Հուալինգ» կորպորացիան, որ իբր, պիտի իրականացներ դա, հայտարարեց, որ շինարարության նախագծի առնչությամբ հասարակությանը սխալ տեղեկություն է մատուցվել, և ընդգծեց, որ չինացիների կամ մեկ այլ երկրի քաղաքացիների վերաբնակեցման «տեղեկությունը» չի համապատասխանում իրականությանը։ Իսկ ինչ վերաբերում է 2015 թ. Թբիլիսիում երիտասարդական օլիմպիական փառատոնի օլիմպիական ավանի շինարարությանը, ապա Վրաստանի կառավարության հետ համաձայնագիրը ձևակերպվել է 2012 թ. մարտի 30-ին, որի համաձայն, ընկերությունը ստանձնել է հետևյալ պարտավորությունները. ներդրումային կապիտալը պետք է լինի 150 միլիոն դոլարից ոչ պակաս, պետք է կառուցվեն 3800 մարզիկների համար նախատեսված մասնաշենքեր՝ առնվազն 50 հազար քմ ընդհանուր մակերեսով, առնվազն 200 համարով հինգաստղանի հյուրանոց, առնվազն 100000 քմ մակերեսով առևտրի միջազգային կենտրոն։ Ամբողջ համակառույցը երեք ամսով անվճար կտրամադրվի վրացական կողմին։ Հարկ է նկատել, որ «Հուալինգ» կորպորացիան ներկայացնում է չինական մի խումբ խոշոր ընկերություններ, որոնց գործունեություն են ծավալում ինչպես Չինաստանում, այնպես էլ աշխարհի այլ երկրներում։ Ընկերությունը Վրաստանում ներդրումներ է կատարում 2007 թվականից։ Այդ ընթացքում Վրաստանի քաղաքացիների համար ապահովել է մոտ երկու հազար աշխատատեղ։
Իսկ հիմա, ինչպես գրում են լրատվամիջոցները, Չինաստանը դարձել է Վրաստանի տնտեսության մեջ խոշորագույն ներդրողը, որտեղ բավական ցածր է հարկման մակարդակը և նվազագույն՝ կոռուպցիան, որտեղ գործում են ԵՄ-ի և ԱՊՀ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրերը։ Այս ամենը գրավիչ մթնոլորտ է ստեղծում ներդրողների համար և բացում է համագործակցության նոր հեռանկարներ, այդ թվում՝ «Մետաքսի մեծ ճանապարհ» նոր նախագծի շրջանակներում։ Իսկ մեզ մնում է ուրախանալ մեր հարևանների հաջողություններով։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 18446

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ