ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«Հարսնաքարի» ու «հանցաքարի» միջև

«Հարսնաքարի» ու «հանցաքարի» միջև
02.07.2012 | 20:38

Տեղի է ունեցել ողբերգություն` կյանքից բռնի հեռացել է երիտասարդ մի մարդ, կատարվել է հանցագործություն, որ ոտքի է հանել մարդկանց: Առաջին հայացքից` օրինաչափ ու անհրաժեշտ արձագանքով: Անցած օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ մարդիկ արագ մի կողմ են թողնում և՛ զոհին, և՛ ոճիրը, և՛ ոճրագործին, ու առիթն օգտագործում են իրենց խնդիրները լուծելու:
Գուցե ենթագիտակցաբար:
Գուցե գիտակցաբար:
Ակնհայտ է, որ մարդկանց մեջ կուտակված դժգոհությունը, ամեն օր իրենց իսկ հանդիպող անարդարությունների համար արդար հատուցման պահանջը ելք են որոնում: Ակնհայտ է, որ «Հարսնաքարում» տեղի ունեցած ողբերգության դիմաց արդար հատուցման իրենց ձայնը բարձրացնողները ճիշտ են, և քաղաքացիական հասարակության ակտիվությունը տեղին է ու հիմնավորված: Ակնհայտ է նաև, որ խնդիրը նման միջադեպերն ընդհանրապես կանխելն ու կանխարգելելն է: Այս ակնհայտությունների դեմ ոչ ոք չի կարող առարկել: Բայց նույնքան ակնհայտ է, որ ինչ-որ պահից իրադարձություններն սկսեցին կառավարվել և զարգանալ օրինաչափությանն ու տրամաբանությանը հակառակ ուղղությամբ: Զոհվել է երիտասարդ բժիշկ, ցավալի ու անհեթեթ միջադեպի պատճառով, զոհվել է նախնադարյան բարքերին հատուկ դաժանությամբ, և այս օրերին ամեն ինչից առաջ պետք է հարգանք ունենալ նրա հիշատակի առաջ: Պարզապես հարգանք մարդու նկատմամբ, որ հեռացել է կյանքից: Նրա մահն ու մահվան հանգամանքները քաղաքական նպատակներով օգտագործելը ոչնչով չի տարբերվում դիակապտությունից: Կատարվածին բացարձակապես ադեկվատ չէ «Հարսնաքարը» պայթեցնելու փորձը. անհասկանալի է` ի՞նչ է մտածել ՊՆ փոխգնդապետ Վարդան Սամվելյանը, որ զինված գնացել է ռեստորանը պայթեցնելու: Մեղավորները վաղուց արդեն այնտեղ չեն: Ռեստորանում գտնվողները կատարվածի հետ առնչություն չունեն: Ընկերոջ հիշատակը հարգելու այդ ձևը նվազագույնը հանցավոր է: Նույնքան ադեկվատ չէ համալիրի սեփականատիրոջը երկրում տեղի ունեցած բոլոր անարդարությունների մեջ մեղադրելը: Ռուբեն Հայրապետյանն իր ապրած կյանքում, ինչպես մեզնից յուրաքանչյուրը, գործած մեղքեր հաստատ ունի, բայց չգործած մեղքի համար նրան մեղադրելը նույնպես հանցանք է:
Առաջին հերթին կա անմեղության կանխավարկածը` ապացուցեք, որ Ռուբեն Հայրապետյանը պատվիրել է, կազմակերպել է, մասնակցել է հանցանքին, ու` պատժեք օրենքի նախատեսված ձևով ու չափով: Նրա դեմ սկսված այս շարժումը շատ է հիշեցնում քաղաքական հաշվեհարդար` «Կուժ քեզ ենք ասում, կուլա դու հասկացիր» սկզբունքով: Պարզ է, չէ՞, որ եթե դեպքը տեղի ունեցած լիներ բոլորովին այլ վայրում, այս արձագանքը չէր ունենալու: Իշխանությունից ու իշխանությունը մարմնավորող մարդկանցից ընդհանուր դժգոհությունը մասնավորվելու ու արտահայտվելու հնարավորություն է որոնում և առիթը բաց չի թողնում ամեն ինչի համար մեկին պատասխանատու գտնելու: Ռուբեն Հայրապետյանը այս պարագայում ընդամենը քավության նոխազ է` հասարակությունը իր «փոքր արյունն» է պահանջում:
Բացարձակապես անկապ ու անտեղի է պատգամավորական մանդատը վայր դնելու պահանջը: Նախ` որևէ մանդատ, ընդհանրապես որևէ փաստաթուղթ կորուստը չի վերադարձնելու, վայր դրված, թե չդրված որևէ մանդատ չի կանխելու նման հանցագործության երկրորդումն ու երրորդումը, որովհետև հանցածին ու հանցահարույց է մթնոլորտը, համակարգը: Իսկ համակարգի այդ բնույթի պատասխանատուն որքան իշխանությունը, նույնքան հասարակությունն է, որ այսօր փորձում է իր փոխարեն «մեղավոր» նշանակել իշխանությունը մարմնավորող կոնկրետ մարդու:
Հուզական ընկալման հարթության մեջ մեղադրանքներ ներկայացնելը պարզապես հաճույք է` այդ հաճույքից այսօր առավելագույն բավարարություն են փորձում ստանալ նրանք, ովքեր իրենց խնդիրներն ունեն լուծելու, բայց այլ ճանապարհներով հաջողության չեն հասնում:
Արամ Կանդայանը, փառք Աստծո, ողջ է, նրան էլ ծեծել էր նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Գագիկ Բեգլարյանն ընդհարվել էր նախագահի աշխատակազմի ներկայացուցչի հետ և հրաժարական տվեց քաղաքապետի պաշտոնից: Առաջին հայացքից արդարությունը վերականգնվեց` բարձրաստիճան պաշտոնյան հատուցեց ոչ վայել պահվածքի համար: Հասարակությունը բավարարված էր, հասարակության պատիվը` վերականգնված: Իսկ մի քանի ամսից Գագիկ Բեգլարյանը դարձավ նախարար, որտե՞ղ է հասարակության պատիվը, և որտե՞ղ է այսօր Արամ Կանդայանը:
Ենթադրենք` ՀՀ նախագահը Ռուբեն Հայրապետյանին առաջարկում է մանդատը վայր դնել, և հաջորդ օրը նրան մանդատից զրկել պահանջողները մեծ ցնծությամբ տոնում են ժողովրդավարության ու իրենց անդուլ պայքարի հերթական հաղթանակը, ի՞նչ է դրանից փոխվելու: Ժողովրդավարությունը քայլ առա՞ջ է անելու: Լոկալ, խիստ հարաբերական ու խիստ կասկածելի այդ «հաղթանակով» ի՞նչ հարց է լուծվելու: Իրականում` ոչ մի:
Շատ հնարավոր է, որ Ռուբեն Հայրապետյանն ինքն է որոշում մանդատը վայր դնել, բայց դա խելամիտ ու արդարացված կլինի միայն մի դեպքում` եթե թիվ 1 ընտրատարածքում նա նորից առաջադրվի պատգամավորության թեկնածու և նոր ընտրությունների արդյունքով պարզվի` իրականում ընտրողը նրան մեղադրո՞ւմ է, թե՞ համարում է իր արժանի ներկայացուցիչը օրենսդիր մարմնում: Դա կլինի ճշմարտության պահ, եթե ընտրությունները լինեն ազատ ու արդար:
Իսկ իրականում այս ամբողջ պատմությունը, ու ես դա խորին ցավով եմ արձանագրում, իրապես քաղաքական դիակապտություն է, որովհետև երիտասարդ մարդու ողբերգական մահը վերածվում է քաղաքական նկրտումների տոնավաճառի, ուղղորդվում ու կազմակերպվում է մի կենտրոնից և ունի մի նպատակ` հակառակորդների մի մասի ձեռքով շարքից հանել հակառակորդների մյուս մասին` անվայելուչ այդ գործընթացը վայելչորեն փաթեթավորելով օրընթաց ամենաբարձր արժեքների պաշտպանության փայլուն թղթերով:
Հանգստություն Վահե Ավետյանի հոգուն, թող ների մեզ, եթե կարողանա:
Մենք շարունակելու ենք մեղքեր գործել` արդեն առանց նրա:
Այդպիսին է մթնոլորտը, որ ուզում է մեր մեջ միշտ մեղավորներ գտնել` հեշտ կառավարելի պահելու համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Իսկ եթե սպանվողը լիներ ոչ Վահե Ավետյանը, այլ նա, ում մեղադրում են Վահե Ավետյանի սպանության մեջ, հրճվելո՞ւ էինք, որ օլիգարխների սափրագլուխների հախից եկող եղավ: Հրճվելու էինք մարդու մահո՞վ: «Հարսնաքար», թե՞ «Հանցաքար» հարցի պատասխանը նախ մեր մեջ փնտրենք:

Դիտվել է՝ 4917

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ