ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

ՀՀԿ-Ն` ՔՍԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՊԱՏԱՆԻ

ՀՀԿ-Ն` ՔՍԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՊԱՏԱՆԻ
21.12.2010 | 00:00

ՀՀԿ-ն ուսումնասիրության անսպառ նյութ է, որպես կուսակցություն, որպես էվոլյուցիա, որպես իշխող մեծամասնություն: Ժամանակը կտա հարցի պատասխանը. ի վերջո, ո՞րն էր այս կուսակցության ֆենոմենը, ի՞նչ փակ-կարմայական «սվյազկա» ուներ այն, որ այսքան երկար կարողացավ «բեմին վրա քալել»:
Հինգ տարի առաջ, 2005 թ. նույն օրը` դեկտեմբերի 18-ին, երբ ՀՀԿ-ն 15 տարեկան էր, հրավիրել էր իր իններորդ համագումարը: Օրն էլի շաբաթ էր: Էլի խորհրդարանական ընտրություններ էին առջևում: ՀՀԿ-ն էլի վերադասավորվում էր: Էլի խոսակցություններ կային կոալիցիայի մասին («փոքր-ինչ» անց ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից): Ֆորտունան էլի լայնաբերան ժպտում էր ՀՀԿ-ին` անհասկանալի բրենդ դարձնելով նրան: Անդրանիկ Մարգարյանն էլ, որպեսզի շատ աչքով չտան ՀՀԿ-ին, Ամանորի նախաշեմին` 2006-ի Շան տարում մաղթեց` «հաչացողները թող քիչ լինեն»: Մեր հարցին` այդ ո՞ւմ նկատի ունեք, կարճ ասաց` «բոլորին»: Հա, օրը ձնոտ էր ու խոնավ:
Այս մի դեկտեմբերի 18-ն արևոտ էր, ինչպես արևոտ էր այս աշունն ընդհանրապես: «Նշանների լեզուն» ու ճակատագրական օրինաչափությունները թողնելով մի կողմ (չնայած շատ հետաքրքիր էր, որ ուղիղ 5 տարի հետո ՀՀԿ-ն քսանամյա իր հոբելյանի եզրափակիչ ակորդը նույն օրը հնչեցրեց)` արձանագրենք` ՄՀՀ-ում ՀՀԿ-ն իր վաստակած տարեդարձի գործին էր: Տարբերությունն էլ այն է, որ այն ՀՀԿ-ն այն օրերին հնգամյա վարչապետական կուսակցություն էր, այս անգամ` երեքամյա նախագահական:
Այո, ՀՀԿ ճակատագրականությունը, ինչպես նաև նրա սիրելի լիդերների (որոնցից էլ սկսեց օրը Սերժ Սարգսյանը) դերակատարությունը թողնելով մի կողմ, պարզապես մեկ տողով արձանագրենք` այս կուսակցության վրա կա խիստ խարիզմատիկ շարմ` Աշոտի, Վազգենի, Անդրանիկ Մարգարյանի աուրաները, որոնք երկրավոր կյանքում գուցե սխալներ թույլ տված, սակայն լիդերներ էին, որոնք «այն կողմից» ստալկերների պես պահում են ՀՀԿ «զոնան»: Եվ ելույթն սկսելով հենց նրանցից` շարժման մեջ էին դրվել այդ «շարմն» ու էներգետիկ ուժը:
Դառնալով Սերժ Սարգսյանի այդ օրվա ելույթին, պետք է ասել, որ այն իսկապես հետաքրքիր էր: Նախ` կառուցվածքի առումով: Ասել, որ ծրագրային էր, չի ստացվի, չնայած նաև նախանշեց զարգացման հիմնական մոդուլները, իշխանական ներքին մտայնությունները (այդ մասին` ներքևում):
Կատարման տեսանկյունից ևս ելույթը հետաքրքիր էր: Բացի չնչին հռետորաբանությունից, այնտեղ կային օրվա գրեթե բոլոր հարցերի պատասխանները: Ընդ որում, խիստ մատչելի, երբեմն-երբեմն` ժողովրդական, երբեմն էլ` «պո գիմալայսկի»` գրական-գեղարվեստական ձևարտահայտություններով. ասենք` «թասիբի գցել» կամ` «ընդդիմության այդ խմբին թվում է, թե երկրագունդը պտտվում է ոչ թե արեգակի, այլ նախագահական աթոռի շուրջը»:
Ելույթի ամենաուժեղ հատվածը հենց ընդդիմությանը նվիրվածն էր:
Ամենաանկեղծ հատվածը` կոալիցիային նվիրվածը:
Ամենադժվար իրականացնելին` կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարի խոստումը:
Ամենասպասվածը` թիկնապահների մասը:
Ամենաառանցքայինը զարգացման մոդուլի ընտրությունն էր: Որն էլ, որպես բանալի, կարող է հասկանալի դարձնել, թե իրականում ինչ է կատարվում այսօր վերին էշելոնում, մեկնարկած վերադասավորությունների հիմքում:
Այսպիսով, մշտապես դանդաղ շտապող Սերժ Սարգսյանը, որը շատ հետաքրքիր մանևրով դուրս եկավ դեպ արտաքին աշխարհ, մասնակից դառնալով խիստ կարևոր պարտիաների` հայ-թուրքական, ղարաբաղյան, նույնքան նրբագեղ կարողացավ հետ քաշվել, երկու ֆրոնտում էլ ապացուցելով, որ ինքը կանխատեսելի, կայուն խաղացող է, որը պահում է թե՛ գեոքաղաքական, թե՛ տարածաշրջանային խաղի կանոնները, պայմանավորվածությունները:
Ավարտելով ֆրոնտալ այդ «մարտերը», այդ պահից սկսած և հայաստանյան ընտրություններից մեկուկես տարի առաջ նա սրընթաց մխրճվում է ներքաղաքական ոլորտ` փորձելով այնտեղ տալ իր հերթական, որոշիչ մարտը:
Ոչ միայն ազատում է բանտարկված տղերքին, այլև ճշգրտորեն խոստովանում է, որ Հայաստանը, ի տարբերություն ժողովրդավարության արևմտյան «օրրան» համարվող Վրաստանի, «խան-սուլթանական» Ադրբեջանի, ունի «լավ կազմակերպված և միավորված ընդդիմություն, ինչը բարեբախտություն է, և հրաշալի է, որ մեր երկրում կա նման ընդդիմություն և այն ամրապնդվում է»:
Այսպիսով, սկսելով այստեղից և հարակից «տեղերից»` հասկանալի է, որ արտաքին քաղաքական դադարը եզակի ու փայլուն շանս է դառնում Հայաստանի (իսկ ինչու ոչ, նաև Սերժ Սարգսյանի) համար` պոկում ապահովելու թե՛ տարածաշրջանային, թե՛ գեոզարգացումների տեսանկյունից: Ընդ որում, հաջողելու դեպքում Հարավային Կովկասում կարելի է և դառնալ լիդեր: Եթե, իհարկե, ՀՀԿ 20-րդ համագումարում խոստացվածը կատարվի:
Այո, այդ «կատարումը» քարտ-բլանշ կապահովի նաև Սերժ Սարգսյանի համար: Որքան հասկանում ենք` դեռ 2008-ին Սերժ Սարգսյանը փոփոխությունների համանման փաթեթով էր ցանկանում ստանձնել նախագահական աթոռը, բայց քանի որ «արեգակը պտտվում էր այդ աթոռի շուրջը», և շատերին, բացի Սերժ Սարգսյանից, շատ ձեռնտու էր մարտի 1-ը (գումարած` արտաքին խաղացողներ), բարեփոխումների փաթեթը «հետաձգվեց»: Հետաձգվեց նաև ղարաբաղյան, հայ-թուրքական հարցերի պատճառով, որոնք էլ իրենց հերթին հնարավորություն չտվեցին «դեմքով շրջվելու» դեպ բարեփոխումներ:
Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, կրկին արձանագրենք, որ Հայաստանը, այո, տարածաշրջանում ամենականխատեսելի, ամենակայուն, «հրաշալի ընդդիմություն» ունեցող երկիրն է:
Սերժ Սարգսյանն էլ տևական ժամանակ նույն տարածաշրջանից միակ լիդերն էր, որի հետ հանդիպել էր Օբաման (Մեդվեդևին ու Պուտինին էլ չմոռանանք):
Ի դեպ, որքան մենք ենք հասկանում, Օբամայի և Սերժ Սարգսյանի միջև նույն այդ հանդիպմանը կարող էր տեղի ունենալ կամ իրոք տեղի է ունեցել նոր աշխարհակարգի, «մոդեռնիզացիոն» գործընթացների տրամաբանության կարևորում, և այդ գործընթացներին համահունչ քայլերի անհրաժեշտության արձանագրում, ասենք` «զրույցի» տեսքով:
Կարծես հենց դա է կատարվում այսօր Հայաստանում, այդ տրամաբանությամբ են տեղի ունենում գործընթացները իշխանական «ձեռակերտում»:
Այսպիսով, եթե հեռանկարի առումով դիտարկենք Սերժ Սարգսյանի ելույթը, ապա այնտեղ նույնքան նրբագեղ տրված են կոդեր, որոնցով փորձ է արվելու սարքել ապագա քաղաքական բուրգը` ՀՀԿ-ի՞ շուրջ` կողմի՞ց, կամ միջոցո՞վ: Փաստենք` «ձևն» էական չէ:
Ահա և Սերժ Սարգսյանն իր ելույթում մի քանի անգամ շեշտադրում է կատարում կոռուպցիայի և «մնացածի» վրա: Նկատեք, որ ՀՀԿ խարիզմատիկ ու սիրելի լիդերների թեմայից հետո հաջորդ ամենաէականը հենց այս թիրախն է: Շարունակությամբ` «հետխորհրդային մի շարք երկրներում, մեր աչքի առաջ այդ խնդիրը լուծվեց. ժողովուրդն սկսեց հավատալ իր ոստիկանին, չինովնիկին, դատավորին: Դա մեր վաղվա իրականությունն է: Այդ վաղը մենք պետք է մոտեցնենք մեր ուժերի ողջ լարումով»:
Այո, մենք բոլորս վաղուց և թաքուն նախանձով ենք հետևում «հետխորհրդային որոշ երկիր» Վրաստանին, այնտեղ լինելիս ցավ ապրում սեփական երկրի, սեփական ոստիկանի, չինովնիկի, կոռուպցիայի և ամեն ինչի համար:
Այո, և մասամբ, ներքին կյանքի զարգացման տեսանկյունից վրացական մոդելը, իսկ իրականում եվրոպական մոդելը միակ «համադամն ու բալասանն» է։
Սա հասկանում ենք մենք, սա այլևս հրամայական է բոլորիս համար: Բայց նաև գիտենք, որ «ՊպսՏ ՑՏվՍՏպ», դժվար է լինելու։ Փոքրիկ բացատրություններ նույնպես պետք էին, և տրվեցին այդ բացատրությունները նույնպես: Յուրովսանն, Հայաստանի օրակարգում չկա Եվրամիությանը լիարժեք անդամակցելու հարց, Հայաստանը ԱՊՀ, ՀԱՊԿ անդամ է, և մենք «օրինակելի համագործակցության մեջ ենք Ռուսաստանի հետ»:
Բայց դե ուրախացնող բան էլ կա. մեր հռչակումները հռչակումներ և արժեհամակարգ են նաև Ռուսաստանի համար:
Որովհետև դա է աշխարհի զարգացման բանալին, միակ տրամաբանությունը. և նոնսենս է այդ տրամաբանությունից դուրս լինելը և այն էլ` 21-րդ դարում, ուր 20 տարեկան պատանի ՀՀԿ-ն, Հայաստանն ու գլոբալ աշխարհը պատրաստվում են դիմավորել Նապաստակի (արևելյան հորոսկոպով` Կատվի) տարին:
Ափսոս, որ չհաջողեցրինք Սերժ Սարգսյանից (ինչպես ժամանակին Անդրանիկ Մարգարյանից) իմանալ` ի՞նչ սպասելիքներ ու մաղթանքներ ունի նա այս Նոր տարում:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1345

Մեկնաբանություններ