Եվս մեկ գազամուղի` «Հարավային հոսքի» անցկացման որոշումը թեև վաղուց է կայացվել (դրա մասին առաջին անգամ խոսեցին դեռ հինգ տարի առաջ, և այն ավելի շատ տարակույսներ ու հանդիմանություն առաջ բերեց ինչպես Ռուսաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս), այդուամենայնիվ, դուրս չի գրվել ո՛չ «Գազպրոմի» ծրագրերից, ո՛չ էլ Պուտինի անձնական խոստումների շարքից:
Եվ ահա վերջապես այդ «լռված սայլը» համատեղ ջանքերով շարժվեց տեղից: Սևծովյան Անապա առողջարանային քաղաքից ոչ հեռու տեղի ունեցավ «Հարավային հոսք» գազամուղի շինարարության բացումը, և կատարվեց առաջին խողովակի զոդումը: Եվ հիմա Ռուսաստանի «ազգային հարստության»` «Գազպրոմի», ու նաև հենց երկրի նախագահի համար հեշտ ժամանակներ չեն: ՈՒ դրանք, ըստ երևույթին, պահանջում են և՛ «ճիշտ ուղու» ընտրության ապացուցում և առանձնակի ակնբախ ցուցադրում, և՛ նախանշված ծրագրերի իրագործման երաշխիք` «խոստացել ես, պիտի անես»: Հենց դրա համար է այդ իրադարձությանը առանձնահատուկ հանդիսավորություն հաղորդվել. արարողությանը մասնակցում էին Ռուսաստանի նախագահը, համահիմնադիր ընկերությունների ղեկավարները, «Հարավային հոսք» նախագծին մասնակցող երկրների կառավարությունների անդամներ ու դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներ: Հիշեցնենք` բնական գազի արտահանման երթուղիների բազմազանեցման նպատակով, «Գազպրոմն» այդ գազամուղի շինարարությունն իրականացնում է շրջանցելով ՈՒկրաինան, Սև ծովի հատակով անցնելով Հարավային և Կենտրոնական Եվրոպայի երկրներ: Նախագծի ցամաքային մասի իրականացման համար Բուլղարիայի, Սերբիայի, Հունգարիայի, Հունաստանի, Սլովենիայի, Հորվաթիայի ու Ավստրիայի հետ միջկառավարական համաձայնագրեր են ստորագրվել, իսկ Սև ծովով անցումը համաձայնեցված է Թուրքիայի հետ: Ճիշտ է, բառացիորեն տոնի նախօրեին ռուսների համար տհաճ անակնկալ եղավ այն, որ նախագծի օտարերկրյա մասնակիցներն իրենց իրավունք վերապահեցին «դուրս գալ նախագծից, եթե ապագայում որոշակի տնտեսական պայմաններ չկատարվեն», օրինակ, խնդիրներ առաջանան Եվրոպայի հետ կամ էլ եվրոպական շուկան չցանկանա ընդլայնվել: ՈՒ միգուցե պատահական չէր, որ Իտալիայի գլխավոր հեռուստաընկերությունը` դեռ վերջերս նախագծի ամենաջերմ կողմնակիցը, մերժեց «Գազպրոմի» հրավերը` մասնակցելու շինարարության հանդիսավոր բացմանը:
Սրանք, թերևս, չնչին մանրամասներ են, և խոսքն իրականում ոչ թե շարքային կառույցի, այլ Կրեմլի համար տասնամյակի գլխավոր էներգաքաղաքական նախագծերից մեկի մասին է: «Նախագիծն արժանացել է բոլոր գործընկեր երկրների քաղաքական պաշտպանությանը»: Ստորագրված են բոլոր միջկառավարական համաձայնագրերը, կայացվել են բոլոր ներդրումային որոշումները,- բացման ժամանակ հայտարարեց Պուտինը:- Մենք մանրամասնորեն ուսումնասիրել ենք Սև ծովի ջրուղին, և կարող եմ բոլոր մասնակիցներին հավաստիացնել, որ նախագիծը կիրականացվի ամենաբարձր բնապահպանական պահանջներին համապատասխան»։ Բացի այդ, նշվեց, որ դա մի նախագիծ է, որի համար Ռուսաստանը եվրոպացիներից փող չի խնդրում («Նաբուկո» նախագծի վրա արդեն մի քանի հարյուր միլիոն եվրո է ծախսվել), ընդ որում մի քանի տարով հազարավոր աշխատատեղեր է ստեղծում, տնտեսական աճ է ապահովում և, գլխավորը, ապահովում է ուղղակի մատակարարումների հուսալիություն` բացառելով տարանցման երկրների գործոնը:
Սևծովյան տեղամասի ընդհանուր երկարությունը կկազմի մոտ 900 կմ, առավելագույն խորությունը` ավելի քան երկու կիլոմետր։ Նախատեսվում է գցել մոտ 15,75-ական միլիարդ խմ կարողությամբ չորս ճյուղ։ Այսինքն, Ռուսաստանից Եվրոպա այդ երրորդ ծովային գազամուղի կարողությունը կլինի տարեկան 63 մլրդ խմ։ Գազի ծավալն ապահովելու համար նախատեսվում է ընդլայնել Ռուսաստանի տարածքի գազամատակարարման համակարգը` կառուցել լրացուցիչ 2,5 հազար կիլոմետր խողովակաշար և տասը մղիչ կայան։ Նախագիծը կիրացվի երկու փուլով և կավարտվի 2019-ի դեկտեմբերին, իսկ առաջին ճյուղը շահագործման կհանձնվի և մատակարարումը կսկսվի 2015-ի դեկտեմբերին։
Ամեն ինչ, կարծես, լավ է. գազամուղն առանց խնդիրների կկառուցեն, գազը Եվրոպայում կգնեն, անհնազանդ ՈՒկրաինային, ինչպես հարկն է, կպատժեն, իսկ Ռուսաստանի դիրքերը, որպես գլխավոր էներգետիկ դոնորի, կամրապնդվեն։ Սակայն իրականում Պուտինի այդ «սիրասուն հոգեզավակի» գործերն այնքան էլ լավ չեն, որքան թվում է։ Նախ, պարզվում է, դա շատ թանկ նախագիծ է։ Նույնիսկ նշվում է, որ այն պետք է ամենաթանկը դառնա պուտինյան Ռուսաստանում կառուցված ու նախատեսված խողովակաշարային նախագծերի մեջ։ Թե որքան կարժենա այդ տնտեսությունը, առայժմ ճշգրիտ ոչ ոքի հայտնի չէ։ Սկզբում դրա արժեքը կանխատեսվում էր 8 մլրդ եվրո։ Այս տարվա հոկտեմբերին «Գազպրոմում» նախագիծը գնահատեցին 15,5 մլդ եվրո։ Բայց մի շարք «ճշգրտումներից» հետո թիվը հասավ 16-17 մլրդ-ի։ «Գազպրոմում» միանգամայն պաշտոնապես ընդունում են, որ վերջնական արժեքը կարող է է՛լ ավելի մեծ լինել։ Նշվում է, որ դեռ մոտավորապես մի 10 մլրդ էլ հարկ կլինի ծախսել Անապայի մատույցներում Ռուսաստանի գազամատակարարման միասնական համակարգի ընդլայնման վրա` ապահովելու համար գազի պահանջվող ծավալի մղման հնարավորություն։ Այսպիսով, ամբողջ ծրագիրը կարժենա գրեթե 27 մլրդ եվրո։ Սակայն կան նաև անուղղակի, բայց բնավ ոչ պակաս խոշոր ծախսեր։
Ինչպես հայտնի է, ռուսները երկար, համառորեն և շատ վնասով էին «առաջ մղում» նախագիծը։ Ամենաբարդ գործընկերներից մեկը Թուրքիան էր։ Երկար տարիներ չէր հաջողվում նրան հակել «ըմբռնման»։ 2009-ին բանակցություններին միացավ այն ժամանակ էներգետիկայի գծով փոխվարչապետ Իգոր Սեչինը, որն առաջարկեց զանազան տարբերակներ։ Օրինակ, Մոսկվան համաձայնեց Սամսուն-Ջեյհան նավթամուղի շինարարությանը, որը Թուրքիային հնարավորություն տվեց վաստակելու տարանցման միջոցով, ընդ որում, դառնալով Ռուսաստանի ուղղակի մրցակիցը։ Այդուամենայնիվ, Սև ծովի իր բացառիկ տնտեսական գոտիով խողովակներ անցկացնելու թույլտվության հայցն Անկարան երկար ձգեց։ Ի վերջո, Թուրքիան համաձայնեց, ճիշտ է, շատ բարդ զիջումների դիմաց` գների և ծավալների, դեռ մի բան էլ իր կարիքների համար, առանց տուգանային պատժամիջոցների գազ վերցնելու նվազագույն պարտադիր մակարդակի հարցում։
«Դժվար է դրանց հաշվի մեջ խաբել»,- ասում են «Գազպրոմում»։ Այն երկրներից, ուր խողովակները պետք է անցնեին ցամաքով, ամենամեծ խնդիրները ծագեցին Բուլղարիայի հետ։ Միայն 2012-ի նոյեմբերի 15-ին Ալեքսեյ Միլլերին հաջողվեց լեզու գտնել այդ երկրի իշխանությունների հետ։ Ընդ որում, կոնցեռնը ստիպված եղավ «օգնել բուլղարական տնտեսությանը», որը 2013-ի հունվարի 1-ից ստացավ գազի գնի 20 տոկոս զեղչ։ Հիմա գազի գինը Բուլղարիայի համար կլինի ամենացածրերից մեկը, մինչդեռ երկիրը տարեկան գնում է մոտ 3 մլրդ խմ։ «Գազպրոմը» կստանձնի նաև սոցիալական պարտավորություններ, օրինակ կհովանավորի «Լևսկի» ֆուտբոլային ակումբը։ «Հիմա անհնար է գնահատել բոլոր արտոնությունների իրական չափերը, որ երկրներին խոստացվել են նախագծին մասնակցելու դիմաց, ուստի «Հարավային հոսքի» վերջնական գնի հարցը բաց է մնում»,- անմխիթարական արդյունքներն է ամփոփում «Գազպրոմի» թոփ-մենեջերը։ Իսկ, ընդհանուր առմամբ, փորձագետները կանխատեսում են, որ նախագիծն իր «ծախսերը կհանի» մոտ 100 տարի հետո։ Ընդ որում, եթե հավաստիացումները, որ այդ խողովակաշարը «շահութաբեր կլինի գործարկման առաջին իսկ օրից», իրականում հեքիաթ չլինեն։
Մի շարք փորձագետներ կարծում են, որ նախագծի տնտեսական նպատակահարմարությունը, թերևս, ավելի շատ հարցեր է ծնում, քան հինգ տարի առաջ։ Երբ «Հարավային հոսքը» ծնունդ էր առնում, ԱՄՆ-ը, իբրև արտահանող, ոչ ոքի մտքով չէր անցնում։ Սակայն, բառացիորեն Անապայի հանդիսությունների նախօրեին, ամերիկյան էներգետիկ գործակալությունը հրապարակեց մի զեկույց, համաձայն որի, 2016 թ. ԱՄՆ-ը կդառնա հեղուկ գազի նետտո-արտահանող, իսկ ևս չորս տարի անց` բնական գազի նետտո-արտահանող։ Այնպես որ, թեև «Գազպրոմի» ղեկավարությունը նախընթաց տարիներին պնդում էր, թե գազամուղը կառուցվում է գազի նոր ծավալներ եվրոպական շուկա արտահանելու համար, այն հարցը, թե Եվրոպան գազամուղի գործարկման պահին արդյոք Ռուսաստանի գազի մեծ ծավալների կարիք կունենա՞, մնում է բաց։ Չէ՞ որ հայտնի է, որ ավելի վաղ շահագործման հանձնված «Երկնագույն հոսքի» կարողությունները մինչև հիմա կիսով չափ են օգտագործվում, իսկ «Հյուսիսային հոսքի» առաջին ճյուղը համարյա մեկ տարի բեռնված էր մեկ երրորդից էլ պակաս չափով։ «Գազպրոմի» տվյալներով, 2012-ի առաջին կիսամյակում Եվրոպային գրեթե 10 տոկոսով պակաս գազ է վաճառվել նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ։ Եվ անգամ «Հյուսիսային հոսքի» համահիմնադիր իտալական ENI ընկերությունն այս տարի կվերցնի ընդամենը 22 մլրդ խմ ռուսական գազ ու նորից չի կատարի գազի գնման պարտավորությունները։ Այնպես որ, թեև Մոսկվայում վստահ են, որ «ռուսական գազատարները միշտ էլ պահանջարկ կունենան Եվրոպայում», և պահանջարկը վաղ թե ուշ կաճի, ռուսական նոր գազի պահանջարկի հավաստի երաշխիքներ առայժմ Եվրամիությունում չկան։ Եվ համապատասխանաբար, նոր ու թանկ խողովակաշարը նույնպես կարող է պետք չգալ շուկային։
Բացի այդ, անխախտ օրենքի համաձայն, պահանջարկն ընկնում է, մրցակցությունը` աճում։ Երկար ժամանակ համարվում էր, որ «Հյուսիսային հոսքի» գլխավոր մրցակիցը «Նաբուկոն» է։ Երբ 2009-ին «Նաբուկոյի» վերաբերյալ միջկառավարական համաձայնագիր ստորագրվեց, թվում էր, թե այդ խողովակաշարը ռուսականից շուտ կկառուցվի։ Այդ բանը տեղի չունեցավ։ Դրա մեղքը մասամբ նախագծի թանկությունն էր` մինչև 20 մլրդ եվրո։ Բայց գլխավոր պատճառը` այդ ժամանակվանից ի վեր անցած ժամանակամիջոցում «Նաբուկոն» այդպես էլ իր ռեսուրսային հիմքը չստացավ։ Հիմա Եվրոպայում ակտիվորեն քննարկվում է անդրադրիատիկ գազամուղի հարցը (ՏԱՓ), որի շինարարությունը պետք է սկսվի տարեվերջին և ավարտվի 2015-ին։ Ենթադրվում է, որ խողովակաշարը կանցնի Ադրբեջանից Վրաստան, Թուրքիա, Հունաստան, Ալբանիա և մինչև Իտալիա։ ՏԱՓ-ի կարողությունը կլինի 10-20 մլրդ խմ։ Մեկ այլ տարբերակ ևս կա` Ադրբեջանի և Թուրքիայի նախագիծը (ԹԱՆԱՓ)։ Այն մեծապես հիշեցնում է «Նաբուկոն», բայց ավելի էժան է ու ավելի կուռ։ Կարողությունը ենթադրվում է 16 մլրդ խմ։ Հատկանշական է, որ, չնայած երկարատև բանակցություններին ու անգամ «կաշառքին», Թուրքիան, այնուամենայնիվ, չի ծրագրում մասնակցել «Հարավային հոսք» նախագծին, քանի որ նպատակ ունի մասնակցելու «Նաբուկո Վեստ» և «ԹԱՆԱՓ» նախագծին, որտեղ բաժնետեր է լինելու։ Այս մասին ռուսական գազամուղի շինարարության մեկնարկի հանդիսավոր միջոցառման «կուլիսներում» լրագրողներին ասել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը։ Եվ ամենագլխավորը. այս բոլոր տարիներին «Գազպրոմին» դիմակայել է մեկ այլ հզոր դերակատար` Եվրամիությունը, ավելի ճիշտ նրա կառավարող մարմինը` Եվրահանձնաժողովը։ Բրյուսելը վաղուց է ռուսական գազից Եվրոպա չափազանց մեծ կախումն անվանել անհանգստացնող, ուստի և քողարկված ձևով ջանացել է խոչընդոտել «Հյուսիսային հոսք» նախագծին, և առաջին հերթին մրցակից նախագծերի պաշտպանության միջոցով։
Այնպես որ, թեև նախագծի մեկնարկը տրված է, այդուամենայնիվ, նրա ապագան բավական մշուշոտ է։ Ավելին, ոմանք դեռևս համարում են, թե «Ցուցադրաբար մի քանի խողովակ Սև ծովում սուզել «Գազպրոմը» կարող է, բայց այդ նախագծին պետք չէ լուրջ վերաբերվել»։ Մինչդեռ արդեն պարզ է, որ այդ նախագիծն առաջին հերթին քաղաքական է, իսկ աշխատանքների սկիզբը ևս մեկ քայլ է այն մեծ խաղում, որ Կրեմլն ու «Գազպրոմը» խաղում են ինչպես ամբողջ ԱՊՀ տարածքում, այնպես էլ Եվրամիության շուկայում։ Եվ հիմա, չնայած բոլոր կասկածներին, ծայրաստիճան անհրաժեշտ էր սկսել նախագծի իրացումը։ Նախ, նպատակ ունենալով վերջնականորեն թուլացնելու մրցակիցներին, ինչպես նաև գազամուղների մյուս բոլոր նախագծերը։ Եվ երկրորդ, ձգտելով ամրապնդել սեփական դիրքերն ինչպես ՈՒկրաինայի, այնպես էլ Կասպյան տարածաշրջանի պաշարները մատակարարող երկրների նկատմամբ։ Սա, իհարկե, բարդ խաղ է, ու ամենևին պարզ չէ, թե ինչով կավարտվի այն։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից