ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Համահայկական խնդիրները պետք է համայն հայության ուժերով լուծվեն»

«Համահայկական խնդիրները պետք է համայն հայության ուժերով լուծվեն»
07.04.2009 | 00:00

ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ ԱՐԱՄ Գ. ՍԱՐԳՍՅԱՆԸ
-Ի՞նչ նոր ծրագիր է մշակել Համաշխարհային հայկական կոնգրեսը հայապահպանության խնդիրների լուծման նպատակով:
-Հայապահպանության խնդիրն ընդհանրապես դարձել է հրատապ թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում: Համարել, որ այսօր մեր երիտասարդությունը տիրապետում է գրական հայերենին, հայ ժողովրդի պատմությանը, գրականությանը, շատ դժվար է: Շատ ավելի բարդ ու դժվար է վիճակը սփյուռքում, ուր հայը կտրված է արմատներից, հայ մշակույթից, չկա գիր-գրականություն, միջավայր: Համաշխարհային հայկական կոնգրեսն ուզում է խթանիչ դեր խաղալ, խրախուսել նրանց, ովքեր իրոք զբաղվում են հայապահպանության գործով: Հայապահպանության գործում մեծ ավանդ ունեցող մարդկանց և կառույցներին խրախուսելու նպատակով մշակվեց անվանակարգ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին գաղափարը դուր եկավ, և որոշեցինք, որ կարող ենք համատեղ իրականացնել:
-Ի՞նչ ուղղություններ են ընդգրկված անվանակարգում:
-Առաջինը լավագույն հայ համայնքային կառույցն է: Արդեն իսկ մի քանի խորհրդակցություն է անցկացվել` ծրագրի իրականացման մեխանիզմների մշակման նպատակով:
-Նպատակը միայն մի խումբ մարդկանց գտնե՞լն է:
-Մի քանի խնդիրներ կան` մարդկանց համախմբումը, ազգային հիմնախնդիրների կարգավորումը, տեղական համախմբվածությունը, համայնքային կառույցների ու եկեղեցու, հասարակական կառույցների ու քաղաքական կազմակերպությունների համագործակցությունը: Համայնքային կառույցի որոնման չափանիշ որոշել ենք հայոց լեզվի, ազգային արժեքների, ավանդույթների, սովորույթների պահպանումը, հայկական այլ համայնքների և Հայաստանի հետ ամուր կապերի հաստատումը: Հաջորդը` համագործակցությունը տեղերի իշխանությունների հետ և հետևողականությունը հայկական խնդիրների պատշաճ ներկայացման ու լուծման հարցերում:
-ՈՒրիշ ի՞նչ է ընդգրկված անվանակարգում:
-Լավագույն հայկական կրթօջախի որոնումը` կիրակնօրյա դպրոց, վարժարան, նախակրթարան, որը երկարամյա գործունեությամբ առավելագույնս նպաստել է սփյուռքահայ երիտասարդության հայեցի կրթությանը, հայոց լեզվի, գրականության, մշակույթի, պատմության իմացությանը: Երրորդն անվանակարգում լավագույն հայագիտական կենտրոնն է, այդպիսի կենտրոններ տարբեր երկրներում կան: Չորրորդը` հայ արվեստը տարածող լավագույն ստեղծագործական խումբն է, որը կարող է լինել պարի, թատերական արվեստի և ոչ միայն սփյուռքի, այլև Հայաստանի: Հինգերորդը` ազգային ավանդույթը, սովորույթը, ծեսը պահպանող լավագույն հայկական ընտանիքն է: Դա կարող է լինել տասն ընտանիք կամ լավագույն ընտանիքն ամեն մի համայնքում: Վեցերորդը` լավագույն հայկական լրատվամիջոց, որը պարտադիր չէ, որ սփյուռքից լինի: Կարող է լինել հայաստանյան լրատվամիջոց, որն սփյուռքի խնդիրներով շատ է զբաղվում, կարողանում է նպաստել դրանց լուծմանը: Յոթերորդը` հայ ժողովրդի բարեկամ, մարդ, որն իր գործունեությամբ հայապահպանության խնդիրների իրականացմանն է նպաստում: Անվանակարգերը դեռ պայմանական են, ամբողջ ծրագիրը ճշտման փուլում է:
-Հայկական սփյուռքը ժամանակային և տարածքային առումով շատ ընդգրկուն երևույթ է: Եվ` բազմաշերտ: Ձեր թվարկած անվանակարգերն արդյո՞ք ընդգրկելու են այդ բոլոր շերտերը: Մրցույթի մեկնարկը ե՞րբ է տրվելու:
-Անպայման այս տարի, երբ ծրագիրը վերջնական տեսքի բերվի: Մենք մշակում ենք այն չափորոշիչները, որոնք անհրաժեշտ են մրցույթը սկսելու համար: Ծրագիրը քննարկվելու է սփյուռքի համայնքների հետ: Մենք պիտի հասկանանք` իրենք ինչպե՞ս են տեսնում, ի՞նչ առաջարկներ ունեն: Շատ կարևոր եմ համարում համայնքների քանակն ու որակը, պատմության առանձնահատկությունները հաշվի առնելը: Հասկանալի է, որ չի կարելի համեմատել, ասենք, Իսպանիայի, Լիբանանի ու Ֆրանսիայի համայնքները, որոնք միմյանցից շատ տարբեր խնդիրներ ունեն:
-Ինչպե՞ս եք այդքան համայնքների հետ կապ հաստատելու:
-Որպես համահայկական կոնգրես` մենք ունենք մեր կազմակերպությունները, ունենք սփյուռքի բոլոր կառույցների տվյալները` հասցեներով և նրանց հետ կապի մեջ ենք: Համարյա երկիր չկա, որտեղ մենք չունենանք մեր կառույցը: Իհարկե, այլ է Ռուսաստանի պարագան, որտեղ անհամեմատ ավելի հեշտ է իրականացնել այսպիսի ծրագիր: ԱՄՆ-ում բոլորովին այլ բարդություններ կան, ավանդաբար ձևավորված կառույցները պահանջում են այլ ձևի աշխատանք: Միանգամայն հնարավոր է, որ ծրագրի նախապատրաստական փուլն ավելի երկար տևի, որպեսզի ամբողջական պատկերացում կազմենք ու համոզված լինենք, որ ամեն ինչ պատրաստ է:
-Ովքե՞ր են լինելու մրցութային հանձնաժողովների անդամները:
-Ելնելով ժամանակակից տեխնոլոգիաների պահանջներից` փորձելու ենք ամեն ինչ անել, որ նրանց դերը լինի նվազագույն, այնպիսի չափորոշիչներ պետք է մշակվեն, որոնց համապատասխանությունն ի հայտ կբերի հաղթողին: Անվանակարգը չի ենթադրում միայն մեկ հաղթողի, կարող են փոխվել մրցույթի պայմանները` ըստ տվյալ երկրի համայնքի հնարավորությունների: Անվանակարգի էությունն այն է, որ մարդիկ հասկանան, որ սա խրախուսվող գործունեություն է, ուշադրություն է հրավիրում, և շատ կարևոր է, թե պետական մարմինների հետ ինչպես դա կկարողանանք հրամցնել հասարակությանը, և ինչպիսի քարոզչական աշխատանք կտարվի: Գլխավորն այն չէ, թե առաջին, երկրորդ, երրորդ մրցանակներն ովքեր կշահեն, կարևորը շարժում ձևավորելն ու արդյունքներ ունենալն է: Մրցույթը կազմակերպվելու է երկու տարին մեկ` առաջին տարում առաջին երեք անվանակարգերը, երկրորդ տարում` հաջորդ չորս: Սա նման է փառատոնի, որ կազմակերպվում է մի քանի փուլով, որոնց ընթացքում ստուգատես է անցնում մեր մշակութային ներուժը, ստանում ենք նաև մեր ունեցածի պատկերն ու պարզում ենք` ինչ կարող ենք միասին անել:
-Ձեր նկարագրածը ծավալուն աշխատանք է, իսկ ո՞վ է ֆինանսավորելու նման ծրագիրը:
-Այսօր թյուր տպավորություն է ստեղծվել, որ եթե Արա Աբրահամյանը կոնգրեսի ղեկավարն է, իր բարեգործություններով այդքան հայտնի ձեռներեց, ուրեմն` ինքն էլ ամեն ինչ կանի: Միանշանակ է, որ Արա Աբրահամյանը մեծ ծավալի ծախսեր պահանջող գործունեություն է ծավալել: Բայց մեր առաջարկած ծրագիրը չի կարող մեկ մարդ ֆինանսավորել, դա անհնար է: Ես կարծում եմ, որ կոնգրեսի` հոկտեմբերին գումարվելիք համագումարում այս հարցը կքննարկվի: Մենք առաջարկում ենք ձևավորել համապատասխան հիմնադրամ` Համաշխարհային հայկական կոնգրեսի գործունեության համար: Համահայկական խնդիրները պետք է համայն հայության ուժերով լուծվեն:
-Մնում է հուսալ, որ ցանկացած երկրում, որտեղ այս ծրագիրը կիրականացվի, հայերն իրենց մի քիչ ավելի հայ կզգան:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1879

Մեկնաբանություններ