ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Գերշվինը, «իլյուզիաները», քրեական օրենսգիրքը և մնացած կյանքը

Գերշվինը, «իլյուզիաները», քրեական օրենսգիրքը և մնացած կյանքը
15.05.2009 | 00:00

«ԵՍ ԿՈՂՄ ԵՄ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ»
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
-Ո՞վ եք Դուք` Ձեր կարծիքով:
-Մարդ, ով պատասխանատվության զգացում ունի:
-Երկար տարիներ աշխատել եք գործադիր իշխանությունում, հիմա օրենսդիր իշխանությունում եք, պետական կառավարման համակարգում որի՞ն եք նախապատվությունը տալիս:
-Ընդհանրապես, օրենսդիր աշխատանքը համարում եմ շատ հետաքրքիր, սակայն, տեսականորեն լինելով շատ հետաքրքիր, այն գործնականում բավականին սահմանափակ է, ինչը պայմանավորված է օրենսդիր մարմնի այժմեական դերակատարումով: Ավանդաբար խորհրդային տարիներից սկսած գործադիր իշխանությունը եղել է գերակշռող իշխանություն, և այդ ավանդույթը շարունակվում է:
-Ինչո՞վ եք դա բացատրում:
-Թերևս այն իրողությամբ, որ մեր երկրում դեռևս չեն արտահայտվել խորհրդարանի բոլոր դերակատարումները: ԱԺ-ն ունի մի քանի դերակատարում, որոնցից օրենսդիրը թեև ամենակարևորներից մեկն է, բայց միակը չէ: Օրինակ, ոչ պակաս կարևոր է նաև ԱԺ-ի վերահսկողական դերը:
-ԱԺ-ի վերահսկողական դերը փաստացի ոչ մի ռեալ արտահայտություն չունի, ի՞նչն է խանգարում, որ ԱԺ-ն իր իրավասությունները չի կատարում:
-Առաջին հերթին` Սահմանադրությունը: Սահմանադրությունն այդ մասին հստակ պետք է նշեր:
-Սահմանադրության ընդունումից 10 տարի անց սահմանադրական փոփոխություններ եղան, և այդ հարցն ուշադրությունից դուրս մնաց։ Դա չի՞ նշանակում, որ կարիքը չի զգացվում...
-Դա նշանակում է, որ քաղաքական էլիտան դեռևս լրիվ չի գիտակցել ԱԺ-ի դերակատարումը:
-ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում շրջանառվող օրինագծերի մեջ կա՞ն առաջնահերթ կարևորություն ունեցողներ:
-Հանձնաժողովում տասնյակ նախագծեր կան, որևէ մեկն առանձնացնել չեմ ուզում, որովհետև դա հոսք է, նախագծերն անընդհատ ստացվում են, լինում են և շատ կարևորները, և շատ փոքրիկ հարցեր լուծողները: Չեմ ուզում տարանջատել այս կամ այն նախագիծը: Յուրաքանչյուր նախագծի պետք է վերաբերվել մեծ պատասխանատվությամբ: Օրինակ` երեկ լսումներ էինք կազմակերպել մի նախագծի վերաբերյալ, որը չեմ կարող ասել, որ արմատական նշանակություն ունի երկրի համար, այնուամենայնիվ, հանձնաժողովը հարցը կարևորեց և հարկ համարեց լսումներ կազմակերպել:
-Լսումների հետևանքով օրինագծի փոփոխություններ կլինե՞ն:
-Կարծում եմ, որ լինելու են. կառավարության ներկայացուցիչն արձագանքեց մեր հարցադրումներին և խոստացավ հարցը մեկ անգամ ևս քննարկել: Ըստ պատասխանի, մենք այնուհետև կորոշենք մեր անելիքը. չի բացառվում, որ հանձնաժողովի անդամների մի մասը, այդ թվում նաև ես, հանդես գանք այլընտրանքային տարբերակով:
-Դուք ճի՞շտ եք համարում, որ ըստ Սահմանադրության, օրենսդրական նախաձեռնության իրավունք ունի և գործադիր իշխանությունը: Ստացվում է մի վիճակ, երբ գործադիրն ինքն իր համար օրենքներ է գրում և ինքն էլ կատարում է` ԱԺ-ին թողնելով ընդամենն այդ օրենքներն ընդունողի դեր:
-Շատ ճիշտ եմ համարում, որ գործադիրն ունի օրենսդրական նախաձեռնության իրավունք: Ավելին, դա շատ բնական է, գործադիր իշխանության բնորոշ հատկանիշներից է օրենսդրական նախաձեռնության իրավունքը: Հայտնի է, որ աշխարհի շատ երկրներում գործադիր իշխանությունն է նախապատրաստում օրենքների նախագծերի հիմնական մասը, բայց դա ամենևին չի նվազեցնում խորհրդարանի պատասխանատվությունը, որը պետք է այս կամ այն նախագծի վերաբերյալ որոշում ընդունի:
-Չե՞ք կարծում, որ այդ պարագայում օրենքներն այնպիսին են դառնում, ինչպիսիք հարմար են գործադիր իշխանությանը, այլ ոչ թե այնպիսիք, ինչպիսիք պետք են երկրին:
-Դրա համար պետք է գոյություն ունենա արդյունավետորեն գործող Ազգային ժողով:
-Կա՞ այդ արդյունավետորեն գործող խորհրդարանն իր մեխանիզմներով:
-Ես կարծում եմ, որ մեխանիզմներից շատերը կան, բայց միշտ չէ, որ արդյունավետորեն գործում են:
-Ի՞նչն է խանգարում:
-Մի քանի խնդիր կա։ Առաջին հերթին այդ մշակույթը ձևավորվում է տարիների ընթացքում: Դարձյալ ԱԺ-ի դերակատարման մասին է խոսքը. ԱԺ-ն պետք է ինքը գիտակցի իր պատասխանատվության աստիճանը, իսկ դա ժամանակ է պահանջում: Չմոռանանք, որ մենք երկար տարիներ ունեցել ենք մի ավանդույթ, որ օրենսդիր մարմինն իրականում որևէ դերակատարում չուներ: Այսօր այդ 70 տարիների հետ համեմատած դերակատարումը շատ մեծ է, այնուամենայնիվ, դեռևս այնպիսին չէ, որը բնորոշ է զարգացած ժողովրդավարական երկրներին:
-Խորհրդարանական ավանդույթը և խորհրդարանական մշակույթը` տարբե՞ր հասկացություններ են:
-Թերևս և՛ տարբերություններ կան, և՛ ընդհանրություններ:
-ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանի օրակարգում Հայաստանին վերաբերող հարց չկար, քննարկումը մոնիտորինգի հանձնաժողովում էր: Կարծո՞ւմ եք, որ պարտավորությունների առումով Հայաստանում բոլոր հարցերը լուծված են, որ ԵԽԽՎ-ն չանդրադարձավ դրանց:
-Ո՛չ, իհարկե: Երբ Հայաստանը կայուն կանգնած լինի ժողովրդավարության ուղու վրա, լինի իրավական պետություն և պաշտպանի մարդու իրավունքները, մոնիտորինգի հարցադրում ընդհանրապես չի լինի: Այժմ Հայաստանն այն երկրների շարքում է, որոնք ենթարկվում են մոնիտորինգի, ուստի և անելիքներ մենք դեռ շատ ունենք:
-Մոնիտորինգից դուրս գալու մասին խոսվում էր 2008-ի սկզբին, նախքան ընտրությունները։ Ե՞րբ է հնարավոր վերադառնալ այդ իրավիճակին:
-Ես չգիտեմ` ո՞վ էր խոսում մոնիտորինգից դուրս գալու մասին, բայց, կարծում եմ, դեռևս շատ վաղ է այդ մասին խոսելը: Ես որևէ հիմք չեմ տեսել, որ լրջորեն քննարկում սկսվի Հայաստանի մոնիտորինգի դադարեցման հարցով: Այս պահին, Հայաստանից բացի, բազմաթիվ երկրներ մոնիտորինգի տակ են` Վրաստանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Մոլդովան... Ժամանակային առումով կանխատեսումներ չեմ անի: Մոնիտորինգի փուլից հետո կա ևս մեկ միջանկյալ փուլ` հետմոնիտորինգային երկխոսություն: Այս փուլերն են անցնում ԵԽ-ին անդամակցած բոլոր երկրները:
-2000 թ. ԵԽ-ի անդամությունը Հայաստանի համար երկնագույն երազանքի պես էր, ԵԽ-ի անդամությամբ բացվում էին Եվրոպայի դռները, հիմա կարծես այդ դռները մեզ համար բաց են, կամաց-կամաց մոտենում ենք Եվրամիության դռներին։ Ձեր կարծիքով` Հայաստանը Եվրոպա՞ է, կամ Հայաստան-Եվրոպա անցման անհրաժեշտություն կա՞, իմաստ ունի՞ այդ անցումը:
-Մենք պետք է խոսենք երկու եվրոպաների մասին. առաջին Եվրոպան աշխարհագրականն է, երկրորդը որոշակի հասկացությունների ընդհանրացում է: Եթե խոսենք ԵԽ-ի մասին, ապա այն կառուցված է երեք հիմնասյուների վրա` իրավական պետություն, մարդու իրավունքներ և ժողովրդավարություն, իսկ եթե խոսում ենք Եվրամիության մասին` Արևելյան հարևանության գործընկերության, մի քանի լրացուցիչ գործոններ ևս ավելանում են, մասնավորապես` արդյունավետ կառավարում, շուկայական տնտեսություն... Եթե խոսում ենք ընդհանրացումների մակարդակով, մենք դեռևս Եվրոպա չենք, սակայն ձգտում ենք:
-Դուք կարծում եք, որ եվրոպական արժեհամակարգը մեզ համար ընդունելի՞ է, մեր ավանդույթներով, մենթալիտետով, սոցիալ-քաղաքական-տնտեսական վիճակով համապատասխանո՞ւմ ենք այդ չափանիշներին: Որպեսզի չստացվի արհեստական ներդրում, այլ բնական, օրինաչափ անցում այդ արժեհամակարգին...
-Ես կարծում եմ, որ մենք համապատասխանում ենք եվրոպական արժեհամակարգին, իսկ բոլոր այն խոսակցությունները, որ մեր մենթալիտետը չի համապատասխանում եվրոպական ժողովրդավարությանը, որ մենք տիպիկ արևելյան բարքերի ազգ ենք, և այլն, և այլն, համարում եմ ավելորդ:
-Գուցե մենք և՛ արևմտյան, և՛ արևելյան արժեքներ ամփոփող ենք...
-Խոսքը վերաբերում է արժեհամակարգին, որը և՛ արևմտյան, և՛ արևելյան չի լինում: Կամ` ժողովրդավարության ձգտող երկիր ես, կամ` հակառակ ուղղության...
-Հակառակը բռնապետությո՞ւնն է:
-Այո, չի լինում դրանց համադրում: Մենք ժողովրդավարության ձգտող երկիր ենք, և մեր ժողովրդի արժեհամակարգը հստակ այդպիսին է:
-Ինչո՞ւ տարբեր տասնամյակների ֆինանսատնտեսական ճգնաժամերին միշտ նախորդել են գաղափարական, բարոյական, մշակութային ճգնաժամերը և հասարակության արժեհամակարգի փլուզումը... Գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի առաջացման մեջ չկա՞ հասարակության լոկալ մեղքը:
-Բնականաբար, սոցիալական պայմաններն անմիջական ազդեցություն ունենում են արժեհամակարգի վրա, սակայն ունենում են երկակի ազդեցություն. մի կողմից` փլուզում, մյուս կողմից` խթանում: Պատահական չէ, որ շատ հաճախ ճգնաժամերի ժամանակ սկսվել է բուռն հասարակական կյանքի, արվեստի զարգացում... Իհարկե, փոխկապակցված երևույթներ են:
-Այսինքն` ճգնաժամերը չունեն միանշանակ բացասական ազդեցություն, միշտ արտակարգ իրավիճակները արտակարգ լուծումներ են թելադրում:
-Ճգնաժամը, իհարկե, տհաճ երևույթ է, սակայն նաև աճ պարտադրող երևույթ, և տնտեսությունը, ի վերջո, շատ ավելի զարգացած է լինում ճգնաժամից հետո: Ճգնաժամից հետո վերադարձ չի լինում մինչճգնաժամյան իրավիճակին: Լինում է որակական թռիչք:
-Ձեր կարծիքով` այս ճգնաժամից հետո մենք որակապես ո՞ւր ենք թռչելու:
-Դուք նկատի ունեք տնտեսությո՞ւնը:
-Ես նկատի ունեմ տնտեսությունը և քաղաքականությունը, որ սերտ շաղկապված են:
-Փոխկապակցվածություն, իհարկե, ունեն, ես կարծում եմ, որ ի հայտ է գալու նոր տնտեսություն, նոր կառավարում, նոր արդյունավետություն, որ այսօր դժվար է անգամ կանխագուշակել և պատկերացնել, բայց յուրաքանչյուր ճգնաժամից հետո աշխարհը որակական նոր մակարդակից է սկսել...
-ԱԺ-ն Հայաստանի տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու կամ հեռու պահելու համար ի՞նչ օրինագծեր պիտի ընդունի, ի՞նչ օրինագծեր պիտի փոխի... Դեպի ո՞ւր պետք է շարժվենք:
-Մենք ունենք բազմաթիվ ուղղություններ, որոնցով շատ անելիքներ կան կայուն զարգացման համար: Մի կողմից` դրանք կարելի է դիտարկել իբրև հակաճգնաժամային նախագծեր, բայց եթե անգամ ճգնաժամը չլիներ, մենք այդ քայլերը պիտի կատարեինք: Ինչ վերաբերում է կոնկրետ օրենսդրական նախաձեռնություններին, ապա յուրաքանչյուր ոլորտում դրանք տարբեր են, և չի կարելի ասել` այս մեկը եթե ընդունենք, կլինի ամենակարևոր հակաճգնաժամային քայլը: Հակաճգնաժամային համակարգված քայլեր արել ենք և շարունակում ենք անել:
-Հակաճգնաժամային քայլերի մասին խոսելիս միշտ շեշտվում է, որ ժամանակին ու ամբողջ ծավալով կատարվելու են բյուջեի սոցիալական ծախսերը, իսկ գուցե հակաճգնաժամային ամենաանհրաժեշտ քայլը մեծ արդյունաբերության վերականգնումով նոր աշխատատեղեր ստեղծելն է և ճգնաժամի ընձեռած հնարավորությունների օգտագործումով` սպառման նոր շուկաներ ձեռքբերելը... Արդյո՞ք մենք չենք գնում հրդեհի մարման ճանապարհով, երբ կարող ենք կանխել կրակը:
-Ճգնաժամը զուտ հայկական երևույթ չէ, համաշխարհային երևույթ է...
-...այո, բայց երկրորդ ճանապարհն ընտրող պետություններ էլ կան աշխարհում:
-Այդ ուղիների մի մասը նաև Հայաստանն է գործադրում։ Օրինակ, ճգնաժամի ժամանակ գումարներ են ուղղվում որոշակի ենթակառույցների զարգացմանը, դա հնարավորություն է ընձեռում ստեղծել կայուն աշխատատեղեր, որոնք բարձր վարձատրովի չեն, մյուս կողմից` ռեսուրս է, որն ապագայում ծառայելու է որպես զարգացման հիմք` միաժամանակ ապահովելով որոշակի աշխատատեղեր: Վերջերս վարչապետն այցելել էր Գյումրի, որտեղ իրականացվող ծրագրերից մեկը շատ տիպիկ հակաճգնաժամային ծրագիր է:
-Ձեր կարծիքով` համաներում լինելո՞ւ է:
-Այս հարցի վերաբերյալ կանխագուշակումներն անշնորհակալ գործ են:
-Բոլոր հարցերի վերաբերյալ կանխագուշակումներն անշնորհակալ գործ են:
-Ես կողմ եմ համաներմանը: Կլինի, թե ոչ, դա նախագահի որոշելիքն է:
-Քրեական օրենսգրքի հոդվածների փոփոխությունն ակնհայտորեն ոչ օրենսդրական, այլ քաղաքական անհրաժեշտություն էր` իբրև ելք ստեղծված իրավիճակից: Այնուհանդերձ, ի՞նչ փոխվեց, ի՞նչ հարց լուծվեց, միայն իմիջի՞:
-Դա քաղաքական հարցադրում էր, բայց քաղաքականությամբ զբաղվելն ԱԺ-ին բնորոշ է: Փոփոխություններ եղան, որոնց հետևանքով դադարեցվեցին և փոխվեցին որոշակի մեղադրանքներ: ԱԺ-ն իր լիազորությունների շրջանակում գործեց, և դա բնական եղանակն էր, որովհետև իշխանության յուրաքանչյուր ճյուղ ունի իր լիազորությունը:
-ԱԺ պատգամավորների կալանքը շարունակելը ճի՞շտ է, երբ նրանք ձերբակալվել են այն հոդվածներով, որոնք այլևս ՔՕ-ում չկան:
-Իրավական խնդիր չկա: Ի՞նչ է նշանակում զրկել պատգամավորին անձեռնմխելիությունից: Նշանակում է` ԱԺ-ն համարում է, որ պատգամավորը լրացուցիչ պաշտպանության ենթակա չէ` լինելով պատգամավոր:
-Իրավական խնդիր չէ՞, որ այլևս գոյություն չունի այն հիմքը, որով մարդիկ ձերբակալվել են, իսկ նրանք դեռ անազատության մեջ են:
-Կալանավորված պատգամավորը գտնվում է մի իրավիճակում, երբ զրկված է անձեռնմխելիությունից, և միաժամանակ դատական ընթացքը շարունակվում է: Այս պարագայում նա ավելի պաշտպանված չէ, քան այն անձը, որը պատգամավոր չէ:
-Հետահայացով անցած կյանքը գնահատելիս` կա՞ այնպիսի բան, որ ուզում էիք, բայց չստացվեց:
-Իհարկե, կա: Բայց ես միշտ փորձել եմ անել առավելագույնը:
-Համարո՞ւմ եք, որ այժմ ունեք ինքնարտահայտման բոլոր հնարավորությունները:
-Համարում եմ, որ դեռևս շատ չլուծված խնդիրներ ունեմ, բայց հենց դա է հիմնական շարժիչ ուժը: ՈՒ ընդհանրապես համարում եմ, որ շատ հետաքրքիր կյանք եմ ապրում: Երբ համարես, որ չլուծված հարցեր չկան, ժամանակն է, որ գնաս «թոշակի»:
-Ձեր սիրած գրողը, որի գրքերը ցանկացած տրամադրությամբ, ցանկացած տարիքում կարող եք կարդալ, ո՞վ է:
-Երևի չկա որևէ գրող, որին պատրաստ եմ կարդալ տարբեր տրամադրություններով, կան բազմաթիվ գրողներ, որոնց սիրում եմ կարդալ, ամեն ինչ կախված է իրավիճակից, տրամադրությունից: Վերջերս ավելի հաճախ կարդում եմ Ռիչարդ Բախին:
-Ջոնաթան Լիվինգսթոնը Ձեր սիրած ճա՞յն է...
-Բախի «Իլյուզիաները», թեև Ջոնաթան ճայի մասին պատմությունը ևս հրաշալի ստեղծագործություն է:
-Ձեր սիրած կոմպոզիտորն ո՞վ է:
-Նայած պահի:
-Այս պահին:
-Գերշվին:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1734

Մեկնաբանություններ