ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Պիտի գլուխ գովեմ՝ ես եմ հիմնադրել հեռուստաթատրոնը»

«Պիտի գլուխ գովեմ՝ ես եմ հիմնադրել հեռուստաթատրոնը»
19.05.2009 | 00:00

«ԹԱՏՐՈՆԸ ՄԱՐԴՈՒ ՀԵՏ ԾՆՎԵԼ Է, ՄԱՐԴՈՒ ՀԵՏ ԷԼ ԿՄԱՀԱՆԱ»
ՀՀ վաստակավոր արտիստ, Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակի դափնեկիր, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր ԳՐԻԳՈՐ ՄԿՐՏՉՅԱՆՆ այս տարի դարձավ 85 տարեկան: Սիրով շնորհավորում ենք վաստակաշատ արտիստին հոբելյանի առթիվ ու մեր ընթերցողին ներկայացնում նրա հետ ունեցած հարցազրույցը:
-Պարոն Մկրտչյան, երկար տարիներ աշխատել եք Գյումրիի դրամատիկական թատրոնում՝ որպես գլխավոր ռեժիսոր և Սունդուկյանի անվան թատրոնում՝ որպես երկրորդ ռեժիսոր: Ստեղծագործող անհատի համար ո՞րն է նախընտրելի՝ հանրապետության երկրորդ քաղաքում լինել առաջի՞նը, թե՞ մայրաքաղաքում՝ երկրորդը:

-ՈՒղղակի կասեմ՝ ավելի լավ է երկրորդ քաղաքում առաջինը լինել: Այդ դեպքում ինքդ ես ղեկավարը, պաշտոնդ, դիրքդ հնարավորություն են տալիս ուզածդ անելու: Պիեսներ ընտրելիս մայրաքաղաքում ես ենթարկվում էի Աճեմյանին, իսկ Գյումրիում ազատ էի: Եթե անգամ ինքս չէի անում բեմադրությունը, միևնույն է, պիեսներն ինքս էի ընտրում` ելնելով թատրոնի շահերից և տալիս, որ ուրիշները բեմադրեն:
-Այդ հնարավորությա՞նն եք պարտական 1981 թվականին շեքսպիրյան փառատոնի ժամանակ «Տիտոս Անդրոնիկոս» բեմադրելու համար: Այս գործը բեմադրելը մինչ օրս, կարծեմ, Ձեր մենաշնորհն է նախկին ԽՍՀՄ-ի ողջ տարածքում:
-Այո՛, ես ունեի ընտրության հնարավորություն, և բարեբախտաբար, Պարույր Սևակն այդ պիեսը թարգմանել էր հայերեն: Լավ ներկայացում էր ստացվել: ԽՍՀՄ տարբեր քաղաքներից, այդ թվում և` Բաքվից, մոտ 40 քննադատ եկել են Գյումրի, նայել ներկայացումը և հիացած ելույթներ ունեցել: Հետո թատերագետ Լևոն Մութաֆյանը որոշ ելույթներ թարգմանեց ու տպագրեց «Սովետական արվեստ» ամսագրում: Այդ ներկայացումով Երևանում մասնակցեցինք շեքսպիրյան փառատոնին ու մրցանակի արժանացանք: Մի դերասան կար՝ Վազգեն Հակոբյան, որը բացահայտվեց հենց այս ներկայացման շնորհիվ:
-Այսօր ի՞նչ գործոններ են անհրաժեշտ հայ թատրոնին՝ շեքսպիրյան հաջողված ներկայացում բեմադրելու համար. պրոֆեսիոնալ թատերախո՞ւմբ, տաղանդավոր ռեժիսո՞ր, համապատասխան տրամադրությո՞ւն, հանդիսատեսի որոշակի ճաշա՞կ, թե՞ մեկ այլ բան:
-Այդ բոլորը միասին: Բայց ամենակարևորը ղեկավարող ուժն է, որը պիտի լինի ոչ միայն լավ ստեղծագործող, այլև լավ քաղաքացի: Շատ կարևոր է, թե ռեժիսորը տվյալ գործն ինչպե՞ս կհամապատասխանեցնի տվյալ ժամանակի խնդիրներին, ինչպիսի՞ հնչողություն կունենան այդօրյա քաղաքական, սոցիալական, հոգեբանական խնդիրները ներկայացման մեջ: Նույնիսկ եթե ներկայացումը թույլ լինի, բայց դրանում բարձրացված հարցադրումներն ու պատասխանները` ճիշտ, կունենա հաջողություն:
-Արվեստի մարդը սիրում է ընդգծել իր անհատականությունը, շեշտադրել իր ես-ը: Մի բան, որը Ձեզ բնորոշ չէ: Սա Ձեր բնավորությա՞մբ է պայմանավորված, թե՞ հանգամանքներով:
-Ո՛չ բնավորությունն այստեղ կապ ունի, ո՛չ էլ հանգամանքները: Ստեղծագործական իմաստով ես հաճախակի չեմ փոխվում: Տարիներ են տևում, մինչև իմ մեջ ինչ-որ փոփոխություն է կատարվում:
-Հարուստ հիշողություններ ունեք՝ կապված մեր թատրոնի մեծերի հետ, Փափազյանի հետ եք աշխատել:
-Փափազյանի հետ երեք ներկայացում եմ արել: Առաջինը Բալզակի վիպակի հիման վրա բեմադրված «Քեռի Ռուժեի ժառանգությունը» ներկայացումն էր, որը մեծ հաջողություն ունեցավ թե՛ Գյումրիում, թե՛ Երևանում, որովհետև ոչ միայն Փափազյանն էր լավ խաղում, այլև իր կողքի դերասանները՝ Կատերինա Դուրյան-Արմենյանը, Արտո Փաշայանը, Ռշտունի Բերոյանը, Նվարդ Աբալյանը: Ես հաշվի էի առել թե՛ դերասանների, թե՛ թատրոնի, թե՛ ռեժիսորական հնարավորությունները: Հիշարժան էր նաև Հյուգոյի «Մարի Թյուդոր» պիեսի բեմադրությունը՝ Ժաննա Թովմասյանի դերակատարմամբ: Պիրանդելլոյի երկու գործ եմ բեմադրել՝ «Հենրիխ Վեցերորդը» և հեռուստաթատրոնում՝ «Մերկ կյանքը»: Պիտի գլուխ գովեմ՝ ես եմ հիմնադրել հեռուստաթատրոնը: Եվ այդ ոլորտում ինձ շատ լավ էի զգում:
-Ձեր ուսանողների մեջ կա՞ն մարդիկ, որոնց հետ իսկապես կարելի է կապել հայ թատրոնի ապագան: Առհասարակ, ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում հայ թատրոնի համար:
-Հրաշալի ուսանողներ ունեմ: Տասներկու հոգի են: Բոլորին անչափ սիրում եմ, նրանք շատ կարևոր տեղ են զբաղեցնում իմ կյանքում: Մեկ-երկուսը չափազանց տաղանդավոր են: Օրինակ, ուսանողներիցս մեկը՝ Դավիթը, և՛ լավ ռեժիսոր է, և՛ հետաքրքիր մտածելակերպ ունի, և՛ դերասանների հետ աշխատելու բացառիկ ունակություն, և՛ բազմաժանր հակումների տեր է, և՛ լավ է զգում ժամանակի շունչը: Նա ունի ռեժիսորական բարձր տվյալներ, հարցն այն է, թե ինչպես դրանք կօգտագործի, ինչպես կաճի: Կա նաև մի աղջիկ՝ Գոհարը, որը շատ հետաքրքիր մտածողություն ունի: Հասկանո՞ւմ եք, ուսանողներն իրենք պիտի իրենց ստեղծեն: Ինստիտուտը միայն կարող է օգնել, բայց չի կարող ռեժիսոր պատրաստել, եթե ինքը՝ ուսանողը, ոչ միայն տվյալներ չունի, այլև չի ուզում սովորել: Իսկ հայ թատրոնի զարգացումների մասին խոսելը դժվար է, որովհետև հիմա խառը վիճակ է: Թատրոնը խաղ է, որի միջոցով մարդը կարողանում է իր հոգեվիճակը, զգացողությունները, իղձերն արտահայտել: Հիմա մերոնք այդ խաղը չեն զգում: Ոմանք ասում են, թե թատրոնը մեռնում է: Թատրոնը երբեք չի կարող մեռնել, որովհետև թատրոնի արտահայտչամիջոցը մարդն է, մարդ-դերասանը: Քանի դեռ մարդ-դերասանը կա, թատրոնը չի մեռնի: Թատրոնը մարդու հետ ծնվել է, մարդու հետ էլ կմահանա: Բայց դժբախտությունն այն է, որ հիմա թատրոնով կապիտալ են դիզում: Ոչ թե քաղաքական, սոցիալական, բարոյական խնդիրներ են բարձրացնում, այլ ընկել են փողի հետևից ու դերասաններին էլ ընտրում են ոչ թե ըստ տաղանդի, այլ ըստ ֆիզիկական տվյալների, հատկապես կանանց դեպքում: Այս պատճառով էլ թատրոնը կորցնում է իր հասարակական նշանակությունը:
-Ի՞նչ ընդհանրություններ ու տարբերություններ կան 85-ամյա և 25-ամյա Գրիգոր Մկրտչյանի միջև:
-Ես երբեք կռվազան չեմ եղել, ստեղծագործական վեճերի մեջ չեմ մտել այս կամ այն ռեժիսորի հետ: Բայց ինձ շատ են նեղացրել, հալածել: Չեմ ուզում անուններ տալ, որովհետև չեմ ուզում դավաճանել իմ էությանը: Իսկ եթե ինչ-որ բաներ էլ ասեմ, չգրես, ինձ այս տարիքում կռվազան չսարքես, մանավանդ որ նեղացնողներիցս ոմանք դեռ կան, ապրում են: Ես ինձ լավ եմ զգում, որովհետև միշտ պահպանել եմ իմ ստեղծագործական անհատականությունը, չեմ փոխվել՝ նրանց հաղթելու կամ չհաղթելու համար: Կյանքս այդ իմաստով խաղաղ է անցել: Եթե ինչ-որ անհամաձայնություններ ու վեճեր էլ եղել են, դրանք վերաբերել են կոնկրետ ստեղծագործական պրոցեսին, թատերախմբի ստեղծագործական հնարավորություններին: Շատ են փորձել ինձ խեղճացնել, մղել հետին պլան: Երբ նայում եմ հետ, ինձ թվում է՝ իմ հոգեկան հանգստությունը սկզբնական շրջանում ավելի նորմալ էր, ավելի ճիշտ էր: Այդ տարիներին խաղաղ ստեղծագործական ընթացք ունեի: Նաև Գյումրու հանդիսատեսն էր շատ լավը, նրանց ծափահարություններով կարելի էր դատել ներկայացման հաջողության մասին: Բայց տարիների հետ ամեն բան ավելի սրվեց, Երևանում աշխատելու ժամանակ դրսից հարվածները շատ էին: Եվ հարվածողների դեմ պետք էր պայքարել: Մեկը չէր, երկուսը չէր, շատ էր դժվար: Ստեղծագործական խնդիրներ եմ ունեցել Սունդուկյան թատրոնում: Բայց ես էլի կարողացա հավատարիմ մնալ ինքս ինձ, կռվազան չդարձա, թեև պատերազմ տեսած, Հայրենական պատերազմում կռված մարդ եմ և, ի դեպ, վերջերս` հաղթանակի տոնի առթիվ, Բաղրամյանի անվան մեդալի արժանացա: Այնուամենայնիվ, ինձ երջանիկ եմ համարում, որ տասնամյակներ շարունակ աշխատել եմ թատրոնում ու հիմա էլ ծառայում եմ թատրոնին՝ կրթելով մասնագետներ թատրոնի և կինոյի համար: Թատրոնը շատ լավ տեղ է, բայց պետք է արժևորվի նրա դերն ու նշանակությունը և՛ քաղաքի, և՛ թատերական կյանքի պատմության մեջ:
Զրույցը` Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1862

Մեկնաբանություններ