ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«ԹՈՒՐՔԵՐԻ ԱՌՋԵՎ ԴՐՎԱԾ ԽՆԴԻՐՆ ԱՅՍՕՐ ՆՈՒՅՆՆ Է, ԻՆՉ ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐԻ ԱՌԱՋ»

«ԹՈՒՐՔԵՐԻ ԱՌՋԵՎ ԴՐՎԱԾ ԽՆԴԻՐՆ ԱՅՍՕՐ ՆՈՒՅՆՆ Է, ԻՆՉ ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐԻ ԱՌԱՋ»
23.04.2010 | 00:00

…և ոչ միայն մշակույթի մասին
«Իրավունքը de facto»- ի հյուրն է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակների դափնեկիր ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ, որն այս տարի բոլորել է ծննդյան 80-ամյակը: Ակնածանքով և սիրով շնորհավորում ենք Վարպետին` մաղթելով ամենայն լուսավորն ու գեղեցիկը, որ կարող է տրվել մարդուն ի վերուստ: Իսկ այն ամենը, ինչ կարող ենք մենք` սովորական մահկանացուներս, տալ նրան, թերևս արդեն տվել ենք լիուլի` անսահման սեր, անթաքույց հիացում, որոնք չեն կարող խուսանավել ժամանակի ու տարածության ամենակուլ տիրույթներում: Մեր ընթերցողը հնարավորություն ունի հաղորդակցվելու մի արվեստագետի հետ, ով, մասնագիտական բազում պարգևներից զատ, արժանացել է նաև համաժողովրդական սիրո բարձրագույն արտահայտությունը կրող տիտղոսների` «Արվեստի երախտավոր», «Թումանյանի հետնորդ»: Այս զրույցը, իհարկե, չի ներառում պարգևների ու տիտղոսների թեման, քանզի այն, ինչպես միշտ «...և ոչ միայն» մշակութային է:
«ՄԵՐ ԿՈՐՑՐԱԾԸ ԶՈՒՏ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՅԱՆՔԵՐ ՉԵՆ, ՄԵՆՔ ՄՇԱԿՈՒՅԹ ԵՆՔ ԿՈՐՑՐԵԼ»
-Պարո՛ն Սարգսյան, օրեր առաջ ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքով ցուցադրվեց Անջեյ Վայդայի «Կատին» կինոնկարը, որին հաջորդեց ռուս պատմաբանների, հասարակական-քաղաքական գործիչների և արվեստագետների քննարկումը: Ի տարբերություն մյուսների` Նիկիտա Միխալկովն իր խոսքում շեշտադրումներ արեց ֆիլմի ոչ միայն պատմական, այլև գեղարվեստական որակների վրա` հիշեցնելով, որ գործ ունեն նախ և առաջ մշակութային իրողության հետ: Արվեստագետի համար որքանո՞վ է դյուրին ձերբազատվել պատմական ճշմարտությանը, ազգային ողբերգության թեմային տուրք տալու և դրանք մշակութային չափանիշներին ստորադասելու գայթակղությունից: Մասնավորապես, ինչպե՞ս է դա հաջողվել Ձեզ «Նահապետ», «Ձորի Միրոն» ֆիլմերում: Դուք այդ կերպարները կերտել եք` վերացարկվելո՞վ հայ լինելու հանգամանքից, ապավինելով միայն դերասանական խաղի կանոնների՞ն:
-Ես շատ դժվար կպատասխանեմ այդ հարցին, որովհետև այն մի փոքր անհասկանալի է ինձ համար: Դերը, դերասանի դիրքորոշումը, վերաբերմունքը դերի նկատմամբ, դերի մեկնաբանությունը... Էդ բոլորը ի՞նչ են, չգիտեմ: Զուտ արվեստի՞ն վերաբերող բաներ են, թե՞ նաև քաղաքական ուղղվածություն ունեն: Իհարկե, ունեն: Իմ բոլոր դերերը` և՛ Նահապետը, և՛ հատկապես Ձորի Միրոն, ծրագրային ուղղվածություն ունեն: Առհասարակ, ես ծրագրային դերասան եմ, ծրագրային արվեստագետ: Հենց էնպես ոչինչ չեմ արել իմ կյանքում, ինչ-որ մի նպատակ, մի խնդիր, մի ասելիք ունեցել եմ միշտ: Իհարկե, եթե դա արվեստով է արվել իմ կողմից, կեցցե՛մ, եթե` ոչ, ուրեմն...
-Ապրիլի 24-ի նախօրեին պարզապես չեմ կարող չհարցնել` անձամբ Ձեզ համար հետաքրքի՞ր է, թե ինչ բառ-եզրույթ կօգտագործի Բարաք Օբաման ապրիլքսանչորսյան իր ուղերձում:
-Այո՛, հետաքրքիր է: Շա՜տ: Ինչո՞ւ ենք մենք ձգտում, որ Թուրքիան ընդունի ցեղասպանության փաստը: Որովհետև թուրքերը մնում են թուրքեր, և նրանց առջև դրված խնդիրն այսօր նույնն է, ինչ սրանից հարյուր տարի առաջ: Նրանք երազում են մեծ Թուրանի մասին և ունեն հեռուն գնացող նպատակներ: Եվ եթե աշխարհը մեզ սատար չկանգնի, մեր վիճակը բավականին բարդ կլինի: Թուրքիան հզոր երկիր է դարձել: Նրա դեմ ոչինչ չենք կարող անել: Այն ուժը չունենք, որ նրան դիմագրավենք: Մեզ մնում է ապավինել մեծ տերությունների գոնե մի անգամ արդար, մարդավարի մոտեցմանը: Հուսալ, որ գոնե մի անգամ մեզ չեն խաբի, ինչպես երկու-երեք հարյուր տարի շարունակ: Մեզ խաբել են, մենք էլ հավատացել ենք: Այլևս չպիտի հավատանք ոչ մեկին: Էս է խնդիրը: Իհարկե, անհրաժեշտ է նշանակություն տալ Օբամայի խոսքին: Ամերիկան հզոր պետություն է, և նրա խոսքը շատ կարևոր է թե՛ մեզ համար, թե՛ թուրքերի: Պետք է հասկանանք, որ մեր կորցրածը զուտ մարդկային կյանքեր չեն: Մենք մշակույթ ենք կորցրել, ինչք ենք կորցրել: Ես կարդում եմ Հակոբ Մնձուրի, ով ոչ մի խոսք չի գրում Եղեռնի մասին: Բայց իմ ցավը մեծ է, որովհետև տեսնում եմ, թե ինչ մշակույթ ենք կորցրել, մարդկային ինչ փոխհարաբերություններ, ինչ դրվածքներ, գյուղատնտեսական ինչ բարձր կուլտուրա: Այսինքն` մեր կորուստներն անթիվ-անհամար են: Եվ քանի որ այս մասին խոսեցի, ուզում եմ հայերին զգուշացնել. «Չսխալվե՛ք, չի կարելի հավատալ թուրքերին: Թուրքերը մեզ համար լավ բան անել չեն կարող»: Բացատրեմ` ինչու: Առաջին հերթին այն պատճառով, որ մենք վկան ենք նրանց վայրագությունների, տեսել ենք, գիտենք` ինչի են ընդունակ: Նրանք կատաղում են, որ մենք կանք: Էդ մտքի հետ չեն հաշտվում: Մենք կանք, աշխարհին ասում ենք, թե ովքեր են իրենք:
-Ազգային գրադարանում կազմակերպված Ձեր հոբելյանական ցերեկույթի ժամանակ նույնպես, անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման խնդրին, բառացիորեն ասացիք. «Թուրքը նույն թուրքն է, հանկարծ չխաբվեք»: Կարծում եք` թուրքը երբևէ կփոխվի, և ավելի բարենպաստ ժամանակնե՞ր կգան սահմանը բացելու համար, թե՞ այն դատապարտված է մշտապես փակ լինելու:
-Ես առանձնապես ոգևորված չեմ էդ սահմանի բացմամբ: Չեմ կարծում, թե մի շոշափելի օգուտ կունենանք դրանից, որովհետև թուրքերն ամեն ինչ կանեն, որ օգուտ չունենանք: Ինձ, գոնե, էդպես է թվում: Բայց էսպես, թե էնպես կողք կողքի ապրում ենք, ու ինչ-որ կերպ հարաբերությունները պետք է կարգավորենք: Տեսնենք` ինչ կստացվի:
-Ասում են` պատմությունը մարդուն դարձնում է քաղաքացի: Խորհրդային կայսրության մայրամուտին պատմությունը Ձեզ դարձրեց ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր: Փոքր հանրապետությունը ներկայացնող պատգամավորների ձայները, վերջին հաշվով, ինչ-որ բան արժեի՞ն այդ ինստիտուտում, թե դրանք ընդամենը սովետների քարոզած ժողովուրդների եղբայրության և հավասարության բուտաֆորիկ դրսևորումներն էին:
-Ամեն ինչ բուտաֆորիկ էր, անիրական: Ամեն ինչ սուտ էր, կեղծ էր: Որևէ լավ բան չեմ կարող ասել էդ տարիների մասին: Իշխանության գլխին կանգնած էր մի էնպիսի տգետ մարդ, ինչպիսին Գորբաչովն էր:
-Դուք կարծում եք, որ նա խիստ հայատյաց է եղել: Այնինչ ինքը մի հարցազրույցի ժամանակ պատմում էր, թե Ադրբեջանում իրեն մեղադրում էին ընդգծված հայամետ լինելու հարցում:
-Սուտ է ասում: Ինքս եղել եմ այնտեղ ու տեսել, թե ինչպիսի վերաբերմունք ուներ մեր նկատմամբ այդ մարդը: Մենք բոլորս ենք զգացել նրա անբարեհաճ վերաբերմունքը:
-Անկախ Հայաստանի քսանամյա կենսագրության ընթացքում մենք ունեցել ենք երեք նախագահ և նախագահական աթոռին հավակնող բազմաթիվ թեկնածուներ: Նրանցից մեկն էլ եղել եք Դուք` ունենալով Հայաստանի Հանրապետության Ձեր տեսլականը: Այսօրվա Հայաստանը շա՞տ է տարբեր այն Հայաստանից, որը Դուք էիք ցանկանում կառուցել:
-Այո՛, տարբեր է:
-Ինչպիսի՞ն պիտի լիներ Ձեր պատկերացրած Հայաստանը:
-Պիտի լիներ ավելի բարոյական` բոլոր առումներով:
-Սիրիա կատարած պաշտոնական այցելության ժամանակ մեր նախագահը հնչեցրեց «հայկական» Նյուրնբերգի հրամայականը: Տեսնո՞ւմ եք նման դատավարության ռեալ հնարավորություն մոտ ապագայում:
-Այո՛, տեսնում եմ, եթե, իհարկե, մենք համառ լինենք, շարունակենք գնալ էսօրվա բռնած ճանապարհով: Փա՜ռք Աստծո, էսօր և՛ կառավարությունը շատ ճիշտ դիրքորոշում ունի էդ հարցի նկատմամբ, և՛ ամբողջ հայությունը (համենայն դեպս, զգալի մասը): Այո՛, պետք է պահանջենք, մինչև վերջ պայքարենք: Այդ դատավարությունը պիտի լինի: Չի կարող չլինել: Դրանով մենք լուծում ենք մեր անվտանգության խնդիրը: Եվ վերջապես, արդարությունը մի օր պիտի գլուխ բարձրացնի, պիտի հաղթանակի:
«ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐ ՏԻՐՈՒՄ Է ՄԵԶԱՆՈՒՄ, ԻՐԱԿԱՆՈՒՄ ՍԱՆՁԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆ Է»
-Օրեր առաջ Համազգային թատրոնում պրեմիերա էր, ներկայացվեց Բրեխտի «Երեք գրոշանոց օպերա» թատերգությունը: Դուք այսօր ո՞ւմ եք համարում թատրոնի անաչառ ու բանիմաց «դատավոր»: Կա՞ այն հանդիսատեսը, որը գոհացնում է Ձեզ` իբրև թատրոնի ղեկավարի:
-Չէ՛: Ցավոք, դահլիճում չեմ զգում այդպիսի հանդիսատեսի ներկայությունը, որովհետև մենք կորցրինք էն, ինչ ունեինք: Կորցրինք շատ կիրթ հանդիսատես: Իսկ թատրոնը չի կարող առանց հանդիսատեսի գոյություն ունենալ: Թատրոնը հանդիսատեսի համար է: Հիմա ապրում ենք այնպիսի ժամանակներ, երբ հանդիսատեսը թելադրում է իր ճաշակը: Բայց դա շատ վտանգավոր բան է: Անդրե Մորուան մի այսպիսի արտահայտություն ունի. «Մասսայական կուլտուրան պատնեշ է կուլտուրայի և մասսայի միջև»: Շատ իմաստուն խոսք է: Պատմության ընթացքում արվեստի խնդիրը միշտ եղել է այն, որ ժողովրդին բարձրացնի վեր, ոչ թե ինքն իջնի ժողովրդի աստիճանին: Ժողովուրդն ի՞նչ է. երեխա, որին պետք է դաստիարակես ու պիտի հասկանաս, թե ինչպես ես դաստիարակում, ինչ ես ուզում սովորեցնել նրան: Ես դեմոկրատիա կոչվածը չեմ ընդունում: Ոչ մի կերպ չեմ կարող դեմոկրատ լինել: Եվ օր օրի համոզվում եմ, որ ճիշտ եմ: Այն, այսպես կոչված, ազատությունը, որ տիրում է մեր դպրոցներում, համալսարաններում, հիմնարկներում, կյանքում, փոխհարաբերություններում, իրականում սանձարձակություն է, ուրիշ ոչինչ: Իսկ մարդն էդպես չի կարող ապրել: Հասարակությունը չի կարող կառուցվել ամենաթողության մթնոլորտում: Այսօր ամեն ինչ կարելի է, ամեն ինչ անպատիժ է: Սա ո՞ւր է տանելու մարդուն, չգիտեմ: Էն մարդիկ, էն գործերը, էն երևույթները, էն դրվածքը, որոնցից կարելի է ակնածել, չկան: Այսօր ոչ ոք ոչնչից չի ակնածում: Վաղն էլ չեն ակնածի իրենց հորից, կդադարեն հարգել սեփական ծնողներին, և կյանքը կվերջանա: Եթե ընտանիքը քայքայվեց, վե՛րջ, պետություն չի կարող լինել: Իսկ թատրոնն էնքան նուրբ երևույթ է, որ կախում ունի այս ամենից: Թատրոնի համար որոշիչ են բազմաթիվ գործոններ` դրամատուրգ, բեմադրիչ, ղեկավար, հանդիսատես: Էնքան շատ են նյուանսները: Շատ դժվար է հիմա նորմալ թատրոն ունենալ, որովհետև մի շարք խնդիրներ պիտի լուծվեն դրա համար: Բայց Համազգային թատրոնն աշխատում է հնարավորինս պահպանել այն ամենը, ինչ ես համարում եմ ճշմարիտ: Մենք ձգտում ենք իմաստ դնել մեր արածի մեջ, ճաշակ, որ ամենագլխավորն է արվեստում: Արվեստն առաջին հերթին ճաշակ է: Անճաշակությունն արդեն գռեհկություն է: Համազգայինը, համենայն դեպս, աշխատում է պատրաստել դերասաններ, որոնք ունեն բեմական ձայնի, առոգանության, պլաստիկայի, շարժուձևի հատուկ տվյալներ:
«ՎԱԽ ԵՄ ԱՊՐՈՒՄ, ՈՐ ՄԵՆՔ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆԸ»
-Ապրիլի 1-ին նշվեց Խորեն Աբրահամյանի 80-ամյակը` տխուր և ուրախ հիշողություններ արթնացնելով բոլորիս մեջ: Դատարկված չե՞ք զգում Ձեր միկրոաշխարհը նրա (և ոչ միայն նրա) երկրային բացակայությունից հետո:
-Դուք ինքներդ համարյա թե պատասխանեցիք հարցին: Իհարկե, դատարկված եմ զգում: Առանց իմ ընկերների դժվար է շատ: Տարիներ առաջ մեր մեծերի սերնդից բոլորը գնացել էին, և մնացել էր միայն Գուգեն Ջանիբեկյանը: Մի օր ասաց. «Կարծում եք, ինձ համար հե՞շտ է մենակ լինել»: Էն ժամանակ ջահել էինք, չհասկացանք: Հիմա հասկանում եմ Ջանիբեկյանի խոսքերը: Իսկապես շատ դժվար է: Ես մի բան չհասկացա` ինչո՞ւ Խորենի 80-ամյակը հատուկ չնշվեց: Գուցե իմ մեղքն է՞լ կա սրանում: Ես մտածում էի, որ անպայման կնշեն: Նա շատ մեծ դերասան էր, և նրա ծննդյան օրը պիտի կառավարական մակարդակով նշվեր: Նրա ստեղծագործությունը դեռ պետք է խորապես ուսումնասիրվի: Նա համաշխարհային մեծության դերասան էր:
-Սովորաբար հարցազրույցի վերջում ես խնդրում եմ պատմել ստեղծագործական ծրագրերի մասին, բայց Ձեր դեպքում այդ ծրագրերը չեն սահմանափակվում նեղ անձնական շրջանակներում, ուստի խնդրում եմ կիսել մեր ընթերցողի հետ Ձեր կանխատեսումները` կապված հայ կինոյի և թատրոնի ապագայի հետ:
-Այն, ինչ տեսնում եմ հիմա, ինձ էնքան էլ մեծ հույս չի ներշնչում: Յուրաքանչյուր ժողովրդի արվեստ հետաքրքիր է նրանով, թե որքանով է այն նման էդ ժողովրդին: Արվեստն ազգային երևույթ է: Այսօրվա եղածին նայելով` վախ եմ ապրում, որ մենք կորցնում ենք մեր ազգայինը: Տա՛ Աստված, որ ես սխալվեմ: Աշխարհին մենք և յուրաքանչյուր ժողովուրդ հետաքրքիր ենք նրանով, թե ինչ երգ ենք երգում, ինչ պար ենք պարում, ինչ թատրոն ունենք: Եթե դա նման է ուրիշ ժողովուրդների ունեցածին, արդեն հետաքրքիր չէ: Եթե զբոսաշրջիկները գալիս են մեր երկիր, ուզում են տեսնել մեր ազգային արժեքները, լինել էն տեսարժան վայրերում, որտեղ կա ազգային ինչ-որ կառույց: Հիմա մենք կառուցում ենք Երևանը: Ես չեմ հասկանում, թե ինչպես ենք կառուցում: Ասում են` ժամանակակից քաղաք ենք կառուցում: Հասկանալի է, որ ժամանակակից է, բայց ազգային ինչ-որ էլեմենտ կա՞ դրանում, թե՞ չէ: Թամանյանից մի էլեմենտ կա՞, Հռիփսիմեից, Նորավանքից մի էլեմենտ կա՞: Աշխարհը մեզ քիչ թե շատ լուրջ է վերաբերվում (շատ մեծ լրջությամբ չի կարող վերաբերվել, որովհետև փոքր պետություն ենք) միայն մի դեպքում, եթե մեր մեջ ազգային հուներ է տեսնում: Եթե դա չունենանք, աշխարհին հետաքրքիր չենք լինի: Հիմա ինձ թվում է, որ մենք կորցնում ենք էդ ազգայինը, ու դա մեծ ցավ է պատճառում: Հայոց թատրոնն էլ ուներ իր ազգային տեսքը, ու դա չպիտի կորցնեն, պիտի պահպանեն: Մեզ համար դժվար ժամանակներ են: Ոչ միայն լավ հանդիսատես չկա, այլև լավ քննադատ: Շատ քիչ են թատերական քննադատները` մեկ-երկու հոգի: Իսկ սա շատ մեծ բաց է: Էլ չեմ ասում, որ չունենք մեծ, տաղանդավոր թատերագիրներ: Մենք ինչ-որ բան խաղում ենք, քննադատները քննադատում կամ չեն քննադատում: Մի խոսքով` անորոշ ժամանակներ են, իմ կարծիքով:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1534

Մեկնաբանություններ