ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայ-ֆրանսիական համագործակցություն, թուրք-ադրբեջանական եղբայրություն, հայ-ռուսական լարվածություն

Հայ-ֆրանսիական համագործակցություն,  թուրք-ադրբեջանական եղբայրություն,  հայ-ռուսական լարվածություն
25.02.2024 | 15:43

Ինչպես գիտենք կնքվեց Հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության պայմանագիր:

Գնահատականս՝ դրական է:

(Միշտ եմ ասել՝ Հայաստանը չպետք է կաշկանդված լինի ինչպես ցանկացած երկրից ձեռք բերել ցանկացած տեսակի սպառազինություն, այնպես էլ ցանկացած երկրի հետ կնքել ռազմաքաղաքական պայմանագրեր):

Այսօր Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Պաշտպանության նախարար Լեկորնյուն, միաժամանակ Հայաստան առաքվեցին պաշտպանական սպառազինություն՝ գիշերային տեսանելիության սարքեր և GM 200 գերժամանակակից ռադարներ, որոնք ի զորու են հայտնաբերել թռչող օբյեկտները և իդենտիֆիկացնել դեռևս 250 կիլոմետր հեռավորության վրա։

Իհարկե, պետք է հասկանանք, որ այն բացառապես ռազմական տեխնիկայի ու սպառազինության ձեռքբերման համագործակցություն է, ոչ ավելին, որ դաշնակցային հարաբերությունների հաստատման մասին ակնարկ եղել է, բայց ոչ ավելին:

Այս նույն ժամանակահատվածում Ադրբեջանը Պակիստանի հետ կնքել է «JF-17 Block III» կործանիչների 1,6 մլրդ դոլար արժողությամբ առքուվաճառքի պայմանագիր։

Միաժամանակ Ադրբեջանում անցկացվում են պահեստազորի լայնամասշտաբ վարժական հավաքներ:

Թուրք ինստրուկտորների ղեկավարմամբ՝ զորավարժություններ են անցկացվում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների անձնակազմի հետ, ինչպես նաև նոր՝ «Կոմանդոս» ստորաբաժանումներ են ստեղծվել:

էրդողանն ու Ալիևը վերահաստատում են, որ Ադրբեջանի և Թուրքիայի բանակները մեկ միասնական բռունցք են և որ «Շուշիի դեկլարացիայով» թշնամու ագրեսիայի կամ հարձակման դեպքում ունեն համատեղ գործելու, դիմագրավելու փոխօգնության պարտավորություններ:

Ի դեպ, բացի այն, որ ԱՄՆ Կոնգրեսը հաստատեց ռազմավարական դաշնակից Թուրքիային 40 «F-16» կործանիչների վաճառքը, Թուրքիայում առաջին անգամ փորձարկվեց հայրենական արտադրության 5-րդ սերնդի «KAAN» կործանիչը։

Ըստ մասնագետների՝ այն իր տեխնիկական բնութագրով և մի շարք պարամետրերով գերազանցում է անգամ «F16»-ին:

Հետևաբար, Թուրքիան մեկնարկում է վերոնշյալ կործանիչների սերիական արտադրությունը:

Դժվար չէ կռահել, որ այդ կործանիչների մի խմբաքանակ շուտով կհայտնվի Ադրբեջանում:

Ի դեպ, մինչ ֆրանսիական զենքի ներկրման պատճառով վայնասուն էր բարձրացել ու Հայաստանին մեղադրում էին զինվելու մեջ, ՌԴ-ն երկու օր առաջ Ադրբեջանին վաճառեց նոր խմբաքանակի Ս-300 ֆավորիտ, Տ-90, ԲՄՊ-2, Սմերչ, ՏՕՍ-1Ա Սոնցեպյոկ, 120 մմ-նոց ականանետային «Վենա» համակարգեր, ինքնագնաց հրետանային կայանքներ, ԲՏՌ-80, ՄԻ-35, Մ8 մոդեռնիզացված ուղղաթիռներ:

Դե իսկ, հայ-ռուսական հարաբերությունները նոր, ավելի խոր ճգնաժամի մեջ մտան:

Վարչապետ Փաշինյանը Ֆրանսիական լրատվականին տված իր հարցազրույցում պետք է ասի, որ «ամիսներ առաջ ՌԴ բարձրաստիճան ներկայացուցիչներն ուղիղ կոչ էին անում ՀՀ քաղաքացիներին դուրս գալ փողոցներ և տապալել ՀՀ ընտրված և լեգիտիմ կառավարությունը», որ «Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, որտեղ գերակայում է Մոսկվան, սառեցված է», «այն, ինչ տեղի է ունենում ՈՒկրաինայում, Ալմա-Աթայի հռչակագրի խախտում է»:

Բնականաբար, ռուսական կողմն ի պատասխան պետք ասի, որ կտրականապես չեն ընդունում Հայաստանի իշխանությունների կշտամբանքները ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի կողմից իրենց մանդատը չկատարելու վերաբերյալ:

Որ Մոսկվան հույս ունի՝ Երևանը կհասկանա, որ առկա մտահոգությունները պետք է քննարկվեն և լուծվեն երկխոսության միջոցով և որ սպասում են հստակ բացատրությունների, թե ի՞նչ հիմքեր ունեն Փաշինյանի հայտարարությունները։

Ի հավելումն այս ամենին, Փաշինյանի և Մեծ Բրիտանիայի հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրի հանդիպումը, մարտի սկզբին Զելենսկու Հայաստանում հյուրընկալելը, իսկ Պուտինի Հայաստան ժամանելու դեպքում նրան չձերբակալելու երաշխիքների բացակայությունը միանշանակ անհետևանք չեն մնա:

Մասնավորապես, Միջազգային Քրեական Դատարանին (Հռոմի ստատուտ) Հայաստանի արդեն իսկ անդամակցությունը և դրանով պայմանավորված Պուտինի «ոտքը Հայաստանից կտրելը» ՌԴ-ի համար համարվում է թշնամական քայլ, իսկ Հավաքական Արևմուտքի համար Հայաստանը ՌԴ-ից վերջնականապես կտրելու իրողություն:

Թե ինչ է շահում Հայաստանը նման քայլերի ու դեմարշների շնորհիվ, դժվար չէ կռահել՝ Հավաքական Արևմուտքի էմպատիան ու սիմպատիան, ոչ ավելին:

Իսկ կոշտ հակազդեցությունն ու ցանկացած պարամետրի վտանգն ապահովված է:

Մանավանդ, երբ վարչապետը հաստատում է, որ «Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում ՀՀ-ի դեմ»:

Էվ այս ամենը՝ առանց հաշվի առնելու հավանական ռիսկերն ու «մեր ոխերիմ բարեկամ և դաշնակցի» հակաքայլերը…

Առանց հաշվի առնելու, որ դաշնակից չունի, բայց ապրումակցող-կարեկցողներ՝ ինչքան ասես:

Այն պարագայում, երբ մանավանդ հիմա, հայ-ռուսական հարաբերություններում առաջացող խնդիրները պետք է լուծել քաղաքական երկխոսության միջոցով ու դիվանագիտական խողովակներով՝ բացառելով քինապահությունն ու նեղացկոտությունը:

Ինչևէ, ՀՀ իշխանություններն իրենց արկածախնդրությամբ, ինտուիտիվ ու պրիմիտիվ վարքագծով, իռացիոնալ ընկալումներով վարում են ոչ բալանսավորված ու ոչ կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն:

Սա քաջ գիտակցում են անգամ նրանք:

ՀՀ գործող իշխանությունները լավ հասկանում են, որ ինչքան հաճախ և ուժեղ Ռուսաստանին բացահայտ մեղադրեն ու քարկոծեն, այնքան աջակցություն ու խրախուսանք կստանան Արևմուտքից:

Քաջատեղյակ են նաև, որ այս ամենի գինը վճարելու ենք մենք՝ ժողովուրդը:

Քանզի «երկու ցուլերից» բացի մեր ճանապարհին կանգնեցնում են նաև մի հսկա, գազազած «արջի»:

Պոտենցիալ դաշնակից Ռուսաստանին մենք դաձնում ենք թշնամի Ռուսաստան։

Պոտենցիալ դաշնակից Իրանին մենք դարձնում ենք պարզապես դիտորդ՝ լավագույն դեպքում հույսը դնելով վերջինիս «կարմիր գծերի» վրա:

Եվ սա այն պարագայում, երբ մեզ այսօր օդ ու ջրի պես դաշնակից է պետք, ոչ թե կարեկցող, առավել ևս նոր թշնամիներ։

Իսկ դաշնակից ձեռք բերելու և պահելու համար խելք, ստրատեգիական մտածողություն է պահանջվում:

Փաստ է՝ պետական մտածողություն չունեցող ժողովուրդները բոլոր ժամանակներում միշտ աղետների են հասնում, միշտ ծնում են արկածախնդիր իշխանություններ և ոչ պետական մտածողությամբ էլիտաներ։

Այսօր դա մեր իրականությունն է:

Արդյունքում՝ արատավոր, աղետաբեր շրջանում ենք, որից դուրս գալու համար քիչ ժամանակ է մնացել։

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 2371

Մեկնաբանություններ