«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Առաջավորաց պահք

Առաջավորաց պահք
25.01.2024 | 09:14

Նախ՝ թե ինչու ենք հինգ օր անսվաղ պահում:

Դրախտում օրինադրված պահքի փոխարեն մեր հոգևոր առաջնորդների կողմից սահմանվեց Առաջավորաց պահքը: Եվ ինչպես առանց պահելու դուրս ընկանք Դրախտից ու կորցրինք փառքը, այդպես էլ սա պահելով՝ այն հետ պիտի ստանանք: Եվ քանի որ Ադամը հինգ զգայարաններով մեղանչեց, մենք հնգօրյա պահքով ենք սրբում մեր զգայարանները:

Նաև՝ երբ Ադամը ելավ Դրախտից, հինգ օր անսվաղ պահեց, ապա կերավ երկրի պտուղներից, որը եղավ առաջին պահքն արտաքսումից հետո:

Դարձյալ՝ մարդու լինելուց առաջ եղան հինգ օրեր, որոնցում ստեղծվեցին բոլոր արարածները, և այդ օրերին ոչինչ չէին ուտում, որովհետև դեռևս չկար ուտելու հրամանը, և դրանք սրբության ու պահքի օրեր էին: Այնուհետև ստեղծվեց Ադամը և պահքը լուծարվեց:

Ադամի որդիներն էլ նրանից սովորելով՝ պահում էին նրա նման: Պահում էր այս պահքը նաև Աբելը և ապա մատուցում պատարագը: Պահեց և Սեթը՝ հինգ օր, երբ մահացավ Ադամը: Պահեց նաև Ենոքը՝ հինգ օր ամսամուտին: Նոյը նույնպես պահեց նախքան տապան մտնելը, ինչպես նաև տապանից ելնելուց հետո պահեց և ապա մատուցեց պատարագ:

Պահեց և Աբրահամը՝ հինգ օր, երբ Աստված նրան խոստացավ տալ Իսահակ որդուն: Եվ դարձյալ պահեց, երբ Իսահակը փրկվեց զոհաբերվելուց: Վարդապետներից ոմանք ասում են, թե Աբրահամը հինգ օր պահեց նաև Սոդոմի հրկիզումից հետո:

Նաև Հակոբը հինգ օր պահեց, երբ սանդուղքի տեսիլքն իրեն երևաց, և դարձյալ հինգ օր էլ պահեց, երբ իր որդիները՝ Շմավոնն ու Ղևին, կոտորեցին սիկեմացիներին (տե՜ս Ծննդ. ԼԴ), և էլի հինգ օր, երբ լսեց Հովսեփի զոհվելու բոթը:

Նաև Հովսեփը, ով Օրենքից առաջ էր օրինավոր և Ավետարանից առաջ՝ ավետարանիչ, երբ մտավ փարավոնի բանտը՝ հինգ օր պահեց, և այս ամենը՝ ծոմով՝ առանց ուտելու և խմելու:

Հինգ օր պահում էին նաև բոլոր անդրանիկները, երբ մահանում էին նրանց հայրերը: Այսպիսով՝ այս պահքը հորից որդուն ավանդվելով՝ եկավ հասավ մեզ, ինչպես ասում է սուրբ Բարսեղը: Եվ այս պահքն առանց պատարագների էր ու ընթերցվածների, որովհետև նահապետներն այսպես պահեցին ու արդարացան:

... Հինգը՝ զգայարանների օրինակն է, երեքը՝ մարմնի, հոգու և մտքի, իսկ քառասունը՝ ութ անգամ հինգն է, որտեղ հինգը զգայարաններն են, իսկ ութը՝ գլխավոր մեղքերը՝ ամբարտավանությունը, որը հպարտությունն է, սնափառությունը, որը փառասիրությունն է, ապա բարկությունը, արծաթասիրությունը, ձանձրությունը, որկրամոլությունը, ծուլությունը, բղջախոհությունը:

Երկրորդ հարցը. ինչու՞ է այս պահքն առանց Գրքերի ընթերցանության և առանց պատարագի պահվում: Պատճառը հետևյալն է: Այս պահքը կարգվեց նահապետների կողմից, ովքեր Գրքերից, Օրենքից ու Ավետարանից առաջ կային և այսպես պահելով արդարացան: Հետևաբար՝ մեր նախահայրերի հիշատակի համար առանց ընթերցումների ու պատարագների ենք պահում:

Իսկ մյուս բոլոր պահքերը, ինչպես Քառասնորդացը և շաբաթապահքերը, նաև ուրբաթն ու չորեքշաբթին, պահում ենք Հին ու Նոր Կտակարանների ընթերցումներով, որովհետև կարգվեցին այն ժամանակ, երբ արդեն կային Օրենքը և մարգարեների ու առաքյալների գրվածքները:

Հնգօրյա պահքը զգայարանների սրբության համար է, որոնցով մեղքն առաջին անգամ մտավ մարդու մեջ, և հաջորդեց մահը: ....

Այսպես էլ այժմ մենք ենք հինգ զգայարաններով գործում բոլոր մեղքերը, որոնց համար էլ հնգօրյա պահքով սրբում ենք մեր զգայարանները:

Արամ ԴԻԼԱՆՅԱՆ

Հ..Գ.

Ներկայացրեցինք կրճատված, կարևոր տեսնելով նպատակայինը, կատարումը՝ առավել կարճ քարոզով, ամբողջականը կարող եք ընթերցել Հոգևոր կայքէջում՝ Արամ Դիլանյանի ստորագրությամբ:

Դիտվել է՝ 3689

Մեկնաբանություններ