ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Պարտության հիմքը դրվել է 1994-ի սեպտեմբերին՝ «հաղթական» զինադադարից հետո

Պարտության հիմքը դրվել է 1994-ի սեպտեմբերին՝ «հաղթական» զինադադարից հետո
26.08.2023 | 09:00

Ներհայաստանյան քաղաքական քննարկումների թիվ մեկ առարկան Ղարաբաղի հարցն է: Այս թեման առաջին հորիզոնականում է 1988-ից: Դրանով են միշտ պայմանավորված եղել բոլոր քաղաքական գործընթացները, իշխանափոխությունները, կադրային տեղաշարժերը և արտաքին աշխարհում մեր գործողությունները: Այս թեման նախկինները, ներկաները, գործիչներն ու չգործիչները, ռուսամետ-արևմտամետ «վերլուծաբաններն» ու, մի խոսքով, բոլորը, հասկացող և չհասկացող քաղաքագետները առավոտից իրիկուն դնում- վերցնում են: Իհարկե, ներկա բարդ իրադրությունը և հետպատերազմյան երեք տարիների լարվածության պահպանումն ու երրորդ պատերազմի վտանգը օբյեկտիվորեն պայմանավորում են այսպիսի իրավիճակը: Եթե ուշադիր նայեք ներքաղաքական այս դիսկուրսի բովանդակությանը, կտեսնեք, որ հիմնական հարցադրումը կապված է պարտության պատճառների և մեղավորների փնտրտուքի հետ: Ով ում է մեղադրում, բոլորս էլ տեսնում, լսում և կարդում ենք, ես չեմ ցանկանում նորից կրկնել այն, ինչից հոգնել և բթացել ենք 24-ժամյա ռեժիմով: Պարտության պատճառները քաղաքական շահարկման առարկա են դարձել, որի հետևանքով ոչ թե իրականությունն է բացահայտվում, այլ բարձրաձայնվում է այն, ինչ պետք է քաղաքական հակառակորդի հեղինակությանը հարվածելու հսմար: Արդյունքում ճշմարտությունը մնում է չբացահայտված: Ինչու՞ պարտվեցինք, ե՞րբ պարտվեցինք, ո՞վ է մեղավոր: Փորձեմ այս հարցերին կարճ պատասխանել, և մի աննշան ներդրում ունենալ ճշմարտության բացահայտման գործում:

Հայ աշխատավոր մարդը չի պարտվել: Նա զենքը ձեռքին զոհվել է առաջին պատերազմում: Երկրորդ պատերազմում նա իր որդիներին ուղարկել է զինվորական ծառայության, որոնք իրենց կյանքն են տվել և հեռացել այս աշխարհից՝ չբոլորած 18-20 տարին: Ծնողները մնացել են սգի և անորոշության մեջ: Իսկ գիտե՞ք ով է պարտվել: Պարտվել է Հայաստանի Երրորդ Հանրապետության քաղաքական ղեկավարությունը, նրանք, ովքեր պարտավոր էին լուծում գտնել և երիտասարդությանը հողի տակ չթաղել: Իսկ գիտե՞ք, թե երբ են նրանք պարտվել: Նրանք պարտվել են 1994-ի «հաղթական» զինադադարից հինգ ամիս անց՝ 1994 թ. սեպտեմբերին, երբ Ադրբեջանի հեռատես և հմուտ ղեկավար Հեյդար Ալիևը ոչ թե ընկավ պարտված-ընկճվածի բարդույթի մեջ, այլ բարձր և հպարտ կեցվածքով կնքեց Դարի գործարքը որն ապահովելու էր վրաց-թուրքական տարածքներով ադրբեջանական նավթի ու գազի արդյունահանումը: Միջին մակարդակի գրագիտություն և քթի ծակ ունեցող ցանկացած մարդու համար 1994թ . սեպտեմբերին արդեն պարզ էր՝ հակառակորդ երկիրը մի հինգ-վեց տարի հետո ունենալու է հսկայական բյուջե, նավթադոլարները ապահովելու են նրա ռազմականացումը նորագույն տեխնիկայով. բացառիկ գործարք պատմության մեջ, ըստ որի, շահույթի մոտ 80%-ի տերը Բաքուն է: Պարզ էր, որ Հայաստանն այսուհետ մնում է շրջափակման ու մեկուսացման մեջ, երկու հակառակորդ հարևանները իրենց ազդեցության օղակի մեջ են վերցնում նաև Վրաստանը: Եվ, որ ամենակարևորն է, Արևմուտքն իր ողջ կարողությամբ կանգնում է Ադրբեջանի թիկունքին: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի և հետսգայում կառուցված գազամուղի փայատերերը արևմտյան ընկերություններն են՝ իրենց թիկունքում ունենալով անգլո-սաքսերի ռազմական, հետախուզական և քաղաքական կարողությունները: Եթե հաշվի առնենք նաև ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ՌԴ-ն կազմաքանդելու սկսված և շարունակվող ռազմավարությունը, արդեն լրիվ պարզ կդառնա, թե ռուսական ազդեցության ծիրում գտնվողներին ինչ ճակատագիր էր սպասվում: Այնպես որ, պարտության հիմքը դրվել է 1994թ. սեպտեմբերին: Դրանից հետո Ադրբեջանը գնացել է հզորացման ուղիով, Հայաստանը պարել է պաթոսախառն ճառերի և ֆիդայական երգերի տակ: Երբեք չի եղել պետականամետ ռազմավարության մշակում, մարտահրավերներին դիմագրավելու գործողությունների ծրագիր: Եղել է կարճատեսություն, կանխատեսնման զրո կարողություն, և դա՝ միշտ, մինչև 2020թ. արհավիրքը, որի հետևանքները մենք դեռ չենք հաղթահարել:

Ի դեպ ՄԱԿ-ից ու նրա դատարան Հաագայից նորություն չունե՞ք: Եթե չկա, կարող ենք այս շաբաթ բանավեճ ծավալել «ժողովուրդների ինքնորոշման իրավունքից», կամ էլ «մարդու իրավունքներից». դա ավելի հարմար է՝ ժամավաճառության իմաստով:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 2236

Մեկնաբանություններ