Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Պատերազմից հետո կհավաքեմ գերդաստանիս, որ մեր հաղթանակը նշենք»

«Պատերազմից հետո կհավաքեմ գերդաստանիս, որ մեր հաղթանակը նշենք»
27.04.2023 | 22:32

Այսօր 44 օրյա պատերազմում անմահացած Գևորգ Արշակյանի ծննդյան օրն է...

Արցախյան պատերազմը մեզ հարազատ ու ծանոթ դեմքեր տարավ, շատերին էլ թողեց անժպիտ։ Ճանաչածս ամենահիասքանչ, ամենակենսուրախ մանկավարժներից մեկը՝ Գայանե Արշակյանը, ամեն օր ժպիտը դեմքին անցնում էր մեր բակով, բայց արցախյան պատերազմը նրա ժպիտն էլ խլեց։ Պատճառը Շուշիի համար մղվող մարտերում զոհված ԳԵՎՈՐԳ ԱՐՇԱԿՅԱՆՆ է, ում հորաքույր լինելը Գայանեի համար պարծանք է ու պատիվ։

Գևորգն ընդամենը 24 տարեկան էր, բայց հասցրել էր միաժամանակ սովորել և կարմիր դիպլոմով ավարտել Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը, իրավաբանության ֆակուլտետը, Վազգեն Սարգսանի անվան ռազմական համալսարանը։ Աշխատում էր «Հայ ասպետ» դպրոցում որպես ռազմագիտության ուսուցիչ։

Շատերը Գևորգին կհիշեն հենց «Ամենախելացին» խաղից, որում տղան իր ողջույնի խոսքը եզրափակեց Գարեգին Նժդեհի խոսքերով․ «Մահացիր այնպես, որ մահդ էլ ծառայի հայրենիքիդ»։

Գայանեից ստացած զանգն ինձ նրանց տուն տարավ։ Հյուրասենյակում նստեցինք։ Սեղանին դրված էին Գևորգի գիտական գրքերը, որոնք դեռ տարիներ առաջ գրել էր հոր՝ Արշավիր Արշակյանի հետ։

Գևորգը ծնվեց պատմաբանների ընտանիքում։ Շատ սպասված երեխա էր, ծնողներն ուշ էին ամուսնացել։ Տղայի դաստիարակությամբ շատ էր զբաղվում մորական պապիկը՝ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոս, դոցենտ Գևորգ Հովսեփյանը, որը թոռան մահից 2 ամիս անց մահացավ։

«Թե ինչ հույսեր էր կապել Գևորգ պապն իր անունը դնելով թոռան վրա, բոլորս գիտեինք, ու Գևորգն արդարացնում էր այդ սպասումները։ Նա այնքան ակտիվ էր, երգում էր, պարում, արշավներ կազմակերպում․․․ Բոլոր հնարավորություններն ուներ անհոգ ապրելու, որովհետև օգոստոսին էր զորացրվել, կարող էր ընդհանրապես չգնալ պատերազմ, բայց իր մեջ հայրենասիրությունը շատ խորն էր նստած»,-պատմում է հորաքույրը։

Գայանեն հիշում է, թե ինչպես Գևորգը պատերազմի մասին լուրը լսելուց անմիջապես հետո համալսարան է գնացել, հավաքել ընկերներին, որ միասին ռազմաճակատ մեկնեն։

«Գևորգը ոչ մեկիս չլսեց, հայրն ամբողջ գիշեր նստել էր, անքուն, համոզել էր, բացատրել էր, որ նոր է բանակից եկել, որ անհրաժեշտություն լինի՝ իրեն էլ կկանչեն։ Մորաքույրն անգամ տան դուռն էր կողպել, բայց Գևորգն ասել էր՝ եթե ուզում եք սովորական մահով մեռնեմ, կմնամ այստեղ, պատուհանից կամ կամրջից ցած կնետվեմ։ Եթե ինձ տրված է մեռնել, կապ չունի որտեղ կմեռնեմ»,- հիշում է Գայանեն։

Երկար բանակցություններից հետո մորաքույրը ստիպված էր եղել բացել դուռն ու Գևորգին բարի ճանապարհ մաղթել։

«Ինձ հրաժեշտ չտաք, չփաթաթվեք, հետևիցս չգաք, ես գնում եմ կռիվ․․․ Պատերազմից հետո կհավաքեմ գերդաստանիս, որ մեր հաղթանակը նշենք»։ Այս խոսքերով Գևորգը պատերազմի առաջին օրերին հեռացավ հայրական տունը։

Նրան հաջողվեց գերդաստանը հավաքել, ցավոք, Եռաբլուրում։

Գևորգն ավագ լեյտենանտ էր, իր ընկերների հետ սկզբում կռվել էր իր հարազատ Մատաղիսում։ Հենց այնտեղ էր երկու տարի ծառայել ու երբ ծառայության օրերին Facebook-ի իր էջով ուղիղ եթեր էր մտնում, ասում էր՝ ողջունում եմ ձեզ «Մատաղիսի թագավորությունից»։

Երբ լսել էր, որ Շուշիում ծանր է վիճակը, տղաներին հավաքել էր ու շարժվել այնտեղ։

«Շուշիում ոտքից վիրավորվել էր, տղերքն ասել էին՝ գնանք հոսպիտալ, չէր համաձայնվել։ Վիրավոր ոտքով շարունակել էր կռվել։ Մյուս եղբայրս զինվորական է, ամեն օր զանգում էի, մի օր խառնված հեռախոսը վերցրեց, ասաց ՝ Գևորգը վիրավոր է, փնտրում եմ։ Սիրտս կանգնեց, չէի կարողանում ընդունել։ Աղոթում էի, որ վիրավորումն էնպես լինի, որ կարողանան փրկել։ Մինչև եղբայրս Գևորգին գտել էր, նա երկրորդ վիրավորումն էր ստացել՝ մահացու։ Արնաքամ էր եղել։ Ճաք տվեց իմ գերդաստանի ամուր սյուներից մեկը»,-բազկաթոռին անճարությունից կուչ եկած պատմում է հորաքույրը։

Գևորգը զոհվեց նոյեմբերի 7-ին, նրա հուղարկավորությունը նոյեմբերի 9-ին էր, երբ ստորագրվեց եռակողմ հայտարարությունը։ Գևորգի հոգեհանգստի ժամանակ արդեն շշուկներ կային, որ Շուշին հանձնել են։

«Նոյեմբերի 10-ի առավոտյան, երբ մարդիկ սկսեցին խոսել, որ ինչի էսպես պետք է լիներ, մեր երեխաներն իզուր զոհվեցին, Գևորգի մայրն իր սգի մեջ, չգիտեմ ինչ գերբնական ուժով, միջամտեց՝ չասեք նման բան։ Էնտեղ ամենամեծ ցավն ու վիշտ իրենն էր, ասաց՝ իմ տղան հենց էնպես չի գնացել զոհվել, իմ տղայի գործը հասնելու է ավարտին, մենք անպայման ունենալու ենք այդ հաղթանակը։ Եղբայրս ասում է՝ ես որբացա, ուրիշները ծնողներից են որբանում, ես Գևորգից որբացա»,-հիշում է Գայանեն։

Հայրը որդու հուղարկավորության ժամանակ հիշել է, որ Գևորգն ամեն անգամ Եռաբլուրի կողքով անցնելիս՝ երանի է տվել այնտեղ հանգչողներին, ասել է, տեսնես ինչ մեծ գործ են արել, որ այդ պատվին են արժանացել։ Բայց Գևորգը վստահ էր, որ մահն իրեն չի հաղթելու, նրա երազանքն էր, որ կռվից վերադառնա, Արշակյանների գերդաստանը հավաքի։

«Հավաքեց… Եռաբլուրում, մենք դա չէինք կանխատեսել, նրան զինվորական շքեղ տեսքով տղաներ բերեցին, հետո ծանր բարձրացրին ու շեփոր հնչեց, ինքը պառկած էր, այնքան հանգիստ, սպարապետական կեցվածքով և կիսաժպիտը դեմքին ու բոլորիս ասում էր՝ տեսա՞ք ոնց հաղթեցի, պատերազմն էլ հաղթեցի, կյանքն էլ հաղթեցի, ձեզ էլ հաղթեցի…»,-ասում է Գայանեի դուստրը՝ Վանուհի Բաղրամյանը։

Օրերս Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմամբ ավագ լեյտենանտ Գևորգ Արշակյանը պարգևատրվեց «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

Գայանեի խոսքով՝ եթե Գևորգը ողջ լիներ ու իր ձեռքով ստանար «Մարտական խաչը», երևի ուրախությունից խելագարվեր։

«Ասում էր՝ զինվորականի համար դա գիտեք ինչ պարգև է, սրբության նման մի բան է։ ՈՒղղակի այդ պարգևին արժանանալու համար շատ թանկ վճարեց։ Գուցե էգոիստ եմ, բայց Գևորգն այստեղ ավելի շատ էր պետք, իր խելքով, տաղանդով։ Նրա նվիրումը մեզ շատ էր պետք գալու, որովհետև հիմա շատ են պակասում իր նման մարդիկ, որոնք համ խելացի են, համ հայրենասեր։ Գևորգի նման տղերքը պիտի ապրեին ու երկիրը դուրս բերեին այս վիճակից»,-ասում է Գայանեն։

Մինչ զրուցում էինք՝ նկատեցի մի անկյունում գրքերը ձեռքը վերցրած Գայանեի միակ որդուն՝ Մենուային։

Պատերազմը փոխեց նաև Մենուայի երազանքները։ Եթե մինչև պատերազմը տղան պարապում էր ԵՊՀ-ի իրավաբանության ֆակուլտետն ընդունվելու համար, ապա այժմ որոշել է բժիշկ դառնալ։

Ասում է՝ հայ տղան կամ պետք է զինվորական լինի, կամ բժիշկ։

«Եթե միայն զինվորական լինեմ, կռվի դաշտում չեմ կարող ոչ մեկի փրկել, բայց եթե բԺիշկ լինեմ՝ և կռվել կկարողանամ և մարդկանց կյանքը փրկել, որ Գևորգի նման տղերքը պատերազմում էլ արնաքամ չլինեն»։

Շնորհավոր երկնային ծնունդդ, անմահ հերոս:.

Փա՜ռք ու խոնհարում քո վառ հիշատակին:

Հավերժ շնորհակալ և պարտական ենք:

ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ ՖԲ էջից

Դիտվել է՝ 5535

Մեկնաբանություններ