Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Այ էն ժամանակ… Քրիստոս Հարյավ ի Մեռելոց

Այ էն ժամանակ… Քրիստոս Հարյավ ի Մեռելոց
14.04.2023 | 20:58

Մի քանի օր առաջ մեր ազգի միջից ահագին մարդիկ իրար շնորհավորեցին և ուրախացան թե` Քրիստոս հարյավ ի մեռելոց: Լավ արեցիք, ես էլ ուրախացա ձեզ հետ: ՈՒ դեռ քառասուն օր մինչև Համբարձում պիտի ասենք Քրիստոս հարյավ ի մեռելոց: Էտ ամեն ինչը շատ լավ է: Հետո՞...

Հիմա ձեզ ինչ որ պիտի ասեմ, այնքան կարևոր է, որ խնդրում եմ, օգնեք դա հասցնել ձեր ընկերներին:

ՈՒրեմն, երբ որ կարդաք Աստավածաշունչն ու նայեք թե Աստված ինչպես էր վարվում իսրայելացիների հետ նրանց մեղքերի համար, կտեսնեք, որ Աստված նույն կերպ վարվում է մեզ՝ հայերիս հետ մեր մեղքերի համար: Առավել ևս, եթե ձեր աչքերն ու միտքը մի քիչ էլ վեր բարձրացնեք, ապա կտեսնեք, որ Աստված նույնպես վարվում է մյուս ազգերի հետ, իրենց մեղքերի համար:

Հիմա ասում եք Քրիստոս հարյավ ի մեռելոց ու լավ եք անում: Բայց իմացեք, որ բավական չէ, միայն «հավատալ» Աստծուն, «հավատալ» Հիսուսին որպես Տեր և Փրկիչ, այլ հրամայական է, ու պահանջ է, որ մենք կատարենք Նրա կամքը, որովհետև եթե չկատարենք Նրա կամքը, մենք ոչ մի բաժին չենք ունենա Իր մեջ, ո՛չ էլ ինքը կլինի մեր մեջ, ո՛չ էլ ինքը կլինի մեր պաշտպանը: Սատանան նույնպես հավատում է Հիսուսին որպես Աստծո Որդի, ու Աստվածաշունչը բոլորցս էլ ավելի լավ գիտի, բայց դա ոչ մի օգուտ չի տալիս Սատանային, քանի որ նա հրաժարվում է կատարել Աստծո կամքը: Հետևաբար, մենք պետք է սովորենք Աստծո կամքը և կատարենք այն:

Դու կարող ես հույսդ դնել Աստծո վրա, միայն այն դեպքում, եթե դու գիտես Աստծո կամքը և կատարում ես այն, եթե դու հնազանդվում ես Աստծո կամքին, եթե դու ոտքդ դուրս չես դնում քո սեփական կամքը կատարելու համար, այլ քո կամքը հնազանդեցնում ես Տեր Հիսուս Քրիստոսի կամքին:

ՈՒրեմն դուք, ու մենք, բոլորս պիտի հասկանանք, որ մենք ո՛չ միայն պիտի դարձի գանք ու ապաշխարենք, այլ հատկապես պայքարենք մեղքի դեմ:

Մեղքից հրաժարվելը հեշտ բան չէ: Դու տարիների ընթացքում քեզ վարժեցրել ես չար սովորությունների, ու դրանից հրաժարվելը ուժեղ ներքին պայքար է պահանջում: Եթե ձեռքդ վարժվել է կաշառքի, դու չես կարող դրանից մի օրում հրաժարվել: Եթե ձեռքդ վարժվել է թեկուզ մանր գողության, դու չես կարող դա մի օրում կտրել, եթե լեզուդ վարժված է հայհոյելու, անիծելու, ամբախ-զամբախ խոսելու, դու չես կարող այդ ամենը մի օրում կտրել: Դու պիտի ապաշխարության կյանքով ու քրտնաջան պայքարով փոխես քեզ, ու Աստված օգնում է, եթե դու կանչում ես իր օգնությունը: Առանց Քրիստոսի դու չես կարող քո մեղքերից ազատվել:

Քրիստոս հարյավ ի մեռելոց: Հետո՞...

ՈՒրեմն այլևս ո՛չ մի ցանկասիրություն, այլևս ո՛չ խաբել, ո՛չ ստել, ո՛չ գողություն, ո՛չ նախանձ, ո՛չ էլ ագահություն:

ՈՒրեմն այլևս ո՛չ մի աբորտ, մի՛ սպանեք ձեր չծնված երեխաներին, այլևս փող մի՛ երկրպագեք ու ամեն ինչ փողով մի՛ չափեք:

Քրիստոս հարյավ ի մեռելոց: Այլևս անտարբեր մի՛ եղեք ուրիշների ձախորդություների ու տառապանքի նկատմամբ, այլ կարեկցեք մարդկանց:

Մենք պետք է սիրենք մեր մերձավորին: Եթե դու չես սիրում քո հարևանին, ուրեմն Քրիստոսը դեռ հարություն չի առել քեզ համար, հարություն չի առել քո սրտի մեջ:

ՈՒրիշ բան: Դուք երբևէ մտածե՞լ եք, թե մահմեդական երկրներն ինչու են այսպես բարգավաճ, ու թե ինչպես է որ Աստված օրհնում է իրենց, թեև նրանք դեռ չեն հավատում Քրիստոսին որպես Տիրոջ:

Դուք գիտե՞ք, որ նրանց մեծամասնությունը օրը 5 անգամ գործ ու բիզնես փակում են ու օրը 5 անգամ 20 րոպե աղոթք են անում: Դա նշանակում է, օրական ժամ ու կես աղոթել ու խոսել Աստծո հետ:

Ձեզնից քանի՞սն է այդպես անում: Նրանցից շատերը նույնիսկ չեն խմում ու անում են ամեն ինչ, որ հեռու մնան մեղքից և հենց դրա համար Աստված պատվում է իրենց և նրանց հողերը:

Այս մահմեդականներն իրենց ճանաչած Աստծուն ամեն ինչից վեր են դասում: Իրենցից վեր են դասում, իրենց ընտանիքներից վեր են դասում, իրենց երկրից վեր են դասում և մենք տեսնում ենք թե ինչ թասիբով են պաշտպանում իրենց հավատքը երբ որևէ թափթփուկ հանդգնում է հեգնել իրենց սրբություններին: Արդյոք մենք որպես քրիստոնյաներ անու՞մ ենք այս ամենը: Պատասխանը դուք մտածեք:

Մեզնից ամեն մեկը պետք է հենց այս պահին մտածի այս բաների մասին ու հրաժարվի գոնե մի չար բանից: Ես ինչքան նայում եմ Աստվածաշնչին ու պատմությանը, իմ կարճ խելքով տեսնում եմ, որ այս օրերին Աստուծո ձեռքը մեր դեմ է: ՈՒ այդ ձեռքը 100 տոկոսով արդար է:

Մենք մեր գործերի արդար հատուցումն ենք ստանում: Բայց իմացե՛ք, եթե մենք ներում խնդրենք և տղամարդավարի վճիռ կայացնենք, որ այլևս չենք ուզում մեղք գործել, և պատվենք Քրիստոս Աստծուն, Նա կների մեզ, կբուժի մեր երկիրը և մեր ժողովրդին: Եվ Նա նորից կօրհնի մեզ: Այ էն ժամանակ… Քրիստոս Հարյավ ի Մեռելոց:

Եթե դուք հասկանում եք այս ամենը, որտեղ էլ որ կարդաք կամ լսեք, խնդրում եմ, տարածեք մարդկանց: Կիսեք ձեր ընկերների հետ, ու գրեք այս բաների մասին:

Դու՛ք էլ խոսեք այս բաների մասին, որպեսզի այս տեսակի խոսակցություններն ու քննարկումները մեր ազգում դառնան հանրային խոսակցություններ: Արդյունքում ավելի շատ մարդիկ կլսեն աջից ու ձախից ու գուցե և ավելի շատ մարդիկ դառնան Քրիստոսին, հնազանդվեն Քրիստոսին, հրաժարվեն չարությունից, բարիանան, սիրով լցվեն Աստծո և մարդկանց նկատմամբ, ու բոլորիս վրա գա մեծ փոփոխություն, շնորհ և օրհնություն:

Արմեն ՀԱՐԵՅԱՆ

Դիտվել է՝ 2417

Մեկնաբանություններ