Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Հողի վրա սահմանագծման, մերօրյա «Փարիզի վեհաժողով» դարձած բուտաֆորիկ հանձնաժողովների ու ամենակարեվորի մասին

Հողի վրա սահմանագծման, մերօրյա «Փարիզի վեհաժողով» դարձած բուտաֆորիկ հանձնաժողովների ու ամենակարեվորի մասին
14.04.2023 | 20:52

Փաստացի 2020 թ․ դեկտեմբերից Ադրբեջանը ՀՀ իշխանությունների գիտությամբ, համաձայնությամբ, առնվազն բանավոր տարբեր պայմանավորվածություններով ու թողտվությամբ և վերջիններիս հանցավոր անգործության պայմաններում իրականացրել և շարունակում է իրականացնել սահմանագծման-սահմանազատման աշխատանքներ։ Պարզ ասած՝ հենց տեղում, հողի վրա թշնամու բանակը գծում է իր ուզած սահմանը՝ մեր տարածքների ու մեր տղերքի կյանքի հաշվին։

Այս գործընթացի համատեքստում է պետք դիտարկել 2020 թ․ դեկտեմբերին մեր զորքերի հետքաշումը Կովսականից ու Սանասարից, 2021 թ․-ի մայիսին ներխուժումը Գեղարքունիքում և Սյունիքի Սև լճի հատվածում, այնուհետ օգոստոս-նոյեմբերին Գորիս-Կապան ճանապարհի հանձնումը, հարձակումը Իշխանասարի ուղղությամբ, 2022-ի մարտին ներխուժումը Սյունիքի Ներքին Հանդի հատվածում, սեպտեմբերին լայնածավալ հարձակումը և ներխուժումները Գեղարքունիքում, Վայոց ձորում և Սյունիքում, 2023-ի ապրիլին՝ ընդամենը օրեր առաջ, ներխուժումը Տեղ գյուղի հատվածում և այլն։

Նշված բոլոր դեպքերում մենք ունեցել են մարդկային և տարածքային կորուստներ «ՀՀ սուվերեն տարածքից»։

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովներն ու նրանց նիստերը, ըստ էության, ունեն զուտ բուտաֆորիկ և իմիտացիոն բնույթ։ ՀՀ կողմից սահմանազատում-սահմանագծումը առանց որևէ համակարգման թողնվել է տարբեր «հրամաններով» և միջոցներով սահմանափակված զինվորականների վրա, որոնց հարկ եղած դեպքում կարելի կլինի մեղավոր կարգել և նրանց վրա բարդել ցանկացած տարածքային ու մարդկային կորուստ։

Իսկ սահմանազատման հանձնաժողովները փաստացի մի՛ կարևոր խնդիր են լուծում՝ փափուկ բարձ են դնում հայ հասարակության գլխի տակ, թե իբր թշնամու այս առաջխաղացումները, ՀՀ տարածքների օկուպացիան էական չեն, անհանգստանալ պետք չէ, ամեն ինչ վերջնական որոշվելու է այդ հանձնաժողովներում, ու դրանից հետո ադրբեջանցիք հետ կքաշվեն ՀՀ օկուպացված տարածքներից, ինչն իհարկե բացարձակ սուտ է։

Թշնամու բանակն ինքնակամ հետ չի քաշվելու ՀՀ տարածքից։

Թշնամու բանակը զբաղված է ՀՀ տարածքում սահման գծելով։

Թշնամու բանակը զբաղված է ՀՀ-ից բռնազավթված տարածքներում ամրանալով։

Թշնամու բանակը զբաղված է ՀՀ-ից բռնազավթված տարածքներից նոր առաջխաղացումներ ծրագրելով։

Ի դեպ, այս նույն պատմության միջով մենք անցել ենք 1918-1920 թթ․-ին, երբ հայկական կողմին թուրքերը և Արևմուտքը համոզում էին, որ բոլոր սահմանային հարցերը լուծվելու են Փարիզի վեհաժողովում։ Դրան հավատալով, օրինակ, Արցախում 1919 թ․ օգոստոսին հարկադրաբար Ադրբեջանի հետ համաձայնագիր ստորագրվեց՝ ժամանակավորապես Արցախը Ադրբեջանի սահմաններում ճանաչելու մասին։ Ադրբեջանի իշխանություններն էլ, օգտվելով դրանից ու ամենևին մտադիր չլինելով սպասել վեհաժողովին, զորքեր կուտակեցին Արցախի սահմաններին, 1920 թ․ մարտի 23-26-ին էլ կազմակերպեցին Շուշիի հայ ազգաբնակչության կոտորածը, վառեցին ու ոչնչացրին քաղաքի հայկաբնակ թաղամասերը։

Իսկ հիմա ամենակարևորը․

Հայոց երկրի ու հայ ժողովրդի միակ պաշտպանը հայկական բանակն է։ Այդպես է եղել։ Այդպես է լինելու։

Անգամ հիմա, երբ մեր բանակին ու զինվորականությանը հարվածում է թե՛ թշնամին, թե՛ վարկաբեկում են «յուրայինները», մեր բանակը կարող է խնդիր լուծել, կարող է ապահովել մեր ու առաջնագծի անվտանգությունը, կարող է թշնամու մռութին արժանի հարված տալ, ինչն էլ երեկ արել է։

Էս ամենը լավ գիտի նաև թուրքը։ Լավ գիտի, որ եթե դավադրություններ չլինեն, դեմ դիմաց կռվում հաղթանակի դժվար հասնի։ Իսկ որ թուրքը դավադիր է, ստոր է ու նենգ, մեր պատմությունն ապացուցել է բազմիցս, այդ թվում` 2020-ին։ Մնում է դա չմոռանալ ու միշտ սպասել թուրքից նենգության ու թիկունքից հարվածի, ոնց երեկ է եղել:

Փա՜ռք մեր ընկած ու կենդանի դիրքապահ Տղերքին․․․

Ալվինա ԱՂԱԲԱԲՅԱՆ

Դիտվել է՝ 1613

Մեկնաբանություններ