Ի դեպ, գործարքն ընթանում է արագացված ձևով։ Նրա շրջանակում սիրիական զորքերն արդեն մտել են Մանբիջ և Այն էլ Արաբ հոկտեմբերի լույս 13-ի գիշերը։ Սիրիական բանակն ուղղություն է վերցրել դեպի թուրքական սահմանից 20 կիլոմետրի վրա գտնվող Թել Թամար քաղաք։ Ըստ արաբական ու քրդական ԶԼՄ-ների, Բաշար Ասադի բանակը հոկտեմբերի 14-ին սիրիական դրոշը բարձրացրել է Հասեքե և Էլ Կամիշլի քաղաքների պետական հիմնարկների վրա, սիրիական ստորաբաժանումները մտել են նախկինում ՍԺՈՒ-ի վերահսկողության տակ գտնվող Ռաքքա նահանգի հյուսիսում գտնվող Այն Իսսա և Թաբկա քաղաքներ։ «SANA» գործակալության տվյալներով, «սիրիական բանակը շարժվել է դեպի հյուսիսային շրջաններ՝ թուրքական ագրեսիային դիմակայելու և խաղաղ բնակչությանը պաշտպանելու։ Ստացվող տեղեկությունների համաձայն, Եփրատից արևելք գտնվող քաղաքների ու գյուղերի բնակիչները ողջունել են սիրիական սահմանները պաշտպանելու համար զորքեր ուղարկելու Դամասկոսի որոշումը։ Հասեքե քաղաքում զանգվածային ցույցեր են սկսվել ի պաշտպանություն Սիրիայի հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջանները Դամասկոսի ինքնիշխանության տակ վերադարձնելու»։
Իրանը նույնպես ձեռքերը ծալած չի նստել։ Թուրքական ագրեսիային իրանցիները ևս արձագանքեցին հոկտեմբերի 9-ին։ Իրանական բանակն առանց նախազգուշացման զորավարժություններ սկսեց երկրի հյուսիս-արևմուտքում, թուրքական սահմանի մոտ, սկսած ՈՒրմիա լճից, հայտնում է բրիտանական «Reuters»-ը՝ հղում անելով իրանական ISNA գործակալությանը։ ISNA-ն համարում են Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլահ Խամենեիին չափազանց մերձ գործակալություն, ուստի աշխարհը պետք է հավատա այն ամենին, ինչը հաղորդվում է, փաստորեն, իրանական ԶՈՒ-ի գերագույն գլխավոր հրամանատարի ռազմակայանից։ Նշվում է, որ հանկարծական զորախաղերին մասնակցում են արագ արձագանքման ստորաբաժանումներ, արագաշարժ և գրոհող ջոկատներ, ցամաքային զորքերի կազմում գտնվող ուղղաթիռներ։ Նույն օրն Իրանի նախագահ Ռոհանին նախազգուշացրեց Էրդողանին. «Այսօր ընտրված ուղին օգուտ չի բերի տարածաշրջանին։ Մենք բարեկամ ու եղբայրական Թուրքիային ու նրա կառավարությանը կոչ ենք անում առավել ուշադրություն ու զսպվածություն դրսևորել այդ հարցում և վերանայել ընտրված մոտեցումը։ Թուրքական ղեկավարությունն անհանգստացած է իր հարավային սահմանների վիճակով և իրավունք ունի լուծելու այդ հարցը, բայց մենք համոզված ենք, որ այդ ճանապարհին պետք է ճիշտ ընտրություն կատարել»։
Սակայն Իրանում գիտեն, որ կոչերը քիչ են ազդում Թուրքիայի վրա, այդ պատճառով էլ զորքերն առաջ քաշեցին դեպի իրանա-թուրքական սահման։ Դա նշանակում է, որ Թեհրանում հիանալի են հասկանում իրադրության նրբերանգները և սպասում են, որ հենց թուրք-սիրիական սահմանում «իրարանցման» ժամանակ, իբր «քրդերի պատճառով», ուժեղանում է Թուրքիայի տարածքից Իրանի դեմ ահաբեկչական հարձակումների կրկնման վտանգը։ Մենք ապացույցներ չունենք, բայց այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ Էրդողանը շտապ զանգահարել է Պուտինին հենց այն պատճառով, որ իրապես վախեցել է, թե իրանական զորքերը, անհրաժեշտության դեպքում, կարող են անցնել իրանա-թուրքական սահմանը և ահաբեկիչներին ոչնչացնել Թուրքիայի տարածքում։ Իրանի վրա ահաբեկչական հարձակումներից հետո իրանական բանակի՝ Պակիստան ներխուժման նախադեպը մշտապես Էրդողանի աչքի առաջ է։ Այնպես որ, տեղին է ենթադրելը, որ Էրդողանը ՌԴ նախագահին զանգել է ոչ թե հյուսիսային Սիրիա թուրքական ներխուժման պատճառը «բացատրելու համար», այլ որպեսզի Պուտինին համոզի, որ նա «ազդի» Իրանի վրա և երաշխավորի, որ իրանական զորքերը ոչ մի պարագայում չեն անցնի իրանա-թուրքական սահմանը։
Մեր ուշադրությունը գրավեց նախագահ Ռոհանիի հայտարարության հետևյալ հատվածը. «Քրդերն իրավունք ունեն սիրիական բանակի հետ պաշտպանելու իրենց հողերը։ Մենք մեր եղբայր Թուրքիային կոչ ենք անում, որ վերանայի իր ներկայիս դիրքորոշումը և գործի ավելի մեծ համբերությամբ։ Այսօր գլխավոր խնդիրը Սիրիայի հյուսիս-արևելքում կամ Եփրատի արևելյան մասում չէ, այլ Իդլիբում, որտեղ հավաքվել են բոլոր ահաբեկիչները»։
Համադրենք Թուրքիայից իրենց հողերը պաշտպանելու, բայց սիրիական բանակի հետ համատեղ, քրդերի իրավունքը ճանաչելու մասին Ռոհանիի խոսքը և այն հանգամանքը, որ իրանական զորքերն ընդհանրապես հայտնվել են իրանա-թուրքական սահմանին, այսպես ասած, ինքնաբերաբար։ Համոզված ենք, որ Ռոհանիի ասածն ազդանշան է, որ Իրանը լիովին պաշտպանում է Սիրիայի և Ռուսաստանի գործարքը ՍԺՈՒ-ի քրդերի հետ։ Ավելին, ըստ էության, հրաման է տրված, առնվազն սիրիական բանակին, եթե հաշվի առնենք, որ Իրանի դերը սիրիական ԶՈՒ-ի խնամակալության հարցում առաջվա պես մեծ է, իսկ Սիրիայի շիական աշխարհազորերն էլ և՛ իրանցիների, և՛ սիրիական բանակի մերձավոր դաշնակիցներն են։ Հրամանի էությունը չափազանց պարզ է. եթե թուրքերը փորձեն խոչընդոտել սիրիական բանակին, ապա «կարելի է կրակել»։
Եվ դա չպետք է զարմանք հարուցի։ Հանրահայտ է, որ ռուսական օդատիեզերական ուժերի (ՕՏՈՒ) աջակցությամբ Սիրիայի մարտական ավիացիան այս տարվա օգոստոսի 19-ին հարվածներ է հասցրել թուրքական զրահատանկային խմբին, որը գնում էր օգնելու Իդլիբում գտնվող թուրքական զորքերին և ահաբեկիչներին։ Թուրքիայի ՊՆ-ն այն ժամանակ հաստատեց սիրիացիների օդային հարձակումը, բայց, խոսելով զոհերի մասին, չգիտես ինչու, նշեց, որ բոլոր զոհվածները (3 հոգի) և տուժածները (12 հոգի) «քաղաքացիական անձեր են»։ Հետաքրքիր չէ՞, թե 15 քաղաքացիական անձերն ինչ գործ ունեին թուրքական զրահատանկային պահակախմբում։ Իսկ սիրիական աղբյուրները նշում էին, որ բոլոր զոհվածները եղել են թուրք զինվորականներ և թրքամետ կազմավորումների անդամներ։ Այնպես որ, սիրիական բանակը թուրքերի վրա «կրակելու» փորձ ունի, այն էլ՝ լիովին հաջող։ Օգոստոսին թուրքերն իրեն զրահատանկային շարասյունը հետ շրջեցին դեպի Թուրքիա։ Այնուամենայնիվ, հյուսիսային Սիրիա թուրքական ներխուժումից հետո իրադրությունը վերին աստիճանի շիկացած է։ Դժվար է կանխատեսել, թե երբ կլինի այս կամ այն բնույթի բեկում։
Թուրքական ագրեսիայից արդեն 1-2 օր հետո իրադարձությունները ծավալվեցին է՛լ ավելի արագացված տեմպերով։ Այնպես որ, այսօր ասել, թե ինչ կլինի դեկտեմբերին ու 2020-ի հունվարին, համարում եմ անհնար։ Թող դատեն ընթերցողները։ Օրերս, բայց արդեն քրդերի, Սիրիայի և ՌԴ-ի միջև ձեռք բերված համաձայնությունից հետո, ԱՄՆ-ի նախագահ Թրամփը խոստացավ, որ կորոշի, թե երբ «կոչնչացնի Թուրքիայի տնտեսությունը՝ չհնազանդվելու համար»։ Եվ որոշեց, որ ժամանակն է ու... իր զինվորներին ու սպաներին հանեց Սիրիայից՝ թուրքական կրակից հեռու։
Թրամփը սիրում է իր որոշումները սկզբում տարածել «Թվիթերով»։ «Ամեն ոք, ով ուզում է Սիրիային օգնել քրդերին պաշտպանելու գործում, ինձ կբավարարի. լինի Ռուսաստանը, Չինաստանը կամ Նապոլեոն Բոնապարտը»,- «Թվիթերում» գրել է Թրամփը։ Նա հաջողություն մաղթեց քրդերի նշված փրկիչներին, ընդ որում՝ նաև Բաշար Ասադին՝ նրան ճանաչելով որպես պատմական անհատ և ուժ։ Շարունակենք կարդալ. «Թող Սիրիան և Ասադը պաշտպանեն քրդերին ու կռվեն Թուրքիայի հետ։ Ես ասացի գեներալներին՝ ինչու՞ մենք պետք է կռվենք մեր թշնամու հողում»։ Թրամփի մտքերը խառնվում են, ինչը կարելի է վերագրել նրա խորհրդականների խղճին. չեն բացատրել, թե Սիրիան ու Ասադն ինչ են անում Թուրքիայի հետ, և «մեր թշնամու հողը» դեռ մի շաբաթ առաջ համարվում էր «մեր դաշնակցի հողը», այսինքն՝ սիրիացի քրդերի, համենայն դեպս՝ ամերիկամետ ՍԺՈՒ կառույցի քրդերի։ Բայց եզրակացությունը միանգամայն պարզ ու տրամաբանական է. Սիրիայից ամերիկացիներին հանելը նշանակում է, որ նրանք այնտեղ իրոք անելու բան չունեն։ Այն էլ, ինչպես ընդգծել է Թրամփն ինքը, Ամերիկայից 7 հազար մղոն հեռու։
Այստեղ կա նաև ԱՄՆ-ի նախընտրական, ճիշտ է՝ վաղաժամ, տենդի գործոնը։ Թրամփի վերահսկողությունից դուրս եկող Կոնգրեսը մշակում է Թուրքիայի դեմ խստացումների ու պատժամիջոցների փաթեթը։ ՈՒստի Թրամփը որոշեց առաջ անցնել. իբր պատժում է Թուրքիայի նախագահ Էրդողանին, բայց այնպես, որ նրա հետ կապերը լիովին չխզի։ Դրա համար հոկտեմբերի 16-ին բարձրաստիճան պատվիրակություն է ուղարկում Անկարա։ Նրա կազմում են և՛ պետքարտուղար Մայքլ Փոմփեոն, և՛ փոխնախագահ Մայք Փենսը։ Մասնավորապես, Փոմփեոն ուզում է Էրդողանի հետ հանդիպել դեմառդեմ։ Իսկ պետդեպարտամենտում հասկացնում են, որ Թուրքիան դեռ կարող է խուսափել բարդություններից, եթե դադարեցնի «միակողմանի հարձակումը» Սիրիայում ու վերադառնա ԱՄՆ-ի հետ երկխոսության։ Թրամփը կարողանում է «խաղալ» և մեքենայություններ անել։ Եվ ահա սիրիական Մանբիջ քաղաք են մտնում միանգամից և՛ սիրիական բանակը, և՛ Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը, սիրիացի զինվորականներն անարգել բաց են թողնում Մանբիջն շտապ լքող ամերիկացի զինվորականներին՝ ցուցադրաբար ուշադրություն չդարձնելով նրանց վրա։ Իսկ Մանբիջի մասին ինչպե՜ս էին երազում թուրքական գեներալակազմը, անձամբ Էրդողանը։ Թրամփը բացահայտ կերպով ցանկանում է, որ Թուրքիայի նախագահը նյարդայնանա ու կատաղի։ Եվ իսկապես. արդեն հայտնի է, որ Էրդողանը կրկին պատրաստվում է Ռուսաստան գնալու, իսկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 16-ին հաստատել է, որ բանակցությունների թեման մեկն է՝ Սիրիան։ Մենք սա գրում ենք նրանց համար, ովքեր հիմա կսկսեն հայ ժողովրդի «ուղեղները պղտորել» այն կեղծիքով, թե իբր, «Հայաստանն ու Արցախը ռուսները ծախելու են թուրքերին»։ Նախապես զգուշացնում ենք՝ լուծումը փնտրեք Թրամփի խոսքում։
Այսպիսով, Թրամփը խոստովանել է՝ Սիրիան տալիս ենք Ռուսաստանին, Չինաստանին և «Նապոլեոն Բոնապարտին»։ Նա պարզապես վախեցավ վերջին ճշմարտությունն ասելուց, որ Սիրիայի և Մերձավոր Արևելքի պարագայում «Նապոլեոն Բոնապարտը» Իրանն է՝ Եվրասիայի Մեծ երրորդության երրորդ պետությունը, որը Ռուսաստանի ու Չինաստանի հետ մասնակցում է Եվրասիայում աշխարհաքաղաքականության վերաձևավորմանը։ Թրամփի նշյալ բոլոր հայտարարությունները նաև ոչպաշտոնական խոստովանություն են. 1) Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և կառավարության լիովին օրինական լինելու, 2) նոր «Համընդհանուր Մերձավոր Արևելք» ստեղծելու ամերիկա-իսրայելական այն պլանի տապալման, որը նախատեսում էր ոչ միայն Անատոլիայի, այսինքն՝ Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Միջագետքի կազմաքանդումը, այլև Սիրիայի, Իրաքի և Իրանի մասնատումը։ Սակայն մերձավորարևելյան «Նապոլեոն Բոնապարտը»՝ Իրանը, Ռուսաստանի և Չինաստանի հետ խորտակեց այդ մահացու վտանգավոր պլաններն ու իրապես ներկա է և՛ Սիրիայում, և՛ Իրաքում։ Այնպես որ, առանց Իրանի համաձայնության ու աջակցության, ոչ ոք չի կարող գործը գլուխ բերել նույն Սիրիայում և ընդհանրապես Մերձավոր Արևելքում։ ՈՒմ դաշնակիցը լինի Իրանը, նրա գործն էլ կհաջողվի։ Իսկ ահա Թուրքիան «իր խաղն» է ներկայացնում և՛ ԱՄՆ-Իսրայել երկյակին, և՛ Ռուսաստան-Չինաստան-Իրան եռյակին։ Համոզված ենք, որ Թուրքիայի ղեկավարները 2019 թ. հոկտեմբերին արդեն իրենք էլ են դա հասկանում ու գիտակցում։ Օրինակ, հաղորդվում է, թե իբր Էրդողանը հրաժարվել է ԱՄՆ-ի՝ Թուրքիա ուղարկված փոխնախագահ Փենսի հետ խոսելուց։ Ըստ Էրդողանի, ամերիկացի պատվիրակները բանակցելու են իրենց գործընկերների հետ, իսկ ինքը խոսելու է միայն ԱՄՆ-ի նախագահ Թրամփի հետ։ Բայց հոկտեմբերի 16-ի առավոտյան Վաշինգտոնում Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտարարել էր Փենսի և Էրդողանի նախատեսվող հանդիպման մասին։ Այնպես որ, Էրդողանն իրավունք ունի «նեղանալու», որովհետև Սիրիայում Թրամփի «մանևրների» արդյունքում ԱՄՆ-ը ոչ միայն քրդերին է «հանձնում», այլև... Թուրքիան։
Իսկ որպեսզի Եվրասիայի մեծ երրորդությունը շատ չուրախանա, ԱՄՆ-ը նրա համար ծուղակ է պատրաստում։ Հոկտեմբերի 15-ին անվտանգության գծով իրաքցի ավագ փորձագետ Հաֆեզ Բաշարան հայտնեց նորությունների «al-Maaloumeh» արաբալեզու կայքին, որ վերջին մի քանի տարում ԻՊ-ն ստեղծած և պահող ԱՄՆ-ը ներկայումս ծրագրում է Իրաքում նրանց համար անվտանգության գոտի ստեղծել։ Նա ավելացրեց, որ ԻՊ-ի անդամների վերատեղաբաշխման համար երեք շրջան ընտրած ԱՄՆ-ը ցանկանում է զինյալներին սկզբում տանել Սիրիայի այն շրջանները, որոնք ենթարկվել են թուրքական հարձակումներին, այնուհետև՝ Իրաք։ «Առաջին շրջանը, որ ԱՄՆ-ը մտադիր է հանձնելու ԻՊ-ի ահաբեկիչներին, գտնվում է Աբու Քեմալի (Սիրիա) և Քաիմի (Իրաք) միջև, երկրորդը Էյն Ասադ բազան է, երրորդը՝ ամերիկյան բազաներից մեկը Իրաքյան Քրդստանում»,- ասել է Բաշարան։ Այնպես որ, սիրիացի քրդերի պաշտպանության գործն ընդդիմադիրներին «փոխանցելով», պատերազմը չի ավարտվի, չէ՞ որ, Հաֆեզ Բաշարի տվյալներով, ԱՄՆ-ը մտադիր է վերատեղաբաշխել ԻՊ-ի ավելի քան 3000 ահաբեկչի։
Իսկ այժմ անդրադառնանք արաբական «հտցՑվՌՍ» տեղեկատվական գործակալության կայքի հաղորդումներին, որը մեջբերել է ահաբեկչական կազմակերպությունների գծով սիրիացի ռազմական փորձագետ Հեսամ Շոաիբի խոսքն այն մասին, որ ԱՄՆ-ի ռազմական հետազոտությունների ինստիտուտի (ISW) վերջերս հրապարակված զեկույցում հաստատվում է Իրաքում ու Սիրիայում ԻՊ-ի ահաբեկիչների վերածնման դրույթը. հենց ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչությունն (ԿՀՎ) է ստեղծել ԻՊ-ը և հող է նախապատրաստում ահաբեկչական խմբավորումները, հատկապես ԻՊ-ը, տարածաշրջան վերադարձնելու համար։ Շոաիբը նշել է, որ Իրաքի և Սիրիայի որոշ շրջաններում ԻՊ-ի գերիշխանության մասին ISW-ի զեկույցը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը չի ձգտում տարածաշրջանում խաղաղության հաստատման, իսկ սիրիական Ռաքքայից ԻՊ-ի նահանջը եղել է ԿՀՎ-ի հրամանով և պարտություն չէ ամերիկամետ ՍԺՈՒ կառույցի դեմ պատերազմում։ Նա կրկնել է, որ ՍԺՈՒ-ն Սիրիայի դեմ ԿՀՎ-ի դավադրության մի մասն է, և ասել է. «ԱՄՆ-ը իմացել է, որ նրանք չեն կարող Իրանի դեմ ռազմական գործողություններ կատարել, ուստի որոշել է տարածաշրջանում վերածնել ահաբեկչական խմբավորումները՝ շատ ավելի էժան նստող ահաբեկչությունների համար»։ Շոաիբը նշել է, որ ահաբեկչական խմբավորումները Վաշինգտոնը տարածաշրջանում օգտագործում է որպես ճնշման լծակ, և ահաբեկչական խմբավորումների վերածնման նպատակն է տարածաշրջանի երկրների, հատկապես Իրաքի, Սիրիայի և Իրանի բանակների համար «անհանգստություն» ստեղծելը։ Այլ կերպ ասած, տարածաշրջանը մշտապես լինելու է «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակում, քանի որ նշված երկրների բանակներն ու անվտանգության ծառայությունները ստիպված կլինեն «անհանգստանալու»։ Չէ՞ որ, հաշվի առնելով Թրամփի «Ռուսաստանը, Չինաստանը կամ Նապոլեոն Բոնապարտը» արտահայտությունը, պետք է հասկանանք, որ ԻՊ-ը վերածնելով Իրաքի մի շարք շրջաններում, ԱՄՆ-ը հույս ունի նաև, որ «անհանգստությունը» կպահպանվի Մոսկվայի ու Պեկինի, ոչ միայն մերձավորարևելյան «Նապոլեոն Բոնապարտի, Սիրիայի և Իրաքի համար։ Հուսով ենք, որ Վաշինգտոնի նոր մտադրությունն այժմ շատերին է պարզ։
Վերջում՝ մեր դատողություններն ըստ Ամերիկայից ստացված տվյալների. տեսնելով, թե ինչպես է կամակորություն անում Էրդողանը, ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հոկտեմբերի 16-ին հայտարարեց, որ Սիրիայի հյուսիս-արևելքի օդային տարածությունն այժմ գտնվում է ամերիկացի զինվորականների վերահսկողության տակ։ Պետդեպարտամենտի ներկայացուցչի ասելով, Վաշինգտոնը մտադիր է հասնելու սիրիական տարածքում մարտական գործողությունների դադարեցման։ Ընդ որում, փորձելու է իրավիճակը կարգավորել դիվանագիտական ճանապարհով՝ ազդելով Անկարայի վրա։ Դա հավանաբար նախատեսված է միայն Թուրքիայի համար, քանի որ Ռուսաստանի ՕՏՈՒ-ն, Սիրիայի և Իրանի ՌՕՈՒ-ները «Սիրիայի օդային տարածությունում ամերիկացի զինվորականների վերահսկողությունից» զգուշանալու առանձնապես կարիք չունեն։ Քաղաքական որոշման և ռազմական հրամանի դեպքում միայն ՌԴ ՕՏՈՒ-ն ի վիճակի է հաշված րոպեների ընթացքում վերացնելու «ամերիկյան վերահսկողությունը Սիրիայի օդային տարածությունում»։
Այսպես թե այնպես, հոկտեմբերի 22-ին Էրդողանը ժամանեց, բայց ոչ թե Մոսկվա, այլ Սոչի՝ Պուտինի «Бочаров ручей» նստավայր։ Բանակցությունները դժվար էին ընթանում ու տևեցին 6,5 ժամ։ Արդյունքը եղավ 10 կետից բաղկացած հուշագիրը, բայց պայմանավորվածությունների վերլուծությունը կարվի ավելի ուշ, երբ տեսնենք, թե թուրքերն ինչ և ինչպես են պատրաստ կատարելու։ Եզրափակիչ մամուլի կոնֆերանսում Էրդողանի դեմքի արտահայտությունը տպավորիչ չէր, այսպես ասած, «ուրախություն էր տխրության միջից»։ Հավանաբար արդեն մտորում էր, թե ինչ է պատասխանելու Անկարայում և ինչպես «խաբի» ռուսներին այս անգամ։ Չէ՞ որ Իդլիբ նահանգի վերաբերյալ պայմանավորվածություններն Էրդողանն արդեն երեք տարի տապալում է։
(շարունակելի)
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ