Պատե՞ր, թե՞ կամուրջներ՝ ի՞նչ է կառուցվում հասարակություն-իշխանություն հարաբերություններում: Վերանանք վիճելի դրույթից, որ Հայաստանում իշխանությունը ժողովուրդն է: Այո, Սահմանադրությունն է արձանագրում, որ իշխանությունը ժողովրդին է պատկանում, բայց հետհեղափոխական Հայաստանում դա սկսել է հասկացվել, որ ժողովուրդը հավաքվում է փողոցում, հրապարակում, միջպետական ճանապարհին ու որոշում է՝ ո՞ր հարցը ինչպե՞ս լուծվի՝ լուսանցքում թողնելով իր ընտրած օրենսդիր ու գործադիր իշխանություններին, գործազուրկ դարձնելով դատավորներին: «Ձայն բազմաց՝ ձայն Աստծո» սկզբունքով: Գուցե ինչ-որ պահից հասկացվի, որ դա ոչ թե ժողովրդավարություն է, այլ ամբոխավարություն: Գուցե նաև հասկացվի, որ եթե անտառը չի կարելի կտրել, գողություն է, չի կարելի նաև հրկիզել, հանցագործություն է: Կամ՝ ինչ մեկ անգամ արվել է ու հաջողություն է ունեցել՝ լինելով հակաօրինական, հեղափոխությունից առաջ էլ, հետո էլ հակաօրինական է ու պատժելի: Եվ հարց լուծելու միջոց չէ: Այս շարքը երկար է: Թվարկելով ոչ պակասելու է, ոչ ընդհատվելու: Խնդիրը մթնոլորտն է: Իսկ մթնոլորտը գերաղտոտված է:
Չգիտես ինչու՝ ոմանց թվում է, որ հեղափոխությունը, թե իշխանափոխությունը՝ այսպես էլ հստակ չորոշարկվեց, այն ելակետն է, որտեղ հասարակությունը կորցրել է հիշողությունը: Կամ՝ եթե իրենք նախկին են, ուրեմն այլևս ազնիվ են ու անմեղ: Առնվազն այնքան, որ իրավունք ունեն հրապարակավ խոսել բազմակի ստանդարտներից, մարդու իրավունքների ոտնահարումներից, պետության շահերից: Ոչ ոք չի հարցնելու՝ երեկ ի՞նչ եք արել, որ այսօր պահանջում եք: Տարածված մտայնություն է, որ ընդդիմությունը պետք է քննադատի, իրականում ընդդիմության գործը դատափետելն ու դատապարտելը չէ: Եթե խնդիր ունի իշխանության գալ, պետք է առաջարկի այլընտրանք ու հարցի լուծման ծրագիր, որը նախընտրելի կհամարի կամ չի համարի ընտրողը: Բայց այդ տարբերակը մեր դեպքում հեռու հեռանկար է ու կմնա հորիզոնի գիծ այս ընթացքով: Որովհետև Հայաստանում հեղափոխությունից առաջ բոլոր ճանապարհներն անցնում էին Մելիք-Ադամյանով, իսկ հիմա՝ նույնիսկ ոչ ՔՊ-ի գրասենյակի փողոցով, այլ Հանրապետության հրապարակի կառավարության շենքի վարչապետի առանձնասենյակով:
Հակառակ տրամաբանությանն ու հրապարակային հավաստիացումների՝ հաստատվել է բացարձակ անձնիշխանություն: Եվ տեղին է հարցը՝ ի՞նչ տարբերություն անցյալի ու ներկայի միջև: Կամ՝ իշխանության գործողություննե՞րն են ակամա պատասխան, թե՞ ընդդիմությունն է հարկադիր պատասխան տալիս իշխանության գործողություններին: Սա այն բարակ գիծն է, որտեղ խառնվում են օրինականն ու անօրինականը: Այդպես 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների հետաքննության կենտրոնական դեմք դարձավ երկրորդ նախագահը, ու աստիճանաբար Ռոբերտ Քոչարյանը վերածվեց «քաղհալածյալի», ստեղծվեց տպավորություն, որ նրանից գործող իշխանությունը անձնական վրեժ է լուծում: Հետո նույն տրամաբանությամբ իշխանության գործողությունների առանցքում հայտնվեց Հրայր Թովմասյանը, որ ճիշտ պահին հրաժարական չտվեց ու դարձյալ վերածվում է «քաղհալածյալի», ումից դարձյալ գործող իշխանությունը անձնական վրեժ է լուծում: Համենայն դեպս, երբ վարչապետի մամլո քարտուղարը Ֆեյսբուքում գրում է. «Լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան տեղեկացնում եմ, որ քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը Հրայր Թովմասյանի արդարադատության նախարար լինելու ողջ ընթացքում ոչ մի հավելյալ երկարատև կամ կարճատև տեսակցություն չի ստացել: Այդ շրջանի մամուլին հետևողները կարող են տեսնել, որ ընդհակառակը՝ Թովմասյանի նախարարության շրջանում քաղբանտարկյալ Փաշինյանը ապօրինի զրկված է եղել նամակագրության իրավունքից: Նրա մոտից ապօրինի կերպով առգրավվել են անգամ թուղթ ու գրիչը: Այլ մանրամասներ ներկայացնելու անհրաժեշտություն այս պահին չեմ տեսնում: Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանին «Մայր Թերեզա» ներկայացնելու ոմանց փորձերը արժանի են մարդկային կարեկցանքի», մնում է եզրակացնել, որ հիմա էլ Նիկոլ Փաշինյանը մայր Թերեզան չէ ու պատասխանում է ակն ընդ ական, ատամն ընդ ատաման: Եվ բացարձակապես ոչ ոք կարեկցանքի արժանի չէ, որովհետև հետևանքները խեղաթյուրում են պատճառն ու իրականությունը: Խնդիրը ոչ թե անձերն են, այլ Սահմանադրական դատարանը: Պետության բարձրագույն դատական կառույցը, որի որոշումները այլ դատարաններում չեն կարող վիճարկվել, թեպետ ՔՊ-ի որոշ պատգամավորներ առաջարկում են վճռաբեկ դատարան դիմել:
Սահմանադրական դատարանի տասնամյակների գործունեությունը վերհանելով՝ պետությանը տված օգուտներն ու վնասները ներկայացնելու ու այդ հիմքով ՍԴ կազմի փոփոխության օրենսդրական ճանապարհ գտնելու փոխարեն՝ նախ ՔՊ-ի ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանն ընտրվելուց հետո հայտարարեց, որ ինքն է ՍԴ նախագահը հետայսու ու խորհրդարանում ստացավ ՔՊ-ականների ծափերը, հետո ինքնաբերաբար, թե կանխամտածված պայքարը տեղափոխվեց Հրայր Թովմասյանի անձի վրա: Քչերն են կասկածում, որ ի վերջո Հրայր Թովմասյանը հեռանալու է, բայց հընթացս իշխանության թեթև ձեռքով իսկապես ստանալու է քաղհալածյալի լուսապսակ: Կարծես բոլորը մոռացել են, որ խնդիրը նա չէ, այլ Սահմանադրական դատարանը: Եթե անձամբ Նիկոլ Փաշինյանն էլ դառնա ՍԴ նախագահ, իրավիճակ չի փոխվելու՝ գնահատական պետք է տրվի ՍԴ-ի գործունեությանը և ստեղծվեն օրենսդրական հիմքեր, որ ՍԴ-ն օրվա իշխանություններից անկախ գործի: Այս պայմաններում ով լինի ՍԴ նախագահը՝ Հրայր Թովմասյանը, թե Անուն Ազգանունյանը, մեկ է՝ մնալու է մտայնությունը, որ ՍԴ-ն հիմա էլ գործելու է Նիկոլ Փաշինյանի ձեռքի տակ: Պատճառը ՍԴ-ի շուրջ մթնոլորտն է և մեթոդները, որոնցով իշխանությունը փորձում է Հրայր Թովմասյանին հեռացնել իր «խրամատից»: ՈՒ այդ գործողությունները, որ իշխանությունը որակում է արդարության վերականգնում, խորացնում են ճգնաժամը: Երկու կողմերից հնչում են հայտարարություններ ու մեկնաբանություններ, որտեղ ճշմարտությունը 50/50 է: Եթե նույնիսկ Վարդան Թովմասյանի տան տանիքը միլիոններ արժի ու աշխատավարձով չի կառուցվել, տանիքը տանիք կմնար ու ոչ մեկին չէր հետաքրքրի, եթե Վարդան Թովմասյանի որդին Հրայր Թովմասյանը չլիներ: Մանիպուլյացիաները երկու կողմից են, ու կողմերից ոչ մեկը ճշմարտության հարազատ եղբայրը չէ: Ի վերջո, եթե Հրայր Թովմասյանին մեղադրում են ՍԴ նախագահի պաշտոնն ուզուրպացնելու մեջ, ի տարբերություն Վահե Գրիգորյանի, նա ինքն իրեն ՍԴ նախագահ չի նշանակել: Նա կատարել է իշխանության կամքը: Թե Սահմանադրություն գրելիս, թե ՍԴ նախագահ դառնալիս: Կարո՞ղ էր չանել: Այո, և պիտի գնար ու տանը նստեր: Առանց նույնիսկ ՍԴ անդամի սոցիալական երաշխիքներ ունենալու, որ հիմա առաջարկում է արդարադատության նախարարը: Եթե այսօր Հրայր Թովմասյանը չի հեռանում, դարձյալ իր կամքով չի հեռանում, ու դա ակնհայտ են դարձնում նրանք, որ ելույթներ են ունենում ընդդեմ երկակի ստանդարտների ու պաշտպանում են …պետության շահերը: Պարադոքս է, բայց նրանք այսօր ճիշտ են: ՈՒ ճիշտ նրանց դարձնում է Նիկոլ Փաշինյանը: Որովհետև իր իշխանության գալու առաջին իսկ օրից չուներ ու մինչև հիմա չունի պատկերացում պետության մասին: Որովհետև նույնացնում է պետությունն ու իշխանությունը, իշխանությունն ու իր անձը: Ոչնչով լավը չեն մյուսները: Օրինակ՝ ԼՀԿ-ն միանում է ԱԺ-ում՝ Հրայր Թովմասյանի պաշտոնանկության հարցով ՍԴ դիմելու նախաձեռնությանը, հայտարարում, որ կողմ է քվեարկելու, հետո, երբ խմբակցության նախկին անդամի դիմումով գործ է հարուցվում, ԼՀԿ պատգամավորը հայտարարում է. «Արդյունքում Հայաստանի վրա բիծ է մնալու։ Եվ միջազգային հանրությունում, և Եվրախորհրդում խնդիր է լինելու այս ամենի տակից դուրս գալը: Արդյունքում ոչ մի բանի չեն հասնելու, բայց գուցե և քաղաքական հետապնդման հետքեր գտնեն»։ Այսինքն՝ կամ չգիտեին՝ ինչի տակ են մտնում, կամ մտել են հարկադիր: Որովհետև համակարգը չեն փոխում կետային հարվածներով: Կուլիսներում որոշումներ կայացնելով, օտարեկրացի փորձագետների օրինագծերով, սկանդալային հայտարարություններով ու քայլերով, որոնց ոչինչ չի հետևում՝ բացի աղմուկն ու հակահարվածը: Եկեղեցու դեմ պայքար, անցումային արդարադատություն, վեթինգ, Ստամբուլյան կոնվենցիա, Ամուլսար, առանց մեղադրական եզրակացության ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման իրավունք ու բանկային գաղտնիքի հրապարակում՝ հակակոռուպցիոն պայքարի շրջանակներում և… տնտեսական հեղափոխություն: Այսինքն օրենքներ, որ ընդունվելու են կոնկրետ մարդկանց դեմ, կոնկրետ գործերով, երբ իշխանությունը ինչ-որ հարց չի կարողանում լուծել: Իսկ հետո ՍԴ-ն պիտի հաստատի, որ այդ օրինագծերը հակասահմանադրական չեն, երբ են: Իրականում այս ամենը վկայում է, որ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է ոչ միայն փակուղու, այլև ցայտնոտի մեջ: Եթե իշխանության գալու ճանապարհին նույնիսկ օրացույցն էր աշխատում իր օգտին, հիմա ամեն ինչ իր դեմ է դարձել: Այնքան դեմ, որ Երևանի 2801-ամյակի տոնին հրավառությունից հրդեհ է բռնկվում: Որ իր նշանակած ոստիկանապետը պաշտոնանկությունից հետո հրաժարվում է իր գլխավոր խորհրդականը լինել ու գերադասում է գնալ Մոսկվա՝ թիկնապահ դառնալ: Որ իր նշանակած ԱԱԾ տնօրենը, որին իր ձեռամբ դարձրեց պետության երկրորդ մարդ ու գեներալի ուսադիրներ տվեց, հավակնում է քաղաքականություն մտնել՝ իր դեմ: Կադաստրի պետի հրաժարականն էլ վերջին նվերը: Շարքը երկար է՝ արտաքին ու ներքին քաղաքականության մեջ սխալների շարքը, որ իշխանությունը ի դեմս Նիկոլ Փաշինյանի գործում է պետության դեմ: Լավագույն նկատառումներով: Թերևս այդ նկատառումներով շախմատի ֆեդերացիայի նախագահ է դառնում քայլած պատգամավորը՝ նախկին քաղաքապետի փոխարեն: Ինչո՞վ է Մխիթար Հայրապետյանն առավել Տարոն Մարգարյանից: Շախմատում: Իրականում ոչ Տարոն Մարգարյանը, ոչ Մխիթար Հայրապետյանը շախմատի ֆեդերացիային մոտ չպիտի գնային՝ իշխանություն լինելու պատճառով:
Թերևս այդ նկատառումներով է Նիկոլ Փաշինյանը սրտանց հայտարարում. «Այն գումարները, որ քաղաքացիները վճարում են պետությանը, վճարում են իրենք իրենց, վճարում են ենթակառուցվածքներ ունենալու համար», իսկ գումարները դառնում են իր բառերով ցուցապաստառներ ու կախվում երկրով մեկ, ԱԺ-ն էլ միայն սեպտեմբերին գործուղումների վրա ծախսում է 48 մլն դրամ: Գուցե լավագույն նկատառումներով է կրթության օրենքի փոփոխություններով նախատեսվում, որ բուհերում հայոց լեզուն, հայ գրականությունը, հայոց պատմությունը չեն լինելու պարտադիր ուսուցման առարկա: Իսկ ով դեմ է, դեմ է«նոր» Հայաստանին: Այսինքն՝ նոր Հայաստանը պարտադիր ապազգային պիտի լինի: Հաստատ լավագույն նկատառումներով է վարչապետը Ֆեյսբուքում հրճվում, որ Հայաստանն ընտրվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ. «Սա մեր երկրի նկատմամբ միջազգային հանրության շատ մեծ վստահության վկայություն է, հատկապես մարդու իրավունքների պաշտպանության հարցում», պատկերացնու՞մ եք՝ ի՞նչ կգրեր, եթե ՀՀ-ն դառնար ՄԱԿ-ի ԱԽ ժամանակավոր անդամ: Իսկ լավագույն նկատառումներով սալարկված են դժոխքի, ոչ դրախտի ճանապարհները: Երկրային ու երկնային դրախտ տանում են լավագույն գործերը՝ այստեղ ու հիմա: Միշտ և ամենուր:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Այս ընթացքում տարածաշրջան եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հանդիպեցին, հայտարարեցին, գնացին: Ալիևը նորից Զանգեզուրն ուզեց, որ խանգարում է Էրդողանի պանիսլամիստական ծրագրերին: Մամեդյարովն առարկայական, իմա՝ սուբստանտիվ բանակցություններ է ուզում: Ադրբեջանի 2020-ի բյուջեի նախագծում պաշտպանության ու ազգային անվտանգության համար նախատեսում է 2,3 մլրդ դոլար, որ 2019-ից 21 %-ով շատ է։ Բայց ու՞մ է դա հետաքրքրում: Մենք ունենք «Ավրորա»՝ Նոբելյանին հավասար մրցանակ, ու՝ վերջ: ՈՒ՝ ի՞նչ: Իշխանությունը քանդում է կամուրջներն ու կառուցում իր փղոսկրե աշտարակի պատերը, որտեղ արագ պարփակվեց՝ կտրվելով իրականությունից: