Ցուցափե՞ղկ, թե՞ պարունակություն
11.10.2019 | 00:50
Թիթիզ ժողովուրդ ենք՝ ինչ ուզում եք ասեք: ՈՒ՝ ցուցամոլ: Միլիոններ ենք տալիս Աժ աստիճաններին գորգեր լվանալու համար ու անունը դնում… գորգերի գովազդ: ՈՒ քանի՞ գորգ ավելի վաճառվեց վարդավառի անհեթեթությունից հետո: Թե՞ իմիջմեյքերներն ու սցենարիստները շահեցին՝ 100000-ները գրպանները դնելով: ՈՒ՞մ գրպանից: Ձեր: Գաղափարի հեղինակը իր գրպանից չէր վճարում իր երևակայության ճախրանքի դիմաց: Միլիոններ ենք դնում… համերգների համար, որ մի քանիսն արձանագրեն՝ 40 տարում երբեք այսպիսի բացում չի ունեցել այս համաժողովը: Է, հետո՞: 450 միլիոն դրամով համակարգչային հանպատրաստից երաժշտության տակ մի քանի ժամ տժժացին ու կիսախլացան մի քանի հազար մարդ, արդյունքը ո՞րն է: «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» կազմակերպման համար բյուջեից հատկացվել է 1 մլրդ 568 մլն 487 հազար դրամ, 112092000-ը կազմակերպական ծախսերն են: Համաժողովի և համերգի համար հատկացվել է 2018487000 դրամ։
Հայաստան եկան Քիմ Քարդաշյանը, Ալեքսիս Օհանյանը, Սերժ Թանկյանը: Եկան ու գնացին, ի՞նչ մնաց: Հասկացանք՝ հին պարտավորություն էր՝ 2014-ից, պիտի կատարեինք, Ֆրանկոֆոնիայի պես: Հայաստանում էին պաշտոնական պատվիրակություններ և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ՝ Բուլղարիա, Աֆղանստան, Իրան, Մոլդովա, Բրազիլիա, Բանգլադեշ, Եթովպիա, Էստոնիա, Մալայզիա, ՍԾՏՀ… 70 երկրից 6000 հյուր: Հասկացանք, որ հետամնաց չենք ու հույսը չենք դնում անցյալ դարի լեռնամետալուրգիայի ու տեխնոլոգիաների վրա, մենք առաջադեմ ենք ու 21-րդ դարի տեխնոլոգիաները մեզ համար տնտեսության Աստվածաշունչ են, WCIT-ը գոնե Ավետարանի չափ տեղեկություն տվե՞ց: Հասկացանք, որ բարձր տեխնոլոգիաները կարևոր դեր են խաղում միջազգային հարաբերություններում, առնչվում են անվտանգությանը, դիվանագիտությանը, շփումներին, որ ամբողջ աշխարհում ՏՏ-ն ամենադինամիկ զարգացող ուղղություններից է, մենք պատրա՞ստ ենք զարգացնել տեխնոլոգիական ոլորտը մեր ռեսուրսներով, թե՞ ապահովում ենք ցուցափեղկը՝ առանց ներսի պարունակության մասին մտածելու: Միջազգային համագործակցության դաշտը ստեղծում են խոսելո՞վ, թե՞ արդյունք տալով։ Լավ, տարբեր երկրների, կառավարությունների, ընկերությունների հետ բազմակողմ գործակցության պլատֆորմ ստեղծեցինք, այդ պլատֆորմի վրա ի՞նչ ենք անելու: ՈՒնե՞նք տարածաշրջանի Սիլիկոնյան հովիտ դառնալու կադրեր, ֆինանսներ ու սպառման դաշտ: Հետայսու ունենալու՞ ենք հայկական Intel, Apple, Microsoft։ Գոնե 10 տարի հետո:
Քիմ Քարդաշյանը, որ ի տարբերություն ՀՀ վարչապետի, ԱՄՆ նախագահին ցանկացած պահի կարող է հանդիպել, խոստացավ հայկական ծաղիկների բույրով օծանելիք արտադրել, մեկ էլ՝ իր հեղինակային ներքնազգեստի բրենդի արտադրություն հիմնել Հայաստանում: Սքանչելի է, եթե անի, վերջապես կհասկանանք՝ ո՞րն է բարձր տեխնոլոգիան մեր պարագայում: Google-ից, Facebook-ից, YouTube-ից, Instagram-ից որևէ մեկը կա՞ր: Թե՞ նրանք գնում են միայն մեծ շուկաներ, Հայաստանը փոքր սպառում ունեցող երկիր է, ուստի անհետաքրքիր: Եվ՝ ֆեյք երկիր է, երբ օգտատերերը փորձում են զարտուղի ճանապարհով գումար աշխատել: Հայ օգտատերերը պետք է առաջիկայում ևս հույսները կտրեն համացանցի միջոցով օրինական գումարներ աշխատելու հեռանկարից: Վարչապետը շահագրգռված է, որ «Յանդեքս»-ը հաջող գործունեություն ծավալի մեր երկրում և նոր ներդրումներ անի արհեստական բանականության ոլորտում: «Յանդեքս» ընկերությունների խմբի համահիմնադիր, գլխավոր տնօրենը արդյունավետ է գնահատում Հայաստանում տաքսի ծառայությունների ոլորտում ներդրումները և հետաքրքրված է նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ առանց վարորդի տաքսի ծառայության ներդրումով: Ո՞նց է: Հրաշալի: Պատվիրեք առանց վարորդի «Յանդեքս» տաքսի: Շուտով: Քավ լիցի, բնավ չեմ ուզում թերարժեքության բարդույթ զարգացնել՝ «Փոքր ենք, խեղճ ենք, փող չունենք» թեմայով: Հարց է՝ ինչպե՞ս կառուցել զարգացած էկոհամակարգ, ինչպե՞ս ստեղծել սեփական տեխնոլոգիական ռեսուրս, ինչպե՞ս ապահովել որակյալ տեխնոլոգիական կրթություն, ինչպե՞ս ստեղծել ներդրումներ ապահովող հաջողված միջազգային բիզնեսներ կամ ստարտափներ, երբ ունես բազում մարտահրավերներ` սահմանափակ բնակչություն ու կապիտալ և ուղեղների արտահոսք:
WCIT-ի գլխավոր նպատակը աշխարհի ուշադրությունը Հայաստանի վրա կենտրոնացնելը և ներդրումներ ներգրավելն էր, բայց բավարար մրցունա՞կ ենք: Թե՞ էլի հույս ենք դնելու սփյուռքի վրա՝ 10-միլիոնանոց: Աշխարհահռչակ հայեր՝ «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, «System of a Down»-ի մենակատար Սերժ Թանկյանը, «Խոստում» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Գրիգորյանը, «Synopsys»-ի հայկական մասնաճյուղի նախագահ Երվանդ Զորյանը մշակել են առցանց պլատֆորմի գաղափար՝ «High connect». «Կստեղծենք համահայկական առցանց պլատֆորմ` «Հայքոնեքթ»-ը, որը թույլ կտա ամբողջ աշխարհում տարբեր հետաքրքրությունների տեր հայերին կապել»,- ասաց Սերժ Թանկյանը ասուլիսում: «Տարիների ընթացքում մտածել ենք՝ ինչպես անել, որ Հայաստանը գրավիչ լինի ոչ միայն հայերի, այլև մյուսների համար: Մենք մտածում էինք՝ ինչպես ամբողջ աշխարհի հայերին կապել: Եվ շատ մտածելուց, խոսելուց հետո եկանք եզրակացության, որ կօգտագործենք մեր համատեղ հետաքրքրությունները՝ ստեղծելու փոքր հանրություններ»,- ասաց Թանկյանը: Օրինակ, եթե փոքր հանրություն ստեղծվի Սյունիքի Աջաբաջ գյուղի հետ, պատկերացնու՞մ եք՝ ինչ կարևոր գործ կլինի: Ալեքսիս Օհանյանը խոստացավ. «Մենք մեր կարիերաներից պետք է քաղենք մեր դասերը և օգտագործենք այս պլատֆորմի համար, որ հայերն ամբողջ աշխարհում, սփյուռքում կարողանան օգտվել այդ կապից ու բարգավաճեն»: Կան ցանցեր, որտեղ հայերը կարող են կապվել միմյանց հետ, բայց պետք է հատուկ տարածք, որտեղ կլինեն մարդիկ, որ գիտեն, թե ինչ են փնտրում, ինչ ասելիք ունեն: Նախաձեռնությունը բոլորի համար է, հեշտացվում է հաղորդակցությունը, շահույթ չի հետապնդում: ՈՒ՝ ի՞նչ: Ոչինչ, բոլորդ դեպի Մալայզիա՝ WCIT-ի 24-րդ համաժողով: Մինչդեռ ակնհայտ է, որ WCIT-2019 23-րդ համաժողովը ուներ կոնկրետ թիրախներ, լուծեց ինչ-որ հարցեր, բայց գործեց տեղեկատվական վակուումում, երբ ավելի կարևորվում էին անձերը՝ ցուցափեղկը, քան նրանց խոսքի բովանդակությունը, նպատակը, որովհետև հանգելու էինք հարցին՝ իսկ ի՞նչ արդյունք կունենանք:
Ավելի ճիշտ՝ թերևս այն պատճառով, որ Հայաստանը պատրաստ չէ ներգրավվելու բարձր տեխնոլոգիաների կիրառական հատվածում, որովհետև ցուցափեղկում մենք ունենք ամեն ինչ, իսկ ցուցափեղկից ներս միայն չլուծված հարցեր: Օդում կախված են մնում Ստամբուլյան կոնվենցիան, Ամուլսարի հարցը, Սանիտեքի հարցը, Սահմանադրական դատարանի հարցը ու տասնյակ հանրահայտ ու անհայտ դատավարությունները, որ ջլատում ու մասնատում են համահայկական այն ներուժը, որ իբր հավաքվում է մեկ հարթակի վրա WCIT-2019-ի կամ այլ միջոցներով: Բարձր տեխնոլոգիաների զարգացման համար Հայաստանին պակասում են ոչ միայն ներդրումները, այլև մթնոլորտը: Ճիշտ այն մթնոլորտը, որ աղավաղվում է խմբագրության դռներին նետվող ձվերով, քաղաքապետին տեղին-անտեղի հրապարակային պամպերսներ նվիրելով, այս ու այն երկրի դրամաշնորհի հաշվին ներքաղաքական կյանքը աղտոտելով, պետության հիմքերի վրա վարչապետի մակարդակով անհստակ սպառնալիքներով, դավադիրների ու դավադրությունների որոնումներով… Երկիրն ո՞վ պիտի կառուցի ու պաշտպանի:
Վերջապես կա՞ որոշակի պատկերացում՝ ո՞րն է պետական գերակա շահը՝ Նիկոլ Փաշինյանի վարկանի՞շը, թե՞ տնտեսության զարգացումը: Ինչի՞ համար է վարկանիշը: Ինքնանպատա՞կ է, թե՞ որքան բարձր, այնքան լավ՝ քաղաքական ու տնտեսական խնդիրները արդյունավետ լուծելու համար: Քանի դեռ իշխում է մտայնությունը, որ նոն-ստոպ ձերբակալություններով վարչապետի վարկանիշը բարձրանում է, ինչքան շատ ձերբակալություններ լինեն ՀՀԿ-ից և «նախորդ հանցավոր ռեժիմից», ռեյտինգը կանցնի 100 տոկոսը՝ դա է պահանջում հասարակությունը, «Սա ինչու՞ նստած չի, նա ինչու՞ է ազատության մեջ» սկզբունքով, ոչինչ չի փոխվելու: Եթե հասարակական նման պահանջ կա, լյումպեն հատվածի պահանջն է, որ սպասում է «հաստավիզ օլիգարխներից» փողը խլեն, տան իրեն, որ պատրաստ չէ ոչ աշխատել, ոչ պատասխանատվություն կրել, փոխարենը հաճույքով նետվում է փողոց: Նրանք ի վիճակի չեն մտածել, նրանց ապահոված վարկանիշը կա, թե չկա՝ արդյունքը 0 է: Լավ, անցումային արդարադատություն հնարեցինք, ոմանց ունեզրկեցինք, ո՞վ է լցնելու տնտեսության վակուումը, բյուջեի մուտքերը լյումպե՞նն է ապահովելու: Տնտեսությունը մեխանիզմ է, որ առանց հումքի չի աշխատում: Իսկ հումքը փողն է: Զարգացմա՞նը պիտի նպատակաուղղել հասարակական էներգիան, թե՞ անցյալը հերքելուն: Քանի՞ անգամ պետք է մերժենք, մերժելուց հետո անելիք չունե՞նք: Մակերեսին սահելը որքա՞ն է ձգվելու: Դա չէ՞ պատճառը, որ ավելի շուտ ու ավելի շատ կարող են համախմբվել նրանք, որ հեղափոխությունից դժգոհ են, քան նրանք, որ երջանիկ են: Օբյեկտիվորեն, ոչ թե ինչ-որ մեկի խաղը խաղալու համար: Մարդկանց կոնկրետ արդյունք է պետք, ոչ թե պատճառաբանություն, թե ինչու արդյունքը չկա կամ ուշանում է: Մարդկանց վստահություն է պետք իրենց այսօրվա ու առավել ևս վաղվա համար: Կա՞ այդ վստահությունը:
Միայն անուղղելի լավատեսների դեպքում, որ երբ հոռետեսն ասում է՝ ավելի վատ չի կարող լինել, լավատեսը ժպտում է՝ իհարկե կարող է: Հավելեք, որ այս իրավիճակում անվերջ շրջանառվում են խոսակցություններ՝ սրան են գործից հանելու, նրան են գործից հանելու, ու բոլոր դեպքերում պատճառաբանությունը մեկն է՝ վարչապետը դժգոհ է: Վարչապետի մամլո ծառայությունը ոչ հերքում է, ոչ հաստատում, գոնե մեկ դեպքում չի ներկայացնում՝ վարչապետը ինչի՞ց է դժգոհ, ինչի՞ց է գոհ, ու՝ ընդհանրապես իրենից ցածր նշանակովի ու ընտրովի պաշտոնյաների աշխատանքը լավ ու վատ գնահատելու չափանիշը ո՞րն է: Պետական կառավարման համակարգի հստակ ու արդյունավետ գործունեության համար ոչ միայն պետք է, որ օրենքները տարին մեկ չփոխվեն, այլև ծառայողների առաջ խնդիրները դրվեն որոշակի ու որոշակի լինի աշխատանքի գնահատման սանդղակը: Մեր պարագայում հստակ է ու որոշակի՝ որքան էլ տվյալ պաշտոնյան ձախողում է աշխատանքը, չունի կազմակերպական ու մարդկային անհրաժեշտ որակներ, կարևորը վարչապետի վերաբերմունքն է: ՈՒ՝ վերջ: Ներեցեք՝ դա չէ վերջը, վերջը գալիս է, երբ այլ պաշտոնյաներ վարչապետին համոզում են, որ այդպես չէ: Սա է կադրային քաոսի ու աշխատակարգի կազմակերպման կազմալուծման պատճառը, ոչ թե «նորերի» անփորձությունը: Նրանք ոչ այնքան անփորձ են, որքան իրենց համարում են նոր ժամանակների հերոսներ, որ պիտի մաքրեն անցյալի ավգյան ախոռները, իսկ այդ դեպքերի համար չկան կանոններ ու կարգեր, կա իրենց պայծառափայլ տեսակետը: Վերջապես՝ 21-րդ դարն է, ի՞նչ ծրագիր ու թուղթ, որտեղ ծրագիր է գրվում, կա ֆեյսբուք ու կա SMS, գրի՝ ուղարկի, թեկուզ արտասահմանցի հյուրին, անգրագետ չէ, թող խելախոսում (այֆոն) ունենա իր ծրագիրը: Ի՞նչ հետամնացություն է արարողակարգը, կա հեղափոխական նպատակահարմարություն, մեկ էլ՝ խնայողություն՝ թղթի փող+տպագրական ծախսեր: Կխնայենք, որ եկող տարի լվանանք ոչ թե գորգեր, այլ տակառներ: Դանայան տակառները, որտեղ լցվում է հասարակության կենսական էներգիան՝ չգտնելով ելքեր անվերջ ու անորոշ դեգերումներից՝ փայլուն ցուցափեղկերի ու քաղաքական դատարկ դարակների մեր իրականության մեջ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ .Գ. Ես ոչ հոռետես եմ, ոչ լավատես, գերադասում եմ իմաստն ու բովանդակությունը և որևէ գործ արդյունքի տեսակետից գնահատելու չափանիշը: ՈՒզում եմ չափանիշ լինի, ոչ թե կամայական գնահատական: ՈՒզում եմ չափանիշի չափանիշ սահմանվի, ոչ թե գործի պահի նպատակահարմարությունը: Պետությունը Ռուբիկի խորանարդը չէ, որ այնքան պտտես՝ մինչև հավաքվի: Ավելի շուտ Ռուբիկոն է, որ իրավունք չունես անցնել, եթե չես ասելու. «Եկա, տեսա, հաղթեցի»: Ինչ հասու է Կեսարին, վայել չէ ցլին: Նույնիսկ Կեսարի ականջին միշտ կար մեկը, որ շշնջում էր. «Հիշիր, որ դու մահկանացու ես», իսկ ցլերին սովորաբար զոհաբերում էին:
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ