Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

«Ի՞նչ է իմացել Սնոուդենը, որ հիստերիկ խելագարության է հասցրել ԱՄՆ-ին»

«Ի՞նչ է իմացել Սնոուդենը, որ հիստերիկ խելագարության է հասցրել ԱՄՆ-ին»
10.07.2013 | 15:45

Ավստրալիան և Նոր Զելանդիան օգել են ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալությանը` լրտեսելու համացանցի միլիոնավոր օգտատերերի: Այս մասին են վկայում այն փաստաթղթերը, որոնք լրագրողներին է փոխանցել ԱՄՆ-ի ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը: Ավստրալիայի վարչապետի մամուլի խոսնակ Քևին Ռադան հրաժարվել է մենաբանել այն տեղեկությունը, ըստ որի, Ավստրալիայի տարածքում կա ամենաքիչը չորս գլխավոր սերվեր, որոնք տվյալներ են հավաքում և փոխանցում ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալությանը:
Ըստ Սնոուդենի բացահայտումների` ԱՄՆ-ի հետախուզական աշխատանքներին մասնակցել է նաև Նոր Զելանդիան: Այստեղ ինտերնետ օգտատերերի գործունեության մասին ինֆորմացիա է փոխանցել նորզելանդական անվտանգության բյուրոն: Դեռևս օրեր առաջ, Սնոուդենը, խոսելով իր բացահայտումների մասին, ասել էր, թե ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալությունը ակտիվ համագործակցում է եվրոպական երկրների հատուկ ծառայությունների հետ և առանց որևէ դժվարության ստանում կոնֆիդենցիալ տեղեկություններ իրեն հետաքրքրող մարդկանց մասին: «Կարելի է ասել, թե ԱԱԳ-ի աշխատակիցները մի մահճակալի վրա են քնում իրենց գերմանացի գործընկերների հետ»,- ասել էր Սնոուդենը և հավելել, թե ամերիկացիները համագործակցում են նաև Մեծ Բրիտանիայի և Կանադայի իրենց գործընկերների հետ: Նա ասել էր, թե փոխգործակցությունը նրանց միջև կազմակերպված է այնպես, որ արտահոսքի դեպքում հարվածի տակ չդրվեն քաղաքական առաջնորդները:
Ինչ վերաբերում է Սնոուդենին, նա, ըստ վերջին տեղեկությունների, դեռևս գտնվում է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում, չնայած Վենեսուելան հայտարարել է նրան քաղապաստան տրամադրելու մասին: Սնոուդենը դեռ որոշում չի կայացրել` երբ կթռչի Կարակաս կամ կթռչի՞ առհասարակ: Խնդիրն այն է, որ կարող են խոչընդոտներ լինել Վենեսուելա տեղափոխվելու հետ կապված: Երեկ ԱՄՆ-ի Պետդեպի ներկայացուցիչ Ջենիֆեր Պսակին հայտարարել է. «Եթե Ռուսաստանը աջակցի Սնոուդենին մի երրորդ երկրից քաղաքական ապաստան ստանալու համար, դա կանդրադառնա ռուս-ամերիկյան հարաբերությունների վրա»: Նա ասել է, որ տվյալ խնդրի շուրջ Ռուսաստանի հետ երկխոսությունը ԱՄՆ-ը համարում է արդյունավետ և հիշեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը Սնոուդենի վերաբերյալ: Պսակիի խոսքերով` Կրեմլում չեն ցանկանա, որ հարցը բացասաբար անդրադառնա Վաշինգտոնի հետ հարաբերությունների վրա:
Միացյալ Նահանգների` աշխարհի տարբեր երկրներին ուղղված Սնոուդենի վերաբերյալ զգուշացումները Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն յուրովի է մեկնաբանել: Այսօր ռազմական ուսումնարանի ավարտական արարողության ժամանակ Մադուրոն հայտարարել է, թե ԱՄՆ-ի իշխանությունները, Սնոուդենին հետապնդելով, խելագարվել են: «ԱՄՆ-ը մտել է խելագարության փուլի մեջ: Հետաքրքիր է, ի՞նչ է իմացել այդ երիտասարդ Սնոուդենը, որ հիստերիկ խելագարության է հասցրել ԱՄՆ-ի իշխող վերնախավին` ուղղված աշխարհի համարյա բոլոր երկրների դեմ, որը գործնականում հանգեցրել է Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի սպանությանը»,- ասել է նա: Ավելի վաղ Նիկոլաս Մադուրոն ասել էր, թե շատ է ուզում շփվել «այդ քաջ երիտասարդի հետ», ում հետապնդում են ԱՄՆ-ի իշխանությունները:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 826

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ