Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Ժամանակն է վեր կանգնելու մեր երկու երկրներն իրարից բաժանող տարածությունից

Ժամանակն է վեր կանգնելու մեր երկու  երկրներն իրարից բաժանող տարածությունից
02.07.2013 | 11:35

Հայաստանից Արգենտինա շուրջ 15 հազար կիլոմետր է: Սակայն այդ աշխարհագրական պատկառելի հեռավորությունը չի խանգարել մեր բազմաթիվ հայրենակիցների` հաստատվելու Լատինական Ամերիկայի այս էկզոտիկ երկրում, կայանալու որպես ճանաչված ճարտարապետ ու բժիշկ, բարձրաստիճան սպա ու մարզիկ, բանաստեղծ ու գրող, բիզնեսմեն ու գիտնական։ Արգենտինահայ համայնքն սկսել է ձևավորվել դեռևս XIX դարի 80-ական թվականներին և ավելի ստվարացել հատկապես առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո, երբ վտանգվեց մեր հայրենակիցների կյանքը Արևմտյան Հայաստանում, ապա նաև Մերձավոր ու Միջին Արևելքի երկրներում: Արգենտինայում ապաստան գտած հայերը հիմնականում այնթապցիներ, հաճնցիներ ու մարաշցիներ են. մեծ մասամբ բնակվում էին Բուենոս Այրեսում, Կորդովայում, Ռոսարիոյում, Մար դել Պլատայում: Ներկայումս Արգենտինայում բնակվում է 135 հազար հայ: Հայկական համայնքներ կան նաև Արգենտինայի շատ քաղաքներում: Նրանք զբաղվում են արհեստներով, առևտրով, քիչ չեն մտավորականները, ուսանողները, ձեռնարկատերերը: Արգենտինայի շատ քաղաքներում կան հայկական տեղանուններով, նշանավոր հայերի անուններով փողոցներ, հրապարակներ: Արգենտինահայ գաղութն ապրում է աշխույժ հասարակական կյանքով: Այստեղ գործում են բազմաթիվ հայրենակցական, մշակութային, երիտասարդական և այլ միություններ ու ընկերություններ, երգչախմբեր: Ճանաչված են հայ մշակույթի, մարզաշխարհի ու բիզնեսի բազմաթիվ գործիչներ` բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանը, թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, գործարար, աշխարհի ավելի քան 30 օդանավակայանների սեփականատեր Էդուարդո Էռնեկյանը և ուրիշներ:
Ցավոք, ի տարբերություն հոգևոր, մշակութային կապերի, աններելի չափով մեր երկու բարեկամ երկրները հետ են մնում տնտեսական կապերի բնագավառում: Դրանում, անշուշտ դեր ունի աշխարհագրական գործոնը` հեռավորությունը:
Օտարերկրյա ներդրումները Հայաստանի տնտեսությունում հնարավորինս մեծացնելու, առևտրաշրջանառությունն ընդլայնելու, հայկական ապրանքները արտասահմանում ճանաչելի դարձնելու նպատակն են հետապնդում Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատում կազմակերպվող սեմինար-խորհրդակցություններն ու հանդիպումները մեր և օտարերկրյա գործարարների, ձեռնարկատերերի ու ներմուծող-արտահանողների միջև: Օրերս նման մի հանդիպում տեղի ունեցավ Հայաստանի և Արգենտինայի գործարարների միջև: Բացելով հայ-արգենտինյան սեմինար-շնորհանդեսը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը նշեց, որ մշակույթի, գիտության, գրականության բնագավառներում մեր կապերը նախանձելի են, իսկ ահա տնտեսության, ապրանքաշրջանառության մեջ աններելի հետ ենք մնում: Բավական է ասել, որ հայ-արգենտինական ապրանքաշրջանառությունն ընդամենը 6,5 միլիոն ԱՄՆ դոլարի է հասնում, արտահանումը չի անցնում 2 միլիոնից:
-Սակայն կապի ժամանակակից նվաճումների պայմաններում,- մանրամասնում է Ա. Վարդանյանը,- մենք կարող ենք հաղթահարել այդ թվացյալ հեռավորությունն ու լավագույնս համագործակցել: Հայաստանի կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաները հռչակել է գերակա ուղղություն: Մեզ մոտ կան ու նաև բուհերում պատրաստվում են այդ ոլորտի բազմաթիվ առաջնակարգ մասնագետներ, որոնցից շատերն աշխատանք չգտնելով հայրենիքում, արտագաղթում են: Ավելորդ է ասել, որ սա սահմաններ ու հեռավորություն չհարցնող ոլորտ է համագործակցության համար:
Ավելի քան 100 հազար ծագումով հայեր են ապրում Արգենտինայում: Նրանցից շատերը չեն եղել մայր հայրենիքում: Բերեք զարգացնենք զբոսաշրջությունը, ինքնաթիռային նոր գիծ բացենք Բուենոս Այրեսից Երևան և հակառակը: Հավատացեք, որ Երևանից էլ ինքնաթիռը դատարկ չի թռչի:
Էկոլոգիապես մաքուր հայկական մթերքները, կոնյակն ու ալկոհոլային մյուս խմիչքները, Հայաստանի մաքրամաքուր աղբյուրների ջուրը հարգի են աշխարհի բազմաթիվ երկրներում, իսկ դրսում ապրող հայերն իրար ձեռքից խլխլում են հայրենիքի մթերքները: Ինչու չփորձենք գոնե փորձնական պարտիաներով այդ մթերքները արտահանել Արգենտինա, չէ՞ որ արգենտինյան ցիտրուսներն ազատորեն ներմուծվում են Հայաստան և շատ հարգի են:
Մի խոսքով, բարեկամներ,- եզրափակեց խոսքը Ա. Վարդանյանը,- եկեք իրար ջերմ ու շոյիչ խոսքեր ասելուց, գովաբանելուց անցնենք գործի: Ամոթ է. որ ապրանքաշրջանառությունը եղբայրական կապերով կապված մեր երկրների միջև չի հասնում գոնե 10 միլիոն դոլարի: Ճիշտ աշխատելու դեպքում այսքանը կապահովի միայն մեկ ֆիրմա:
Իր խոսքում Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Ալվարեզ Ռիվերան նշեց հայ-արգենտինյան դարավոր կապերը, ասաց, որ հայերը միշտ էլ հարգված են եղել Արգենտինայում իրենց աշխատասիրությամբ, ազնվությամբ ու հայրենասիրությամբ և ժամանակն է, որ վեր կանգնենք մեր երկու երկրներն իրարից բաժանող տարածությունից ու լավագույնս համագործակցենք բիզնեսում: Այնուհետև արգենտինյան գինու սեղանների շուրջ հայ և արգենտինացի գործարարները սկսեցին գործարար բանակցություններ վարել: Հուսանք, որ առաջիկայում մեր երկրների տնտեսական կապերն ու ապրանքաշրջանառությունը նոր, էլ ավելի մեծ ծավալներ կընդունեն:

Ասքանազ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 849

Մեկնաբանություններ