ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Սնոուդենին հետապնդում են, բայց նրան այլևս անհնար է կանգնեցնել

Սնոուդենին հետապնդում են, բայց նրան այլևս անհնար է կանգնեցնել
01.07.2013 | 14:03

Երբ ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հրապարակեց իր առաջին բացահայտումները ամերիկյան Ազգային անվտանգության ծառայության գործունեության մասին, արդեն իսկ պարզ էր, որ առաջիկայում կարող է մեծ սկանդալ հասունանալ, ինչպես եղավ ժամանակին Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի` գաղտնի փաստաթղթերի հրապարակումից հետո: Երեկ արդեն գերմանական Der Spiegel-ը, ապա և եվրոպական մի շարք թերթեր հրապարակեցին ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից իրականացրած գաղտնալսումների մասին տվյալներ, որոնք առնչվում են ոչ միայն շարքային եվրոպացիներին, այլև պաշտոնյաների: Հաղորդվում է, որ ամերիկյան ԿՀՎ-ում զբաղվել են ԱՄՆ-ում գտնվող մոտ 40 եվրոպական երկրների դեսպանատներում և դիվանագիտական առաքելությունների տվյալների անօրինական հավաքագրմամբ և գաղտնալսմամբ: Ըստ The Guardian-ի 38 ամերիկյան հետախուզության ուշադրության կենտրոնում են եղել Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի դիվանագիտական առաքելությունները, լրտեսել են նաև ճապոնիայի, Մեքսիկայի, Հարավային Կորեայի, Հնդկաստանի և Թուրքիայի դիվանագետներին, ինչպես նաև Բրյուսելում զբաղվել են ինֆորմացիայի անօրինական հավաքագրմամբ:
Երեկ, սնոուդենյան բացահայտումների այս վերջին արտահոսքից հետո, Ջուլիան Ասանժը հայտարարել է, թե «ԿՀՎ գործունեության վերաբերյալ գաղտնի փաստաթղթերի հրապարակումը արդեն անհնար է կանգնեցնել այս փուլում»: Ասանժի մեկնաբանությամբ` փաստաթղթերի հրապարակումը կշարունակվի անկախ էդվարդ Սնուդենի փախուստի ելքից: Wikileaks-ում Սնուդենի հետ սկսել են համագործակցել, երբ վերջինս բացահայտել է ԿՀՎ` ամերիկյան և արտասահմանյան քաղաքացիների նկատմամբ հետախուզության վերաբերյալ գաղտնի ծրագրերի որոշ մանրամասներ: «Մենք մեծ ջանքեր ենք գործադրել, որպեսզի ոչ մի պետություն չկարողանա ճնշում գործադրել պարոն Սնոուդենի վրա` հրապարակման պրոցեսը կանգնեցնելու նպատակով: Նա հերոս է: Նա ԱՄՆ-ում և ողջ աշխարհում մարդկանց ցույց տվեց, որ գոյություն ունի տվյալների զանգվածային անօրինական կորզում`ավելի շատ, քան եղել է նախագահ Նիքսոնի օրոք»,-ասել է Ասանժը: Նրա խոսքով` Սնոուդենը ԱՄն ում բացահայտեց «պետություն պետության մեջ»:
Der Spiegel-ի հաղորդմամբ ամերիկյան գաղտնի ծառայությունների հատուկ ուշադրության կենտրոնում է Գերմանիան: Այստեղ օրվա ընթացքում միջին հաշվով գաղտնալսվել է շուրջ 20 մլն հեռախոսազանգ, որը հատուկ ծանրաբեռնված օրերին հասել է մինչև 60 մլն-ի: Եվրամիության նկատմամբ հետախուզությունը իրականացվել է նույն չափով, որքան Չինաստանի, Իրաքի և Սաուդյան Արաբիայի նկատմամբ:
Եվրախորհրդի մի շարք պատգամավորներ ամերիկացիների հետախուզության փաստը համարել են անթույլատրելի, իսկ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև եղած վստահությունը` խախտված: ՌԴ Պետդումայի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովը ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունների գործունեությունը համարել է «ամերիկյան դեմոկրատիայի էություն»:
Չնայած ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների, որոշ վերլուծաբանների գնահատմամբ, «անթույլատրելի» գործունեության բացահայտումներին, շարունակվում են Էդվարդ Սնոուդենի նկատմամբ ճնշումները: Երեկ Էկվադորի արտգործնախարար Ռիկարդո Պատինյոն հայտարարել է, որ ջարդել են իր էլեկտրոնային փոստը: Նա դրանով նկատի էր ունեցել էր, թե ինչպես կարող էին իր էլեկտրոնային հաղորդագրությունների որոշ հատվածներ հայտնվել ամերիկյան Wall Street Journal-ում: Պատինյոն ասել է, որ անհայտ մարդիկ բացել են իր էլեկտրոնային փոստը և հայտնաբերել նամակ, որը իրեն մի քանի օր առաջ ուղարկել էր Ջուլիան Ասանժը: «Էլ ի՞նչ կարող են նրանք անել», -ասել էր Էկվադորի արտգործնախարարը:
Այս ամենի ֆոնին Սնոուդենի հետագա ճակատագրի հարցը դեռևս անհայտ է: Վերջին տվյալներով` նրա անունը չի եղել «Մոսկվա-Հավանա» հերթական չվերթի ուղևորների ցանկում, որից կարելի է ենթադրել, որ նա դեռևս Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայանի տարանցիկ գոտում է:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 946

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ