Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Հայաստանը պարտվում է առանց պատերազմի

Հայաստանը պարտվում է առանց պատերազմի
28.06.2013 | 16:58

Որքան աղքատ է երկիրը, որքան չկայացած է այն քաղաքական առումով և որքան խախուտ է տնտեսական դաշտում, այնքան այդ երկրի հասարակության կյանքը վտանգված է: Բոլոր ոլորտներում, որոնք առանց բացառության առնչվում են մարդու իրավունքերի պաշտպանություն ասվածի հետ: Մարդու իրավունքների խախտումը ամենուր է` սկսած իրավապահ համակարգից, վերջացրած բնապահպանական ոլորտով:
Օրերս Համահայկական բնապահպանական ճակատի անդամներ Լևոն Գալստյանը, Եղիա Ներսեսյանը, Սյուզի Պետրոսյանը և Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը մեկնել էին Սյունիքի մարզ՝ Ողջի գետի Գեղի վտակի վերին հոսանքների մոտ՝ Աջաբաջ գյուղից մոտ 2 կմ վեր: Նրանք ահազանգում էին, որ այս հատվածում «Լեռ - էքս» ՍՊԸ-ի կողմից շահագործվում է հանք, որի հարստացուցիչ ֆաբրիկայից ներքև՝ ձորի մեջ, կառուցված է փոքր, անհասկանալի պոչամբար: Գեղի գետի ջուրը որոշակի հատվածում հոսում է պլաստմասե խողովակների մեջ և անցնում պոչամբարի կողքով: Խողովակները պայթել են (ենթադրվում է` գետի վարարման պատճառով), և խողովակների ջուրը լցվում է պոչամբարի մեջ, իսկ պոչամբարից՝ խառնվելով թափոնների հետ, թափոնաջրերը լցվում են Գեղի գետը: Նույնիսկ վթարից հետո հանքի աշխատանքները չեն դադարեցվել: Հակոբ Սանասարյանը համացանցում տարածված տեսանյությում Հայաստանում առկա էկոլոգիական խնդիրների անտեսումը գնահատում է որպես երկրի պարտություն. «Առանց զենքի, առանց պատերազմ հայտարարելու Հայաստանը պարտվում է, և եթե այս քաղաքականությունը չփոխվի, ոչ միայն մարդը չի կարողանա ապրել և սերունդ տալ, այլև կենդանական և բուսական աշխարհը»: Տարածքում գտնվող Արծվանիկի պոչամբարը, որը աշխարհի ամենամեծ պոչամբարներից մեկն է, պարունակում է կյանքի համար վտանգավոր բազմաթիվ քիմիական նյութեր: Սանասարյանի խոսքով` այստեղ միայն պղինձ-մոլիբդենի խնդիրը չէ, կան նաև կապար, ցինկ, սելեն, անգամ` սնդիկ, չի բացառվում, որ կարող են հայտնաբերվել ուրանի հետքեր: Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի թափոնները մեծ վնաս են հասցրել-հասցնում շրջակա միջավայրին, իսկ այդ թունավորված տարածքներում մարդիկ շարունակում են անասուններ արածացնել, հատապտուղներ են հավաքում, անգամ զբաղվում գյուղատնտեսական աշխատանքով: Օրերս տարածված մի այլ տեսանյութում Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը պատմում է, թե ինչ վնասներ է հասցնում կոմբինատը, և այդ վնասների առկայության դեպքում կոմբինատը շահագործողները դեռ ցանկանում են մեծացնել պոչամբարը: «Առավոտ ոնց որ ամպ ա պատած քաղաքի վրա, էդ փոշին մենք ենք ծծում, փոշին ամբողջ քաղաքը ծածկում է, հետո հանքի տարածքն է ծածկում, քամուց է կախված, թե ուր կգնա փոշին, գետն է լցվում, դաշտերի վրա նստում»,-ասում է գյուղապետը: Վերջինիս խոսքով` իրեն «զանգում անհանգստացնում են». «Ես իրենց ասել եմ` արյուն է թափվելու: Եթե մեր գյուղին մոտիկանան, արյուն է թափվելու: Մենք հող տվող չենք… 9 կմ սահման ենք պահում, 9200 հա է, էս հողերը ո՞ւմ տամ, ասեք` ո՞ւր գնամ, թոռնիկներիս վերցնեմ գնամ»:
Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանն էլ կարծում է, որ մեր երկրում էկոլոգիական ռիսկերի դաշտում հիմնական դերը իշխանությանն է. «Իշխանություններն են ընդունում բոլոր չակերտավոր օրինական որոշումները կամ աչք են փակում զանազան անօրինականությունների վրա, որոնց պատճառով այսօր ունենք, այն ինչ ունենք: Իսկ ունենք խայտառակ էկոլոգիական վիճակ, որը գնալով ահագնանում է»: Դովլաթյանի խոսքով` տարբեր բնապահպանական կազմակերպությունների բողոքները, ահազանգերը հիմնականում անպատասխան են մնում: Կանաչների կուսակցությունը առաջիկայում ներկայացնելու է «մի ծրագիր կամ գաղափար», որը, Դովլաթյանի ներկայացմամբ, հնարավորություն կտա որոշակի վերահսկողություն հաստատել ոչ միայն բնապահպանության, այլև մյուս ոլորտներում: «Փորձելու ենք դրանով իշխանություններին ստիպել իրականացնելու իրական քայլեր այդ ուղղությամբ»,-ասաց կուսակցության նախագահը: Վերջինիս գնահատմամբ` առկա վիճակն անպատժելիության մթնոլորտի ու մենաշնորհների հետևանք է, իսկ լուծումները քաղաքական են:
Էկոլոգիական ռիսկերը Հայաստանում մեծ հարցականի տակ են դնում յուրաքանչյուր հայաստանցու առողջ ապրելու իրավունքի պաշտպանվածությունը, որը ամրագրված է սահմանադրորեն: ՀՀ սահմանադորւթյան հոդված 15-ում ասվում է. «Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք: Ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի»: Կարծում եմ, մահապատիժը չպետք է հասկանալ ուղիղ իմաստով: Ինչո՞վ մահապատիժ չէ, երբ մարդը զրկվում է ամենապարզ` քիչ թե շատ մաքուր օդ շնչելու կամ քիչ թե շատ էկոլոգիապես մաքուր սնունդ ընդունելու իրավունքից: Հիշատակված տեսանյութում Քաջարան գյուղի բնակիչներից մեկն ասում է, թե գյուղի ցանկացած բնակչի լյարդը հիվանդ է, իսկ երեխաների մազերի մեջ թունավոր մետաղների մի ամբողջ փունջ է վխտում: Այդ երեխաները մեր երկրի վաղվա տերերն են, ու եթե վտանգված է նրանց առողջ կյանքի իրավունքը, ապա երկիրը ո՞ւմ ենք թողնելու:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1620

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ