Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Եվրոպային այլևս չենք նայի հեռվից

Եվրոպային այլևս չենք նայի հեռվից
22.06.2013 | 19:30

Վերջին օրերին լրատվամիջոցների ուշադրության կիզակետում հայտնված և առավել հաճախ քննարկվող թեմաներից մեկը վերաբերում է տարեվերջին ՀՀ-ի կողմից վիլնյուսյան գագաթնաժողովում Եվրամիության ասոցացման համաձայնագրի և Ազատ ատևտրի գոտու մասին պայմանագրի նախաստորագրմանը:
Այդ մասին հնչում են բազմաթիվ կարծիքներ քաղաքագիտական, փորձագիտական շրջանակներից: irates.am-ը ևս, ի թիվս քաղաքագիտական մեկնաբանությունների, ներկայացրել է ՀՀ-ում Գերմանիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանների կարծիքները, որոնք ողջունում են ՀՀ-ի՝ ԵՄ-ին ինտեգրվելու ուղղությամբ կատարած քայլերը: Գերմանիայի և Ֆրանսիայի դեսպանները irates.am-ի հետ զրույցում հատկապես կարևորել էին ֆրանսիական «Կարֆուր» ընկերության մուտքը Հայաստան, ինչն էլ կարող է հիմք դառնալ տնտեսական մենաշնորհները ջարդելու համար:
Հայաստանի՝ Եվրոպային մերձենալու ցանկության մասին է բարձրաձայնել նաև ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության դեսպան Քեթրին Լիչը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Հայաստանի նման փոքր երկրի համար, որն ունի երկու փակ սահման, ընտրություն ունենալը կարևոր է, որպեսզի կարողանա հարաբերություններ զարգացնել տարբեր ուղղություններով: Մենք հասկանում ենք, որ Ռուսաստանն ունի և ունենալու է ռազմավարական կարևորություն Հայաստանի համար, բայց շատ ենք ուզում նաև, որ որքան հնարավոր է՝ Հայաստանը մոտենա Եվրոպային: Ուստի, մենք իրապես հույս ունենք, որ վիլնյուսյան գագաթնաժողովում կգրանցվի առաջընթաց, և կստորագրվեն ասոցացման համաձայնագիրն ու ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը: Կարող ենք օրինակ բերել, որ այլ եվրոպական երկրներ, որոնք անցել են այդ ճանապարհով, դրական կերպով կարգավորել են իրենց ներքին կյանքը: Ամեն դեպքում, Հայաստանն ինքը պետք է որոշի: Սակայն ինչ վերաբերում է եվրոպական կողմին, մենք հուսով ենք, որ Հայաստանը կմոտենա Եվրոպային, որքան կարող է»,- ասել է դեսպանը:
Դատելով ՀՀ-ում արևմտյան դեսպանների արած հայտարարություններից՝ նրանք առաջարկում են՝ ոչինչ չպարտադրելով: Եվ ստորագրություններն էլ չեն կարող լինել ներքին վերափոխումների, տնտեսության, օրենսդրության ազատականացման լիարժեք երաշխիքներ, եթե ՀՀ իշխանությունները չդիմեն կոնկրետ քայլերի: Ինչպես Եվրախորհրդին Հայաստանի անդամակցությունը հարկադրված չէր Եվրոպայի կողմից, նույն կերպ այսօր ԵՄ-ն ներկայացնող դեսպաններն ու դիվանագետները առաջարկում են, ողջունում, խրախուսում, հայտարարում, որ Հայաստանը լավ է կատարել իր «տնային առաջադրանքները»: Նրանք բերում են իրենց երկրների օրինակները, որպեսզի Հայաստանը տեսնի ու որոշի՝ արժե՞ ապրել այնտեղ գործող խաղի կանոններով, թե՞ ավելի լավ է շարունակել «տապակվել սեփական յուղի մեջ»: Միայն թե, Եվրոպային ինտեգրվելու հերթական փորձն անելուց հետո, ՀՀ իշխանությունները չպետք է դժգոհեն նրանց առաջադրած պայմաններից, չփորձեն շրջանցել միջազգային պայմանագրերն այնպես, ինչպես ազգային օրենսդրությունն են շրջանցում՝ հազար ու մի պատրվակ գտնելով:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1152

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ