Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ «ԿԱՐՈՒՍԵԼԸ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ «ԿԱՐՈՒՍԵԼԸ»
15.10.2010 | 00:00

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը շարունակում է հիացնել: Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական B խմբի Անդորրայի հետ խաղում մեր տղաները շարունակեցին դրանից չորս օր առաջ սկսած հաղթարշավը և տարան հավաքականի պատմության ընթացքում ամենախոշոր հաշվով հաղթանակը:
Այդ օրը «Հանրապետական» մարզադաշտը գրեթե լեփ-լեցուն էր: Սլովակիայի հավաքականի հետ մրցավեճում ցուցադրած գեղեցիկ խաղն ու համոզիչ հաղթանակը մարզադաշտ էին բերել մոտ 15 հազար ֆուտբոլասերների: Եվ նրանց սպասելիքներն արդարացան: Ճիշտ է, մրցակիցը թույլ էր, սակայն դա ամենևին չի արժեզրկում մեր թիմի հաղթանակը, քանի որ այն ձեռք բերվեց չափազանց վստահ ու գեղեցիկ խաղով:
Ինչպես ցանկանում էր հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, այդպես էլ եղավ. հայ ֆուտբոլիստներն արագ գոլ խփեցին: Արդեն առաջին րոպեին հաշիվը կարող էր բացվել, սակայն Հենրիկ Մխիթարյանի գլխով հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: Շուտով գնդակը հայտնվեց դարպասում. 4-րդ րոպեին Գևորգ Ղազարյանը, ձախ եզրում ստանալով գնդակը, շարժվեց առաջ, շրջանցեց երեք պաշտպանի և, փոքր-ինչ տեղափոխվելով դեպի աջ, անկասելի հարվածով գրավեց հյուրերի դարպասի հեռավոր անկյունը: Այս գեղեցիկ գոլը Հայաստանի հավաքականի խփած 100-րդ գնդակն էր, և սրանով Գևորգ Ղազարյանը մտավ պատմության մեջ:
Մեր թիմը շարունակեց «կարուսել պտտեցնել» անդորրացիների տուգանային հրապարակի մատույցներում և 16-րդ րոպեին հասավ նոր հաջողության: Գեղեցիկ խաբսի շնորհիվ Յուրա Մովսիսյանը մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ, հարվածեց, սակայն դարպասապահը մի կերպ հետ մղեց գնդակը, և վրա հասած Հենրիկ Մխիթարյանը 12 մետրից գրավեց դարպասը:
Մինչև երրորդ գոլը հայ ֆուտբոլիստները կորցրին ևս մի քանի լավ հնարավորություն: 32-րդ րոպեին հիանալի գոլի հեղինակ դարձավ Յուրա Մովսիսյանը, սակայն գոլն արարողը մեր հավաքականի վետերան, աջ պաշտպան Սարգիս Հովսեփյանն էր: Սեփական կիսադաշտում ստանալով գնդակը, նա, 60-65 մետր շարժվելով եզրային գծին զուգահեռ և շրջանցելով պաշտպանին, դիմային գծի մոտից գնդակն ուղարկեց դարպասապահի հրապարակ, որտեղից էլ Մովսիսյանն անկասելի հարվածով խփեց երրորդ գոլը:
Երկրորդ խաղակեսը ևս սկսվեց հայ ֆուտբոլիստների գրոհներով: Արդյունքը եղավ 52-րդ րոպեին Մարկոսի խփած գոլը, որը շատ նման էր Գևորգ Ղազարյանի գոլին: Փաստորեն, Մարկոսի հետ այս խաղում աչքի ընկան այն նույն ֆուտբոլիստները, որոնք գրավել էին սլովակների դարպասը:
Չորրորդ գոլից հետո մեր թիմը գցեց տեմպը և այլևս չցանկացավ գործել նախկին եռանդով: Եվ դա ճիշտ էր, քանի որ չարժեր դիմել ավելորդ ռիսկի. անդորրացիները շատ կոպիտ էին խաղում, և մեծ էր վնասվածք ստանալու հավանականությունը, ինչպես նաև պետք էր խուսափել անտեղի դեղին քարտերից:
4-0. գեղեցիկ հաղթանակ, որն ապացուցեց, որ այսօր մենք ունենք բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրող երիտասարդ հավաքական: Եթե չհաշվենք թիմի վետերաններ Ռոման Բերեզովսկուն և Սարգիս Հովսեփյանին, մյուս բոլոր խաղացողները երիտասարդ են և ճիշտ աշխատելու դեպքում կարող են ֆուտբոլային լավ ապագա ունենալ: Մեր թիմի համար հայտնություն էր Յուրա Մովսիսյանը, որն իսկական ռմբարկու է և իր գործողություններով մշտապես լարվածության մեջ է պահում հակառակորդի պաշտպաններին: Չորս խաղում նա խփել է երեք գնդակ և բոլոր նախադրյալներն ունի դառնալու մեր հավաքականի լավագույն ռմբարկուն: Մինչ օրս ամենից շատ աչքի է ընկել Արթուր Պետրոսյանը, որը մրցակիցների դարպասը գրավել է 11 անգամ:
Հավաքականի շարժիչ ուժն են Հենրիկ Մխիթարյանն ու Մարկոս Պիզելին, որոնք լավ տեխնիկա ունեն և կարողանում են գնդակներ մատակարարել հարձակվողներին, իսկ հնարավորության դեպքում իրենք էլ են դառնում գոլի հեղինակ: Բավականին առաջադիմել է Էդգար Մանուչարյանը, որը վերջին խաղերում ակտիվ էր և մեծապես նպաստեց թիմի հաղթանակներին: Մեր թիմի մյուս բոլոր խաղացողները ևս գործում էին թիմի խաղին ներդաշնակ: Նշենք, որ վերջին խաղում ասպարեզ դուրս եկած ֆուտբոլիստներից միայն Հրայր Մկոյանն է, որ երբևէ չի խաղացել «Փյունիկում»: Մյուսները կա՛մ այսօր են խաղում, կա՛մ նախկինում են խաղացել Հայաստանի բազմակի չեմպիոնի կազմում: Դա կարևոր է հավաքականի խաղային որակները պահպանելու համար: Եթե ֆուտբոլիստները նույն թիմում են խաղում, մեծ է լինում նրանց խաղակցվածությունը:
Լավ խաղալու համար անհրաժեշտ ևս մեկ կարևոր հանգամանք. «Հանրապետական» մարզադաշտի որակյալ խոտածածկը, որն այսօր միջազգային բարձր մակարդակի է և հնարավորություն է տալիս խաղալու արագ կարճ փոխանցումներով ֆուտբոլ: Հենց այդպիսի խաղ է ցույց տալիս այսօր մեր հավաքականը:
Եվրոպական հավաքականները մինչև 2011-ի մարտ գնացին արձակուրդ: Հաջորդ խաղը մեր ընտրանին կանցկացնի մարտի 26-ին` Երևանում ընդունելով խմբի առաջատար Ռուսաստանի հավաքականին: Այս պահին Հայաստանի հավաքականը B խմբի մրցաշարային աղյուսակում, ըստ ՈՒԵՖԱ-ի կայքի, 3-րդ տեղում է, քանի որ Իռլանդիային զիջել է անձնական խաղում: Բայց մենք աղյուսակը ներկայացնում ենք մեր աչքին ավելի հաճո տեսքով, քանի որ խփած-բաց թողած գնդակների տարբերությամբ մեր թիմը խմբում լավագույնն է.
Հ Ո Պ Գ Մ
1. Ռուսաստան 3 0 1 6-3 9
2. ՀԱՅԱՍՏԱՆ 2 1 1 9-4 7
3. Իռլանդիա 2 1 1 7-5 7
4. Սլովակիա 2 1 1 4-4 7
5. Մակեդոնիա 1 1 2 4-4 4
6. Անդորրա 0 0 4 1-11 0


Հուսանք, որ Հայաստանի ազգային հավաքականը մինչև գարուն կպահպանի ներկայիս խաղամակարդակը և ռուսների հետ խաղում ևս կուրախացնի գեղեցիկ ու արդյունավետ խաղով: Առաջին անգամ հնարավորություն է ստեղծվել պայքարելու խմբից դուրս գալու համար: Իսկ դրա հիմքերը կան:
Արտաշես ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 22006

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ