Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Պտտվի՜ր, պտտվի՜ր կարուսել, ես քո...

Պտտվի՜ր, պտտվի՜ր կարուսել, ես քո...
13.03.2024 | 21:00

Շուրջ երեք ամիս առաջ ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Նազելի Բաղդասարյանը հանրային հեռուստատեսությամբ հայտարարեց, որ ՔՊ-ն միակողմանիորեն խզում է «Բալասանյան դաշինք»-ի հետ իր ստորագրած համագործակցության հուշագիրը։

Այդ որոշման պատճառ հանդիսացել է այն, որ Գյումրին չի կառավարվում ՀՀ օրենսդրությամբ, քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում, ինչը անարդյունավետ է դարձնում քաղաքապետարանի գործունեությունը, այսինքն, անթաքույց կոռուպցիա են տեսնում։

Այդ պայմաններում ՔՊ ներկայացուցիչների գործունեությունը գործադիրում դառնում է անհամատեղելի։ ՈՒստի ՔՊ-ն իր թիմով` երկու փոխքաղաքապետերն իրենց խորհրդականներով, օգնականներով, քարտուղարուհիներով, վարորդներով, բաժինների պետերով, մասնագետներով... հրաժարական տվեցին աշխատանքները ձախողած կառույցին, ասել է` չցանկացան ներքաշվել անմաքուր, կոռուպցիոն գործարքների մեջ:
Է, եթե այս ամենն իրականություն է, դուք շտկեիք, հանեիք ստվերից, օրենքի դաշտ բերեիք «օրինախախտներին»։ Վերջին հաշվով իշխող ուժ եք, բայց չարեցի՛ք։

Բավական է հիմարացնեք այս հանդուրժող ժողովրդին, ախորժալուր զանգուլակներ կախելով նրանց ականջներից:

Ինչևէ։ Տեսնենք, թե ինչպես են արձագանքել Գյումրիի քաղաքապետարանից, որի աշխատակազմի մեծ մասը համալրված է «Գյումրի – Գարեջուր» ՍՊԸ աշխատակիցներով (պիտի արժանին մատուցել այդ գործարանին` քաղաքապետարանին նման պրոֆեսիոնալ, բազմաֆունկցիոնալ կադրեր տրամադրելու համար, կարծես կառավարման ակադեմիա լինի), բայց եթե պրոֆեսիոնալներ էին` ինչպե՞ս կարող էին անտեսել ՀՀ օրենսդրությունը, գործել ստվերում, թաթախվել կոռուպցիոն գործարքների մեջ` հետն էլ մնալ անպատիժ: Տարօրինակ չի՞ թվում, որ ՀՀ վարչապետի խոսնակի հայտարարությունից հետո ՀՀ այդչափ աչալուրջ դատախազությունը, ԱԱԾ-ն ՊՎԾ- ն, ՀՔԿ փոխանակ օպերատիվորեն արձագանքեին (չեղած տեղից են պեղում, գտնում կոռուպցիա, էլ ուր մնաց գործող կառույցից), օպերատիվորեն լռեցին:

Ստացվում է մամլո խոսնակի հայտարարությունը, մեղմ ասած, հերթական գույնզգույն փուչիկներն էին անտարբեր ու դյուրահավատ հանրության համար:

Մինչդեռ ո՛չ մի ամուսնալուծություն էլ չի եղել, պարզապես ՔՊ-ն իր ծածուկ ծրագիրն է իրականացնում, իսկ այն ենթադրում է, օրինակ, ՇՄ ՔՊ մարզպետին փոխարինել էլի ՔՊ-ական, բայց արդեն հարազատ ու վստահելի մարզպետով, կամ Գյումրիում նոր ընտրություններով, կամ մեկ այլ անազնիվ քայլով:
Լավ, եթե նման բան կար քաղաքապետարանում` էդ ինչու՞ հրաժարական տվեցին ՔՊ-ականները, չէ՞ որ իրենք էին գլխավոր դերակատարներն ու իրենց ուզածով էր ամեն ինչ կատարվում, էդ առյուծի կա՞թ էին խմել բալասանյանականները, որ դեմ ելնեին, չէ՞ որ ծանոթ էին Վանաձորի, Ալավերդու և այլ համայնքապետերի տխուր պատմությանը, կզգուշանային և լուռ կհամաձայնեին ամեն ինչի հետ, միայն թե իրենց խաթրին չդիպչեին, ինչը հենց այդպես էլ եղել է:

Փաստորեն ստացվում է, որ «Բալասանյան դաշինք»-ն ընդամենը ՔՊ-ի դուստր ձեռնարկությունն է, ուստի ոչ մի արձագանք էլ չի լինի, այդպես եղել է բոլոր իշխանությունների օրոք, այդպես է հիմա, իսկ այդ «հրապարակային ամուսնալուծությունը» ՔՊ-ի հերթական մանիպուլացիոն քայլն էր։ Կարելի էր այս խնդրին չանրադառնալ երկրում ստեղծված անբարեհույս վիճակով, վտանգաշատ արտաքին մարտահրավերներով պայմանավորված, սակայն չանրադառնալն էլ սխալ կլիներ, քանզի սա մեր քաղաքն է և նրա խնդիրները յուրաքանչյուրինս է...

Ինչևէ, սպասենք ուրիշ զարգացումների...

Իսկ մինչ այդ` պտտվի՜ր, պտտվի՜ր կարուսել, ես քո...

Աշոտ ՄԿՐՏՉՅԱՆ

Դիտվել է՝ 2786

Մեկնաբանություններ