Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Կացնին խեղճացնողն իր կոթն է

Կացնին խեղճացնողն իր կոթն է
29.12.2023 | 17:45

7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի մասին շատ-շատ է գրվել ու խոսվել, հանրային քննարկումներ կազմակերպվել։ Խնդրին անդրադարձ է եղել հնարավոր գրեթե բոլոր միջոցներով, ներկայացվել, որ դասագիրքն իր այս կերպի ու բովանդակության մեջ ոչ այլ ինչ է, եթե ոչ համազգային չարիք, ազգային անվտանգությանը միտված սպառնալիք, սակայն ԿԳՄՍ նախարարությունն իր հովանավորողներով ու օրվա իշխանության շահերը սպասարկող լրատուներով, զոմբիացված զանգվածի ներկայացուցիչներով այն վերցրել են պաշտպանության տակ ու համառորեն իրականացնում են իրենց ձախավեր քաղաքականությունը։
Մասնագիտական եզրակացության մեջ մասնագետ պատմաբանների, հնագետների, մանկավարժների կողմից հնարավորինս առարկայական նշվել է, որ «դասագիրքն ունի հայեցակարգային, մեթոդաբանական, գիտականության, կրթադաստիարակչական, մանկավարժական, պատկերագրական նյութի, տեխնիկական և փորձագիտական համալիր խնդիրներ», ուստի առնվազն որպես մանկամտություն պիտի որակել առկա սխալների ու անճշտությունների վերաբերյալ դասագրքի հեղինակ, պատմագիտության թեկնածու Սմբատ Հովհաննիսյանի հանրային արդարացումը, թե «դասագիրքը գրել ենք սեղմ ժամկետների շրջանակում, որը ենթադրում է նաև որոշակի վրիպումներ, որոշակի վրիպակներ, տեխնիկական խնդիրներ»։
Որպեսզի ընթերցողին հստակ ընկալելի լինի, թե ինչ կարգի սխալն է «որոշակի վրիպում» որակում գիտության մեր սույն անխոնջ մշակը, ասենք, որ ժամանակագրական այդ շփոթները վերաբերում են մի քանի հազարամյակի, բնակավայրերի գտնվելու վայրի, այս կամ այն մշակույթի պատկանելության փուլի․․․
Պատմագիտության թեկնածու, հնագետ-ուրարտագետ Միքայել Բադալյանը միանգամայն օրինաչափորեն նկատում է․ «Խիստ տարօրինակ և վտանգավոր է, երբ հայ ժողովրդի ձևավորման առաջին վարկած է բերվում հայերի եկվորության՝ այն է Փռյուգիայից Հայկական լեռնաշխարհ գաղթած գաղութարարաների վարկածը։ Այս տեսակետը վաղուց մերժված է գենետիկ, հնագիտական հետազոտությունների կողմից»։
Սակայն պատմաբանը ակնհայտորեն մոռանում է (թող ներվի նրան ուղղված այս մեղադրանքը), որ հայերի եկվորության վարկածը անխոնջորեն համառապնդում, հետևողականորեն շրջանառության մեջ դնում, հովանավորում ու ֆինանսավորում են ադրբեջանցիները և ընդհուպ հասել են նրան, որ Հայաստանի մասին խոսում են արդեն որպես արևմտյան Ադրբեջանի, որին պետականորեն Հայաստանը ոչինչ չի հակադրում ու ոչնչով չի հակադրվում։ Եթե խնդրին նայում ենք պատմության կեղծման ադրբեջանական, ադրբեջանաթուրքական այս դիրքերից, արդյո՞ք այդ շահերի ուղիղ սպասարկում չենք տեսնում ի դեմս այս դասագրքի, այս դասագրքի հեղինակի թիկունքը զորացնող անձանց ու կառույցների կողմից և արդյո՞ք սա պատմության վերընթերցման այն որդեգրած քաղաքականության իրական արտահայտությունը չէ, որ հետևողականորեն սերմանվում է մեզանում։ Եթե պատմության կեղծում չէ, ապա ի՞նչ է, երբ ՈՒրարտուի քարտեզի մեջ չի ներառված այսօրվա Հայաստանի հանրապետության տարածքը և արդյո՞ք սա չի նշանակում, որ այս ամենն արվում է հստակ դիտավորությամբ։ Ի դեպ, մեր համոզմամբ լավ էլ հստակ միտումով է դասագրքում շրջանցված Էրեբունի-Երևան կապը, մինչդեռ դասագրքի հեղինակը, որպես պատմաբան, առնվազն պիտի տեղեկացված լիներ, որ Երևանի գրավոր պատմությունը սկսվում է Էրեբունիից։
7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի, մեղմ ասած, տարօրինակությունների մասին փաստերի ամբողջ հեղեղ կա։ Դասագրքի ցավոտ կողմերից մեկն էլ քարտեզներն են, որոնց հիմնովին անդրադարձել է պատմագիտության դոկտոր Հովհաննես Խորիկյանը, ուստի շրջանցեք այն, սակայն մի չափազանց էական դիտարկումով՝ որքան էլ «պատմական քարտեզները ժամանակակից պետությունների սահմաններով ներկայացնելը հիմնականում արևմտաեվրոպական պատմական քարտեզագրության «ձեռքբերումներից» է» (չակերտվածը վերցված է դասագրքի վերաբերյալ Հովհ․ Խորիկյանի դիտողություններից), այդուհանդերձ Ադրբեջանը

7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանի ու նրա թիկունքին կանգնածների հուշարձանը կանգնեցնելու պարտավորությունը պիտի ունենա, որովհետև նման անըստգյուտ գործըկերներ, խոսափողներ ունենալը գերագույն ձեռքբերում է և զարմանալու ինչ կա, որ Իլհամ Ալիևը ծնկած Ստեփանակերտում ոտքերի տակ էր առել Մեծ Հայքի քարտեզը։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 36013

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ