Հայաստանում դեկտեմբերի 8-ի կեսօրին ավարտվեց ընդդիմադիր կուսակցությունների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրած ուլտիմատումի ժամկետը: Ցուցարարների պահանջով՝ վարչապետը պետք է հեռանար մինչև կեսօր: Փաշինյանի հակառակորդները հայտարարեցին բողոքի նոր ակցիաների մասին: Հեռանալու հերթական պահանջը բարձրաձայնվեց Երևանում դեկտեմբերի 5-ին բողոքի ակցիայի ժամանակ: Իշխան Սաղաթելյանը ՀՅԴ կուսակցությունից, որ 16 մանդատ ունի խորհրդարանում, հայտարարեց, որ եթե Փաշինյանը մերժի, երկրում կսկսվեն քաղաքացիական անհնազանդության ակցիաներ, իսկ վարչապետի հակառակորդները նրան «անձամբ կհեռացնեն»: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ավելի վաղ վարչապետին ու կառավարության հրաժարականի կոչ էր արել, անհրաժեշտ համարելով արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Սակայն պատգամավորները չկարողացան խորհրդարանի արտահերթ նիստ անցկացնել՝ քննարկելու համար այդ առաջարկը: Նիստերի դահլիճում իշխող «Իմ քայլը» խմբակցության բացակայության պատճառով քվորում չկար: Դեկտեմբերի 8-ի բողոքի հերթական ակցիայի ժամանակ ցուցարարները փակել էին Երևանի կենտրոնական փողոցները, կաթվածահար էին արել մետրոյի աշխատանքը՝ հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով մետրոպոլիտենի մամլո քարտուղարին: Ոստիկանությունը հայտարարել է 30 ձերբակալվածի մասին:
RFI
Հ.Գ. Բացառությամբ ՀՅԴ-ի ԱԺ-ում 16 մանդատ ունենալուց՝ մնացածը ճիշտ է: Բացի այդ երեկ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտն է հանդիպել ԲՀԿ-ից Աժ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի հետ: Աժ լրատվականը, իհարկե, պաշտոնական լրատվության մեջ ավելի շատ տեղեկացրլ է, թե ինչ է ասել Աժ փոխնախագահը, բայց մի քանի բառով սպրդել է նաև Ժոնաթան Լաքոտի խոսքը առ այն, որ
Ֆրանսիայի Սենատում և Ազգային ժողովում Արցախի Հանրապետության ճանաչումը «Հայաստանի նկատմամբ համերաշխության ուղերձ է և ունի քաղաքական մեծ նշանակություն» և «Դեսպան Ժոնաթան Լաքոտը, անդրադառնալով նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության կարևորությանը, նշել է, որ բոլոր խնդիրներին լուծում չի տրվել և կարևոր անելիք ունի ԵԱՀԿ Մինսկի խումբը:
Այդ ձևաչափը հնարավորություն է տալիս խոսելու երկու կողմերի հետ: Նրա խոսքով՝ պետք է վերսկսվեն բանակցությունները հայտարարության մեջ չներառված հարցերի շուրջ՝ ԼՂ կարգավիճակը հստակեցված չէ, պետք է ապահովել տեղահանվածների վերադարձ, ավելի կայուն կարգավիճակ տալ Լաչինի միջանցքին, ամրապնդել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նոր սահմանը, պահպանել հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգությունը: Դեսպանն անդրադարձել է նաև ռազմագերիների վերադարձի խնդրին»: Փաստացի՝ սա նշանակու՞մ է, որ Ֆրանսիան պատրաստ է բանակցել 17-ի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ, թե՞ պարզապես դեսպանի հանդիպումը համընկնում էր: Երեկ, բարեբախտաբար, լուրջ բախումներ չեղան, բայց դա չի նշանակում, որ ապահովագրված ենք հնարավոր սադրանքներից: Իսկ Ադրբեջանում շարունակում են հրճվել, Թուրքիայում՝ նույնը: Նույնը՝ Մոսկվայում: Ելքը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, բայց նրա հրաժարականը չի վերացնում քաղաքական ճգնաժամը: Ակնհայտ է, որ 17 կուսակցությունները չունեն ժողովրդի վստահությունը, պարզապես նախկինները հեռացնում են ներկաներին՝ չդառնալով լեգիտիմ իշխանություն: Լեգիտիմ իշխանություն կարող է ձևավորվել միայն արտահերթ ընտրություններով, որոնց ժամկետի մասին ոչ ոք կոնկրետ չի խոսում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ