Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Նիկոլ Փաշինյան. Պատերազմի շարունակության ամեն օրը ֆրուստրացիայի է բերում Ադրբեջանին

Նիկոլ Փաշինյան. Պատերազմի շարունակության ամեն օրը ֆրուստրացիայի է բերում Ադրբեջանին
01.11.2020 | 21:55

Ադրբեջանը խախտում է հրադադարը, որովհետև և Ադրբեջանը, և Թուրքիան, ըստ էության, հայտարարում են, որ չեն պատրաստվում դադարեցնել ռազմական գործողությունները՝ Al Jazeera հեռուստաալիքին հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե մենք հրապարակային հայտարարություններին հետևենք, ակնհայտ կդառնա, թե ինչն է պատճառը, որ չեն դադարում ռազմական գործողությունները: Որովհետև՝ երբ մենք արձանագրենք փաստերը՝ կարևոր և հիմա արդեն միջազգայնորեն ճանաչված փաստ է, օրինակ, որ Թուրքիան Սիրիայից վարձկանների և ահաբեկիչների տեղափոխել է Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումը նախաձեռնելու համար: Ահաբեկիչներին տարածաշրջաններ չեն տեղափոխում խաղաղության կամ հրադադարի համար: Ահաբեկիչներին և վարձկաններին տեղափոխում են պատերազմի համար», - նշել է Փաշինյանը` անդրադառնալով հարցին, թե ինչու արդեն 3-րդ հրադադարը չի պահպանվում:
Հարցին՝ հնարավո՞ր է բանակցությունների միջոցով հասնել լուծման, որն ընդունելի կլինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար, վարչապետը պատասխանել է. «Ես ասել եմ, որ Լեռնային Ղարաբաղի այնպիսի լուծում պետք է գտնենք, որ ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Եվ, այո, ես բանակցություններում ներգրավված առաջին ղեկավարն եմ ընդհանրապես, որ զբաղվում է հարցով, ով ասում է, որ հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի նաև դիմացի կողմի համար: Բայց ինչո՞ւ մենք առաջ չգնացինք այդ ճանապարհով: Ադրբեջանի նախագահը հրաժարվեց որդեգրել այս նույն բանաձևը: Որովհետև նրանք հիմնվել են այն տրամաբանության վրա, որ հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի միայն Ադրբեջանի ժողովրդի համար: Այս դիրքորոշումն է, որ բերել է այսպիսի իրավիճակի: Ես 2 օր առաջ (հոկտեմբերի 26-ին) ասել եմ, որ Հայաստանը, այո, պատրաստ է փոխզիջումների: Փոխզիջումը միշտ էլ ցավոտ է: Բայց դա է ամբողջ խնդիրը՝ ինչ է նշանակում փոխզիջում: Փոխզիջում նշանակում է քո դրած նշաձողից որոշակի նահանջելու պատրաստակամություն, այսինքն՝ քո դրած նշաձողը ցածրացնելու պատրաստակամություն: Հենց ամբողջ խնդիրն այն է, որ երբ Հայաստանը համաձայնվում է ցածրացնել այդ նշաձողը՝ ընդունելի դաշտ ձևավորելու համար, այս նոր նշաձողն արդեն անընդունելի է դառնում Ադրբեջանի համար, և նա պահանջում է ավելին:

Ընդ որում՝ սա նորություն չէ, սա երկար տարիների շարունակական քաղաքականություն է: Ես կարող եմ բերել հետևյալ օրինակը. 2011 թվականին Կազանում տեղի ունեցածը, կարծում եմ, ամենաշատն է ցույց տալիս իմ նշած օրինակը: Ես արդեն ասացի, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակել է իր անկախությունը: Եվ, ըստ էության, դա այն նշաձողն է, որ Լեռնային Ղարաբաղը, Լեռնային Ղարաբաղի հայությունը և հայ ժողովուրդը դնում են: 2011-ին Հայաստանի այն ժամանակվա իշխանությունը համաձայնվել էր, որ տարածքները հանձնի Ադրբեջանին: Եվ այդ համաձայնության համատեքստում Լեռնային Ղարաբաղը ստանա միջանկյալ կարգավիճակ, որպեսզի հետագայում Լեռնային Ղարաբաղի, այդ թվում՝ փախստականների վերադարձից հետո, հանրաքվե տեղի ունենա, և այդ հանրաքվեով որոշվի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը»: Նիկոլ Փաշինյանը հավելել է` պատերազմի շարունակության ամեն օրը ֆրուստրացիայի է բերում և բերելու է Ադրբեջանին և Ադրբեջանի հանրությանը:

«Որովհետև այն, ինչ Դուք նշում եք՝ Ադրբեջանի իշխանությունները այնքան են հաղթական ինֆորմացիայով սնել իրենց հանրությանը, որ նրանք ամեն օր, արդեն երկար ժամանակ սպասում են, որ, վերջ, պատերազմն ավարտվելու է իրենց վերջնական հաղթանակով։ Եվ նրանք սպասում են այդ լուրին: Ես ցանկանում եմ ասել՝ իրենք այդ լուրը չեն ստանալու, այդ լուրը չեն ստանալու: Եվ նրանք ավելի ու ավելի են խրվելու այնքան ժամանակ, մինչև չճանաչեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման լեգիտիմ իրավունքը, և մինչև կառուցողական դաշտում մենք բոլորով դիվանագիտական լուծմանը հասնելու անկեղծ ջանքեր չգործադրենք», - շեշտել է Հայաստանի վարչապետը:

Դիտվել է՝ 6039

Մեկնաբանություններ