Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սիրած վարձկանները ընդլայնում են իրենց գործունեության դաշտը: Թուրքամետ սիրիացի աշխարհազորայինները, որ ահաբեկչություն էին սփռում 2019-ին Ռոժավում, Սիրիական Քրդստանում, ձմռանն ու գարնանը մասնակցում էին Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի պաշտպանությանը մարշալ Խալիֆա Խաֆթարից, հիմա տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի լեռներ: Կովկասում սիրիացի վարձկանները օգնում են ադրբեջանական բանակին հայկական անջատողական ուժերի դեմ: Նրանց ներկայությունը մարտադաշտում, որ հերքում են Բաքուն ու Անկարան, հաստատվում է նրանց մահվան փաստերով, որ հայտնվում են սոցիալական ցանցերում՝ գրում են Բենժամեն Բարտը և Մաջիդ Զարուկին Le Monde-ում: Ոչ ոք ճշգրիտ չգիտի՝ որքան վարձկաններ են տեղափոխվել Կովկասի մարտական գործողությունների վայր և քանիսն են սպանվել: Առավել տեղեկացված դիտորդները խոսում են հարյուրավոր փոխադրվածների և տասնյակ սպանվածների մասին: Հավաստի է, որ նրանց ներկայությունը մեծանալու է: Le Monde-ի լրագրողներին հաջողվեց WhatsApp-ով խոսել Սիրիայի ազգային բանակի երկու անդամների հետ, որ հիմա Իդլիբում են և պատրաստվում են մեկնել Լեռնային Ղարաբաղ՝ 24-ամյա Մոհամեդ Ալին և Ալի Ահմես ալ Խալաֆը: «Մերոնցից Ադրբեջան են գնալու 200 մարդ,-ասել է Մոհամեդ Ալին, որ «Ֆայլակ ալ Շամ խմբավորման անդամ է:-Մեր հրամանատարները մեզ 1300-1800 դոլար աշխատավարձ են առաջարկում: Վիճակն Իդլիբում շատ ծանր է, իսկ ես պետք է ընտանիք պահեմ: Թուրքերն ուր էլ ասեն, ես կգնամ: Նրանք մեր դաշնակիցներն են»:
«Մեր առաքելությունը Ադրբեջանի ու Հայաստանի սահմանի պաշտպանությունն է, բայց մենք կարող ենք մասնակցել հարձակումներին,-ասել է Ալի Ահմեդ ալ Խալիֆը:- Մեր շահերը Թուրքիայի հետ խաչվում են: Դա վերջին երկիրն է, որ դեռ աջակցում է հեղափոխությանը, այդ պատճառով էլ Թուրքիայի հետ համագործակցելը շատ նորմալ է»: Նրա խոսքով՝ քաղաքական նկատառումների տակ ֆինանսական խնդիրներն են. «Իդլիբում կորոնավիրուսի համաճարակի պատճառով աշխատանք չկա: Աշխատավրձը, որ մեզ առաջարկում են՝ 1300-1800 դոլար, նշանակալից գումար է: Երբ մարտին Թուրքիան ու Ռուսաստանը ստորագրեցին դեէսկալացիայի համաձայնագիր, մարտական գործողությունները Իդլիբում դադարեցին: Խնդիր չէ, որ ինչ-որ ժամանակով կբացակայենք: Մեզ ասել են, որ երկու ամսից կվերադառնանք»:
Իդլիբում ոչ բոլորն են ողջունում զինյալների մեկնումը: Եգիպտացի շեյխ Աբու ալ Յակդամ ալ Մասրին, որ ինչ-որ ժամանակ կապ է ունեցել Սիրիայի հյուսիս-արևմուտքը վերահսկող արմատական իսլամիստական Հայաթ Թահրիր աշ Շամ խմբավորման հետ, ֆետվա՝ հրաման է տվել, որ ցանկալի չէ մասնակցել Լեռնային Ղարաբաղի կռիվներին: «Մեծ մեղք է երիտասարդների համար լքել Սիրիան և հրաժարվել ջիհադից, որ պարտականություն է: Այնտեղ կռվում են երկու աշխարհիկ բանակներ: Կյանքը թանկ է և պետք չէ իզուր վատնել ինչ-որ այլ պատճառով, աստծուց բացի»՝ գրված է ֆետվայում:
Այս վարձկանների Ղարաբաղի լեռներ գալը վատ նորություն է Հայաստանի խաղաղ բնակիչների համար: Սեպտեմբերի կեսին ՄԱԿ-ի Սիրիայի իրադարձությունների հետաքննող միջազգային անկախ հանձնաժողովը հրապարակել է ահաբեկչության մասին զեկույց, որ հաստատել է Սիրիայի ազգային բանակը հյուսիսային Սիրիայի քրդական շրջաններում: Զեկույցում մանրամասն նկարագրվում են սպանությունները, բռնաբարությունները, կողոպուտը, շանտաժը, մարդկանց առևանգումները և կտտանքները, որ վարձկանների առօրյան են:
Բենժամեն Բարտ, Մաջիդ Զարուկի, Le Monde
Հ.Գ. Մի մխիթարություն, այնուամենայնիվ կա՝ երեկ Էրդողանը հայտարարել է, որ որ եթե Սիրիայի հյուսիսից քրդական կազմավորումները հետ կանչելու մասին Անկարային տված խոստումները չկատարվեն, ինքը կանի, ինչ անհրաժեշտ է: «Երբ մենք ոչնչացրինք ահաբեկչական միջանցքը, որը փորձում էին կառուցել մեր սահմանների երկայնքով, մենք ցույց տվեցինք, որ մեր սիրիացի եղբայրները միայնակ չեն: Ահաբեկչական գոտիները, որոնք դեռ կան Սիրիայում, կամ պետք է մաքրվեն, ինչպես խոստացել են, կամ մենք կգանք և դա կանենք ինքներս», - Հաթայ նահանգում հայտարարել է Էրդողանը: Բայց դա էլ դեռ վերջը չէ՝ Reuters-ի փոխանցմամբ, Թուրքիայի նախագահն ասել է, թե Անկարան սատարում է Ադրբեջանին, որովհետև «ճշված երկիր» է։ «Մենք զօրուգիշեր պայքարում ենք, որ մեր պետությունն իր արժանի տեղը գտնի այս աշխարհակարգում: Մենք օգնում ենք ճնշվածներին՝ Սիրիայից մինչև Լիբիա, Միջերկրականից մինչև Կովկաս»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Փաստացի՝ «աշխարհակարգում տեղ գրավելը» Էրդողանի համար նշանակում է պատերազմ բոլոր հարևանների հետ, հարձակվել նրանց տարածքների վրա՝ Սիրիայից Լիբիա ու Միջերկրականից Կովկաս: Եվ աշխարհը դա ընդունում է, որովհետև Էրդողանը ունի ջիհադիստների սեփական բանակը ու կարող է ահաբեկչություն կազմակերպել՝ որտեղ ցանկանա, ասենք, Մոսկվայում, Փարիզում; Վաշինգտոնում, Բեռլինում, Վիեննայում, կամ՝ այլուր: Ու՝ մինչև ե՞րբ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ