Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ի՞նչ հաշվարկներով է պատերազմը տեղափոխվում կովկասյան ճակատ

Ի՞նչ հաշվարկներով է պատերազմը տեղափոխվում կովկասյան ճակատ
01.10.2020 | 10:02

Լեռնային Ղարաբաղի խնդիրը, որ տևում է 30 տարուց ավելի (1988-ից), Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերություններում, երկու երկրներին կանգնեցրել է նոր պատերազմի եզրին: Երկու երկրների բանակները հուլիսի 12-13-ի բախումներից հետո այլ շրջանում՝ Թովուզում, վերջին մի քանի օրերին՝ փոխադարձ մեղադրանքների ուղեկցությամբ դաժան մարտեր են մղում Լեռնային Ղարաբաղի շրջանում: Բախումների պատճառով, որոնց հետևանքով՝ առաջին հաղորդումների համաձայն 40 մարդ է զոհվել, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց մասնակի զորահավաք, իսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ռազմական դրություն ու համընդհանուր զորահավաք: Հարց է ծագում՝ ինչու՞ 30 տարի շարունակվող խնդիրը, որի «լուծմանը» մասնակցում է ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ իմպերիալիստական երկրների գլխավորությամբ՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, հենց այսօր մոտեցավ նոր ռազմական կոնֆլիկտի շեմին: Այս հարցի պատասխանը հնարավոր չէ բացատրել միայն Հայաստանի ու Ադրբեջանի հետադիմական բուրժուական վարչակարգերով: Փաստը, որ այսօր երկու երկրները հայտնվել են պատերազմի եզրին, չի կարելի դիտարկել իրադարձություններից ու ուժերից անկախ, որ ոգևորել ու նույնիսկ մղել են երկու երկրների վարչակարգերին այդ քայլին: Վերջին իրադարձությունները ցույց են տալիս՝ ազդեցության վերաբաշխման համար պայքարը, որ իմպերիալիստներն ու տարածաշրջանային հետադիմական վարչակարգերը մղում են Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Արևելյան Միջերկրականում, Սիրիա-Լիբիա առանցքում, ցանկանում են տեղափոխել կովկասյան ճակատ:


Այլ խոսքով՝ խաղացողներին/ուժերին, որ ի զորու չեն նոր քայլեր անել նախկին պայմաններում, դա հնարավորություն է տալիս նոր տարածքներ գտնել իրենց գործողությունների համար և այդ հիմքով նոր քայլեր ձեռնարկել՝ իրենց դիրքերի ուժեղացման համար: Տարածաշրջանային խաղացողներից առաջինը, որ ծարավի է նոր ներխուժումների ի էքսպանսիոնիստական ամբիցիաների համար՝ կախված ուժերի նոր հավասարակշռությունից, ոոր ստեղծվում է տարածաշրջանում այդ պայքարով՝ ամերիկացի ու ռուս իմպերիալիզմի գլխավորությամբ, Էրդողանի վարչակարգն է Թուրքիայում:
Սիրիայում, Լիբիայում և Արևելյան Միջերկրականում ներխուժումներից ու ավարի իրենց փորձերից հետո Թուրքիայի իշխանությունները փորձում են վճռորոշ դեր խաղալ և Կովկասում բռնկված լարվածության մեջ: Այս տարվա հուլիսին Թովուզում իրավիճակի լարումից հետո և նախագահ Էրդողանի, և իշխանության մյուս ներկայացուցիչների հայտարարություններում՝ Ադրբեջանին աջակցության անվան տակ, խրախուսվում էր իրավիճակի լարումը, իսկ հետո անցկացվեցին համատեղ զորավարժություններ Ադրբեջանի հետ:


Թուրքիայի իշխանությունների դիրքորոշումը վկայում է պատերազմի մասնակից լինելու պատրաստակամությունը, որ արտահայտվում է նախագահ Էրդողանի հայտարարությունում՝ «Լեռնային Ղարաբաղը մեզ համար պակաս ազգային հարց չէ, որքան՝ Ադրբեջանի», և հերթական անգամ ցուցահանում է փաստը, որին անդրադարձել էինք «Մենք կռվելու ենք Հայաստանի՞ հետ» հոդվածում Թովուզի բախումներից հետո. «Ադրբեջանի ու Հայաստանի լարումին միջամտելու ձևը նորից ցույց է տալիս, որ մեկ մարդու վարչակարգը ձեռնպահ չի մնում/չի մնալու պատերազմ ու կոնֆլիկտներ հրահրելուց ամենուր, որտեղ ձեռքը կհասնի՝ մոնոպոլիստական բուրժուազիայի էքսպանսիոնիստական ձգտումների համաձայն, որին ինքը ներկայացնում է»:


Պակաս կարևոր չէ, որ ազդեցության վերաբաշխման համար մղվող պայքարը տեղափոխվել է Ռուսաաստանի հետնաբակ, ավելին՝ նախկին ԽՍՀՄ տարածք, որի ժառանգորդն է իրեն համարում Պուտինի Ռուսաստանը: Նշանակում է, որ լարվածության էսկալացիան Ռուսաստանի վրա ճնշում գործելու հաշվարկով է: Բայց տարածաշրջանում Ռուսաստանի աստիճանաբար աճող հզորության ու ազդեցության սահմանափակման ուղղությամբ այս քայլը, ինչպես Սիրիայում, մեծ է հավանականությունը, որ հակառակ արդյունքն է ունենալու: Ռուսաստանի համար, որ Հայաստանի հետ սերտ համագործակցում է ռազմական ու տնտեսական առումով (Հայաստանը Ռուսաստանի գլխավորած ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ է, որ ստեղծվել է ի հակակշիռ ՆԱՏՕ-ի), Լեռնային Ղարաբաղի խնդիրը նախևառաջ ստեղծում է համապատասխան պայմաններ՝ ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա՝ հաշվի առնելով էներգետիկ քաղաքականության պրոբլեմները:


Ադրբեջանը սերտ հարաբերություններ ունի ԱՄՆ-ի և արևմտյան իմպերիալիստների հետ, որոնց հետ 1994-ին կնքել է էներգառեսուրսների մշակման համաձայնագիր: Մյուս կողմից՝ հարաբերությունները ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ Ադրբեջանին դարձնում են հաղթաթուղթ, որ արևմտյան իմպերիալիստները կարող են օգտագործել Ռուսաստանի դեմ: Թուրքայի ու Ադրբեջանի սերտ հարաբերությունները, որ շարունակվում են Աբուլֆազ Էլչիբեյի ժամանակներից (1992-1993) մինչև այսօր, չնայած Թուրքիայում իշխանություններ են փոխվել, և արտահայտվում են «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով, մնում է անփոփոխ քաղաքականություն, իսկ այդ քաղաքականության տնտեսական հիմքը ձևավորում է ադրբեջանական նավթի փոխադրումը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարով:
Թուրքիայի իշխանությունները ցանկանում են օգտագործել լարումն ու բախումները Ադրբեջանի ու Հայաստանի միջև իբրև հաղթաթուղթ, որ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա, որի հետ ունեն տարաձայնություններ Իդլիբի ու Թել Ռիֆաթի վերահսկղության շուրջ Սիրիայում և Սիրտն ու Ջուֆրան Իրաքում Թուրքիայի աջակցությունը վայելող Ազգային համաձայնության կառավարությանը փոխանցելուն Լիբիայում: Սակայն լիովին հավանական է, որ այդ քայլը հակառակ արդյունքը կտա և Արևելյան Միջերկրականից հետո Էրդողանի վարչակարգը կզրկվի քայլեր ձեռնարկելու հնարավորությունից և Սիրիայում, և Լիբիայում:
Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ճանապարհը տարածաշրջանից պատերազմին մասնակից բոլոր ուժերի դուրսբերման մեջ է և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը նրա բնակիչների կողմից: Բայց վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ վկայում են, որ այս հետադիմական պատերազմներից ու կոնֆլիկտներից գլխավոր տուժողները ժողովուրդներն են, և քանի դեռ ժողովուրդները չեն կարող իմպերիալիստներին ու իրենց հետադիմական վարչակարգերին դեմ դուրս գալ, հնարավոր չի թվում իրադարձությունների ընթացքը փոխել:
Յուսուֆ Քարատաշ, Evrensel (Թուրքիա)


Հ.Գ. Evrensel-ը 1995-ի հուլիսի 7-ից հրապարակվող օրաթերթ է, որի տերը Մեհմետ Արիֆ Կոշարն է: Թերթը պաշտոնապես համարվում է սոցիալիստական, ձախ, սոցիալ-դեմոկրատական: Թերևս դրանով է բացատրվում իմպերիալիստների, հետադիմական վարչակարգերի և այլնի հիշատակումը, բայց գլխավորը դա չէ, այլ այն, որ Թուրքիայում հրապարակվում է նման թերթ, որտեղ հրապարակված հոդվածը փաստացի պաշտպանում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և մեղադրում Թուրքիայի իշխանություններին իրենց վարած քաղաքականության համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9761

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ