Թվում էր‚ թե հայ-ադրբեջանական սահմանային միջադեպն արդեն հարթվել է‚ իրավիճակը համեմատաբար կայուն է այն հատվածում‚ որտեղ մի քանի օր առաջ մարտեր էին ընթանում։ Սակայն ակնհայտ է‚ որ տավուշյան միջադեպը քաղաքական առումով ու աշխարհաքաղաքական նշանակությամբ համաշխարհային ուժային կենտրոնների կողմից առանձնակի ուշադրության է արժանացել։ Ընդ որում‚ ոչ միայն բուն հակամարտության ընթացքում‚ այլև առաջին հայացքից զուտ տեղային ու ընդհանուր առմամբ ռազմական գործողությունների ոչ մեծ շառավիղ ընդգրկող միջադեպը շարունակում է իր մեծ ազդեցությունն ունենալ աշխարհաքաղաքական գործընթացների վրա և հանդիսանալ քաղաքական զարգացումների դետոնատոր։
Դրա վկայությունն է թեկուզ այն‚ որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երկրորդ անգամ անվտանգության խորհրդի նիստում հատուկ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածին‚ և հերթական անգամ Ռուսաստանը խորը մտահոգություն հայտնեց հայերի և ադրբեջանցիների միջև խորացող կոնֆրոնտացիայի համար։ Հետաքրքիր է‚ որ չնայած երկար ժամանակ է‚ բախումներ չկան‚ սակայն ՌԴ անվտանգության խորհուրդը քննարկման առանցքում է պահում այս թեման։ Ավելին‚ օրերս Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Էրդողանը հեռախոսազրույց ունեցան‚ որի քննարկման թեմաներից էին‚ ըստ պաշտոնական հաղորդագրության‚ նույնպես հայ-ադրբեջանական հարաբերությունները‚ սահմանային միջադեպերը և այլն։
Որպեսզի հասկանանք‚ թե ինչ զարգացումներ են տեղի ունենում ռազմական միջադեպի ֆոնին‚ պետք է նշենք‚ որ ըստ էության‚ ինչպես վերլուծաբաններն են փաստում‚ տարվա ընթացքում որոշակի պարբերականությամբ նման միջադեպեր գրանցվում են‚ ընդ որում՝ թե Հայաստան-Ադրբեջան‚ թե Արցախ-Ադրբեջանի սահմանային հատվածներում։ Իհարկե‚ չի կարելի ասել‚ թե բոլոր բախումներն ունենում են այն նույն մասշտաբները‚ ինչ հուլիսյան դեպքերն էին‚ սակայն‚ այնուամենայնիվ‚ վերջին օրերի բախումը չի կարելի շատ խոշորամասշտաբ անվանել‚ առավել ևս համեմատել 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի հետ։ Հուլիսյան մարտերն ընդամենը պերմանենտ շարունակվող պատերազմի դրվագներից էին‚ որոնց ընթացքում կողմերից մեկը՝ հայկական բանակը‚ ըստ պաշտոնական հաղորդագրության‚ բարելավել է դիրքերը‚ ինչի հետևանքով եղել են զոհեր։
ՈՒշագրավ է‚ որ այս դրվագը շատ տարօրինակ կերպով աննախադեպ արձագանք ունեցավ։ Առաջինը‚ ինչպես հայտնի է‚ արձագանքեց Թուրքիան‚ որը բավականին ագրեսիվ տոնով իր աջակցությունը հայտնեց Ադրբեջանին‚ նույնիսկ Հայաստանին ուղղված սպառնալիքներ հնչեցին։ Դրան հետևեց Ռուսաստանի բավականին կոշտ, բայց դիվանագիտական պատասխանը‚ որը‚ ըստ էության‚ սաստեց Մինսկի խմբի անդամ երկիր համարվող Թուրքիային։ Այնուհետև հնչեցին արձագանքներ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններից‚ անգամ ԱՄՆ պետդեպարտամենտը՝ ղեկավար Պոմպեոյի գլխավորությամբ‚ հանդես եկավ հատուկ հայտարարությամբ։ Խոսեցին եվրոպական կառույցները‚ անգամ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։ Այսինքն՝ այս լոկալ միջադեպը‚ որի գործողությունների շառավիղը տարածվում էր ընդամենը մի քանի կիլոմետրի վրա‚ դարձավ աշխարհի առաջատար լրատվականների գլխավոր թեմա։ Իհարկե‚ բովանդակությամբ դրանք առանձնապես չէին տարբերվում‚ հիմնականում պարիտետային բնույթի հայտարարություններ էին‚ որոնցով կողմերին խաղաղության ու բանակցությունների սեղանի շուրջ նստելու կոչեր էին արվում։ Սակայն մասնագիտական շրջանակների ուշադրությունից չվրիպեց այն փաստը‚ որ սահմանային այս միջադեպն աննախադեպ արձագանք ստացավ։ Դա արդեն իսկ տարօրինակ էր և ցույց էր տալիս‚ որ բուն գործընթացը կարող է Արցախյան հարցում նոր զարգացումների մեկնարկային ազդակ լինել։ Հասկանալի է‚ որ այդպիսով հայ-ադրբեջանական ինչ-որ գործընթացի քաղաքական և ինֆորմացիոն աջակցություն է ցուցաբերվում։
Դրա վկայությունն էին նաև աշխարհի կարևորագույն մայրաքաղաքների կամ խոշոր քաղաքների փողոցներում՝ քաղաքացիական ճակատում‚ հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած մարտերը։ Հայ-ադրբեջանական բախումներ արձանագրվեցին Մոսկվայում‚ Լոնդոնում‚ Բրյուսելում‚ Լոս Անջելեսում‚ Բոստոնում և այլուր։ Ակնհայտ է՝ ինչ-որ սցենար է խաղարկվում‚ որի իմաստը, ամենայն հավանականությամբ, հայ-ադրբեջանական խնդիրն աշխարհի որոշում ընդունող մայրաքաղաքներին մոտեցնելն է ու այս հարցը այդ երկրների բնակչության‚ ներքին կյանքի շրջանում բորբոքելը։ Ըստ խաղարկվող սցենարի՝ այդ երկրները ստիպված կլինեն ուշադրություն դարձնել արդեն քրոնիկ դարձած արցախյան խնդրին և կփորձեն նոր լուծում տալ մոտ 25 տարի տեղում դոփող բանակցային գործընթացներին։
Այստեղ‚ իհարկե‚ հարց է առաջանում՝ ու՞մ է ձեռնտու այս ամենը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում խոսեց ինչ-որ երրորդ երկրի մասին‚ որը փորձում է ապակայունացնել իրավիճակը։ Փաշինյանն իհարկե ակնարկում էր Թուրքիային։ Եթե այս վարկածով ընթանանք‚ ապա պետք է նկատենք‚ որ այդտեղ որոշակի տրամաբանություն կա։ Վերլուծաբանները նշում էին‚ որ թե Ադրբեջանը‚ թե Թուրքիան ջանքեր են գործադրում վիժեցնելու Մինսկի խմբի ձևաչափը‚ փոխելու համանախագահների կազմը։ Ալիևն ընդամենը մի քանի օր առաջ իր հարցազրույցներից մեկում նշում էր‚ որ Ադրբեջանը հոգնել է տարիներ շարունակ անիմաստ ու անարդյունավետ բանակցային գործընթացից‚ և չի բացառվում՝ դուրս գա Մինսկի խմբի կողմից կազմակերպվող բանակցային գործընթացներից։ Սա բացահայտ ահազանգ էր‚ որը հուշում է‚ որ Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են Մինսկի խմբից հանել Ֆրանսիան‚ ԱՄՆ-ը։ Ռուսաստանին իհարկե լուսանցք մղել չեն կարող‚ քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան շատ լավ հասկանում են‚ որ մեր տարածաշրջանը Ռուսաստանի համար կենսական նշանակության է‚ և այստեղից նրան դուրս մղել‚ առավել ևս վանել Մինսկի խմբից, անհնար է։ Եվ որպեսզի ցույց տան‚ թե բանակցային գործընթացում որևէ առաջընթաց չկա‚ երրորդ երկրի միջոցով Ադրբեջանն ու Թուրքիան փորձել են հայ-ադրբեջանական խնդիրը գոնե մի քանի օրով դարձնել խնդիր բոլորի համար։ Սա‚ թերևս‚ ահաբեկիչների աշխատաոճն է. որպեսզի աշխարհի ուժային կենտրոնները‚ միջազգային հանրությունն ուշադրություն դարձնեն իրենց պրոբլեմի վրա‚ դա բերում-հասցնում են տարբեր երկրներ‚ տարբեր մեթոդներով խնդիր են դարձնում բոլորի համար՝ ուժային ներազդեցությամբ ստիպելով արագացնել գործընթացը։
Փաստորեն‚ ինֆորմացիոն ու մարտավարական այս պայքարը նշանակում է‚ որ աշխարհի կենտրոնները հարցի գերուռճացվող ֆոնին փորձելու են երկու կողմերին ստիպել ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու‚ ինչ-որ քայլ անելու‚ կամ էլ իրավիճակն այնպես է լարվելու‚ որի հետևանքը կարող է դառնալ լայնամասշտաբ պատերազմը։ Ընդ որում‚ պատերազմի սցենարը գուցե նաև ձեռնտու է Արևմուտքին‚ քանի որ հասկանալի է՝ հայ-ադրբեջանական պատերազմին մասնակցում են մի կողմից Ռուսաստանը‚ մյուս կողմից՝ Թուրքիան։ Եվ Արևմուտքին ձեռնտու է երրորդ երկրի միջոցով պայքար մղել Ռուսաստանի դեմ։ Պատահական չէ‚ որ ոչ մի արևմտյան երկիր չստաստեց Թուրքիային իր հակահայ հայտարարությունների համար և քննադատեց խոշորամասշտաբ զորավարժություններն Ադրբեջանի հետ։ Ըստ էության‚ այս հարցում բախվելու են Ռուսաստանի ու Թուրքիայի շահերը‚ և այդ պայքարն ու դրա հետևանքով այս երկրների թուլացումը ձեռնտու է Արևմուտքին։
Այսպիսով՝ մենք ականատես ենք աշխարհաքաղաքական բավականին լուրջ ու նուրբ մի խաղի‚ ընդ որում‚ Հայաստանն այսօր գտնվում է մի այնպիսի տարածաշրջանային բացառիկ միջավայրում‚ որտեղ գրեթե բոլոր հարևան պետությունները զորավարժություններ են անցկացնում՝ և Թուրքիան‚ և Ադրբեջանը համատեղ զորավարժությունների ձևաչափով‚ և Իրանը‚ և Ռուսաստանը‚ որն իր հարավային զորամիավորումների ստուգում-զորավարժությունն է իրականացնում։ Այս առումով նաև առանձնակի ուշադրության է արժանի այն փաստը‚ որ թուրք-ադրբեջանական զորավարժությունները զարմանալիորեն օպերատիվ կերպով կազմակերպվեցին։ Կարծես Անկարայում և Բաքվում նախօրոք պատրաստ էին‚ որ հայ-ադրբեջանական սահմանին աղմկահարույց բախումներ են լինելու։ Կասկածից վեր է‚ որ ընդամենը երկու շաբաթվա ընթացքում նման մասշտաբի զորավարժություններ այսպիսի օպերատիվությամբ կազմակերպելն ու իրականացնելն անհնար է։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ