Ամեն ինչ սկսել զրոյի՞ց՝ արտակարգ իրավիճակը շարունակվում է
15.05.2020 | 00:16
Սխրանքները ԱԺ-ում շարունակվում են: Թեև ԼՀԿ նախագահը ինքնատարհանվել էր Արցախ, հրադադար չեղավ, հայտարարությունների, լայվերի, տետատետների՝ նույնպես: Տարատեսակ առաջարկների՝ ևս: Հոդաբաշխ ու անկապ: Հիմքերի հիմքը որոնելիս ՔՊ-ն գտավ «Ապօրինի գույքի բռնագանձման օրենքը», ԼՀԿ-ն հասավ ժողովրդին փող բաժանելու առաջարկի մերժմանը: ԲՀԿ-ն ինքնամեկուսացավ ու չստանձնեց հաշտարարի դեր: Միով բանիվ՝ ԱԺ երեք ուժերն էլ ցուցադրեցին իրենց մտքի ու բազկի ուժը, միասին՝ անզորությունը: Ինչու՞.
1. Հայաստանում՝ քաղաքական դաշտում, խորհրդարանում, խորհրդարանից դուրս պակասում են քաղաքական մշակույթը, փոխհարաբերությունների կուլտուրան, հարգանքն ու ինքնահարգանքը: Օտարերկրացի դասականներին հաճախ մեջբերող քաղաքական գործիչները սեփական դասականներից տեղյակ չեն: Հակոբ Պարոնյանը, օրինակ, հստակ բանաձևել է. «Հայհոյանքը փաստի սով է»:
2. Քաղաքական փաստարկներին փոխարինում են հայհոյանքն ու բազկակռիվը, որովհետև անհանդուրժողականությունը բացահայտ կատեգորիա է: ՔՊ-ն համարում է, որ ինքը Կեսարի կինն է ու վեր է քննարկումից՝ անգամ առաջարկների: Որևէ քննադատություն, որի հակաթեզերը չկան, որակվում է «ռոբասերժական ռեժիմի սպասարկում», իբրև ապացույցներ բերվում են հին ու նոր վիրավորանքները, ձնագնդի էֆեկտով կծիկը գլորվում է. կողմերից ոչ մեկը չունի վերջակետի ուժ ու ցանկություն: Իրենց ընդդիմադիր անվանածները կրկնում են իշխանության վարքականոնը՝ ասելիքի հիմնավորման փոխարեն արագ փոխադրվելով դեմագոգիայի ու պոպուլիզմի դաշտ: Իրականում այս կոնֆլիկտը ցույց է տալիս, թե ինչ եղավ, երբ իշխանության պոպուլիզմը բախվեց ընդդիմության ավելի մեծ պոպուլիզմին: Կամ՝ ինչպես է ԼՀԿ-ն ինքն իրեն հռչակում իշխանություն:
3. Փաստացի՝ Հայաստանում կառավարման ճգնաժամը, որ դեռ կառավարության կառուցվածքի հրապարակման ժամանակ էր ուրվագծվել, բղավում է իր մասին, բայց բոլորը ձևանում են խուլ ու կույր, փոխարենը շատախոսում են սեփական խնդիրների մասին: Մեղմ ասած՝ աբսուրդ է, որ իշխանությունը վարչապետի դեմքով խոսում է անպաշտպանության մասին, իշխանությունը, որը կոչված է պաշտպանել պետությունն ու ժողովրդին, ինքնախոստովանական ցուցմունք է տալիս իր անզորության մասին: Միայն՝ առաջին հայացքից: Իրականում՝ իշխանությունը մեղադրանք է ներկայացնում բոլորին՝ հանրությանը, քաղաքական ուժերին, անգամ կորոնավարակին, բայց չի ցանկանում հայելուն նայել:
Համարենք, որ ՔՊ-ԼՀԿ բախումները, համաժանակյա ներողություն-մեղադրանքների տարափը՝ մանդատ վայր դնելու ու չդնելու, նոր լայվերի ու ասուլիսների շարանը շուտով կավարտվի: Համարենք, որ երկուստեք կհասկանան, որ հայտնվել են օտար խաղերի մեջ ու կվերադառնան բանականության դաշտ: Համարենք, որ հաջորդ ընտրություններում ընտրողը այնքան գիտակից կլինի, որ ամնեզիայի պոռթկումներ չի ապրի, ու դեֆակտո գնահատական կտա իր ընտրած ու չընտրած կուսակցությունների աշխատանքին, և կանի ոչ թե պահի թելադրանքով, այլ մտածված ընտրություն: Լավատես լինենք:
Լավատեսության մասին. ԱԺ-ն, այնուամենայնիվ, լավատեսության դռները փակում է:
Նոր ապացույցը դարձավ ՄԻՊ-ի զեկույցի քննարկումը: ՔՊ պատգամավորների որոշակի մասը իր պատվո խնդիրը համարեց բեմադրել անցած ուրբաթ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը տարբեր վարիացիաներով՝ ով ինչքան կարողացավ՝ իր ունակությունների սահմաններում: Եվ ի հայտ բերեց այդ սահմանների սահմանափակությունը: Հավարտ պարզվեց, որ գործող ԱԺ-ն նախ չի տիրապետում գործող օրենսդրությանը՝ սկսած Սահմանադրությունից, հետո ցանկացած հարց պատրաստ է ծառայեցնել օրվա քաղաքական խնդրի սպասարկմանը: Ի վերջո՝ պարզվեց, որ Հայաստանում սկսվել է «Նոր Հայաստան, նոր ՄԻՊ» գործողությունը: Պատճառներ չկան, կա երկաթյա տրամաբանություն՝ հեղափոխություն է եղել, ուրեմն ամեն ինչ պիտի ՀԵՂԱՓՈԽՎԻ: Փաստացի՝ ԱԺ նիստերի դահլիճում քչերին էր հետաքրքրում ՄԻՊ-ի զեկույցի ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, պատգամավորներն ունեին իրենց ասելիքը Արման Թաթոյանին: Ասացին ու գնացին տուն: Ինչու՞:
Նրանց չե՞ն հետաքրքրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, խնդիրները, արվածը, անելիքը: Չե՞ն ուզում իրենց խնդիրները տեսնել՝ օրենսդրության բարելավմամբ աջակցել: Փաստացի՝ ոչ: Նրանք ուզում են, որ ՄԻՊ-ը պաշտպանի միայն ու միայն իրենց իրավունքները, դատապարտի որևէ «ոտնձգություն» իրենց անձի ու գործի նկատմամբ, եթե անգամ ոտնձգությունն արտահայտվել է սեփական կարծիքի տեսքով: Եթե ոչ, պատրաստ են անբավարար գնահատել ՄԻՊ-ի աշխատանքը: Թերևս ոչ ոք չէր սպասում Արման Թաթոյանի կտրուկ արձագանքին. «Չհամարձակվեք մյուս անգամ Ձեր ձայնը բարձրացնել ինձ վրա, չփորձեք իշխանական դիրքերից խոսել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ և մյուս անգամ չփորձեք սպառնալ պաշտպանին»: Իմա՝ մարդու իրավունքների պաշտպանը խորհրդարանում ստիպված էր պաշտպանել ՄԻՊ-ի ինստիտուտը, ու դա աբսուրդ է, եթե Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է: ՈՒ այդ բաստիոնում ԱԺ նախագահն ընդամենը ասում է. «Որպես Աժ նախագահ՝ ես անթույլատրելի եմ համարում ձեր, թույլ տվեք ասել, անհանդուրժող վերաբերմունքը պատգամավորներից մեկի կամ մի քանիսի դիտարկումների ու ելույթի նկատմամբ»: Երկակի ստանդարտի դասական օրինակ: Արման Թաթոյանի անձը չէ խնդիրը, ոչ էլ նրա պրոֆեսիոնալիզմը, որ ընդունվում ու գնահատվում է միջազգային կառույցներում, խնդիրը բոլոր պաշտոններում ՅՈՒՐԱՅԻՆ ունենալն է: Ասենք՝ Սուրեն Գրիգորյանին, կամ՝ Նիկոլայ Բաղդասարյանին, կամ՝ Վաղարշակ Հակոբյանին: Միայն այդ դեպքում 2021-ին ԱԺ-ում ՄԻՊ-ի հերթական զեկույցին ՔՊ-ից ոչ ոք «անբավարար» գնահատական չի տա: Սա միակ առաջնային մանդատ ունեցող կառույցի՝ ԱԺ-ի դեգրադացիայի բացահայտ դրսևորում է:
Դեգրադացիայի մեկ այլ դրսևորում էր Լանզարոտեի կոնվենցիայի ընդունումն ու ընդունման ձևը: Եթե արտակարգ դրության պայմաններում Աժ-ն արտահերթ նիստի օրակարգ է բերում կոնվենցիան՝ առանց նախնական մասնագիտական ու հանրային քննարկման, և վավերացնում, ստեղծում է կասկածների դաշտ առանց այդ էլ վիճահարույց կոնվենցիայի վերաբերյալ: «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիան շատերն են համարում Ստամբուլյան կոնվենցիայի «մանկական» տարբերակ: Բացի այն, որ կոնվենցիան սեռական կողմնորոշման հասկացությունն է բերում ՀՀ իրավական համակարգ, այդ հասկացության դաշտում են հայտնվում երեխաները: Ճիշտ է՝ յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում՝ ո՞ր տարիքից: Բայց ոչ երկակի ստանդարտ, ոչ էլ անմեղության կանխավարկածի խախտում կլինի ենթադրությունը, որ ՀՀ գործող իշխանությունը, ԿԳՍՄ նախարարը իր պատվո խնդիրն ու անմիջական պարտականությունը կհամարի օր առաջ կոնվենցիան ներդնել մանկապարտեզներում, զարգացնել դպրոցում՝ ուսումնական ծրագրերից հանելով Հայ առաքելական եկեղեցու պատմություն առարկան: Իրականում ոչ թե երեխաներին է պետք սեռական ոտնձգությունից պաշտպանել՝ նրանց բացատրելով՝ ի՞նչ է սեռը ու ի՞նչ է ոտնձգությունը, այլ՝ բացառել սեռական ոտնձգությունը: Իհարկե, դա ավելի դժվար խնդիր է: Ցուցադրական հեշտությամբ կարելի է գնալ մյուս ճանապարհով՝ ենթադրյալ զոհին պաշտպանելու, բայց փայտը երկու ծայր ունի՝ ինչու՞ չչեզոքացնել ենթադրյալ հանցագործին: 79 կողմ քվեարկած պատգամավորների համար այս հարցը չկա: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը արձանագրում է. «Պետությունը պետք է ձեռնարկի անհրաժեշտ օրենսդրական, նաև այլ միջոցներ՝ ապահովելու, որ երեխաները տարրական և միջնակարգ կրթության ընթացքում ստանան սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնություների հետ կապված վտանգների, ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկություններ, որոնք հարմարեցված են նրանց զարգացող կարողություններին»: Իրական պաշտպանությունը երեխայի երեխա մնալու՝ մանկության պաշտպանությունն է, ոչ թե նրա գիտակցությունը իր գիտելիքներին ու փորձին անհարիր պատկերացումներով խեղաթյուրելը: 6-10 տարեկան երեխային ո՞վ ու ինչպե՞ս է բացատրելու՝ ինչ է սեռական շահագործումը: Փաստացի՝ ամենահետաքրքրասեր տարիքում հետաքրքրություն առաջացնելու իր սեռի ու սեռով պայմանավորված խնդիրների վերաբերյալ: Որ ի՞նչ: Ֆիզիկականից առաջ մտավոր սեռահասունացումով ի՞նչ խնդիր է լուծվում: Հավելեք՝ երրորդ սեռի վտանգը, որ տառաճանաչ երեխայի համար ժամանակակից տեխնոլոգիաներով անհասանելի տեղեկություն չէ: Ինչու՞ են ՀՀ քաղաքական օրակարգում հայտնվում նմանօրինակ կոնվենցիաները: ԱԺ ՔՊ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանին չհարցնեք, կլացացնի մանկապղծության դեպքերով ու չի ասի՝ ինչու՞ սեռական շեղումներ ունեցողների վերաբերյալ օրենք չի ընդունվում: ՀՀ-ն կոնվենցիան 2010-ին ստորագրել ու մինչև այսօր չէր վավերացրել, 10 տարի ԵԽ-ն վավերացման հարց չի դրել: Չվավերացրած Իռլանդիային էլ չի սպառնում ԵԽ-ից վտարել: Չզարմանաք, եթե մի օր արթնանաք ու տեղեկանաք, որ ԱԺ-ն նախորդ օրը արտահերթ նիստով վավերացրել է Ստամբուլյան կոնվենցիան:
Ինչպես չեք զարմանում, որ կորոնավիրուսի դեմ պայքարը իշխանությունները դրել են ժողովրդի վրա: Վարակի տարածումը կանխելուց հույսը կտրած՝ վարչապետը գնաց սահմանափակումները հանելու ճանապարհով: Ամբողջ աշխարհի պես: Բայց ի տարբերություն այլոց՝ Հայաստանում չեղավ ու չկա ճգնաժամային կառավարում: Բացի՝ վիճահարույց 18 փաթեթներից: Նշանակվեց պարետ, որ վերջերս նույնիսկ հայտարարություններ չի անում: Փոխարենը՝ վերստին վարչապետն է լայվով հորդորում տարածություն պահել, ձեռքերը լվանալ, այլապես ամեն ինչ պիտի սկսենք 0-ից: Դա՞ է վարչապետի գործը: Դրա համար պետք է լիներ գլխավոր ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆ, որ չնշանակվեց: Եվ այսօր արդեն ունենք ինքնամեկուսացած երկու նախարար՝ Սուրեն Պապիկյանը և Արսեն Թորոսյանը: Այո, առողջապահության նախարարը, որ չէր կողմնորոշվում՝ պե՞տք է, թե՞ պետք չէ դիմակ կրել: Պարետն էլ մինչ օրս չհասկացավ, որ ճգնաժամային կառավարման մեջ կարանտին սահմանելուց բացի մտնում էր կարանտինը պահպանելը, բուժսարքավորումներով ապահովումը, արտադրության ստեղծումը: Չէ, իհարկե, մենք ունենք դիմակներ՝ ամեն երկրորդը անորակ, ձեռնոցներ՝ ամեն երկրորդը պատռվում է հագնելիս, ալկոգել՝ հիմնականում գլիցերինով օճառաջուր: Իրանը 30 վայրկյանում արդյունք տվող թեստեր է արտադրում, Հայաստանը շարունակում է գնել: Թոքերի արհեստական օդափոխման սարքերի ստեղծման մասին ավելորդ է խոսել: Բարձր տեխնոլոգիաները ինչպե՞ս են զարգացնում: «Ճգնաժամը նաև հնարավորություն է»՝ սկզբունքը ինչպե՞ս են իրագործում: Սա պարետի խնդիրը չէ՞ր: Աշխատանքի սահմանափակումը վերացնելիս՝ աշխատողների աշխատանքի գնալ-գալն ապահովելը պարետի խնդիրը չէ՞ր: Գուցե պարետն իր տեղում չէ՞: Ոչ, Նիկոլ Փաշինյանի 12-1 առաքյալները մնում են իրենց 7-րդ երկնքում, որտեղ լիքն է մանանան, իսկ հպարտ հայերը թող պահեն իրենք իրենց: Ոնց կուզեն, ոնց կկարողանան: Կորոնավիրուսի հարցով Նիկոլ Փաշինյանի հետ ոչ ոք չէր պայմանավորվել: Գուցե իսկապես ամեն ինչ պետք է սկսել 0-ից, կամ՝ 00 կոորդինատներից:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվի մուտքերը մայիսի 11-ին կազմել են 1 մլրդ 066 մլն 772 հազ. 957,9 դրամ։ Ե՞րբ և ո՞վ է հաղորդելու, թե միլիարդից ավելի գումարը ինչի՞ վրա է ծախսվել: Տնտեսության վերականգնմա՞ն որևէ ծրագրի: Ընթացիկ գնումների՞: Թե՞ զարգացման ծրագրի: Ողջ լերուք: Ամառը հեռու չէ: Թեպետ այս ընթացքով՝ ամառն էլ անցնելու է կարանտինի մեջ: Ապահովված չեն անգամ կորոնավիրուսով հիվանդացածները, հաճախ օրգանիզմում հակամարմիններ չեն ձևավորվում: Ընդհանրական իմունիտետը մնում է հորիզոնի գիծ: Լավատես մնացեք:
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ