ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ խումբը փոխնախագահ Մայք Փենսի գլխավորությամբ՝ առաջիկայում կդադարեցնի աշխատանքը: ԱՄՆ-ը առաջին տեղում է վարակվածների թվով (1,2 միլիոն), մահերի թվով՝ 70 000 մարդ: Օրական մահերի թիվը անցնում է 1000-ից, վերջին երկու օրը՝ 2000-ից: Այուամենայնիվ, իշխանություններն աստիճանաբար հանում են սահմանափակումները:
«Մայք Փենսն ու ամբողջ խումբը հիանալի աշխատել են, բայց մենք հիմա այլ ձև ենք քննարկում՝ անվտանգություն ու բացություն: Այդ նպատակների համար հավանաբար մեզ պետք կլինի ուրիշ խումբ»՝ ասել է Թրամփը լրագրողներին՝ պաշտպանական դիմակների արտադրության ֆաբրիկա այցի ժամանակ:
Թրամփը մեկնել է Արիզոնայի Honeywell ընկերության գործարան, որ կառուցվել է մեկ ամսում և արտադրում է N95 դիմակներ բուժաշխատողների համար: Լրագրողները արձանագրել են, որ նախագահը այցի ընթացքում անտեսել է դիմակ կրելու պահանջը: ԷյԲիՍի հեռուստաընկերությանը հարցազրույցում նա ասել էր, որ չի կարողանում գիշերները քնել՝ մտածելով կորոնավիրուսի ստեղծած իրավիճակի ու պանդեմիայից մահացածների մասին: «Ես չեմ կարողանում քնել և անընդհատ մտածում եմ նրանց մասին,-ասել է նա:-Մենք ունենք թշնամի, և մենք պետք է նրան հաղթենք»:
BBC
Հ.Գ. Չափազանց ուշ է սկսվել Դոնալդ Թրամփի անքնությունը: Առավելևս, որ հայտնի չէ, թե ինչ կլինի ԱՄՆ նախագահի անքնության հետևանքը: Իսկ Եվրոպան շարունակում է թուլացնել կարանտինը, այսինքն՝ ԱՄՆ ու Եվրոպան գնում են նույն ճանապարհով: Մերձբալթյան պետությունների իշխանությունները երեկ ընդունել են մայիսի 5-ից միմյանց միջև սահմանները բացելու որոշում, բայց արտասահմանցիների առաջ մուտքը կշարունակի փակ մնալ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարանտինի թուլացման քայլերի մասին հայտարարություն կանի 16 երկրամասերի ղեկավարների հետ հանդիպումից հետո: ԶԼՄ-ները գրում են, որ իշխանությունները կարող են արտոնել առևտրական կետերի աշխատանքը սոցիալական տարածության ու հիգիենայի կանոնների խիստ պահպանության դեպքում: Ծրագրվում է սկսել պարապմունքները դպրոցներում ու Բունդեսլիգայի խաղերը, բայց՝ առանց հանդիսատեսի: Գերմանիայի կառավաության զբոսաշրջության հարցերով պատասխանատու Թոմաս Բարայսը չի բացառել, որ ամառային հանգիստը գերմանացիները կարող են անցկացնել եվրոպական այլ երկրներում: «Դա վերաբերում է նախևառաջ մեր հարևաններին՝ Ավստրիային, Ֆրանսիային, Բելգիային, Լեհաստանին, Նիդեռլանդներին, որտեղ կարելի է գնալ մեքենայով: Բայց ես չէի բացառի նաև այլ նպատակակետեր, օրինակ Բելեարյան կամ հունական կղզիները»՝ ասել է Բարայսը Tagesspiegel-ին հարցազրույցում: Նրա խոսքով՝ եվրոպական երկրների հետ բանակցությունները արդեն վարվում են, թեպետ Անգելա Մերկելը մեկ շաբաթ առաջ ասել էր, որ ամառային արձակուրդի հարցը օրակարգում չկա:
Հունաստանի զբոսաշրջության նախարար Խարիս Թեոկարիսը BBC-ին ասել է, որ իշխանությունները ծրագրում են աստիճանաբար բացել սահմանները զբոսաշրջիկների առաջ, առաջին հերթին ավտոմեքենատերերի, որովհետև այդ ճանապարհորդությունները անվտանգ են սոցիալական տարածության տեսակետից: Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հույս է հայտնել, որ պանդեմիան վերահսկողության տակ կվերցվի, և իտալացիները կարող են արձակուրդն արտասահմանում անցկացնել: Կոնտեն նաև տեղեկացրել է, որ իշխանությունները մշակում են տնտեսական օգնության փաթեթ 55 միլիարդ եվրո գումարով՝ պանդեմիայից հետո տնտեսության վերականգնման համար: Փաթեթը, որ այս շաբաթ է ընդունվելու, նախատեսում է դրույթներ, որոնք թույլ կտան բոլոր քաղաքացիներին անվճար վերանորոգել շենքերը՝ երկրաշարժադիմացկուն դարձնելու համար:
ԵՄ տնտեսությունը պատմության մեջ ամենամեծ ճգնաժամի մեջ է և տարեվերջին կկրճատվի է 7,4%, թեպետ կես տարի առաջ ԵՄ- աճ էր ծրագրում: Չորեքշաբթի նոր կանխատեսումները ներկայացնելիս տնտեսության եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլիոնին նախազգուշացրեց, որ հիմա որևէ կանխատեսում շատ բարդ է, իրականությունը կարող է տարբերվել կանխատեսումներից, ընդորում՝ դեպի վատը: «Պանդեմիայի պատճառով՝ ԵՄ տնտեսական ակտիվությունը մեկ ժամում 1/3 կրճատվեց: Մենք հույս ունենք վերականգնել երկրորդ կիսամյակում, և 2021-ին տնտեսությունը 6,1% կաճի: Սակայն դա քիչ է կորուստները հետ բերելու համար»՝ ասել է նա մամլո ասուլիսում: Եվրահանձնաժողովի կանխատեսումները համընկնում են ԱՄՀ-ի վերջին գնահատականների հետ, որ աշխարհի չափերով երկրորդ տնտեսությանն ավելի էական անկում է կանխատեսում քան ԱՄՆ-ին (-6%): Եռյակը եզրափակող Չինաստանի տնտեսությունը կաճի 1%: Հուսանք, որ միջազգային կազմակերպությունները պարզապես ապահովագրում են իրենց՝ վատագույն կանխատեսումների մեջ միմյանց գերազանցելով, իսկ իրականությունը կգա նրանց համոզելու հակառակի մեջ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ