Ֆրանսիայի մամուլն անդրադարձել է Վլադիմիր Պուտինի նախագահական ժամկետների զրոյացմանը, որ նրան հնարավորություն է տալիս նախագահել մինչև 2036-ը:
Իրադարձությունները Պետդումայում լավ պատրաստված համար էին, նույնիսկ եթե գլխավոր հերոսների խաղն ու բնականությունը համոզիչ չէին՝ գրում է Վերոնիկա Դորմանը Libération-ում: «Ժողովրդի ձայնը» տեղ հասցրեց տիեզերք տեսած առաջին կինը, ապաքաղաքական մարդ, ում սխրանքը հարգում են Ռուսաստանում, այդ պատճառով նա կասկածից վեր է: Իրադարձությունները տեղի էին ունենում տարանցիկության խոսակցությունների համապատկերում, որ սկսել է Պուտինը, և դերի, որ նա խաղալու է ապագայում՝ գրում է Ալեն Բարլյուեն Le Figaro-ում: «Կգնա՞ նա: Շատերն են կասկածում: Չի՞ գնա: Հենց դա են մտածում շատերը: Բայց այդ դեպքում՝ ի՞նչ պաշտոնում»: Le Figaro-ն նշում է, որ համաձայնելով նախագահական ժամկետների զրոյացմանը, Վլադիմիր Պուտինը չի բացահայտել 2024-ի իր մտադրությունները: «Հավանաբար, նախագահը ուզում է խաղը պահել իր ձեռքում»: Le Monde-ում Բենուա Վիտկինը իրադարձությունների մեջ տեսնում է ինտրիգը պահելու Պուտինի ցանկությունը: Պատահական չէր, որ Պետդումայում նա ելույթն ավարտեց խորհրդավոր ՙՀետոն հետո կերևա»-ով: Le Monde-ը հիշեցնում է, որ Պուտինը վերջերս բազմիցս բացառել է իր իշխանություն մնալը 2024-ից հետո ու կարևորել փոփոխությունները: Վլադիմիր Պուտինի ժամկետների զրոյացումն ու նրա 5-րդ անգամ ընտրության թեման երկար ժամանակ Կրեմլում տաբուի տակ էր: Հիմա տաբուն խախտված է: Սահմանադրական դատարանի հավանությունը և ՙհամազգային քվեարկությունը» ձևականություն է՝ շարունակում է Le Monde-ը. ՙԱյդ քվեարկությունը անհասկանալի ուրվագծերով, որ պետք է անցնի առանց սովորական դիտորդների, առայժմ այնքան էլ չի գրավում մարդկանց: Ոչ ոք չի կասկածում, որ քվեարկությունը վերածվելու է Վլադիմիր Պուտինի անձի նկատմամբ պլեբիսցիտի՝ հաշվի առնելով նոր ժամկետները՝ մինչև 2036-ը»:
Վլադիմիր Պուտինը համաձայնել է նորից քվեարկվել 2024-ին, քանի որ այդպես խնդրում են: Եվ ամբողջությամբ իրեն հանձնել է ժողովրդի կամքին՝ ապրիլի 22-ի համաժողովրդական քվեարկության արդյունքներին: Ու դրանով հողը հանում է ընդդիմության ոտքի տակից, որ միայն կսահմանափակվի սոցիալական ցանցերում զայրանալով՝ շարունակում է Libération-ը: Le Monde-ը ընդդիմության թուլությունն է համարում, որ բողոքի ակցիայի կոչ է արել միայն մարտի 21-ին:
RFI
Հ.Գ. Ֆրանսիացիները նրբանկատ են և չեն ուզում ֆրանս-ռուսական հարաբերությունները ստվերել: Այդ իրենց նախագահները կարող են միայն երկու անգամ առաջադրվել ու փաստ չէ, որ երկրորդ ժամկետում ընտրվել՝ Նիկոլա Սարկոզին ու Ֆրանսուա Օլանդը՝ օրինակ: Այդ իրենց նախագահներին կարող են դատի տալ՝ Ֆրանսուա Միտերանը, Ժակ Շիրակը, Նիկոլա Սարկոզին՝ օրինակ: Իսկ Ռուսաստանում ցարը ցար է, ու՝ ցմահ է, եթե ռուսները հեղափոխություն չեն անում: Բայց հեղափոխությունները մնացին 20-րդ դարում: 21-րդ դարում հեղափոխություններին փոխարինել են պետության տարածքից դուրս պատերազմները:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ