Ալֆան և օմեգան
06.03.2020 | 01:54
Հարգարժան լեյդիզ էնդ ջենթլմեն, մե շեն միղվարխար՝ քալբատոնո, բատոնո գամառ ջոբա, շենի ճիրի մե: Կարևորում եմ արտաքին և ներքին հարաբերությունները, երկրի կայունացման և հարևանների հետ հարաբերությունների մարտահրավերները, տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումների, հնարավոր ռիսկերի կանխարգելման ճանապարհային քարտեզագրությունը և գեոդեզիան՝ չանտեսելով բարի կամքի, ժողովուրդների բարեկամության և խաղաղասիրական այլ հրամայականներ: Մենք ժխտում ենք երկակի ստանդարտների կիրառումը աշխարհակալող համանախագահների կողմից, մեծ երկրների շահերի գերակայումը արդարության և պատմական ճշմարտության հանդեպ, միևնույն ժամանակ ընդունելի ենք համարում և՛ ազգերի ինքնորոշման, և՛ երկրի ամբողջականության պահպանման միջազգային սկզբունքները և համոզված ենք, որ ոչ ոք իրավունք չունի միջամտելու այս կամ այն երկրի կամ անհատի և մարմնի կյանքին կամ պետական ինքնիշխան կառույցի ներքին գործերին։ Հասկանալի՞ է: Կարծում եմ՝ նաև պարզ ու թափանցիկ: Մենք նախընտրում ենք հակամարտությունների լուծման ոչ կոպիտ և զենքի ուժով, այլ փափուկ ու բանակցային, ոչ բիրտ, այլ մեղմ ու թավշյա եղանակները: Իհարկե, երկուստեք առկա են սպառնալի մարտահրավերներ, սակայն մենք պատրաստ ենք նույնիսկ վերելակներից դուրս, ցանկացած ձևաչափով, պայմանավորվածություններ ձեռք բերելու մի գավաթ թեյի շուրջ, թեկուզ մուղամի ուղեկցությամբ ու շիքյաստիով, կարող ենք մեզ թույլ տալ նաև մի փոքր քթներս քաշելու հաճույքը, քննարկումներ անցկացնելու առանց առճակատման՝ թե՛ փոխզիջումային, թե՛ ցանկացած այլ տարբերակով, որն ընդունելի կլինի հակամարտող բոլորի կողմերի համար և նույնիսկ մի քանի դեմով, կընդունվի միաձայն։ Հիմա դրա ժամանակը, ցավոք, չունեմ, խիստ զբաղված եմ՝ փաստավավերագրական ֆիլմաշար են նկարահանում իմ կյանքի ոդիսականի մասին՝ դժվար մանկությունից, ինքնակայացման դեգերումներից մինչև ծանր գահակալություն՝ փողոցային գործողությունների, ցույցերի և բախումների ընդգրկմամբ, վաղվա անխորտակ տեսլականով: Մտքերս, որպես աֆորիզմներ, փակցվում են պաստառների վրա: Դրա համար մեր պետական գանձարանը չափազանց առատաձեռն է գտնվել և միջոցներ չի խնայում ժողովրդի բոլոր խավերի մեջ իմ գաղափարները և մտքերը սերմանելու համար: Հանուն այդ նվիրական նպատակի իրագործման շռայլորեն խրախուսվում են նոր ծրագրերի հեղինակները՝ առանց սեռային և ազգային խտրականության, բացառությամբ մեր գաղափարական հակառակորդների: Չենք թողնի, որ ֆինանսական և բարոյական բեռը ծանրանա գիտաստեղծագործական նորագույն մտահղացումների հեղինակների ուսերին: Այդ ամենն արվում է մեր ժողովրդի պահանջով, հանուն մեր ժողովրդի, հանուն նրա բարեկեցության և ազատ կամարտահայտման, ընդդեմ կոռուպցիոն ջղաձգումների, որ ժառանգել ենք նախորդ իշխանություններից: Ինչևէ:
Նախապատրաստվում է նաև ինձ նվիրված ցուցահանդես՝ գլխարկս, կոշիկներս և ուսապարկս են խնդրել, նույնիսկ ներքնաշորեր: Ափսոս, որոշ բաներ չեն պահպանվել, սուրբ մասունքներ ու հիշատակներ իմ մարտական ընկերներից, բայց ոչինչ, կարելի է դրանց նմանությամբ թանգարանային նմուշներ պատրաստել: Հալալ է կողակցիս: Առաջարկում է աճուրդով վաճառել այդ հեղափոխական մասունքները և շահույթը տրամադրել չքավոր ընտանիքներին, արտերկրում ուսման մեկնող երիտասարդներին օգնող հիմնադրամին: Նա գլադիատորի հերոսական նվիրվածությամբ մշտապես կողքիս է: Գոտեպնդում է, խորհուրդներ տալիս…
Ճիշտ է, որ կանայք հեռատես են: Իմ հնոտիքն ու ցնցոտիքը, անգամ կարկատաններով շալվարս ու մայկաս՝ Իշտոյանի և Պելեի նկարներով ու չինական բարցովկաներս, որը և է զտրեխն մերոց հնոց, զորս ի շենեն ղշլաղ բերեց ինձ քաղաքամայր, ի պահ էր հանձնել պատմությանը տատիս զառամյալ սնդուկի մեջ: Թող հետագա սերունդներն իմանան, թե ինչ հերոսական անցյալ են ունեցել, քանի ու քանի անքուն գիշերներ են լուսացրել իրենց հեղափոխական նախնիք, ինչպիսի խիզախումների միջոցով են նվաճվել հաղթանակները։
Ընդհանրապես, ես մեծ կարևորություն եմ տալիս գաղափարական հնարքներին, մտավարժանքներին ու մանիպուլյացիաներին: Առանց դրանց բազմազանության շատ դժվար կլինի մասսաների հետ տարվող աշխատանքներում հաջողության հասնել: Օրինակ, էն լուսահոգի Դուչեն ուզում էր, որ աշխարհում իշխի միայն իր ֆաշիստական ազգային գաղափարախոսությունը, որը մեկ անգամ չէ, որ շեշտել եմ, կեղծ ու սին կատեգորիա է: Այդպիսին է նաև ժողովուրդների բարեկամությունը, որ առանց հասկանալու բոլորը կրկնում են: Մի խելառ քարը գցել է հորը, յոթ խելոք չեն կարողանում դուրս բերել: Ա՛յ բալամ, ինչպե՞ս կարող է մի հավաքականությունը բարեկամ լինել մեկ ուրիշ հավաքականության, երբ այդ հավաքականության ներսում ոչ բոլորն են իրար բարեկամ: Ասենք, այո, ես կարող եմ թուրք քիրվա ունենալ, ռուսը հայ կնիկ ուզել, բայց դա ի՞նչ կապ ունի ժողովուրդների բարեկամության հետ: Մարդ մի կախարդական ռետին ունենար ու ջնջեր երկրի երեսից անցյալն իր բոլոր կարծրատիպերով, պատմությունը սկսեր մաքուր ու սպիտակ էջից: Էդպես էլ անելու եմ՝ ուժերիս ներածից ավելի չափով:
Նպատակն արդար է, միջոցները՝ անսպառ, միտքս՝ պայծառ ու լուսավոր: Հա, Դուչեն վարպետորեն թլոզեց Ադիկին, ու մանիֆեստը, որպես սահմանադրական իրավունքին գերակա շահ, իր ազգի ու իր հագով կարեց: Բայց սոթ տվեց, երբ արձանագրեց, որ անհրաժեշտ է վերացնել բոլոր ոչ արիական ցեղերին: Ճիշտ մեր գեղի սապոժնիկ Ժիրոյի նման, որ իրեն գովազդում էր, թե տարածաշրջանի լավագույն կոշկակարն է ու, իբր թե, էն հայտնի մուժիկին, որին հարկավոր էր մի զույգ կոշիկ, բոլորը ասել են՝ չիք, չիք-չիրիք, դիմել է մուժիկը Իլյիչին, սա էլ խիստ վրդովվել և ուղարկել է նրան մեր գյուղ, ու մի երկտող գրել Ժիրոյին հասցեագրված. «հՏՉպՐՔպվվՏ րպՍՐպՑվՏ (Հույժ գաղտնի): Ժիրո, օգնիր մուժիկին: Նրան հարկավոր է մի զույգ կոշիկ»: Ժիրոս էլ կարել է կոշիկները, նվիրել մուժիկին, մի լավ պատիվ տվել ու մի բոխչայի մեջ տնական պանիր, յուղ ու մեղր, ավելուկից ու լոբուց դրել, թե՝ էս էլ տար Վալոդին ու Նադյային տուր, մեղք են, սոված կլինեն էդ անտեր ֆիննական անտառներում: Բանից պարզվում է, որ սա Կոբայի, Կամոյի, Ջափարիձեի ու Շահումյանի ու 26 կոմիսարներից էլի մի քանիսի հետ Բաքվում նույն գողական կամերում է նստած եղել: Կալենդարնի նստել են, մինչև Լոնդոնից «Բրիթիշ փեթրոլիումի» ժամանումը, որից հետո համաներման են ենթարկվել: Ժիրոյի հաղորդած հավաստի տեղեկությունների համաձայն, Կամոյի մասին Լենինին պատմել է Ստալինը: ՈՒ օրերից մի օր Վոլոդյան կնկան հանձնարարում է մորզեով շտապ կապ տալ Տրոցկու հետ, որ Կամոյին թեկուզ գետնի տակից գտնի ու ուղիղ միացնի իրեն: Նադյան, զգուշանալով Ֆելիքս Էդմունդովիչի գաղտնալսումներից, Սմոլնի է ուղարկում հաղորդագրությունը չերեզ Ձմեռային պալատ:
-Ալո, ընկեր Կամո, ձեզ հետ խոսում է հեղափոխության առաջնորդ Վլադիմիր ՈՒլյանովը: Համաշխարհային հեղափոխության վերջնական հաղթանակի համար մեզ անհրաժեշտ է մի կլորիկ գումար հայթայթել: Կարո՞ղ եք մեզ նման ծառայություն մատուցել:
-Ես այժմ գտնվում եմ Թիֆլիսում, ընկեր Լենին, միջազգային հետախուզման մեջ եմ: Բայց եթե անձամբ Դուք եք ցանկանում, նո պրոբլեմ: Ի՞նչ չափի գումարի մասին է խոսքը:
-Դե, որքան շատ, այնքան լավ, ընկեր Կամո: Առաջարկում եմ թալանել Թիֆլիսի կենտրոնական բանկը կամ գոնե ինկասատորների մեկ կառք՝ փուռթուլական մեթոդաբանությամբ: Անհոգ եղեք: Ամեն բան մեր վերահսկողության տակ է, միայն թե օպերացիան կատարեք անարյուն: Ես հիմա կկապվեմ Համաշխարհային բանկի մեր ընկերների հետ: Տրոցկին արդեն գործուղված է Լոնդոն: Այնուամենայնիվ, զգույշ գործեք: Իրավիճակից ելնելով, կարող եք ինկասատորների հետ գաղափարական աշխատանք տանել, պարզ ասել, որ գումարը տրամադրվելու է հեղափոխական նպատակների՝ բոլոր ազգերի աշխատավորության շահերի սպասարկմանը՝ հանուն նրանց բարեկեցության և պայծառ ապագայի: Կարող եք չթաքցնել, որ գումարը կդրվի կնոջս հիմնադրամի շվեյցարական հաշվին, և անձամբ նա կտնօրինի բոլոր ծախսերը՝ համապատասխան ստացականներով: Մի խոսքով, աշխատեք չբռնվել, դուք մեզ դեռ շատ եք պետք: Հարկ եղած դեպքում Ձեզ գժի տեղ դրեք: Մենք կկազմակերպենք Ձեր փախուստը Մետեխի բանտից կոյուղու խողովակով, որն անմիջապես Քուռն է լցվում: Այնտեղ Ձեզ կդիմավորեն մեր կինտո ընկերները և Ձեզ գետի հունով կհասցնեն մինչև Կասպից ծով, որտեղ մեր բասմաչ ընկեր Էնվերն է: ՈՒրեմն, դուխով ի գործ:
Օպերացիան բարեհաջող է կատարվում, սակայն որոշ ժամանակ անց Կամոն հեծանվով բախվում է բեռնատարին և կնքում մահկանացուն: Ըստ օդում պտտվող լուրերի դա ոչ թե վթար կամ ինքնասպանություն, այլ սպանություն էր, որը կազմակերպվել էր Բերիայի ձեռամբ՝ հետքերը վերացնելու նպատակով: Իսկ կոշկակար Ժիրոն մինչև կյանքի վերջը պահում էր այն բիզն ու ասեղը, որոնցով կարել էր Լենինի պատվիրակած մուժիկի կոշիկները և գովազդում իրեն ու իր փեշակը, հանց Դուչեն իր ազգն ու ազգային գաղափարախոսությունը: Ժիրոյի համար էդ ամենը, գումարած Հայրենիքը, իր կոշկակարի բուտկեն էր ու պատին փակցված կիսամերկ բացծիծիկ կանանց նկարները, որ խնամքով կտրել էր մամուլի էջերից:
Լավ, սա ի միջի այլոց: Առաջ ընթանանք: Էն գյոռբագյոռը, որ Վաղարշապատում բոլշևիկյան առաջին բջիջն էր կազմավորել, ասում է. «Լենին պապիկ, էն փողերը հատան Աստրախանում բոզերի վրա, մի քիչ էլ պադագրև արա քո գերմանական հիմնադրամից, էստեղի սաղ ծտերը կմիանան մեր շարժմանը»: Վլադիմիր Իլյիչն էլ բարկանում է, թե՝ անխնամ եք ծախսում, ընկեր Հայկունի, ստիպված եմ ձեզ կարգապահական տույժի ենթարկել և որակազրկել՝ պայթեցնելուվ ձեր ապրած շենքին փակցված հուշաքարը: Էն Կոբան էլ ընկնում է խեղճ Տրոցկու հետևից ու Մեքսիկայում խփել է տալիս: Թե ինչ չէին կարողացել կիսել իրար մեջ, էդպես էլ գաղտնիք մնաց ինձ համար: Իհարկե, սրանց հերն էլ անիծած, բայց էս ամբողջ ուղուն համաշխարհային հեղափոխությունների պետք է անդրադառնամ: Բանն այն է, որ ես հիմա կարևոր գործի վրա եմ՝ ձեռքի հետ, ազատ ժամերիս, գիրք եմ գրում: Ասես մահապարտի ինքնակենսագրական լինի՝ «Իմ պայքարը»: Պատմական սկզբնաղբյուրը հիմնականում իմ ապրած բարդ ու դժվար կյանքն է. որ չէ այնչափ ցավ ինձ համար…
Ազատ քաղաքացիական հասարակության հիմնադրույթների, մասսայական խռովությունների դրդապատճառների, իշխանության բռնազավթման մեթոդաբանության և բռնապետության բացասական ազդեցության մասին շրջակա միջավայրի վրա: Ես էսօր կամ, վաղը չկամ, իհարկե, միայն ֆիզիկապես: Իրականում հիմնել եմ լրջագույն, միջազգային մակարդակի դպրոց, որն առայժմ ես եմ ղեկավարում: Սաներիս մեջ կան բավական շնորհալի և խոստումնալից գործիչներ, ու ինչքան էլ որ լափամանից փայ փախցնողներն ու յաշչիկ քշողները հոխորտան, բոչկա գլորեն մեր առաջ, պիտի խոր հիասթափություն պատճառեմ ու տխրեցնեմ նրանց՝ ոչ մի արդյունքի չեք հասնելու, Մարիո, յոր գեյմ իզ օվըր: Մերոնք շատ ընդունակ են ու ստախանովականների նման արագ են գործում: Գրքիս նկարչական ձևավորումն իմն է. կազմին շախմատի տախտակի ֆերզի քառակուսու վրա՝ Արտոյի քանդակած Քայլողի արձանն է, հետևի կողմում՝ Ռոդենի Մտածողի: Իմ մտահղացումն է՝ մտավոր և ֆիզիկական կարողությունների հավասարաչափ համադրման հստակ կոմպոզիցիա:
Գիրքս շուտով կտպագրվի: Բեսցելեր է, ձեռքից ձեռք են խլում, արդեն կան առաջին արձագանքները, հրատարակիչն արդեն աշխարհի բազմաթիվ լեզուներով թարգմանության առաջարկություններ է ստացել: Չեն համբերում, որ նախ մայրենի լեզվով լույս տեսնի: Մազալու մարդիկ են:
Ես ձեզ սիրում եմ, ժողովուրդ: Ես ձեզ շատ եմ սիրում, իմ պաշտելի հպարտ քաղաքացիներ: Եվ ուրեմն, ոմանք իրավամբ ինձ հռչակել են մեր երեք պետականությունների և բոլոր ժամանակների՝ սկսած Նոյի ջրհեղեղից և Հայկ ու Բելից, ամենախելացի ու իմաստուն առաջնորդը, որի նմանը աշխարհում չկա, ու համայն մարդկությունը պարտավոր է ճանաչել ինձ, իմ կառավարման հանճարը, անբասիր կադրերի անսխալական ընտրության իմ մոդելը, իմ համարձակությունն ու ճկունությունը, որ ոչ ոք չունի և չի ունեցել, նաև համոզված եմ՝ չի ունենա երկրագնդի վրա: Իմ փիլիսոփայական մտքերը պատիվ կբերեն ցանկացած տեսության ու կզարդարեն ամեն մի փիլիսոփայություն, ցանկացած երկրի դասագրքում դրանք կարող են ուղենիշային սկզբունքներ դառնալ, քանզի լրջագույն քննություն են անցել օրենսդիր և գործադիր մարմիններում, զորօրինակ՝ պատգամավոր ու նախարար չեն դառնում, պատգամավոր ու նախարար ծնվում են: Իսկ սրանք ի ծնե, դեռ բարուրի մեջ, արդեն տեր էին իրենց կոչմանը:
Ոմանք գիրքս ցանկանում են ներկայացնել Նոբելյան մրցանակի, բայց ես դրան չեմ հավակնում, վերևից եմ նայում: Ով ասես, որ չի ստացել Նոբելյանը, մակուլատուրայի ու զիբիլի են հավասարեցրել: Պատմությանը հայտնի է, որ ես խիզախաբար դիմակայել եմ համալսարանական կրթական փտած համակարգին և թքել նույնիսկ դրանց դիպլոմի վրա: Էդ ամենը մի տեղ ունի և այդ վայրը աղբարկղն է, ավելի կոնկրետ, Սովետաշենի աղբավայրը: Մի նոր անվանակարգ պետք է հորինենք: Արդեն որոշ առաջարկներ ստացվել են, ոմանք ցանկանում են, որ այն իմ անունը կրի, իմ դիմապատկերով կրծքանշան հատեն, նիկոլի ոսկե մետաղադրամի վրա, ցարի փոխարեն, իմ պատկերը զետեղեն, նամականիշ թողարկեն, ամեն բնակավայրում մեկական արձան կանգեցնեն՝ որպես նոր մտածողության, նոր դարաշրջանի հիմնադրի: Խորհուրդ տվի էն աղջիկ վախտվաս նկարներից օգտագործեն, թե չէ հիմա սփաթս բանի նման չէ՝ անթրաշ, քաչալոտ, կնճռապատ: Մի խոսքով, իմ բանջարը ձեր հանճարի՝ տանձին չէ… Արմենակ շահինշահ Մուրադյանը կասեր՝ ամոթ քեզ, մոսո, թու քո նամուսին, ա՛յ աննամուս…
Ազգագրագետներն ու գեոդեզիստներն առաջարկում են պատմական փորձը հաշվի առնել և հայկական տոնացույցում իմ անունով ամիս կոչել: Ես գիտեի, թե Հուլիոս Կեսարի անունով հուլիս ամիսն է, բայց պարզվում է, որ ոչ՝ իրա ջիգրու օգոստոսն են կոչել: Բա իմ անունով ո՞րը կոչենք: Էլի, խանումս: Այ մարդ, սա որ չլիներ, ես հաստատ կորած էի, ընդ որում՝ ընդմիշտ: Միշտ մտքումս շնորհակալ եմ լինում Աստծուն էս երկնային պարգևատրման համար: Էլի նա ինձ ձերբազատեց երկար մտատանջումից: Ասաց, ոչ մի ամսվա խաթրին չկպչես, չնայած դրանք էլ արդեն հնացած ու ժամանակավրեպ են, բայց ժողովրդի մեջ ամուր նստած են, մինչև հանուն քեզ ջանան հետ վարժվել, երկար ժամանակ կտևի: Արի նաղդը թողած, նիսյայի հետևից չընկնենք: Կապվի աստղագետների հետ, թող մի ամիս էլ հորինեն: Ի՞նչ կլինի, որ տարին տասներեք ամիս ունենա: Կին մի ասի մի խելքի ծով ասա: Համաձայնվեցի: Ես քաղաքական առաջարկությունը կտամ, աստղագետները թող մասնագիտական լուծումներ գտնեն: Դա էլ հո ես չե՞մ անելու: Էդքան որ տենչում են, թող անեն, ես դեմ չեմ, թող չուզողն էլ ես լինեմ: Մենակ թե աչքով չտան նախկինները: Ինչպես ասում են, ինչ լինում է, թող ժեշտին լինի: Ես չեմ կարող ընդդիմանալ ժողովրդի ազատ կամարտահայտմանը: Օրինակ, էն օրը մի խումբ մրահոն աղջիկներ տեսա երրորդ մասի կամուրջին՝ քրքրված շորերով ոռբաց թռան ավտոյիս առաջ: Վարորդին ասի.
-Կանգնիր, էն մեկը շատ լավիկն է, ոնց որ հրեղեն ձի: Դրա խաթեր ձմերուկը կլեպով կուտեմ, ձուկը՝ փշով:
Վարորդը, թե.
-Գործ չունես, սրանք գինուց ավելի թունդ շառ են, կնոջդ խաբար կտան, այֆոնով կնկարեն, տակից դուրս չես գա: Հիմա արտաամուսնական կապերը սեռաբարոյաքաղաքական մանրադիտակի տակ են դրված:
-Այ տղա, -ասում եմ, -էս էն դեպքն ա, որ ոչ բրդես-ուտես, ոչ ուտես-խմես, միայն նայես: Մատով չեմ կպնի: Կարո՞ղ է դու տղամարդ ես սիրում:
Ասում է.
-Ավտոյի համարները մեր հպարտ քաղաքացիները ճանաչում են, ամոթ է:
Ասում եմ.
-Ո՞նց կապացուցեն, որ ես մեջն եմ եղել:
Ասում է.
-Էստեղ կանգնել չի կարելի, կամերա կա, մեծ տուգանքներ կուղարկեն:
Մի խոսքով, ինքն իրենից հուշտ եղած տղա է: Պահելու բան չէ: Ես կարդում էի նրա մտքերը, որ քրֆում է ինձ ու չի համարձակվում ասել, թե աչքիդ է երևում, իսկ ես նրան բացահայտ ասացի՝ էդ ու՞մ ես ասում, այ անասուն: Նա թե՝ ես բան չեմ ասել, շեֆ ջան: Միևնույն ժամանակ, էս իդիոտը մեր մեծամասնական ֆրակցիայի ազատ սեքսի ջատագովներից է, բարոյագիտական քարոզչության հանձնաժողովի նախագահը: Միանշանակ համոզված է, որ ամեն մի նոր լավ մոռացված հինն է, ինչպես հնագույն մասնագիտությունը, և բոլորը պետք է վերադառնան ավանդականի նախահիմքին՝ դեպի բնություն, դեպի մերկ ճշմարտություն, զոր կոչվի նախնադարյան համայնական կարգեր: Այսինքն, մկնիկը փիսիկին, փիսիկը շնիկին, շնիկը թոռնիկին, թոռնիկը տատիկին, տատիկը հարևանի մարդուն, սա էլ մյուս հարևանի մարդուն, էդ մարդն էլ իրա քենուն, քենին կեսուրին, կեսուրը զոքանչին, զոքանչը պապիկին, հա՛ քաշում ու քաշքշում են իրար, իբր թե ուզում են ազգի շաղգամը հողից հանեն… Էլ ո՞նց կլինի: Մենք էլ ձեր փայ հարիֆն ենք, ներողություն փողոցային ժարգոն կիրառելուս համար… Բայց վարորդիս հաստատ փոխելու եմ, մի որոշ ժամանակ ինքս կհամատեղեմ, մինչև դուխով ու փակբերան, վստահելի մեկին գտնեմ. բացսիրտ, բացճակատ, բացձեռն։
Դավիթ Մկր ՍԱՐԳՍՅԱՆ
Մեկնաբանություններ