Ոչ միայն հանրաքվեի թեման է ֆեյք, այլև ԱՅՈ-ի լոգոյի գործընթացն ու հաղթողները
28.02.2020 | 11:18
Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավն արդեն մի քանի օր է‚ ինչ պաշտոնապես մեկնարկել է‚ սակայն ակնհայտ է‚ որ առայժմ հակադիր կողմերն առանձնապես չեն շտապում բացել իրենց խաղաքարտերը‚ և քարոզչական լուրջ ակտիվություն մեդիա հարթակներում առայժմ չի նկատվում։ Սա թերևս բացատրելի է։ Հաշվի առնելով այն‚ թե ինչ հապճեպությամբ‚ հանպատրաստից ընդունվեց հանրաքվեի անցկացման որոշումը‚ և այն‚ որ իշխանությունն արդեն մի քանի օր կորցնում է քարոզարշավից‚ պարզ է դառնում‚ որ ՀՀ ղեկավարությունը բնավ էլ չէր ծրագրել հանրաքվե անցկացնել։ Թեև այսօր ցանկանում են հանրությանը ցույց տալ‚ թե ամեն ինչ վերահսկողության ներքո է եղել‚ սակայն‚ այնուամենայնիվ‚ նրանց անպատրաստվածությունը‚ կազմակերպչական հարցերը հընթացս լուծելը վկայում են‚ որ նրանք ստիպված էին ընտրել համաժողովրդական հանրաքվեի տարբերակը‚ ինչը‚ անկասկած‚ նրանց համար լավագույն տարբերակը չէր նախ և առաջ ռիսկայնության տեսակետից։ Ամեն դեպքում պարզ է‚ որ պայքարն աստիճանաբար մտնում է քարոզչական‚ ընտրական պայքարի տրամաբանության մեջ։
Հանրաքվեի կողմնակիցների և ԱՅՈ-ի ճամբարում ամեն ինչ հստակեցված է ու հասկանալի‚ այսինքն՝ կա հանրաքվեն նախաձեռնած իշխանություն՝ ի դեմս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Իմ քայլը» դաշինքի‚ որոնց միացել են «Հայ ազգային կոնգրեսը» և «Հանրապետություն» կուսակցությունը։ Այսպիսով՝ արձանագրում ենք‚ որ զարմանալի զուգադիպությամբ վերականգնվել է 2018 թ. մարտի 1-ի ընդդիմադիր հարթակը‚ որ ժամանակին ձևավորվել էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջը։ ԱՅՈ-ի քաղաքական թիմն ու պատասխանատուները‚ փաստորեն‚ ընդգծվել ու հստակեցվել են‚ և ամեն ինչ այստեղ պարզ է։
Սակայն նույնը չի կարելի ասել հանրաքվեի հակառակորդների մասին. այս ճամբարում կարծես թե առայժմ հստակ և միասնական դիրքորոշում չի նկատվում։ Ավելին‚ առայժմ կարծես թե չի նշմարվում նույնիսկ դերերի բաժանում։ Ամեն ինչ տարերային է‚ յուրաքանչյուր քաղաքական ուժ կամ հոսանք իր դիրքորոշումն ունի‚ և դրանից ելնելով՝ տարբեր ուժեր փորձելու են համադրել իրենց ուժերը։
Ինչևէ։ Փորձենք հասկանալ‚ թե ինչ է կատարվում ԱՅՈ-ի հակառակորդների ճամբարում։ Պարզ է‚ որ այստեղ ձևավորված է պաշտոնական ոճի շտաբ‚ որտեղ ընդգրկված են իրավագետներ‚ իրավապաշտպաններ‚ սահմանադրագետներ‚ հասարակական սեկտորի ներկայացուցիչներ։ Պարզ է‚ որ այդ ոճի շտաբը‚ ելնելով իր կազմից՝ ԱՅՈ-ի դեմ հակաքարոզչությունը‚ ամենայն հավանականությամբ‚ վարելու է իրավական-սահմանադրական դաշտում։ Նրանք վիճարկելու են հանրաքվեի սահմանադրականության համապատասխանությունը‚ իշխանության կողմից նախաձեռնված գործընթացի լեգիտիմությունը։ Եվ ինչպես իրենք են հայտարարել‚ դա հնարավորություն է տալու դեֆակտո իրականացվող հանրաքվեի նկատմամբ սահմանել վերահսկողություն։ Իհարկե‚ այստեղ կա ևս մեկ ասպեկտ. ոչ պակաս կարևոր է այն‚ որ պաշտոնական ոճի շտաբը հնարավորություն ունի քարոզչական դաշտում օգտվելու ընձեռված մեդիա ռեսուրսներից‚ օգտագործելու պաշտոնական քարոզչության անվճար ժամերը‚ ինչպես նաև ներկայացված լինելու հանձնաժողովներում՝ վերցնելով հանձնաժողովներում ընդդիմադիր քաղաքական ուժերին հասանելիք տեղերը և մոնիթորինգի ներքո պահելով քվեարկության ամբողջ ընթացքը։ Այս տեսակետից ՈՉ-ի հնարավորությունները բաց կլինեն նաև այն քաղաքական ուժերի համար‚ որոնք երևի թե կցանկանան այս կամ այն չափով իրենց դիրքորոշումները հայտնել և մասնակցություն ունենալ իշխանական ծրագրի տապալման գործում։ Սակայն նկատենք‚ որ այս ամենը կյանքի կոչելը բավականին բարդ է լինելու‚ քանի որ ՈՉ-ի ճամբարի քաղաքական ուժերի դիրքորոշումները բավականին խայտաբղետ են. հնչում են հանրաքվեն բոյկոտից մինչև անտեսելու կոչեր։
Հասկանալի է այն քաղաքական ուժերի դիրքորոշումը‚ որոնք‚ օրինակ‚ կոչ են անում բոյկոտել հանրաքվեն. բոյկոտի պարագայում իշխանությունների իդեա ֆիքսը՝ ընտրատեղամաս բերել որքան հնարավոր է շատ մարդկանց‚ որոնցից առնվազն 650 հազարը կողմ կքվեարկեն ԱՅՈ-ին‚ կարող է և տապալվել։ Այսինքն՝ բոյկոտի տակտիկայից բխում են կոնկրետ գործիքակազմեր՝ քաղաքական ուժը‚ որը բոյկոտում է քաղաքական գործընթացը‚ նաև շատ կոնկրետ հուշում է իր ընտրազանգվածին կամ բոյկոտի կողմնակիցներին‚ թե ինչ պետք է արվի‚ ավելի շուտ՝ ինչ չպետք է արվի։ Չգնալն արդեն իսկ նպաստելու է‚ որպեսզի ԱՅՈ-ն տապալվի։ Այսինքն՝ բոյկոտից շատ հստակ գործիքակազմ է բխում։ Բոյկոտողներից նույնիսկ ոչինչ չի պահանջվելու անել‚ քանի որ վերահսկողությամբ զբաղվելու են ՈՉ-ի պաշտոնական շտաբի ներկայացուցիչները։ Այլ հարց է‚ թե որքանով կհաջողվի իրականացնել բոյկոտը։ Դա պայմանավորված է նրանով‚ թե հանրությունն ինչպես է վերաբերվում գործող իշխանություններին։
ՈՒշագրավ է‚ որ այս թևում ամենատրամաբանական վարքագիծը դրսևորում են նախկին իշխանությունների ներկայացուցիչները‚ որոնց այսօրվա ղեկավարությունը համառորեն ներկայացնում է որպես սևի ճամբար և այս հանրաքվեն էլ փորձում է բերել սևի-սպիտակի պայքարի դաշտ։ Նախկինները‚ փաստորեն‚ իրենց գործելաոճով ու հանրաքվեին չմասնակցելու հայտարարությամբ ներկա իշխանություններին թողեցին ձեռնունայն՝ առանց սև թիրախի։ Եվ իշխանությունների համար բավականին մեծ հարված է‚ երբ կորցնում են իրենց հիմնական թիրախը‚ որի շուրջ փորձում են համախմբել ընտրազանգվածը։ Այսպիսով փաստորեն նախկինները Նիկոլ Փաշինյանին զրկեցին նորից հեղափոխական-հակահեղափոխական թեման վերարծարծելու հաճույքից։
Շատ ավելի բարդ է հասկանալ իրենց ընդդիմություն համարող խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի դիրքորոշումը‚ որոնցից չի հասկացվում‚ թե ինչ դիրքորոշում ունեն հանրաքվեին և անհասկանալի ձևակերպումներով են հանդես գալիս՝ մերժել‚ անտեսել և այլն։ Իհարկե‚ կարելի է ասել‚ թե դա նույն բոյկոտն է‚ սակայն եթե բոյկոտի պարագայում ուղեցույց կա քաղաքացիների համար‚ թե ինչ չպետք է անեն կամ չանեն‚ ապա այս խմբի ուժերի կողմից քաղաքացիների վարքագիծը կառավարող‚ հուշող որևէ ազդակ չկա։ Եթե կա քվեարկությունն անտեսելու կոչ‚ ապա պետք է բացատրվի նաև‚ թե ինչ է դրանից բխում։ Համապատասխան ուղեցույցի բացակայության պարագայում նրանց գործելաոճը կիրառական արդյունք ունենալ չի կարող և իշխանության համար վտանգներ չի պարունակում։ Քաղաքական այդ ուժերը պարզապես խուսափում են պատասխանատվությունից՝ մանիպուլյատիվ տարբեր հնարքներով քողարկելով կամ իրենց անճարությունը‚ կամ գուցե նաև իշխանության հետ ունեցած պայմանավորվածությունները։ Ընդ որում‚ այդ պայմանավորվածությունները շատ դեպքերում նկատվում են խորհրդարանական ընդդիմության մոտ։
Շատ բան կպարզվի քարոզչությունը սկսելուց հետո‚ ամենայն հավանականությամբ՝ մարտի սկզբներին։ Հասկանալի է‚ որ ՈՉ-ի քարոզչության հիմքում‚ բացի հանրաքվեի իրավական կողմը վիճարկելուց‚ կշեշտադրվի նաև ՀՀ իշխանությունների վերջին երկու տարիների ապաշնորհ կառավարման փաստը։ Քարոզչությունը‚ փաստորեն‚ ընթանալու է այս երկու հարթության մեջ՝ հանրաքվեի և դրա օրակարգի ոչ իրավաչափություն ու քաղաքական հակաքարոզչություն ամենատարբեր ուղղություններով։
Այս պահին մի բան հստակ է. ԱՅՈ-ի թիմը բավականին լուրջ խաղադրույք է կատարում քարոզչության վրա։ Առաջին քայլերն արդեն իսկ ցույց են տալիս‚ որ լուրջ ֆինանսական միջոցներ են ծախսվելու ընտրարշավի վրա։ Եթե միայն լոգոյի վրա պաշտոնապես երեք մրցանակակիրներին 6 միլիոն դրամ հատկացնելն իշխանության համար մեծ բեռ չէր‚ ապա կարելի է պատկերացնել‚ թե իրականում ինչ գումարներ են ծախսվելու‚ որպեսզի ի կատար ածվի Նիկոլ Փաշինյանի քմահաճույքը՝ ազատվել Հրայր Թովմասյանից։ ՈՒշագրավ է‚ որ անգամ լոգոյի ընտրության կազմակերպման պարագայում արձանագրվեց հերթական սկանդալը‚ ինչը բնորոշ է այսօրվա ինֆանտիլ իշխանությանը։ Ըստ էության‚ ոչ միայն հանրաքվեի թեման է ֆեյք‚ այլև ԱՅՈ-ի լոգոյի գործընթացն ու հաղթողները։
Ընդ որում‚ սա այն պարագայում‚ երբ գործող իշխանությունները մշտապես շեշտում են‚ որ իրենք առնչություն չունեն կոռուպցիայի‚ տարբեր օլիգարխների փողի տոպրակների հետ։ Նկատենք նաև‚ որ ընդամենը մեկ դրամահավաքի ընթացքում ԱՅՈ-ի թիմը հավաքել է 205 միլիոն դրամ։ Պարզ է‚ որ իրական‚ այսպես ասած‚ սև դրամարկղը շատ ավելի մեծ է‚ նույնիսկ մի քանի անգամ։ Թե ինչ կարող է դրան հակադրել ՈՉ-ի ճամբարը‚ ժամանակը ցույց կտա։ Բայց արդեն իսկ նկատելի է‚ որ ԱՅՈ-ի ճամբարում որոշակի խուճապ կա՝ նախ և առաջ կապված բոյկոտի գաղափարի հետ‚ և պատահական չէ‚ որ ԱՅՈ-ի շտաբի պետն առանձնակի նյարդայնություն դրսևորեց իր ասուլիսի ժամանակ բոյկոտի մարտավարությունը կիրառող քաղաքական և հանրային ուժերի նկատմամբ։ Արդեն իսկ պարզ է‚ որ սև-սպիտակի իշխանական սցենարի փաստացի տապալման պարագայում և բոյկոտի մարտավարության գրագետ օգտագործման դեպքում իշխանության զինանոցում շատ քիչ համեմատաբար օրինական գործիքներ են մնում ԱՅՈ-ն լեգիտիմացնելու համար։ Ըստ էության‚ հանրաքվեի ընթացքում իշխանությունը մենամարտ է տանելու ստվերի հետ‚ և այդ մենամարտը ոչ ոքի‚ բացի վարչապետական թիմից‚ չի հետաքրքրում։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ
Մեկնաբանություններ