Կորոնավիրուս, կոռուպցիա, հանրաքվե՝ մտնում ենք մարտ
28.02.2020 | 00:17
2020-ը նահանջ տարի է, նահանջ տարիներին լինում են իրադարձություններ, որ մարդկությունը երկար ուզում է մոռանալ: 2020-ի չարաբաստիկ խորհրդանիշը դառնում է կորոնավիրուսը: Մինչ Չինաստանը փորձում է ճգնաժամից դուրս գալ՝ առողջացածների թիվը մահերի թվին գերազանցում է, վարակը տարածվում է աշխարհում: Առայժմ երկրորդ տեղում Հարավային Կորեան է, հաջորդող երկրներում պատկերը արագ է փոփոխվում՝ արդեն 48 երկիր: Ֆրանսիան ու Վիետնամը հայտարարել են, որ բոլոր վարակակիրներն ապաքինվել են: Դա լավատեսական միակ տեղեկությունն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է, որ կորոնավիրուսի համաճարակը կարող է վերածվել պանդեմիայի: Չի բացառվում, որ չկայանա նաև 2020-ի Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը:
Կորոնավիրուսը հասել է Վրաստան ու Ադրբեջան: Հայաստանը դեռ, փա՜ռք Աստծո, կանաչ գոտում է: Առողջապահության նախարարությունը հավաստում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքները շարունակվում են՝ թե կազմակերպչական, թե ախտորոշման ուղղությամբ: Նախարարությունը ձեռք է բերել ախտորոշիչ թեստերի նոր խմբաքանակ, և ախտորոշման առումով Հայաստանը որևէ խնդիր չունի: Ձեռնարկվել են միջոցառումներ` դիմակներ և ախտահանիչ նյութեր ձեռք բերելու ուղղությամբ, չնայած հանրապետության բոլոր բժշկական հաստատություններում կան: Լավ, ասենք, ախտորոշեցին ու պարզվեց՝ կորոնավիրուսը կա, հետո՞: Բուժման որևէ միջոց Հայաստանում կա՞: Եթե այո, ինչու՞ նախարարությունը ոչինչ չի ասում ԲՈՒԺՄԱՆԸ պատրաստ լինելու մասին: Իրանի հետ կիսափակված սահմանը երաշխիք չէ, որ կորոնավիրուսը Հայաստան չի մտնի: Նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքում գրել էր. «Թեհրան-Երևան ինքնաթիռը, որը 52 ուղևորի փոխադրեց «Զվարթնոց» օդանավակայան մեր մասնագետի ուղեկցությամբ, բարեհաջող վայրէջք կատարեց: Բոլոր ուղևորները նորից զննվել և ջերմաչափվել են, ինչը բավարար միջոց է այս պահին: Նրանք կգտնվեն տնային հսկողության տակ: Հաջորդ չվերթը լինելու է ուրբաթ օրը: Նույն ընթացակարգով կիրականացվեն բոլոր կանխարգելիչ միջոցառումները»։
Ի՞նչն է խանգարում, որ ռիսկի գոտում հայտնվածերին ոչ թե տուն ուղարկեն ու հեռախոսով զանգեն ջերմության ու ինքնազգացողության մասին հարցնեն, այլ, ինչպես բոլոր մյուս երկրներում, նրանց առանձնացնեն 14-21 օր՝ մինչև համոզվեն, որ առողջ են: Վարակը 14-21 օր կարող է որևէ կերպ չարտահայտվել, բայց վարակակիրը, ինքն էլ չիմանալով, վտանգում է իր շրջապատում հայտնված մարդկանց: Ինչու՞ է ՀՀ կառավարությունը այդքան թեթևամիտ վերաբերվում վարակին, մի՞թե Հայաստանի հպարտ քաղաքացիները առանձնահատուկ իմունիտետ ունեն, ու դա գիտի միայն ՀՀ հպարտ նախարարը: Ինչու՞ են հնարավոր վարակակիրներին առանձնացնում Ֆրանսիայում, Իտալիայում, Ռուսաստանում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում, պարա՞պ են մնացել: Սա խուճապի կոչ չէ, լոկ տրամաբանական հարց է՝ խնդիրը ֆինանսնե՞րն են, կազմակերպակա՞ն են, թե՞ կա այլ պատճառ: ՈՒ ո՞րն է պատճառը, որ Արսեն Թորոսյանը անխոցելի է համարում հայերիս ու Հայաստանը: Բժիշկներից բացի՝ ամենավտանգավոր գոտում «Զվարթնոցի» աշխատակիցներն են, որ նույնիսկ դիմակներ չեն կրում՝ անընդհատ շփվելով աշխարհի տարբեր երկրներից եկածների հետ: Չի՞ կարելի կանխարգելիչ նկատառումներով առժամանակ դադարեցնել դասերը դպրոցներում ու բուհերում:
Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դա չգիտի՞։ Գիտի, բայց վստահ է՝ «Եթե վիրուսը հայտնաբերվի ՀՀ տարածքում, մենք ունենք ամբողջական գործիքակազմ, որ պայքարենք վիրուսի հետ մեր տարածքում»: Հա՞, որ...
2020-ի նահանջ տարվա փետրվարը իսկապես դժվար ամիս էր՝ եղանակի տաքուպաղով: Քաղաքական տաքուպաղով: Աշխարհաքաղաքական տաքուպաղով:
Փետրվարի 25-ին ՔՊ-ն դրամահավաք արեց՝ սահմանադրական հանրաքվեի ծախսերի համար, ու միանգամից հայտնվեց 2 սկանդալի մեջ: Շատ չէ՞ մեկ օրվա համար: Բայց՝ բնութագրական է: Նախ՝ լոգոյի մասին: Հանրաքվեի «այո»-ի շտաբի լոգոն պարզ պատճենումն է 1991-ի անկախության հանրաքվեի «Երեկոյան Երևանի» լոգոյի, պարզապես «ԱՅՈ»-ից հանված են զանգն ու շղթան: Ֆոտոշոփը 3 միլիոն ՀՀ դրամ արժի:
Սահմանադրական բարեփոխումների շրջանակում «Այո»-ի շտաբը հայտարարել էր «Այո»-ի քարոզչական բրենդինգի բաց մրցույթ, հաղթողը ստանալու էր 3 միլիոն դրամ: Երբ «Այո»-ի ֆեյսբուքյան էջում հրապարակվեց բրենդինգի մրցույթում հաղթողը, մեկնաբանվեց. «Տասնյակ արժանի տարբերակներից կատարվեց բարդ ընտրություն։ Ներկայացնում ենք առաջին տեղը գրաված լոգոն, որը պատրաստել է Garoon գործակալությունը»: Հարց՝ եթե Garoon գործակալությունը կարող էր իրեն մտավոր սեփականության շարքային գողություն թույլ տալ, թեպետ հերքում է ու հայտարարում, որ պարզապես ոգեշնչվել են, մտածելով, որ 29 տարի է անցել, ի՞նչ էին մտածում մրցույթում նրանց տարբերակը հաղթող ճանաչածները: ՈՒ՝ ընդհանրապես՝ ի՞նչ մրցույթ է, ո՞վ է կազմակերպիչը, ովքե՞ր են մրցութային հանձնաժողովի անդամները: Պետության ինստիտուցիոնալ հիշողությունը նաև դա է՝ հիշել լոգոներն ու պատճենումը կանխել: ՔՊ-ում հազիվ թե որևէ մեկը հիշել է 1991-ի «Այո»-ի լոգոն, բայց Հայաստանում դեռ կան մարդիկ, որ նաև 1991-ին են հանրաքվեում քվեարկել ու չեն կորցրել հիշողությունը: ՔՊ-ն փաստի առաջ է՝ որոնում է բնօրինակի հեղինակին ու չգիտի ի՞նչ պատասխանել հարցերի տարափին: Շատ տեղին կլիներ անհայտ մրցույթը չեղյալ հայտարարել և Garoon գործակալությունից հետ պահանջել գումարը, ժամանակ չկորցնելու համար մրցույթի երկրորդ տեղում հայտնված լոգոն ընտրել: Կամ՝ ընդունել, որ 2018-ից առաջ էլ Հայաստանում հպարտ հայեր են ապրել, այնքան հպարտ, որ անկախությունն են ընտրել կյանքի ճանապարհ: Փոխարենը ՔՊ-ն որոշել է՝ 1991-ի լոգոյի ենթադրյալ 3 հեղինակներին տալ գումարը, թեպետ մեկը հերքել է իր հեղինակ լինելը, մյուսը ողջ չէ, երրորդն էլ խմբագիրն է… Մեղմ ասած՝ աբսուրդ:
Փետրվարի 26-ին ասուլիսում «Այո»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանը հորդորում էր, որ որևէ մեկը արջի ծառայություն չմատուցի իշխանությանը: Ի՞նչ անել, երբ իշխանությունն ինքն իրեն է արջի ծառայություն մատուցում: Լոգոյի տեսքով՝ ակամա, դրամահավաքի տեսքով՝ կամայական: Սուրեն Պապիկյանն ասուլիսում ասում էր՝ զարմանալի չէ, որ 205 մլն դրամ հավաքվեց՝ ՔՊ-ն քաղաքական դաշտի նոր կուսակցություն լինելուց դարձել է իշխող կուսակցություն: Ավելի լավ է հանրությունից գումար հավաքեն, քան օլիգարխներից: «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քարոզչությունը ֆինանսավորելու նպատակով կարող է ստեղծվել «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության մեկական հիմնադրամ, 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնադրամի հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 100 միլիոն ՀՀ դրամը՝ չափը գերազանցող մուծումները պետք է փոխանցվեն պետական բյուջե։ Այսինքն՝ 105 միլիոն դրամ պետք է փոխանցվի պետական բյուջե, բայց պարզվեց՝ ոչ: Գումարը հավաքել է ոչ թե «Այո»-ի շտաբը, այլ ՔՊ-ն: Այո՞, իսկ քիչ չէ՞ ընդամենը 205 միլիոն դրամը ՔՊ-ի համար: Առավել ևս՝ 105-ը: Հիմա սա օրենքի խախտու՞մ է, թե՞ օրենքները մարդկանց համար են, բացառություններն էլ օրենքների համար են:
Իսկ ի՞նչ էր ասում վարչապետը: «Հայաստանի Հանրապետությունում այս պահին գործող Սահմանադրական դատարանը որևէ կապ չունի Հայաստանի ժողովրդի հետ, որևէ իշխանություն չունի ստացած Հայաստանի ժողովրդից և վայելում է Հայաստանի ժողովրդի, հայ ժողովրդի բացարձակ մեծամասնության բացարձակ անվստահությունը»: Միով բանիվ՝ ՍԴ-ն չի ներկայացնում ժողովրդին, և եկել է այդ ինստիտուտը կայացնելու ժամանակը: Եվ, իհարկե, նա նորից բարձրաձայնեց կռնատության թեման: Ընդհանրապես՝ եթե Նիկոլ Փաշինյանի բոլոր սպառնալիքները իրականանան, Հայաստանը դառնալու է հաշմանդամների երկիր: Փետրվարի 25-ին նա ասում էր, որ մեկ քվեաթերթիկի կեղծիք անգամ չի լինելու. «Այս քաղաքական թիմը կկտրի սեփական ձեռքերը, բայց մի քվեաթերթիկի ընտրակեղծիք թույլ չի տա, մի քվեաթերթիկի։ Ես անձամբ կկտրեմ իմ երկու ձեռքերը, բայց մի քվեաթերթիկի կեղծիք թույլ չեմ տա, որովհետև հակառակ դեպքում դա կնշանակի ջնջել մեր ապրած ամբողջ կյանքը, այն բոլոր արժեքները, որի վրա մենք կանգնած ենք»: Հրաշալի է, բայց ինչու՞ են բոլոր օրինակները թաթիկներից՝ ձեռքեր անդամահատելու դաշտից: Գուցե վարչապետը չկայացած վիրաբու՞յժ է, որ բոլոր ախտերի միայն մեկ բուժում գիտի՝ կտրել-գցել: Եթե իսկապես բժիշկ լիներ, կիմանար, որ ձեռք ու ոտք կտրելը հարցի լուծում չէ՛ նույնիսկ բժշկության մեջ, հիվանդությունը կարող է շարունակվել, ժողովրդավարական երկրներում կա ՕՐԵՆՔ…
Փաստացի՝ մարտի 2-ից ապրիլի 3-ը «Այո»-ի քարոզչության նպատակն է հանրությանը ներկայացնել այն կարևոր կետերը, որ շարժառիթն են սահմանադրական փոփոխությունների: Եվ՝ 650000 ձայն ստանալը կենաց-մահու պայքար չէ, ժողովուրդն ինքը պետք է որոշի՝ ի՞նչ է ուզում: Իսկ վարչական ռեսուրս չի օգտագործվելու՝ գյուղապետ, մարզպետ, թե թաղային հեղինակություն: Սուրեն Պապիկյանը կարծում է, որ կա «Ոչ»-ի ընդհատակյա շտաբ. «Բոյկոտի հեղինակները շատ մեծ վնաս են հասցնում քաղաքացուն և քաղաքացու գիտակցությանը»: «Ելքի» նախկին գործընկեր Էդմոն Մարուքյանը նրա հետ հաստատ համաձայն չէ. «Իշխանությունը հիմա խոր տառապանքների մեջ է, որ իրենց ձևավորված սցենարը մենք տապալել ենք. իրենց սցենարն էր, որ անպայման լինի «ոչ»-ի ճամբար, «ոչ»-ի քարոզչական մեքենա, և իրենք իրենց մեքենան հանեն այդ քարոզչական մեքենայի դեմ, և իրենց քարոզչությունը հաջողությամբ ավարտին հասցնեն»՝ ասել է ԼՀԿ նախագահը: ՈՒ նա համոզված է, որ. «ԼՀԿ-ն ուներ առաջինը «ոչ»-ի ճակատ ձևավորելու լեգիտիմ իրավունքը, որովհետև հանրաքվեի անցկացմանը խորհրդարանում դեմ քվեարկած միակ ուժն էր: Քննարկումների արդյունքում մենք որոշում ենք կայացրել, որ այս քարոզարշավի մեջ, այս կեղծ ձևավորված հարցի՝ հակասահմանադրական հանրաքվեի մեջ չպետք է լինի «ոչ»-ի ճամբար: ԼՀԿ-ն կոչ է արել բոլոր ուժերին չձևավորել «ոչ»-ի ճամբար և դրանով ԼՀԿ-ն ձևավորել է քաղաքական օրակարգ: Այն, որ այսօր չկա «ոչ»-ի ճամբար, դա արել է ԼՀԿ-ն»: Մոլորության մեջ չէ՞ Էդմոն Մարուքյանը: Ի՞նչ քաղաքական օրակարգ է ԼՀԿ-ն ձևավորել, և իրոք չկա՞ «ոչ»-ի ճամբար: ԼՀԿ-ն, կամ ԲՀԿ-ն, որ իմաստուն լռում է, չե՞ն գնալու հանրաքվեի: Բոյկոտու՞մ են՝ ինչպես ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, թե՞ գնալու են ու «դեմ» են քվեարկելու՝ իրենց հայտարարություններով կողմ լինելով ՍԴ կազմի փոփոխությանը: Եթե գնալու ու «Այո» են քվեարկելու, ի՞նչ քաղաքական օրակարգ է ԼՀԿ-ն ձևավորել, որ բխում է Հայաստանի քաղաքական դաշտից: ՈՒ սա միակ աբսուրդը չէ քաղաքական դաշտում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Փետրվարի 25-ին՝ Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրը, որ ոչ ոք չհիշեց ու չնշեց,
Երևանում զուգահեռ երկրորդ ու երրորդ նախագահների դատավարություններն էին, իսկ Մոսկվայում խայտառակ հակահայ ադրբեջանական քարոզչություն է սկսվել՝ «Մյունխենն ու նրա հետևանքները» հետագծով: «Նեզավիսիմայա գազետան» ամբիոն է դարձել՝ հայտարարելու, որ Սումգայիթի սպանդը հայերն են սադրել: ՈՒ դա միակ հրապարակումը չէ «Խփիր հայերին, փրկիր Ռուսաստանը» թեմայով, որ ֆինանսավորում է Բաքուն, բայց եթե չլիներ ՌԴ իշխանությունների համաձայնությունը, որևէ տող կամ բառ չէր հայտնվի թերթերում ու եթերում: Առավել ևս, որ հայկական կայքերն էլ ՌԴ տարածքում «Ռոսկոմնադզորն» է արգելափակում: Բաքվում էլ Էրդողանն է հայտարարել, որ Ղարաբաղի հարցը Թուրքիայի հարցն է: Այսինքն՝ ռուս-թուրք-ադրբեջանական բարեկամությունը բոլոր հարցերում կարող է ձախողվել, բացի՝ հակահայկականության: Իսկ Նիկոլ Փաշինյանը պայքարում է կոռուպցիայի դեմ՝ գոհ ու դժգոհ է, սպառնում է դավաճաններին՝ անանուն ու անդեմ, ու նորից մոռանում է, որ պետությունն ինքը չէ, ու կա ՕՐԵՆՔ, որով մեղավորները պետք է պատժվեն: Հարց՝ համարժե՞ք են մեր օրակարգերը աշխարհի օրակարգերին, թե՞ մենք կղզի ենք, որտեղ ոչինչ չի լինելու: Իշխանության կարծիքով: Հա՞, որ…
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ