Բելառուսը կշարունակի նավթ գնել այլ երկրներից, նույնիսկ եթե ռուսականից թանկ լինի՝ ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սվետլոգորսկում՝ կոմկուսի կենտկոմի ակտիվի հետ հանդիպմանը: Սոչիում բանակցությունների ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կասկածել է՝ ինչու՞ պիտի Բելառուսը այլ երկրներից նավթ գնի. «Ձեր ինչի՞ն է պետք, եթե մեկ է՝ ռուսականից թանկ է»՝ հարցրել է նա: Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը շարունակում է դիվերսիֆիկացնել գնումները: «Որ ամեն տարի դեկտեմբերի 31-ին, գիշերվա 12-ին ծնկի չգամ,-բացատրել է Լուկաշենկոն:-Այդպես չպիտի լինի ու այդպես չի լինի»: Նա ընդգծել է, որ Բելառուսը չի վճարելու ռուսական նավթային ընկերությունների պարգևավճարները, առավելևս, որ նրանք ապրանքը միջազգային գներով են մատակարարում: «Մենք էժան նավթ չենք խնդրում: Մենք կգնենք համաշխարհային գներով ու կվերամշակենք: Դա ձեռնտու է ընկերությունների համար»՝ հայտարարել է նախագահը: «Սոչիում մենք պայմանավորվեցինք, որ Ռուսաստանի կառավարությունը և անձամբ աշխատակազմի փոխնախագահ Դմիտրի Կոզակը կվերահսկի այդ հարցը և կօգնի մեզ պայմանավորվել: Այսինքն՝ ազդանշանը գնաց՝ եթե Բելառուսը ինչ-որ մեկի հետ պայմանավորվում է, օգնեք խողովակով այդ նավթը մատակարարել Ռուսաստանից: Ես ոչ մեկին շանտաժ չեմ արել, ասել եմ՝ եթե Ռուսաստանից անհրաժեշտ ծավալներով նավթ չմատակարարվի (հունվարին նրանք մատակարարել են ընդամենը 500 000 տոննա, 1,5 միլիոն տոննա չեն մատակարարել), մենք կսկսենք տարանցիկ խողովակաշարից վերցնել: Երկրով Արևմուտք ու Բելառուսի համար 70 միլիոն տոննա նավթ է անցնում: Նրանք ոչ մի խնդիր չունեն: Մենք բարեխիղճ անցկացնում ենք նավթը: Հիշու՞մ եք ամռան կեղտոտ նավթը: Մինչև հիմա չեն վճարել, թեպետ մեր սարքավորումները շարքից դուրս եկան Մոզիրում, Նովոպոլոցկը տուժեց, «Բարեկամություն» խողովակաշարը: Այդ պատճառով՝ եթե փետրվարին նավթ չտան, 2 միլիոն տոննա քաշելու ենք»՝ նախազգուշացրել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Նրա խոսքով՝ Բելառուսում քննարկվում է նավթի մատակարարումների հարցը ԵՄ-ից՝ «Բարեկամություն» նավթատարի ճյուղերից մեկով ռևերսով: «Մենք հիմա Գդանսկից (կգնենք Սաուդյան Արաբիայից, Էմիրաթներից, ԱՄՆ-ից) կբերենք խողովակաշարով»՝ պատմել է նախագահը: Այդ ժամանակ արդեն ոչ թե Ռուսաստանը Արևմուտք նավթ կմատակարարի, այլ Բելառուսը Եվրոպայից կքաշի: Մատակարարումների համար կօգտագործվեն Բալթյան նավահանգիստները: Կարող է աջակցել ԱՄՆ-ը: «Ես մերձբալթիկցիներին առաջարկում եմ՝ մենք կարող ենք նավթ գնել Բալթիկայից, քաշել Լիտվայից կամ Լատվիայից (ինչպես կպայմանավորվենք), կվերամշակենք ու կապահովենք ամբողջ Մերձբալթիկան»՝ Նովոպոլոցկի նավթավերամշակման գործարանի սխեման բացատրել է Լուկաշենկոն: Այդպես կաշխատի և Մոզիրի գործարանը՝ նավթը կգա Սև ծովով, իսկ հետո գործարանը նավթամթերքով կապահովի Ուկրաինային ու ԵՄ երկրներին: Պատասխանելով ռուսական կողմի՝ այդ գնումների թանկության մասին դատողություններին, Ալեքսանդր Լուկաշենկոն հիշեցրել է, որ ժամանակին նրանք տասնյակ միլիարդներով դոլարներ են հատկացրել Թուրքական հոսքի ու Հյուսիսիային հոսքի կառուցմանը: Թեպետ կարող էին շատ ավելի էժան մատակարարել Ուկրաինայով, նույնիսկ ընդունելով Կիևի լրացուցիչ պայմանները: Բայց Ռուսաստանը հայտարարել է, որ երբեք դրան չի համաձայնի՝ սկզբունքորեն, ու վճռել է նոր գազատար կառուցել, որ շրջանցում է այդ երկիրը: «Ճիշտ այդպես ես էլ եմ ասում «ոչ»: Մենք այդ երթուղիներով կմշակենք նավթի այլընտրանքային մատակարարումներ,- ասել է Լուկաշենկոն:- Մենք բաց ու ազնիվ խոսում ենք այդ լոգիստիկայի մասին»: Սոչիի բանակցությունները Ալեքսանդր Լուկաշենկոն բնութագրել է «կոշտ ու անկեղծ խոսակցություն»: «Նավթի գծով, ինչպես մենք և խնդրել ենք՝ համաշխարհային գին առանց որևէ պարգևի: Առանց զեղչերի, մեզ զեղչեր պետք չեն»՝ հայտարարել է Բելառուսի նախագահը:
БЕЛТА (Բելառուս)
Հ.Գ. Ինչ սքանչելի է Բատկան՝ նավթ չեք տա՝ նավթատարը մեր երկրով է անցնում՝ կքաշենք, ու դա շանտաժ չէ, որովհետև բաց ու անկեղծ ենք ասում:
Ոնց է բերում Ռուսաստանի բախտը: Բացի այդ՝ ԵՄ-ն և Ադրբեջանն ավարտին են հասցնում կասպիական ավազանում արդյունահանված գազի` եվրոպական շուկաներ արտահանման ծրագրի մշակումը, Twitter- ում գրել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը: Նրա խոսքով՝ Մյունխենում, անվտանգության խնդիրներին նվիրված միջազգային համաժողովի շրջանակներում բանակցություններ են տեղի ունեցել ԵՄ ներկայացուցիչների և Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի միջև: «Մենք լարված աշխատեցինք էներգետիկ անվտանգության բարելավման ուղղությամբ: Կասպիական գազը Եվրոպա հասցնելու ուղղությամբ մեր ջանքերը մոտենում են եզրագծին», - նշել է Եվրահանձնաժողովի փոխնախագահը:
Բացի այդ՝ Բելառուսի սահմանապահները ԱՄՆ էներգետիկայի նախարարությունից սարքավորումներ են ստացել՝ Ուկրաինայի հետ սահմանը պաշտպանելու համար՝ հաղորդվել է Բելառուսի պետական սահմանային հանձնաժողովի կայքում:
Սարքավորումները նախատեսված են Պոլեսկի ռադիացիոն-էկոլոգիական արգելոցի սահմանների պաշտպանության համար: Բելառուս սահմանապահներին սարքավորումները փոխանցելու պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Նարովլյա սահմանային անցակետում: Բացի այդ՝ Ռուսաստանը չի կարող ինքնուրույն ավարտել «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունը՝ Մյունխենում Անվտանգության համաժողովի ժամանակ հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Դեն Բրույեթը: «Ռուսաստանը շինարարությունն ավարտին հասցնելու համար բավարար տեխնոլոգիաների չի տիրապետում», - հայտարարել է նա: Ռուսաստանը Բալթիկ ծովի հատակով Գերմանիային կապող «Հյուսիսային հոսք 2» խողովակաշարի շինարարությունն ընդհատվել էր 2019-ի դեկտեմբերին, երբ ԱՄՆ Կոնգրեսը պատժամիջոցներ այն ընկերությունների դեմ, որոնք կզբաղվեն Ռուսաստանի համար ստորջրյա խողովակաշարերի շինարարությամբ:
Ու էլի մի քանի «բացի այդ»-եր, օրինակ, ռուս-թուրքական հարաբերություններից, ռուս-գերմանական, ռուս-ֆրանսիական, ու ստացվում է՝ միայն Հայաստանն է համաձայն Գազպրոմից՝ իր առաջարկած գնով գազ գնել:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ