Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակելու է արևմտյան ժողովրդավարությունների ապակայունացման փորձերը: Հայտարարությունը հնչել է փետրվարի 15-ին՝ իր աջակից Բենժամեն Գրիվոյի և ռուս նկարիչ Պյոտր Պավլենսկու ինտիմ նամակագրության հրապարակման սկանդալից հետո:
«Ես կարծում եմ, որ Ռուսաստանը շարունակելու է ապակայունացման փորձերը կամ մասնավոր անձանց, կամ հատուկ ծառայությունների, կամ պրոկսիների (կեղծ անձանց) միջոցով»՝ ասել է Էմանուել Մակրոնը Մյունխենի անվտանգության 56-րդ համաժողովում: «Ռուսաստանը շարունակում է լինել չափազանց ագրեսիվ խաղացող առաջիկա ամիսներին ու առաջիկա տարիներին բոլոր ընտրություններում: Մենք շատ քիչ հակամարմիններ ունենք՝ այդ գրոհներին դիմակայելու համար»՝ ասել է Ֆրանսիայի նախագահը: Նրա խոսքով՝ գրոհներին դիմակայելու ու աղբյուրները հասկանալու համար պետք է «ուժեղացնել տեխնոլոգիական պաշտպանական ունակությունները և հատուկ ծառայությունների համագործակցությունը» Արևմուտքում: «Մասնավոր անձինք օգտագործում են deep fake տեխնոլոգիաները, դիմում են մանիպուլյացիաների, վիթխարի արագությամբ տարածում են տարատեսակ տեղեկություններ, որոնց աղբյուրը անհնար է բացահայտել հիպերմեդիացված ժողովրդավարական համակարգերում, որտեղ ամեն ինչ անմիջապես իմացվում է, անհանգստության ու վախեցնելու էֆեկտով»՝ շարունակել է Էմանուել Մակրոնը: Նրա խոսքով՝ այդ հարցով, և մյուս խնդիրներով Եվրոպան պետք է Ռուսաստանի հետ երկխոսության մեջ մտնի, հասնի դեէսկալացիայի, և «փոխադարձ թափանցիկության»: «Ես ոչ Ռուսաստանի կողմից եմ, ոչ Ռուսաստանի դեմ եմ, ես Եվրոպայի կողմից եմ»՝ ասել է Ֆրանսիայի նախագահը: Նա նշել է, որ եվրոպական ընտրություններին խառնվում են ոչ միայն Ռուսաստանը, այլև ամերիկացի ուլտրաաջերը: Նա հիշեցրել է, որ Սթիվ Բենոնը՝ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդականը, պաշտոնապես աջակցում էր ֆրանսիայի ծայրահեղ աջ Մարին Լե Պենին Եվրախորհրդարանի ընտրություններում, հիմա էլ սերտ կապեր կան եվրոպացի ուլատրաաջերի հետ:
Համաժողովում Մակրոնը խոսել է նաև Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մասին՝ նշելով, որ ոչինչ չեն փոխել, բայց և չի առաջարկել պատժամիջոցները հանել:
Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները հաջորդում են սկանդալին, որ ծավալվեց Փարիզի քաղաքապետի թեկնածու Բենժամեն Գրիվոյի ինտիմ նամակագրության հրապարակումից հետո, որի պատասխանատվությունը ստանձնեց Ֆրանսիայում փախստականի կարգավիճակ ստացած ռուս նկարիչ Պյոտր Պավլենսկին: Իբրև կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բենժամեն Գրիվոն մերժել էր Ելիսեյան պալատում հավատարմագրել ռուսական RT-ն և Sputnik-ը՝ անվանելով քարոզչամիջոցներ: Գրիվոյի փաստաբան Ռիշար Մալկեն պատմել է, որ RT-ն երեք հայց է ներկայացրել Գրիվոյի դեմ՝ մեղադրելով զրպարտության մեջ:
RFI
Հ.Գ. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գտնում է, որ Եվրոպան երկխոսության կարիք ունի Ռուսաստանի Դաշնության հետ, որի նպատակը պետք է լինի սառեցված հակամարտությունները կարգավորելը, կիբեռանվտանգության հարցերի քննարկումը։ Մյունխենում Մակրոնն ասել է. «Ռուսաստանի հետ ռազմավարական երկխոսությունը պետք է հիմնված լինի սառեցված հակամարտությունները կարգավորելու ունակության, կիբերանվտանգության մասին քննարկման ունակության վրա»: Մակրոնը, իհարկե, կրկնել է իր տեսակետները, և նրան փաստացի հակադարձել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Մյունխենում նա հայտարարել է, որ Վաշինգտոնի և եվրոպական պետությունների տարաձայնությունների պարբերաբար հնչող պնդումները չափազանցված են: «Վերջերս արևմտյան մի քանի ղեկավարների հնչեցրած հայտարարությունները ինձ զարմացնում են: Պնդումներ են հնչում, թե միջազգային աշխարհակարգը ճգնաժամի մեջ է, իսկ ԱՄՆ-ը իբր մերժում է միջազգային հանրությանը: Ես, սակայն, այսօր այստեղ եմ, որպեսզի հստակորեն ասեմ ձեզ` այդ հայտարարություններն իրականության հետ որևէ աղերս չունեն: ՆԱՏՕ-ի մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են: Արևմուտքը հաղթում է, մենք միասնաբար ենք հաղթում», - հայտարարել է Պոմպեոն` ընդգծելով, որ այս փուլում հիմնական պայքարը ծավալվել է մի կողմից արևմտյան պետությունների, մյուս կողմից` Ռուսաստանի և Չինաստանի միջև: Պոմպեոն, սակայն, չի բացատրել, թե ինչու՞ է ԱՄՆ-ը բարձրացրել եվրոպական ավտոմեքենաների մաքսատուրքերը, որ առևտրային պատերազմի զինանոցից է, նաև չի անդրադարձել, թե ինչու՞ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, առանց դաշինքի անդամների հետ խորհրդակցության, փաստացի պատերազմի մեջ է մտնում Սիրիայի հետ, ու ի՞նչ պիտի անի այդ դեպքում ՆԱՏՕ-ն, որի կանոնադրության հայտնի 5-րդ կետը ոչ ոք չի բեկանել: Իսկ այդ կետը Դավոսում հիշեցրել էր հենց Էմանուել Մակրոնը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ