Վարչապետը դարձել է ծաղրի առարկա
07.02.2020 | 01:31
ՀՀ գործող իշխանությունների բազմաթիվ թույլ կետերից մեկը ռեսուրսների պակասն է։ Խոսքը կառավարման‚ վերլուծական‚ ի վերջո նաև ինտելեկտուալ ռեսուրսի պակասի մասին է։ Եվ եթե սրան գումարում ենք նաև իրական՝ շոշափելի ռեսուրսների դեֆիցիտն ու կառավարման ինստիտուցիոնալ համակարգի բացակայությունը‚ ապա հասկանալի է դառնում‚ որ իշխանության մոտ‚ այն պահից սկսած‚ երբ հասարակությունը դուրս եկավ էյֆորիայից‚ պետք է սկսվեին տեսանելի խնդիրները։ Հասարակությունը և հասարակության տարբեր խավերն այդ պահից որպես իրենց սպասումների ու պահանջների հասցեատեր դիտարկում են ոչ թե նախորդ‚ այլ արդեն գործող իշխանություններին։ Որքան էլ ներկա իշխանությունը փորձում է հիմնականում որպես երկրում առկա գլոբալ խնդիրների պատճառ ու հասցեատեր վկայակոչել նախկիններին կամ սևերին‚ այնուամենայնիվ վերջին ամիսների ակցիաները ցույց են տալիս‚ որ տեղական խնդիրներ ունեցող հանրության բոլոր խավերը բացարձակ չեն հիշում ո՛չ Ռոբերտ Քոչարյանին‚ ո՛չ Սերժ Սարգսյանին և իրենց խնդիրներով գալիս են կառավարության շենքի կամ տվյալ գերատեսչության մոտ։ Այնպես որ՝ իշխանության տրյուկը՝ ամեն ինչ պայմանավորել նախկիններով‚ այլևս արդիական չէ և չի աշխատում։
Այս պայմաններում‚ երբ իշխանությունը ամիսներ շարունակ փորձում էր ջայլամի քաղաքականություն վարել ու պրոբլեմները իբրև թե չտեսնել կամ չլուծելով հետաձգել հանգուցալուծումը‚ ամեն ինչ հանգել է նրան‚ որ խնդիրները կուտակվելով արդեն իսկ սկսել են պայթել։ Իսկ երբ առաջացած ցայտնոտում‚ ժամանակի ակնհայտ պակասի պարագայում‚ հասարակությունն իշխանությանն առերեսում է իրողությունների հետ‚ խնդիրները սկսում են միաժամանակ պայթել‚ իշխանությունը ռեսուրսների բացակայության պայմաններում ցուգցվանգային գործողություններ է կատարում։ Իսկ ցուգցվանգային վիճակում ցանկացած քայլ որևէ օգտակար գործողության գործակից չի պարունակում։ Հակառակը՝ ցանկացած գործողություն է՛լ ավելի է բարդացնում իրավիճակը‚ քաղաքական լեզվով ասած՝ նոր քաղաքական օրակարգեր է ձևավորում, ինչը բացարձակ բարենպաստ չէ իշխանության համար և հակառակը՝ ընդդիմադիրների համար նոր հնարավորություններ է ստեղծում։ Բավական է միայն նայել վերջին 10-14 օրվա իրադարձություններն ու տեսնել‚ թե ինչ հերթականությամբ ու ալգորիթմով են տեղի ունենում դրանք‚ որպեսզի հասկանալ‚ թե ինչ բարդ իրավիճակում է հայտնվել իշխանությունը‚ և սա դեռ նույն ալգորիթմի շղթայի սկիզբն է։ Գրեթե ամեն օր յուրաքանչյուր խոսք ու գործողություն‚ որ կատարվում է իշխանության կամ վարչապետի կողմից‚ օգտագործվում է հենց իրենց դեմ։
Հիշենք թեկուզ մեկ-երկու դրվագ։ Կապանում կայացած հայտնի ասուլիսում‚ որ կայացավ վարչապետին բնորոշ ոչ հավասարակշիռ ոճով‚ կառավարության ղեկավարը‚ հերթական անգամ անդրադառնալով իր համար արդեն իդեա ֆիքս դարձած Հրայր Թովմասյանի թեմային‚ հայտարարեց‚ թե ինքն ունի անհամաչափ փաստեր վերջինիս վերաբերյալ‚ որոնք հաստատում են ՍԴ նախագահի՝ իշխանություններին ծառայելու պատրաստակամությունը։ Երկրորդ քայլով հանրության և իր թիմակիցների մոտ առաջացրեց սպասումներ‚ իսկ երրորդ քայլով ներկայացրեց ճտիկով մի գրիչ‚ որին հետևեց հանրության բավականին ադեկվատ արձագանքը. վարչապետը դարձավ ծաղրի առարկա։ Չկար ՖԲ որևէ ակտիվ օգտատեր կամ հասարակական գործիչ‚ որ չծաղրեր կառավարության ղեկավարին։ Իսկ վարչապետի թիմակիցներն ուղղակի ցնցված էին. ժամեր շարունակ նրանց ծպտունը դուրս չէր գալիս‚ նրանք իրենց խաբված էին զգում‚ և ակնհայտ էր որոշակի դժգոհություն իրենց ղեկավարի գործողություններից։ Վարչապետը‚ հասկանալով‚ թե ինչ խոշոր տապալում է ունեցել‚ և իմիջային ու քաղաքական ինչ կորուստներ է կրել‚ փորձեց արձագանքել ու փոխել իրավիճակը։ Քաղաքական նոր օրակարգի պայմաններում‚ որ կապված էր այդ տապալման հետ‚ ֆեյսբուքյան ուղիղ եթեր մտավ‚ որի ընթացքում հնչեցին մեկը մյուսից անհեթեթ բացատրություններ գրչի կարևորության մասին‚ ինչը է՛լ ավելի խճճեց իրավիճակը‚ է՛լ ավելի սրեց սարկազմի չափաբաժինը՝ նոր խաղաքարտեր տալով ընդդիմախոսներին։ Այս ամենին վարչապետի ռեակցիան‚ ինչպես կարելի էր կանխատեսել‚ համարժեք չէր։ Փորձելով շտկել իրադրությունը և վերադարձնել նախկին դիրքերը՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է ցույց տալ‚ թե ով է իրավիճակի տերը‚ և հենց հունվարի 28-ին՝ ՀՀ զինված ուժերի կազմավորման օրը‚ ոստիկանությունը սկսում է հայտնի մասկի շոուն «Ադեկվատ» միաբանության և «Վետո» հասարակական շարժման ներկայացուցիչների դեմ։ Այդ թատրոնով վարչապետը ցանկանում էր ցույց տալ‚ թե ինքն ուժեղ է ու իրավիճակի տերն է։ Սրան հետևեցին տեռորի‚ 37 թվի մասին մարդկանց բարձրաձայնումները‚ դարձյալ օրակարգային դարձան վարչապետի հոգեկան առողջության մասին թեզերը։ Արդյունքում իշխանությունը հայտնվեց խոր մի փոսի մեջ. չհաշվարկված քայլերը‚ անհավասարակշիռ վարքագիծը հանգեցրին նրան‚ որ Հրայր Թովմասյանի դեմ մեկնարկած պայքարի այդ ռաունդում Փաշինյանն ու նրա թիմը պարտվեցին՝ հերթական անգամ տանուլ տալով տեղեկատվական պատերազմում։
Պարտվելով Հրայր Թովմասյանի դեմ պայքարում՝ Փաշինյանը մեկ այլ սցենար գործարկեց։ Զինվոր որդուն այցելության մեկնած վարչապետն Արցախի «Արի Ռեզորթ» ռեստորանային համալիրում հայտնվում է ոչ պակաս սկանդալային իրավիճակում։ Ռեստորանում հաց ուտելուց հետո իրեն համապատասխան ոճով համապատասխան սկանդալ է ստեղծում ՀԴՄ կտրոնի շուրջ‚ և առանց հաշվի առնելու‚ թե որտեղ ու ում հետ է խոսում‚ ում է պատկանում ռեստորանային համալիրը, հայտարարում է‚ թե դրանց տերերը զինվորի հաց ուտող են։ Այստեղ նոր թեմա է բացվում։ Հարց է առաջանում՝ դեյուրե ի՞նչ իրավունք ունի Նիկոլ Փաշինյանն այդ կերպ իրեն պահելու ոչ Հայաստանի տարածքում‚ որտեղ ղեկավարը բոլորովին այլ անձ է։ Սա շատ բնորոշ է Նիկոլ Փաշինյանին և ցույց է տալիս նրա մարդկային տեսակը։ Վարչապետը գուցե հույս ուներ‚ որ ամեն ինչ լոկալ մակարդակում կանցնի-կգնա‚ սակայն ի դժբախտություն իրեն՝ ռեստորանը պատկանում է մի մարդու‚ որը տարիներ շարունակ զբաղվում է բանակի խնդիրներով։ Վերջինս‚ վիրավորվելով Փաշինյանի՝ «զինվորի հաց ուտող» արտահայտությունից‚ հանրայնացնում է այդ պատմությունը՝ հերթական անգամ դարձնելով ՀՀ ղեկավարին քննադատության‚ սարկազմի և հանրության վրդովմունքի առարկա։ Տեսնելով‚ որ աղմուկը թեժանում է և ոչ հօգուտ իրեն, ՀՀ վարչապետը չի դիմանում‚ նորից արծարծում է նույն թեման‚ բացատրություններ է տալիս‚ իր ոճին հարազատ՝ կեսը ճիշտ‚ կեսը սխալ‚ իրեն հարմար շեշտադրումներով։ Այս ամենին զուգահեռ սոցցանցերում և լրատվամիջոցներում հայտնվում է տեսանյութ‚ որը վկայում է‚ թե տնտեսումների‚ պետական ռեսուրսների խնայողությունների‚ զինվորի հացը ուտելու մասին խոսող վարչապետը որդուն տեսակցության մեկնում է 12 մեքենայով։ Ակնհայտ է‚ որ ոչ աշխատանքային օրով նշված ծախսերն իրականացվել են պետության հաշվին։ Անմիջապես պայթեց հերթական մի փուչիկ գերհամեստ‚ տնտեսող‚ նոր Հայաստանի նոր վարչապետի մասին։ Եվ անմիջապես հիշվեց Նարեկ Սամսոնյանի կողմից բացահայտված՝ 3000 դոլարով սև խավիար գնելու պատմությունը։ Եթե որևէ մեկը նույնիսկ կասկածում էր‚ թե վարչապետի ընտանիքը կարող է կգ-ը 3000 դոլարով ամսական մի քանի անգամ սև խավիար գնել‚ ապա այս պարագայում բոլոր կասկածները փարատվում են։ Այս ամենը լուրջ հիասթափություններ է առաջացնում հանրության շրջանում։ Եվ որքան էլ մենք համարում ենք‚ թե մեր շրջապատում կան մեծ թվով պողոսներ‚ պարզ է դառնում‚ որ ադեկվատ հեղափոխականները խոր հիասթափություն են ապրում և երես թեքում իրենց սիրելի Փաշինյանից։
Եվս մեկ քաղաքական թեմա այս օրերին ի հայտ եկավ‚ որը դարձյալ կապված է ՍԴ ղեկավար Հրայր Թովմասյանի հետ‚ որին իշխանությունը ոչ մի կերպ չի կարողանում շարժել տեղից‚ և որը իշխանության ապիկար գործողությունների շնորհիվ դարձել է քաղաքական լուրջ գործոն։ Նիկոլ Փաշինյանի հրահանգով ՀՔԾ-ն հետաքննական գաղտնիք է բացում՝ Հ1-ով ցույց տալով Հրայր Թովմասյանի իբրև թե քրեական գործողությունները։ Սա լուրջ խնդիրներ է առաջացնում նախ և առաջ իրավական տեսակետից‚ գնահատվում է որպես ճնշում‚ պրոցեսուալ խախտում‚ ինչը հանգեցնում է նրան‚ որ Հայաստանը լուրջ հարված է ստանում միջազգային ատյաններից։ ԵԽԽՎ հայաստանյան համազեկուցողները հանդես են գալիս հայտնի հայտարարությամբ‚ ինչն ակնհայտորեն լուրջ ապտակ է հայաստանյան իշխանություններին։ Հերթական անգամ կոշտ հայտարարություն է անում Վենետիկի հանձնաժողովի ղեկավար Ջ. Բուքիքիոն։ Հայաստանի իշխանությունը չտեսնելու է տալիս այս ամենը։ Համատեքստից մեկ-երկու բառ հանելով՝ ասում է‚ որ դատապարտելի ոչինչ չեն տեսնում։ Սա ընդվզման նոր ալիք է բարձրացնում‚ մանավանդ որ իշխանությունը գնում է ոչ հավասարակշիռ մեկ այլ քայլի՝ փորձում է փոխել Սահմանադրությունը՝ ՍԴ-ն և նախագահին շրջանցելով‚ նույնիսկ առանց հանրաքվեի։ Սա նույնպես իր հերթին նոր ալիք է առաջացնում։ Պարզ է‚ որ սրան անդրադառնալու են եվրոպական կառույցները։ Եվ այս ռեստորանային պատմության ու եվրոպական կառույցների հետ պատերազմի ֆոնին Նիկոլ Փաշինյանը հանրության ուշադրությունը շեղելու համար ավելի լավ բան չի գտնում‚ քան Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելու և ասֆալտին փռելու հրահանգ տալը‚ որպեսզի ցույց տա‚ թե ինքն է իրավիճակի տերը։ Հերթական անգամ բերման ենթարկվածին բաց թողնելուց հետո Փաշինյանն ու իր իշխանությունը կրկին ու կրկին դառնում են ծաղրուծանակի առարկա։ Իսկ Ռուբեն Հայրապետյանը‚ լինելով կոշտ տեսակ‚ ուղղակիորեն հայտարարում է‚ որ ոստիկանության կողմից ասֆալտին պառկեցնելու համար մեծ տղամարդկություն պետք չէ՝ խոստանալով ապագայում փոխադարձաբար գործող իշխանություններին պառկեցնել ասֆալտին ու ոտքերը մաքրել նրանց վրա։ Այստեղ իհարկե իշխանական թևի հրաշամանուկները զարմանքից ապշում են‚ թե ո՞նց կարելի է իրենց հետ նման տոնով խոսել։ Իսկ Նիկոլ Փաշինյանի համար ամենածանր հարվածն այն է‚ որ իրենից սկսում են չվախենալ։ Ցանկացած փոքր բռնապետի համար ամենասարսափելին այն է‚ որ ինքը դառնում է ծաղրի առարկա‚ ու իրենից ոչ ոք չի վախենում։ Այժմ Հայաստանում հենց այդ իրավիճակն է. վարչապետը դարձել է ծաղրի առարկա‚ և ցանկացած գործողություն‚ որ միտված է վախեցնելու ընդդիմախոսներին‚ հակառակ արձագանքն է առաջացնում։ Ավելին‚ ում հետ իշխանությունը որևէ գործողություն է ձեռնարկում‚ նրանց վարկանիշը և ճանաչելիության մակարդակը զգալիորեն բարձրանում են։ Նույն ադեկվատները կամ «Վետո»-ի անդամները‚ որոնց եթե նախկինում գիտեր միայն ֆեյսբուքահայությունը‚ ապա հայտնի ակցիայից հետո‚ երբ սկսեցին նրանց հեռուստատեսությամբ ցույց տալ‚ դարձան հայտնի էլ ավելի լայն շրջանակների համար։
Այս մի քանի դրվագները ցույց են տալիս‚ որ ՀՀ գործող իշխանությունները ի վիճակի չեն օգտակար քայլ կատարելու։ Յուրաքանչյուր ձեռնարկ էլ ավելի է խորացնում ճգնաժամը‚ ինչն էլ հանգեցնելու է նրան‚ որ շատ ավելի լուրջ սխալներ են կատարվելու‚ ինչի պատճառով իշխանության վարկանիշն ավելի է իջնելու։ Եվ իջնելու է ոչ միայն մտածող մարդկանց շրջանում‚ այլև պողոսների մոտ։ Պողոսները շատ կոնկրետ սոցիալական ակնկալիքներ ունեն‚ որոնք իշխանությունը ի վիճակի չէ տալու։ Վիճակագրական և իրական Հայաստանն այսօր ակնհայտ դիսոնանսի մեջ են։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ
Մեկնաբանություններ