Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վստահեցրել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային, որ պետք չէ վախենալ Փարիզի ու Մոսկվայի մերձեցումից: «Ֆրանսիան ոչ ռուսամետ է, ոչ հակառուս: Ֆրանսիան եվրոպամետ է»՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահը փետրվարի 3-ին, Վարշավայում: «Ֆրանսիան չի դարձել ռուսամետ, ինչպես ես երբեմն լսում եմ»՝ ասել է Էմանուել Մակրոնը Անջեյ Դուդայի հետ ասուլիսում:
«Երբ ես նայում եմ քարտեզին, տեսնում եմ, ինչպես և Դուք՝ պարոն նախագահ, որ Ռուսաստանը Եվրոպայի մաս է, թեպետ ԵՄ անդամ չէ: Մեր շահերից չի բխում, որ սառեցված կոնֆլիկտները կուտակվեն»՝ ընդգծել է Ֆրանսիայի նախագահը: ՙՖրանսիայի համար բացարձակ գերակայություն է անվտանգությունն ու կայունությունը Եվրոպայում: Դա միակ գիծն է, որ ես ունեմ: Ես միամիտ չեմ, ու ես գիտեմ, որ եվրոպական անվտանգության շահերից ելնելով, Ֆրանսիայի ու Լեհաստանի շահերից ելնելով մենք պետք է պահանջկոտ քաղաքական երկխոսություն վարենք Ռուսաստանի հետ»՝ հավելել է Մակրոնը: Այդ երկխոսությունը, նրա խոսքով, անհրաժեշտ պայման է Ուկրաինայի արևելքում կոնֆլիկտի խաղաղ կարգավորման համար: Էմանուել Մակրոնը Անջեյ Դուդային վստահեցրել է, որ ՆԱՏՕ-ն «ընդհանուր անվտանգության անհրաժեշտ հիմք է»: Նա նշել է, որ ամեն տարի 4000 ֆրանսիացի զինվորներ մասնակցում են տարբեր գործողությունների ՆԱՏՕ-ի արևելյան հատվածում:
Ֆրանսիայի նախագահն առաջին անգամ է Լեհաստանում: Վարշավայում բանակցությունների արդյունքներով Լեհաստանի ու Ֆրանսիայի նախագահները ստորագրել են ռազմավարական համագործակցության երկկողմ ծրագիր, որ կարգավորում է Փարիզի ու Վարշավայի համագործակցությունը տարբեր ոլորտներում: Reuters-ը գրել է՝ Անջեյ Դուդան հույս ունի որ Էմանուել Մակրոնր այցը նոր էջ կբացի երկու երկրների հարաբերություններում:
RFI
Հ.Գ. Լեհաստանի ԱԳ նախարարը վերջերս հայտարարել էր, որ Վարշավան պատրաստ է ԵՄ-ում փոխարինել Մեծ Բրիտանիային: Հնչում է, իհարկե, հավակնոտ, բայց լեհերը հավատում են, որ իրենք ունեն բավարար հզորություն ու կամք, որ կարողանան Մեծ Բրիտանիա դառնալ ԵՄ-ի համար: Արևելյան Եվրոպայի երկրներից Լեհաստանը ամենահակառուսականն է, ու Մակրոնի այցը Վարշավա նաև ԵՄ-ում իր ծրագրերին դիմադրությունը նվազեցնելու նպատակ ուներ: Հետաքրքիր է, որ նա նորից խոսել է Եվրոպայի անվտանգությունից ու կոնֆլիկտների թվի պակասեցումից: Ֆրանսիայի նախագահը բնավ միամիտ չէ և հիանալի հասկանում է, որ բրեկզիտից հետո Դոնալդ Թրամփի հաջորդ թիրախը ԵՄ-ն է, եթե նա նոյեմբերին վերընտրվի:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ