ՔՊ-ի գործերը այնքան են լավ չեն՝ երկար ժամանակի մեջ առաջին անգամ քաղաքական սկանդալի հեղինակ է դառնում ոչ թե ՔՊ-ն, այլ՝ «նախորդ հանցավոր ռեժիմի» ներկայացուցիչը: Եվ՝ ցավոտ սկանդալի: Երեկ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարություն է արել, որ առաջին հայացքից հակասում է իրավական գիտելիքներ ունենալու աքսիոմատիկ պատկերացմանը: Գևորգ Կոստանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, համարելով «զուրկ որևէ իրավական, տրամաբանական և առարկայական հիմքից», բայց պատրաստ է Մոսկվայից վաղը ևեթ վերադառնալ Հայաստան ու պատասխանել նախաքննական մարմնի բոլոր հարցերին: Պայմանով՝ հրապարակավ: Ինչու՞: «Որպեսզի դա արվի հրապարակային և մեր հասարակությունը հասկանա իրականում ինչ է տեղի ունենում, առաջարկում եմ կազմակերպել հրապարակային քննարկում ՀՀ վարչապետի մոտ կամ իր մասնակցությամբ ուղիղ հերառձակմամբ՝ ՀՀ ՀՔԾ պետի և Գլխավոր դատախազի, իրավաբան գիտնականների և միջազգային փորձագետների մասնակցությամբ»: Միով բանիվ՝ Գևորգ Կոստանյանն առաջարկում է շոու: Շոու, որին պիտի մասնակցեն ՀՀ-ում ԵԽ և ԵՄ ներկայացուցիչները և այլ դեսպաններ: Եվ՝ «Եթե իշխանությունները դժվարություն կունենան Հայաստանում ԵԽ և ԵՄ և այլ դեպաններին կամ միջազգային իրավաբանների ներկայությունը այդ խորհրդակցությանը հրավիրելու հարցում, ես կապահովեն վերջիններիս ներկայությունը»:
Գևորգ Կոստանյանը հարցերին հրապարակային պատասխանելու պահանջը պայմանավորում է 2 պատճառով՝
«1.Մարտի 1-ի գործի հասարակական քննարկումը ընդգծված և միակողմանի հրապարակայնությամբ, այդ թվում՝ միջազգային հարթակներում և տարբեր երկրների դեսպանների մակարդակով,
2. Իրավապահ մարմինների ներկայիս գործելաոճով: Իրավապահ մարմինները ԶԼՄ-ներով առանց որևէ հիմնավորում ունենալու, հրապարակում են մեղադրանք առաջադրելու որոշումներ և այլ դատավարական փաստաթղթեր, իսկ իշխանական լրատվամիջոցները բացառապես միակողմանի լուսաբանելու միջոցով հասարակության մոտ ստեղծում են կոնկրետ մարդկանց մեղավորության տպավորություն, պատրանք՝ թաքցնելով իրական հանգամանքները, ինչն եղավ նաև իմ դեպքում»: Սխալվու՞մ է Գևորգ Կոստանյանը: Ակնհայտորեն՝ ոչ՝ միակողմանի լուսաբանման, ի սկզբանե մեղավորության կանխավարկածի, դատապարտվածության վարկածի բազում դեպքեր կան: Կան նաև բռնեմ-բաց թողնեմի դեպքեր: Իհարկե, Կոստանյանը չի բացառում նաև իր իմացածը այլ տարբերակով հայտնիացնելու հնարավորությունը, ուրեմն ինչի՞ համար է այս ինքնապահովագրումը: Մտավախության, որ դա չի համարվի պաշտոնական ցուցմու՞նք: «Եթե իշխանությունը շահագրգռված է Մարտի 1-ի բացահայտման գործում ակնկալում եմ դրական պատասխան»՝ ասել է Գևորգ Կոստանյանը՝ վստահ լինելով, որ դրական պատասխանը անհավանական է, այսինքն՝ ունի չվերադարձի ալիբի: ՀՔԾ-ն փաստացի մերժել է Գևորգ Կոստանյանի պայմանը՝ նշելով, որ քննարկում կազմակերպելու առաջարկն անիրատեսական է, «ինչը կարող ենք գնահատել որպես քննությանը չներկայանալու հերթական պատրվակ»:
Բայց Գևորգ Կոստանյանը դիմում է նաեւ Մարտի 1-ին զոհվածների հարազատներին, ասելով, որ քննությունը գործնականում որեւէ կերպ չի բացահայտում գլխավորը՝ ո՞վքեր են սպանել: Որոշ ժամանակ առաջ նախաքննության մարմինն ասում էր, որ ապացույցներ են ոչնչացվել՝ հիմնավորելով կոնկրետ սպանությունների առումով բացահայտումների բացակայությունը: Միաժամանակ հույս էր տալիս, որ ներկա քննությունն արդյունավետ ընթանալու պարագայում կհանգեցնի սպանությունների մի մասի բացահայտման:
Հարց՝ ի՞նչ գիտի Գևորգ Կոստանյանը, որ պատրաստ է ասել՝ հրապարակայնության պահանջով, թեպետ գիտի, որ հետո կարող է կալանավորվել: Եվ ինչու՞ է վախենում, որ իր տեղեկությունը կկոծկվի կամ ընթացք չի տրվի: Հրապարակայնության պահանջի այլ բացատրություն չկա:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Գևորգ Կոստանյանը քայլ արեց ու մերժվեց: Ու հիմա կարող է հայտարարության, հարցազրույցի, նամակի կամ որևէ այլ տարբերակով հրապարակել այն, ինչ ընդունված է անվանել «նախաքննական գաղտնիք»: ՀՔԾ-ին մնում է անել իր քայլը: Բայց կան նաև երրորդ ու չորրորդ կողմեր: Երրորդ կողմը զոհերի հարազատներն են՝ իրենց իրավահաջոդներով ու փաստաբաններով, որ սպանությունների բացահայտման ցանկությամբ՝ չեն կարող անտեսել Գևորգ Կոստանյանի հայտարարությունը: Չորրորդ կողմը հասարակությունն է, որ պիտի իր եզրակացությունները անի: Սոցիալական ցանցերն իրենց մեկնաբանություններով հաշվից հանեք՝ խոսքը մտածող մարդկանց մասին է, որ չեն շտապում եզրակացություններ անել՝ սպասելով իրադարձությունների զարգացումներին: