Ընտրիր՝ խո՞տ ես, թե՞ մարդ
17.12.2019 | 00:59
Վերջ, որոշված է՝ 2020-ը սկսում եմ նոր կարգավիճակով: Կուսակցություն եմ ստեղծում: Կկոչվի «Շաբաթ»: «Շաբաթ» կուսակցությունը բաղկացած կլինի 7 կուսակցություններից՝ Երկուշաբթի օրվա կուսակցություն, Երեքշաբթի, Չորեքշաբի, Հինգշաբթի, ՈՒրբաթ. Շաբաթ, Կիրակի: Կուսակցական աշխատանքի զբաղվածություն կապահովվի 7 օր, յոթնապատիկ կլինեն եկամուտները: Մինչև տարեվերջ կուսակցության ուղղության ընտրության 2 տարբերակ կա, որ, բնականաբար, կձևակերպվի հույժ վայելուչ, կփաթեթավորվի ըստ արժանվույն ու միանգամայն քաղաքական բառապարաշարով:
Տարբերակ 1. Իշխանամետ, և ուրեմն՝ կեցցե հեղափոխությունը:
Տարբերակ 2. Իշխանամերժ, և ուրեմն՝ կորչի հեղափոխությունը:
Սոցհարցումները ցույց են տալիս, որ երկու ուղղություններն ունեն հավասար պահանջարկ, և ուրեմն՝ ընտրախավը ապահովված է:
Առաջին տարբերակի առավելությունները.
1. Դրամաշնորհներ ես ստանում հնարավոր ու անհնար հիմնադրամներից:
2. Ամեն օր հանդիպում ես Վլադիմիր Կարապետյանին ու ստանում նրա հրահանգները:
3. Չես իջնում Հ1-ի եթերից, ինքնաթիռներից՝ շրջում ես աշխարհում իբրև հպարտ ՀՀ քաղաքացի, որ աշխարհին է ներկայացնում աշխարհում աննախադեպ, միակ, թավշյա, բաց ձեռքերով հեղափոխությունը:
4. Խելամիտ քաղաքականության դեպքում հերթական ընտրություններում դաշինք ես կազմում ՔՊ-ի հետ ու մտնում ես ԱԺ, կառավարություն, իշխանության բոլոր ծակուծուկերը:
5. Բացարձակ ռելաքսի մեջ՝ չես մտածում ոչնչի մասին, ունես խորին ու սակրալ համոզմունք, որ աշխարհը ստեղծված է քեզ սպասարկելու համար, դու ես միակը, ո՞վ, եթե ոչ դու: Չունես պատասխանատվություն քո հայտարարությունների համար, որոնց պատվիրատուն ու պատասխանատուն Վլադիմիր Կարապետյանն է:
6. Քո շուրջբոլորն են պտտվում նրանք, որ ակնկալում են քո մեկ բարևը, որովհետև գործի բերումով դու էլ հնարավոր է՝ բարևած լինես ՆՐԱՆ, իսկ ՆՐԱ բարևը քաղաքական փոխարկելի արժեք է:
7. Կյանքն անցնում է բազմազան, հետաքրքիր, սկանդալների ու տուրևառի մեջ:
Առաջին տարբերակի թերությունները.
1. Դրամաշնորհերը, որ ստանում ես, կարող են քթիցդ բերել, երբ տրվի «պառկցնել» հրահանգը:
2. Ամեն օր հանդիպում ես Վլադիմիր Կարապետյանին ու լսում նրա հրահանգները:
3. Հ1-ից բացի՝ մյուս հեռուստաալիքները քեզ քլնգում են երկուշաբթիից կիրակի, կարևոր չէ՝ ինչ ես արել ու ինչ չես արել:
4. Խելամիտ քաղաքականության դեպքում հերթական ընտրություններին չես հասնում, ՔՊ-ն քեզ օգտագործում է իրեն անվայել բոլոր գործերում ու անպետք թաշկինակի պես նետում ԱԱԾ, ՀՔԾ, ոստիկանություն:
5. Չէ, իհարկե՝ ո՞վ, եթե ոչ դու: Բայց դու չունես ինքնուրույն խոսքի ու քայլի տարածք՝ պատվիրատուն Վլադիմիր Կարապետյանն է:
6. Բարևն, իհարկե, քաղաքական փոխարկելի արժեք է, բայց հետո կարող է քեզ բարև տվող չլինի:
7. Կյանքն անցնում է:
Երկրորդ տարբերակի առավելությունները.
1. Ազատ ես, ում ինչ ուզես կարող ես ասել, բոլոր հնարավորություններն ունես՝ ի ցույց դնելու քո բառապաշարը, ինտելեկտը, կապերը, կարող ես ամեն ինչ երեսով տալ ու Հ1-ից բացի քոնն են բոլոր հեռուստաալիքները, թերթերը, քննադատիր սրտիդ ուզածի չափ, ոչ պատասխանատվություն, ոչ հետևանք, եթե, իհարկե, հիմարություն չես ունեցել հարցազրույցներ տալ հեռախոսով:
2. Ֆինանսների կարիք չես ունենա, լիուլի կվճարեն, փողը խնդիր չէ՝ ոչ կուսակցական, ոչ անձնական կյանքում:
3. Գաղափարական նորություն քեզնից ոչ ոք չի ակնկալում՝ միշտ կան մարդիկ, որ ամեն ինչից դժգոհ են: Նրանք քոնն են ու կգան քո հետևից, եթե պոպուլիստ ես ու դեմագոգ:
4. Խելամիտ քաղաքականության դեպքում հերթական ընտրություններում դաշինք ես կազմում օրվա անցողիկ քաղաքական ուժի հետ ու մտնում ես ԱԺ՝ 5 տարի ինչ ուզում ես՝ ասում ես, ինչ ուզում ես՝ անում ես, կարևորը՝ իշխանության դեմ:
5. Բացարձակ ռելաքս, իհարկե, կա, բայց մտածել ստիպված ես, որովհետև չգիտես՝ հաջորդ օրը որտեղ կարթնանաս՝ տա՞նդ, թե՞ պետության վերահսկողության տակ:
6. Քո շուրջբոլորն են պտտվում նրանք, որ պարապ են ու քեզնից են ակնկալում շահավետ գործ, բարեկեցիկ կյանք, ու ընդհանրապես՝ ինչ տաս՝ տաս:
7. Կյանքն անկանխատեսելի է, հետաքրքիր, սկանդալների ու տուրևառի մեջ:
Երկրորդ տարբերակի թերությունները.
1. Իրականում դու գիտես, որ ինչ անցել է, անցել է, ու ապագայում քեզ ոչինչ չի ջերմացնում ու չի լուսավորում:
2. Միշտ կա վտանգը, որ կգտնվի մի համառ հիմար ու հրապարակավ կհարցնի՝ որ այսօր այդքան խելոք եք, այդքան հայրենասեր, այդքան ճշմարտախոս, երեկ ինչու՞ ամեն ինչ հակառակն էիք անում: ՈՒ դու պիտի սկսես սոփեստություն անել:
3. Մարդկանց հիշողությունը սքանչելի է՝ նրանք հիշում են միայն լավը, երբ դու իշխանություն ես, նրանք հիշում են միայն վատը, երբ դու այլևս իշխանություն չես: Միշտ կա անցյալի պարտամուրհակը փակելու վտանգը, երբ արդեն սնանկ ես:
4. Խելամիտ քաղաքականության դեպքում դու ոչ մի ընտրությունում չես հաղթի՝ ոչ մենակ, ոչ դաշինքով, քո ընտրողը քեզ չի լսում, նրան չեն հետաքրքրում քո ծրագիրը, քո նպատակները: Նրան հետաքրքրում է միայն այն ուժը, որ պիտի դառնա իշխանություն ու 5 տարի պահի իրեն: Եթե դու ընդդիմություն ես, այլևս ընտրողը քեզ երբեք իշխանության չի բերի, քո դեմ պայքարելու են ոչ միայն իշխանությունը, իրենց ընդդիմադիր համարող մյուս կուսակցությունները, այլև քո իսկ ժողովուրդը՝ իր ծույլ անտարբերությամբ ու մտածելու, ընտրելու, իր ընտրության համար պատասխանատվություն ստանձնելու 0 պատրաստակամությամբ:
5. Էլի՝ ո՞վ, եթե ոչ դու: Բայց դու գործնականում չունես հեռանկար, ամեն ինչ սկսվում ու ավարտվում է ընթացքով, իսկ դու հոգնում ես, դու էլ ռետինից չես, ֆիզիկականը մի կողմ, կա քաղաքական բարոյական մաշվածություն, որի դեմ ոչ ոք համադարման չի գտել: Դու էլ չունես:
6. Վստահաբար քեզ վարկաբեկելու են, դավաճանելու են, հերյուրելու են: Հատկապես նրանք, ում օգնել ես, դու կոչվելու ես քաղաքական կակղամորթ կամ քամելեոն, որ չունի ոչինչ, բացի ագահությունից ու համայն մարդկությանը կողոպտելու ցանկությունից:
7. Իսկ կյանքը, միևնույն է, անցնում է, ու ինչ էլ անես կամ չանես, բումերանգը վերադառնում է՝ թիրախ ունենալով ճակատդ:
Կա, իհարկե, կա երրորդ տարբերակը՝ կուսակցություն էլ չես ստեղծում, կուսակցության անդամ էլ չես դառնում: Բայց այդ դեպքում ստիպված ես մենակ գտնել պատասխանները հարցերի, որ, միևնույն է, կան: Նույնիսկ եթե գտնես էլ, քո պատասխաններն են, այսինքն՝ չունեն ու չեն ունենալու հասարակական իմաստ ու արժևորում, մեղմ ասած՝ ոչ ոք ուշադրություն չի դարձնելու, կան, թե չկան՝ գնալու են կորչեն գրողի ծոցը: ՈՒրեմն՝ ի՞նչ անել: Ոչինչ: բացարձակ ռելաքս: Դու ո՞վ ես, որ որոշում ընդունես, դու ո՞վ ես, որ մտածես, դու ո՞վ ես, որ հարց տաս: Դու խոտ ես՝ աճիր քեզ համար ու տրորվի-գնա ինչ-որ մեկի կրնկի տակ, կամ՝ գերանդին կհնձի: Վերջ: Կան քեզնից խելոքները, քեզնից հաջողակները, քեզնից փորձառուները, թող նրանք էլ ապրեն քո կյանքը: Ռելաքս: Անջատվիր ու ապրիր խոտի քո կյանքը: Ռելաքս՝ քաղաքական, մարդկային, ազգային, բայց դա 2020-ին, իսկ հիմա դեռ ժամանակ կա հարցեր տալու.
1. Ե՞րբ է Նիկոլ Փաշինյանը որոշարկելու՝ ինքը Հիսու՞սն է, թե՞ Հռոմի պապը:
2. Այդ ի՞նչ ծրագիր է Նիկոլ Փաշինյանն առաջադրել, որ նախարարություններում դիմադրության է հանդիպել: Բացի կոռոպցիայի դեմ պայքարելուց, կոպեկ առ կոպեկից ու ասֆալտին «պառկըցնելուց»:
3. Կա՞ աշխարհում մի կառավարություն, որ կարող է այդ ծրագրին չդիմադրել:
4. Ի՞նչն է հոգեպես ավելի ազնիվ՝ Ամանորը տանը՝ ընտանիքի հետ անցկացնել, թե՞ Հանրապետության հրապարակում տժժալ ու «հոթ դոգ» ուտել՝ համեմված կառավարության՝ անձամբ քո անձի հանդեպ մտահոգությամբ ու քեզ վրա վատնված միլիոն դոլարով և օտարալեզու զբոսաշրջիկներով՝ Գորան Բրեգովիչին հեռվից տեսնելու հաճույքի մեջ ծփծփալով:
5. Ամանորով կյանքը սկսվու՞մ, թե՞ ավարտվում է: Քեզ ու քո երկրին, բացի ՀԴՄ-ից, արտադրություն, աշխատատեղ, աշխատավարձ, կենսաթոշակ, տուն, ուսում, բուժսպասարկում պետք չէ՞: Քո կառավարությունը այնքան փող ունի, որ չգիտի՝ որտեղ ծախսել, բայց վարկեր է վերցնում, որ փակելու են քո զավակները: Ինչու՞: Ինչու՞ ոչ մի կարևոր որոշում քո «դուխով» վարչապետն ու կառավարությունը չեն ընդունում, որ բխեն քո կենսապայմանները բարելավելու պահանջից: Ինչու՞ տնտեսական ակտիվության ու տնտեսական աճը չեն հասնում քո կենսամակարդակի փոփոխությանը, բայց ծառայում են իշխանության ինքնահաստատմանը:
6. Բա Արցախի հարցն ի՞նչ եղավ: Լավրովի պլա՞նը, Բաքվի սուբստանտիվը, թե՞ «Արցախը Հայաստան է, ու՝ վերջ»: Դրա տակից ո՞վ է դուրս գալու: Արցախյան պատերազմի հերթով վարկաբեկվող հերոսնե՞րը, համալրվող Եռաբլու՞րը, թե՞ դու, հենց դու, որ գիտես՝ հողը անանց արժեք է: Անհող Հայրենիք չի լինում, ինչպես Հայրենիք չի լինում առանց ՄԱՐԴՈՒ:
7. Անդրկովկասի ամենաանառիկ բերդը ո՞վ հանձնեց, ինչու՞ ներսից բացվեցին Կարսի դռները, ինչու՞ հիմա Կարսում չեն հայերը: Ցեղասպանոթյան մեջ ի՞նչ դեր են ունեցել քո ավանդական կուսակցությունները: Ճի՞շտ էին, որ երիտթուրքերի հեղափոխությունից հետո զինաթափում էին ֆիդայիներին, Միլի մեջլիսի պատգամավոր էին դառնում, որ մի քանի կոմիտե ունեին ու ամեն մի կոմիտեն մի որոշում էր կայացնում՝ մյուսին՝ հակառակ: Հայոց ցեղասպանության մեջ ի՞նչ դեր են ունեցել ռուսները, որ 1917-ին հեղափոխություն արեցին ու դատարկեցին խրամատները՝ թուրք հեղափոխական ասկյարի սրին հանձնելով ազատագրված Վանը, հետո էլ թուրք հեղափոխական ասկյարապետին հանձնեցին Կարսը, Արդահանը, Սարիղամիշը… Հայոց ցեղասպանության մեջ ի՞նչ դեր են ունեցել Գերմանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ը: ՈՒ՝ ի՞նչ դեր ունեն հիմա, որ ճանաչում կամ չեն ճանաչում ցեղասպանությունը: Քո երկրի իշխանությունը այնքան ինքնիշխանություն ունի՞, որ 2021-ին բարձրացնի հայ-թուրքական սահմանի հարցը՝ Մոսկվայում կնքված պայմանագրերը կորցնում են վավերականության ժամկետը՝ 100 տարի: Ի՞նչ է անելու Մոսկվան՝ նորի՞ց ծախելու է Հայաստանը, որ Թուրքիայի հետ բարեկամություն անի, թե՞ իբրև ռազմավարական գործընկեր ու 1921-ի սխալների պատասխանատու՝ պահանջելու է սահմանի վերանայում՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: Ժամանակը չէ՞, որ այս խնդիրը դառնա համահայկական, որ սփյուռքում էլ հասկանան ու գնահատեն՝ ի՞նչ է նշանակում 2021-ի մարտի 5-ը համայն հայության համար: Եվ ոչ թե ողբան, այլ գործեն:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Շաբաթվա բոլոր օրերին դու մնում ես դու, և ուրեմն՝ ոչ մի տեղ չես փախչի քո հայրենիքից, քեզնից, քո ժամանակից: Ապրիր, եթե կարող ես, հարցերին պատասխանելով ու մի ժառանգիր սերունդներիդ՝ ինչ ստացել ես պապերիցդ իբրև հայկական հարց: Իսկ ընդհանրապես՝ ամեն մարդ աշխարհը գիտի իր սրտի չափով, մի մանրեք ձեր անձնական ու ազգային կենսական էներգիան առօրեականի վրա, չափանիշ ունեցեք ու սկզբունք, ու՝ տաբու: Կյանքը վերադարձնում է՝ ինչ ստացել է քեզնից, լույսը բազմապատկում է լույս, խավարը՝ խավար: Առանց ՀԴՄ-ի:
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ