ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Մինսկում բողոքում են Ռուսաստանի հետ ինտեգրման դե՞մ

Մինսկում բողոքում են Ռուսաստանի հետ ինտեգրման դե՞մ
08.12.2019 | 09:32

Մինսկի կենտրոնում բողոքի ակցիա է կազմակերպվել Բելառուսի ու Ռուսաստանի «խորացված ինտեգրման» դեմ: Սոչիում Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցում էր Վլադիմիր Պուտինի հետ Միութենական պետության շրջանակներում խորացված տնտեսական ինտեգրման թեմայով: Հոկտեմբերյան հրապարակում ցուցարարները դեմ էին Ռուսաստանի հետ ինտեգրմանը ու կողմ՝ Բելառուսի անկախությանը: Նրանք չեն ցանկանում ընդունել Ռուսատանի ու Բելառուսի ինտերգրման փաստաթուղթը, եթե նախագահները ստորագրեն: Համարյա 6 ժամ մարդիկ շարքերով շրջում էին Մինսկի կենտրոնական հրապարակներով ու կարգախոսներ բացականչում: Հրապարակից ցուցարարները Անկախության պողոտայով հասել են կառավարության շենք, ապա ուղղվել Անկախության հրապարակ: Вясна իրավապաշտպան կենտրոնի տվյալներով՝ հանրահավաքի է դուրս եկել 730 մարդ: Naviny.by-ի տվյալներով՝ 1000: Նրանք կենդանի շղթա են կազմել՝ 200 մարդ ձեռք-ձեռքի կանգնել են Անկախության պողոտայի երկայնքով: Նաև պատռել են Պուտինի դիմանկարները, հետո հավաքել, որ հրապարակը մաքուր մնա: Naviny.by,-ն գրում է, որ Հանրապետության տան աստիճանների վրա բախումներ են եղել ուժայինների հետ, որ արգելում էին մարդկանց մուտքը շենք: Tut.by,-ի տվյալներով՝ ոստիկանությունը ցուցարարներին չէր կալանավորում, բայց նախազգուշացնում էր, որ հանրահավաքը անօրինական է ու առաջարկում էր ցրվել: Հանրահավաքի լուսանկարներում երևում են ցուցապաստառներ «Ոչ ռուսական ֆաշիզմին ու բանդիտիզմին», «This is not integration - this is occupation» (Սա ինտեգրում չէ, սա օկուպացիա է) մակագրություններով: Ընդդիմության ղեկավարները հանրահավաքը կիրակի օրը շարունակելու կոչեր են արել: Բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարների ձեռքին եղել են սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշներ՝ ընդդիմության խորհրդանիշը, և ԵՄ դրոշները:
BBC


Հ.Գ. Երեկ Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկել են երկու երկրների ինտեգրումը խորացնելու հարցերը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է. «Ցանկանում եմ հույս հայտնել, որ մենք հետագայում ևս ամեն ինչ կանենք, որպեսզի մեր ժողովուրդները զգան իրենց մտերմությունը, շարունակեն մտերմանալ նախևառաջ տնտեսության և սոցիալական ոլորտներում, ինչը ես չափազանց կարևոր եմ համարում»: Նա հավելել է՝ հուսով է, որ մարդիկ ինտեգրումից նկատելի առավելություններ կստանան:


Ինչքա՞ն են վատ Ալեքսանդր Լուկաշենկոյի գործերը, որ նա թույլ է տվել Բելառուսի ընդդիմությանը փողոց դուրս գալ ու անգամ, օ, սարսափ, պատռել Պուտինի դիմանկարները, ճիշտ է՝ հավաքելով ու հետները տանելով: Փաստորեն՝ պարզվում է՝ Բելառուսում կա ընդդիմություն, երբ պետք է իշխանությանը, և կա ոստիկանությունը, որ չի ցրում ընդդիմության հանրահավաքը, երբ պետք է իշխանությանը: Մի՞թե Բատկան կարծում է, որ Պուտինը չի հասկանա իր պրիմիտիվ քայլը՝ «Ես ուզում եմ, բայց ժողովուրդը դեմ է» տարբերակով: Իհարկե՝ կհասկանա: Ու, իհարկե, չի հավատա: Բայց Բատկան իսկապես ռիսկի է դիմում՝ հանրահավաքները, իվերջո, կարող են իր դեմ ուղղվել, այ դա Պուտինը կհասկանա ու չի մոռանա: Դեկտեմբերի 5-ին ելույթ ունենալով Բելառուսի նորընտիր խորհրդարանի առաջին նիստում, Ալեքսանդր Լուկաշենկոն ասել էր, թե Բելառուսը Ռուսաստանի կազմի մեջ չի մտնի: Իրականում Բելառուսի անկախությունը միֆ է, որին հավատում են միայն բելառուսները՝ եթե չլինի ռուսական նավթի վերամշակումն ու վաճառքը, Բելառուսի բյուջեն մեկ տարի էլ չի ապահովի հանրապետության ծախսերը: Ու Պուտինը դա գիտի: Գիտի նաև Լուկաշենկոն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4560

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ