Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ֆրանսիայի ու Ռուսաստանի հարաբերությունները չկայացած հանդիպումների պատնություն են

Ֆրանսիայի ու Ռուսաստանի հարաբերությունները չկայացած հանդիպումների պատնություն են
25.11.2019 | 13:47

«Ռուսները հաճախ են ձգտել Ֆրանսիայի հետ մերձեցման: Բայց ֆրանսիացիները հազվադեպ են փոխադարձություն դրսևորել, իսկ երբ դրսևորել են, ռուսներն են հեռացել: Միակ բացառությունը ֆրանկ-ռուսական դաշինքն է (1892-1917): Գոլի ժամանակ զգուշորեն վերսկսեցին այդ գաղափարը: 1990-ին Փարիզում Միտերանը ընդունեց Գոլի ճշմարտացիությունը՝ ողջունելով Ռուսաստանին իբրև ազգի: Իսկ Գորբաչովը խոսեց «համընդհանուր եվրոպական տան» մասին՝ վերականգնելով Պետրոս Մեծի տոնայնությունը:

Բայց հետո սկսվեցին նոր դժվարություններ, մենք չկարողացանք օգնել Ռուսաաստանին կոմունիզմից դուրս գալ»՝ ասել է Ֆրանսիայի ակադեմիայի մշտական քարտուղար, պատմաբան, քաղաքագետ, ռուս-ֆրանասիական հարաբերությունների 3 դարերի մասին գրքի հեղինակ Էլեն Կարեր դ'Անկոսը Le Figaro-ին: «Մինչև ֆրանսիական մեծ հեղափոխությունը Ֆրանսիան, անկասկած, ընդօրինակման նմուշ էր, բայց Բուրբոնների անակնկալ անկումը ցնցեց Եկատերինա Երկրորդին: Նա սիրում էր Ֆրանսիայի Լուսավորչականությունը, ոգևորված լսում էր Վոլտերին, բայց չէր մտածում, որ դա կհանգեցնի միապետության սկզբունքի վերացման: Այդ պահը կարևոր է, որովհետև ծնեց գաղափարը, որ հիմա Ռուսաստանը կարող է դառնալ «Եվրոպայի ժանդարմ» (այդ արտահայտությունը նորից ի հայտ եկավ Նիկոլայ Առաջինի ժամանակ), դիմակայելով լիբերալ գայթակղություններին, որ ծագում էին բոլոր կողմերից»՝ հիշեցնում է փորձագետը: «Ֆրանս-ռուսական երկխոսության կարևոր շրջան էին Նապոլեոնի պատերազմները: Երբ ռուսները մտան Փարիզ, ֆրանսիացիները սպասում էին վայրենիները և զարմացան՝ տեսնելով շատ ավելի կարգին մարդկանց, քան պրուսացիները՝ Բլյուխերի հրամանատարությամբ,-ասում է պատմաբանը: -Հետո Ղրիմի պատերազմն ու Սևաստոպոլի պաշտպանությունը հերթական փուլն էին, յուրատեսակ ռևանշ՝ Ելիսեյան դաշտերի կազակական օկուպացիայից հետո: Դարավերջից հանրությունը սկսեց Ռուսաստանն ընդունել իբրև նոր ավետյաց երկիր: Ավելին՝ շնորհիվ, օրինակ, Մերիմեի, որ թարգմանեց մի քանի նշանավոր ստեղծագործություններ, ռուս գրականությունը հատուկ տեղ գրավեց Ֆրանսիայում՝ Պուշկին, Գոգոլ, Չեխով, Դոստոևսկի, Տոլստոյ: 20-րդ դարում ռուսական երկու գլխավոր միրաժները դարձան երկու չկայացած հանդիպում՝ 1890- 1917-ին բուրժուաները զբաղվում էին ռուսական արժեթղթերի վերավաճառքով: Հեղափոխությունից հետո նրանք ամեն ինչ կորցրին: Վիթխարի հիասթափություն: Կոմունիստական հեղափոխությունից հետո «Մեծ փայլատակումը Արևելքում» աշխատավորների ու մտավորականների ոգևորությունը հարուցեց: Եվ նորից սկսվեց հիասթափությունը՝ 50-ականների վերջին: Աստիճանաբար ռուսները սկսեցին հարց տալ՝ ուրիշ չէ՞ իրենց անհատականությունը, որ տարբերում է իրենց եվրոպական չափազանց լիբերալ մոդելից: Դա չէր նշանակում հրաժարում եվրոպական գաղափարից: Բայց նրանք սկսեցին ասել, «Մենք ունենք մեր առանձնահատուկ ճանապարհը»՝ ասում է պատմաբանը:

«Այսօր ռուսներն օգտագործում են դեպի Արևելք շարժման մարտավարությունը, որ հիշեցնեն եվրոպացիներին՝ իրենց ձեռքին կան և աշխարհաքաղաքական այլ խաղաքարտեր: Իրոք ճիշտ է, որ Ռուսաստանի ու Եվրոպայի միջև նոր երկաթե վարագույր է կախվել: Իրականում՝ ռուսների կողմից դա ոչ այնքան գայթակղություն է որքան ասիական ռեալիզմ: Նրանք անդամակցեցին Շանհայի համագործակցության կազմակերպությանը, որ Չինաստանի հովանավորության տակ է, նրանք գործընկերություն սկսեցին ԱՍԵԱՆ-ի հետ, և ամեն անգամ ռազմավարական ընտրություն էին անում, որ քաղաքակրթական չէր: Բայց դա նրանց ասիացի չի դարձնում: Ռուսներն իրենց ասիացի չեն զգում»՝ վստահ է փորձագետը: «Մենք թերագնահատում ենք տոտալիտար համակարգի ու կայսրության վերացման կրկնակի ջանքերը: Առաջինը կանոնակարգում էր նրանց կյանքի բոլոր մանրամասները, երկրորդը ցուցադրում էր Ռուսաստանի մեծությունը: Մենք՝ ֆրանսիացիներս, կորցրինք կայսրությունը, որ ձևավորվել էր համեմատաբար ոչ վաղուց. և այդ մետրոպալիան չուներ աշխարհագրական տևողություն: Մենք գիտենք, որ դա հեշտ չէր: Ռուսաստանը կորցրեց 400-ամյա կայսրություն, որ մեկ ամբողջություն էր Ռուսաստանի հետ: Մեծության կորստի այդ կսկիծը ժամանակի վերաիմաստավորում է պահանջում»՝ հիշեցնում է պատմաբանը: «Ռուսաստանը վիխթարի ու անհավանական բազմազան երկիր է: 17 միլիոն քառակուսի կիլոմետր, ժամային 10 գոտիներ միավորելը հեշտ չէ, բազմակարծությունն ու խորհրդարանական հանրապետությունը, հավանաբար, հաջողություն չէին ունենա: Ռուսներին հաջողվեց կառուցել հասարակություն, որտեղ պահպանվում էր էթնիկ ու կրոնական բազմազանությունը շատ ավելի, քան ընդունված է կարծել: Երբ Պուտինը վիթխարի մզկիթ է կառուցում Մոսկվայում, ուզում է ցույց տալ, որ մուսուլմանները Ռուսաստանում իրենց տանն են»՝ գտնում է փորձագետը: «Խորհրդային Միությունում ձևավորվել էր բուրժուական դեմոկրատիաները պարբերաբար ապակայունացնելու մշակույթ: Բայց այսօր ես կարծում եմ, որ Ռուսաստանն այդքան ագրեսիվ չէ, որքան խոսում են: Ռուսները տեսել են՝ ինչպես են ամերիկյան ոչկառավարական կազմակերպությունները իրենց խաղի կանոնները պարտադրում խորհրդային նախկին հանրապետություններում ու քաղել են իրենց դասերը: Ակնհայտորեն հիմա նրանք փորձում էին նույնն անել, բայց ստացվում է վատ ու անշնորհք»՝ ասում է Էլեն Կարեր դ'Անկոսը: «Այսօր Ռուսաստանն անհանգստացած է եվրոպական ու արևմտյան աշխարհի էվոլյուցիայից: Ավանդական կողմնորոշիչները փլուզվում են ամենուր: Իրականում ռուսներին հետաքրքրում է ոչ թե Արևմուտքը ապակայունացնելու հարցը, այլ՝ վարակը կանխելու: Նրանք ավանդական արժեքների համակարգի կողմնակից են, որ փլուզվում են»՝ բացատրում է փորձագետը: «Երեք դար տատանվելուց հետո ռուսները եզրակացրել են, որ ամեն ինչ պատճենել անհնար է: Չինաստանի վերելքը ցույց տվեց, որ նրանք շփման կետեր ունեն հասարակության այլ մոդելների հետ ևս՝ ոչլիբերալ: Պետրոս Առաջինի ընտրությունը զուտ եվրոպական էր: Բայց Բեռլինի պատի անկումից հետո Սոլժենիցինը պահանջում էր չհետևել Պյոտր Մեծին ու անկախ ճանապարհ որոնել: Հենց դա էլ նրանք անում են»՝ արձանագրում է պատմաբանը:


«Ֆրանս-ռուսական մերձեցման գլխավոր բաղադրիչը քաղաքական գործիչների գլուխներում է: Էմանուել Մակրոնը պատրաստ է շարժվել այդ ուղղությամբ: Լինելով պրագմատիկ՝ նա տեսնում է ֆրանս-գերմանական հարաբերությունների վատացումը, Մեծ Բրիտանիայի հեռանալը: Եվ գնահատում է ռուսների հետ ազդեցության համար մրցակցության բացակայության օգուտը»՝ եզրափակում է Էլեն Կարեր դ'Անկոսը:
Ժան Քրիստոֆ, Շառլ Ժեգյու, Le Figaro


Հ.Գ. Էմանուել Մակրոնը պատրաստ է շարժվել այդ ուղղությամբ, բայց պատրա՞ստ է Վլադիմիր Պուտինը: Եվրոպայի հետ թափանցիկ, բայց կարծր պատերը փլուզելուց հետո նա ստիպված է գտնել հավերժական հարցի պատասխանը՝ ո՞վ է մեղավոր: Ո՞վ է մեղավոր, որ ռուսները վատ են ապրում: Եթե ոչ ստոր-սրիկա բուրժուաները: Կամ՝ սեփական բուրժուաները, որ ապրում են ստոր-սրիկա Եվրոպաներում ու Ամերիկաներում: Աշխարհայացքային շրջադարձի համար Պուտինն արդեն ժամանակ չունի՝ 2024-ին լրանում է նրա պաշտոնավարման ժամկետը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4132

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ