Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Նոր սառը պատերազմը վատ սցենար չէ

Նոր սառը պատերազմը վատ սցենար չէ
10.11.2019 | 11:50

Շվեյցարական Tages-Anzeiger-ին հարցազրույցում ամերիկացի պատմաբան, Ջոն Հոպկինսի ինստիտուտի պրոֆեսոր Մերի Սարոտեն բացատրում է՝ ինչ սխալներ է արել Արևմուտքը Ռուսաստանի հետ հարաբերություններում Արևելյան ու Արևմտյան Գերմանիաների վերամիավորումից հետո: 1989-ի նոյեմբերի 9-ին Բեռլինի պատը քանդվեց: 1989-ին Գերմանիայում էր իբրև ՊԱԿ-ի գործակալ Վլադիմիր Պուտինը: Պատմաբանի կարծիքով՝ դա ներգործել է նրա այսօրվա քաղաքականության վրա: «Կա օպերացիոնալ կոդի տեսությունը, որ առաջադրել է ամերիկացի քաղաքագետ Ալեքսանդր Ջորջը: Այդ տեսության համաձայն՝ առաջնորդներն ունեն ներքին կողմնորոշում կամ օրենքներ, որ բնութագրվում են 20-30 տարեկաններում կուտակված փորձով: Երբ ավելի ուշ նրանք գալիս են իշխանության, օգտագործում են այդ համոզմունքները: Նրանք դառնում են մենթալ քարտ, որին համարժեք իրենց դրսևորում են քաղաքական գործիչները: Ես կարծում եմ, որ բաժանված Գերմանիայում ժողովրդական ապստամբության փորձը իր դրոշմը թողեց Պուտինի օպերացիոնալ կոդի վրա: Այս տեսությունը օգնում է բացատրել նրա հանդուրժողականության պակասը ժողովրդի ու իշխանության միջև տարաձայնությունների ցանկացած ձևի նկատմամբ: Դրեզդենում անցկացրած տարիներից հետո Պուտինը գիտի, որ ընդվզումները կարող են վերահսկողությունից դուրս գալ»՝ գտնում է Մերի Սարոտեն:


Ղրիմի անեքսիայից հետո Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերությունների վատացման մասին պատմաբանն ասում է. «Պուտինը, ակնհայտորեն, մեծ դեր խաղաց Ռուսաստանի ու Արևմուտքի խորթացման մեջ, բայց կան և այլ կարևոր գործոններ, օրինակ, Ռուսաստանի ապադեմոկրատացումն ու կոռուպցիան: Արդեն Բորիս Ելցինի օրոք, որ կրակ բացեց Սպիտակ տան վրա, որտեղ ՌԴ կառավարությունն էր, ու պատերազմ սկսեց Չեչնիայում, Ռուսաստանի ու Արևմուտքի միջև տարածությունը մեծանում էր»: «Այսպես կոչված՝ գունավոր հեղափոխությունները (2003-ին՝ Վրաստանում, 2004-ին՝ Ուկրաինայում, 2005-ին՝ Ղրղզստանում) հարաբերությունները անդառնալիորեն փչացրին: Պուտինի տեսակետով՝ այդ ընդվզումները հրահրել էր Արևմուտքը: Նա հատկապես զայրացած էր բողոքներից Կիևում, որովհետև երբեք չի ընդունել, որ Ուկրաինան անջատվել է Ռուսաստանից: Վերջնական խզումը Ղրիմի անեքսիայի հետ կայացավ 2014-ին, որ ես համարում եմ սառը պատերազմից հետո ժամանակի ավարտ:Դա սահմանների բռնի փոփոխություն էր, որ անհամադրելի էր սառը պատերազմից հետո գոյություն ունեցող կոնսենսուսի հետ»՝ գտնում է Սարոտեն: Ի՞նչ սխալներ է արել Արևմուտքը Ռուսաստանի հետ հարաբերություններում Բեռլինի պատի անկումից հետո: «Սառը պատերազմից հետո Եվրոպայի գլխավոր խնդիրն էր Ռուսաստանն ինտեգրել իբրև կառուցողական բաղադրիչ, այլ ոչ թե դիմադրող մրցակից: Թվում էր՝ որ այդպիսի հնարավորություն կարող է տալ ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» (Partnership for Peace, PfP) ծրագիրը: Մինչև 1994-ը ԱՄՆ-ը նախընտրում էր, որ նոր հնարավոր անդամները նախ անդամակցեն PfP-ին՝ իբրև փորձաշրջան, մինչև դառնան ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ: Հանրապետականների հաղթանակը ԱՄՆ միջանկյալ ընտրություններում PfP-ն զրկեց նշանակությունից կարևորագույն պահին:

Հանրապետականների պայմանագիրն ամերիկացիների հետ պահանջում էր ՆԱՏՕ-ի լիարժեք ընդլայնում: Քլինթոնի կառավարությունը դա իրականացրեց: Բայց գործընկերության զարգացման համար ավելի շատ ժամանակ էր պետք, որը պետք է փոխարիներ ՆԱՏՕ-ի ընդլայնմանը և նպաստեր, որ Ռուսաստանը ավելի լավ ընկալի այդ գործընթացը»:
«Որ սառը պատերազմի տարիների սպառազինության վերահսկողության պայմանագրերը այլևս չկան, ողբերգություն է»՝ գտնում է պատմաբանը: Միջին հեռահարության հրթիռների օգտագործումը նորից հնարավոր է, ու դա աղետ է: «Մենք որոշակիորեն նոր կոնֆլիկտների փուլում ենք: Ռուսաստանը փոխում է սահմանները, ուժ կիրառելով և կիբեռհարձակումներ է գործում Եվրոպայի ու ԱՄՆ-ի վրա: Վաշինգտոնի քաղաքական իստեբլիշմենտը նորից ի դեմս Մոսկվայի մեծ հակառակորդի է տեսնում: Այդ պատճառով ստեղծվում է սառը պատերազմի նոր ձև՝ թեկուզ և առանց նախորդ վարկածի գաղափարախոսական բաղադրիչի, որ կարևոր տարբերություն է: Առաջին հայացքից՝ դա տրագիկ է, սակայն իրականում նոր սառը պատերազմը վատ սցենար չէ և ավելի բարենպաստ ու ընդունելի է մյուս սցենարներից: Մենք չպետք է թերագնահատենք սառը պատերազմի ձեռքբերումները: Համաշխարհային սառը պատերազմից վատը կա՝ համաշխարհային տաք պատերազմը: Ցավոք, Վաշինգտոնն ու Մոսկվան, միասին, թե առանձին-առանձին, քանդել են անցյալի անվտանգության արգելքները: Բայց մեզ հիմա պետք են նոր համաձայնագրեր: Դռները նորից բացելու այլընտրանք չկա մանրակրկիտ ու երկարատև գործընթացին»՝ գտնում է պատմաբանը:
Քրիստոֆ Մյունգեր, Tages-Anzeiger


Հ.Գ. Իհարկե՝ նոր սառը պատերազմը վատ սցենար չէ նոր տաք պատերազմի համեմատությամբ, բայց կա և այլ տարբերակ՝ պարզապես 0 կետից սկսելը՝ անցյալի դրականն ու բացասականը մի կողմ թողնելով: Միջուկային անվտանգության ցանկացած համաձայնագիր այլևս շատ ավելի բարդ է կնքել՝ Դոնալդ Թրամփի հնարավոր երկրորդ ժամկետի պարագայում: Նա պրոֆեսիոնալ պայմանավորվածություններ խախտող է, իսկ որևէ միջուկային համաձայնագիր առանց ԱՄՆ-ի չի ապահովի մյուս երկրների անվտանգությունը: Բացի՝ այդ՝ ՆԱՏՕ-ի 70-ամյակի նախօրեին շատ լուրջ բանավեճեր են սկսվել ՆԱՏՕ-ի նոր դերի ու նշանակության մասին՝ արդեն Թուրքիայի պատճառով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3713

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ