ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Ռուս-վրացական հարաբերությունները ապահովում է Շվեյցարիան

Ռուս-վրացական հարաբերությունները ապահովում է Շվեյցարիան
30.10.2019 | 11:31

Թբիլիսիում Շվեյցարիայի դեսպանատան վերակառուցումը ցույց է տալիս Բեռնի ջանքերը՝ կարգավորելու ռուսների ու վրացիների սուր կոնֆլիկտը: Սակայն անկանխատեսելի ներքին դինամիկայի պատճառով ձեքբերումները մնում են շատ խոցելի՝ գրում է Էմանուել Գրիշպանը շվեյցարական Le Temps-ում: Բեռնը մեծ ուժեր է ներդնում Թբիլիսիում՝ հույս ունենալով միջնորդության ոլորտում ստանալ իր նոուհաուի ցուցափեղկ: 2008-ին Ռուսաստանի ու Վրաստանի դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո Շվեյցարիան է ներկայացնում ռուսական շահերը Վրաստանում ու վրացական շահերը Ռուսաստանում: 2011-ին շվեյցարացիների միջնորդության շնորհիվ ՌԴ-ն կարողացավ դառնալ ԱՀԿ անդամ՝ Վրաստանը հանեց իր վետոն: Երկրորդ մեծ հաջողությունը 11 տարում առաջին անգամ երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումն էր: Սերգեյ Լավրովն ու Դավիթ Զալկալիանին հանդիպեցին սեպտեմբերի 26-ին, Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում:

«Այդ իրավասությունները դրական են ազդում Շվեյցարիայի իմիջի վրա, օգնում են դառնալ կարևոր դիվանագիտական խաղացող»՝ գտնում է Վրաստանում Շվեյցարիայի դեսպան Պատրիկ Ֆրանցենը: Այդ առաքելությունը այնքան էլ հեշտ չէ Ռուսաստանի էքսպանսիոնիստական նկրտումների ու Վրաստանի վիթխարի տարածքային հիասթափության պատճառով: Ձգտելով պահպանել ազդեցությունը իր նախկին սատելիտների վրա ու դիմակայել ՆԱՏՕ-ի ընդլայնմանը՝ Մոսկվան աջակցում է Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի անջատականներին: 2008-ին Կրեմլը որոգայթ լարեց Վրաստանի անզուսպ նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի համար, որ վճռեց, թե կարող է վերականգնել ինքնիշխանությունը երկու ապստամբ շրջաններում հաղթական բլիցկրիգով ու սխալմամբ խաղադրույք դրեց Արևմուտքի աջակցության վրա: 5 օրվա պատերազմում պարտված Վրաստանը կորցրեց իր տարածքի 20%-ը: Շվեյցարիայի ջանքերը երբեմն հիշեցնում են Սիզիփոսի առասպելը: Անցած տարվա հունիսին ռուս կոմունիստ պատգամավորի, որ հրավիրված էր ելույթի Վրաստանի խորհրդարանի ամբիոնից, խոսքը փողոցի կատաղությունը հարուցեց: Վլադիմիր Պուտինն արձագանքեց օդային հաղորդակցությունը փակելով ու պաշտոնական ներողություն խնդրելու պահանջ դրեց: Մի քանի տարվա դիվանագիտական ջանքերը ջուրն ընկան: Նոր տարաձայնություն ծագեց սեպտեմբերի 26-ին Լավրով-Զալկալիա հանդիպման վերջնամասում, երբ Վրաստանի ԱԳ նախարարը, ներքաղաքական ճնշման տակ, բարձրացրեց անջատողական շրջանների «ապաօկուպացիայի» հարցը: Խոցված Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ հանդիպումը կայացել է Վրաստանի խնդրանքով: Բեռնը անհապաղ միջամտեց՝ Մոսկվային խնդրելով շտկել իրավիճակը: Դա արվեց Մոսկվայի կոմյունիկեով, որ հանդիպումը նախաձեռնել է Շվեյցարիան:


Բախվելով հակառակորդի, ում ուժը տասնապատկում է նրա չխոսկանությունը՝ Վրաստանը հարմարվում է բացության մարտավարության օգնությամբ, որ ի ցույց դրեց հոկտեմբերի 22-23-ին Թբիլիսիում կայացած Մետաքսի ճանապարհի համաժողովում: Դիվանագետներին ու ներդրողներին Վրաստանը ներկայանում է իբրև Արևելք-Արևմուտք միջանցք, որ առաջարկում է շահավետ հարկահանություն և նվազագույն բյուրոկրատիա, էժան զբոսաշրջություն, գրավիչ լեռնային բնապատկերներ՝ 2000-ամյա մշակույթի ու խոհրարարական ավանդույթների հետ: «Ներդրողներն ակնկալում են, որ Վրաստանը կդառնա ոչ միայն արևելք-արևմուտք խաբ, այլև հյուսիս-հարավ: Երկիրը կարող է շահույթ ստանալ պատժամիջոցներից տուժած երկու մեծ հարևանների՝ Ռուսաստանի ու Իրանի հետ աճող առևտրից: Այսօր դրանից օգտվում է Ադրբեջանը» ասում է Պատրիկ Ֆրանցենը: Առավելևս, որ վրացական ապրանքների բնական սպառման շուկան Ռուսաստանի վիթխարի շուկան է: Շվեյցարիայի դեսպանի կարծիքով՝ «Վրաստանն այլ ընտրություն չունի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելուց բացի»:
Էմանուել Գրիշպան, Le Temps


Հ.Գ. Իսկ Հայաստա՞նը: Փաստորեն Արևելք-Արևմուտք, կամ Հյուսիս-Հարավ միջանցքի հավակնություններ ունի Թբիլիսին, բայց աշխարհագրությունը թելադրում է, որ այդ միջանցքն անցնում է Հայաստանով: Հայաստանի համար կենսական հարց է երկաթուղային հաղորդակցության վերականգնումը, այս խնդրով ևս շվեյցարացիները զբաղվում էին, բաց նորից ապարդյուն: Երկաթուղու վերագործարկմանը դեմ է Ադրբեջանը՝ և քաղաքական, և տնտեսական պատճառներով: 2020-ի Վրաստանի խորհրդարանական ընտրություններում շատ հարցերի պատասխաններ կտրվեն: Փաստ չէ, որ «Վրացական երազանքը» պահպանի ոչ միայն բացարձակ մեծամասնությունը, այլև՝ ընդհանրապես իշխանությունը: Բայց ով էլ գա Վրաստանում իշխանության՝ ընթացքը դեպի ԵՄ ու ՆԱՏՕ, անշրջելի է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3102

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ