Ձայների 90%-ի հաշվարկով Իսրայելի համապետական ընտրություններում աջ Լիկուդը և ձախկենտրոնամետ «Կախոլ-Լավանը» ստանում են 32 մանդատ: Վարչապետի պորտֆելի համար կուսակցության նախագահը պետք է ունենա 61 մանդատ, այդ պատճառով էլ վտանգ կա, որ Կնեսետի արտահերթ ընտրություններն ավելի են խորացնելու քաղաքական ճգնաժամը: Կես տարում երկրորդ արտահերթ ընտրությունների պատճառը Ավիգդոր Լիբերմանն էր՝ «Իսրայելը մեր տունն է» կուսակցության նախագահը, որ գարնանը հրաժարվեց վարչապետ Բենյամին Նետանյահուի առաջարկած կոալիցիայի մաս կազմել ուլտրաօրթոդոքսների հետ: Փորձագետները Լիբերմանին անվանում էին կոալիցիայի ստեղծման բանալի՝ նրա կուսակցությունը ստանում է 9 մանդատ: Բայց քվեարկության անսպասելի արդյունքը Լիկուդին ու «Կախոլ-Լավանին» հնարավորություն է տալիս մեծամասնության կոալիցիա կազմել առանց Լիբերմանի: Բաց է մնում վարչապետի հարցը: 69-ամյա Նետանյահուն հավակնում է ռեկորդի՝ հինգերորդ վարչապետության, նա գլխավորում է Իսրայելը 10 տարի՝ բոլոր վարչապետերից ավելի: Ընտրությունների նախօրեին նա ռիսկի դիմեց ու խոստացավ ընտրողներին հաղթելու դեպքում բռնակցել Հուդայական հովտի մի մասը Հորդանանի արևմտյան ափին՝ հարուցելով արաբական աշխարհի բուռն զայրույթը: Սակայն դատելով ձայների բաշխումից՝ հասարակության մեջ ավելի չափավոր ու ձախկենտրոնամետ քաղաքականության պահանջարկ կա:
«Կախոլ-Լավալը» երկրորդ քաղաքական ուժն է Իսրայելում, բայց այդպիսի հաջողություն քչերն էի սպասում: Ալյանսը ստեղծվել է 2019-ի ընտրություններին մասնակցելու համար և կազմված է պաշտպանության բանակի գլխավոր շտաբի նախկին պետ Բենի Գանցի «Իսրայելի կայունության կուսակցությունից» (Խոսեն լե Իսրայել), հայտնի լրագրող Յաիր Լապիդի «Ապագա կա» (Եշ ատիդ) և ՊՆ նախկին նախարար Մոշե Յալոնի «Տելեմ» կուսակցություններից: Նրանք միավորվեցին վերջին օրը, և հաշվարկն իրեն արդարացրեց:
Վարչապետ Բենյամին Նետանյահուն հիմա ավելի հեռու է աջ թևի ու կրոնական կուսակցությունների իշխող դաշինք ձևավորելուց, որ պատրաստ են նրա հետ կոալիցա կազմել: Ընտրությունների արդյունքներով՝ նրա դիրքերն ավելի թուլացան, քան ապրիլյան ընտրություններում էին: Հիմա գրեթե անհնար է կանխատեսել՝ ինչո՞վ ամեն ինչ կավարտվի: Ձիերի անզուսպ առևտուր է, և ամեն ինչ հնարավոր է՝ կուսակցությունների մասնատում, կուսակցափոխություններ: Առավել հավանական են 3 սցենարներ: Առաջին՝ գերակա իշխող բլոկ՝ կազմված երկու հակամարտող կուսակցություններից՝ Լիկուդից ու «Կախոլ-Լավանից», բայց դա հնարավոր է, եթե Լիկուդը չգլխավորի Նետանյահուն: Այս դասավորությունը խախտում է Նետանյահուի ու նրա կուսակցության համար ընդունելի համաձայնությունը: Նետանյահուի քաղաքական ընդդիմախոս Ավիգդոր Լիբերմանը փոխում է միտքը ու համաձայնում է մաս դառնալ Նետանյահուի աջ-կրոնական կառավարությանը, թեպետ իր ընտրողներին երդվում էր, որ դա երբեք չի լինի: Երրորդ ընտրություններ, բայց ոչ ոք արդեն ոչ ուժ ունի, ոչ ցանկություն: Առաջիկա շաբաթներին կվճռվի վարչապետի ճակատագիրը: Փորձագետների գնահատականով՝ եթե կառավարություն ձևավորի Բենի Գանցը, հայտնվելու է աննախանձելի վիճակում՝ ձախ կուսակցություններում տարաձայնություններն ավելի շատ են, քան աջ ճակատում:
Մյուս կուսակցությունների միջանկյալ արդյունքներն են՝ «Միացյալ արաբական ցանկը» ստանում է 12 մանդատ, «Ավոդա-Գեշերը»՝ 6, «Դեմոկրատական ճամբարը»՝ 5, ուլտրաօրթոդոքսալ կուսակցությունները՝ 17:
BBC
Հ.Գ. Փաստացի՝ Նետանյահուի իշխանությունը ոչ միայն երերաց, այլև նա կարող է կորցնել վարչապետի պորտֆելը: «Բիբի՞ն, թե Բենի՞ն» հարցին մեկ տարվա մեջ երկրորդ անգամ իսրայելցիները պատասխանեցին՝ «Ավելի շատ Բենին, քան Բիբին» տարբերակով: Իսրայելի 21-րդ գումարման Կնեսետը շատ կարճ պատմություն ունեցավ՝ Նետանայուն չկարողացավ կոալիցիոն կառավարություն կազմել: 22-րդ գումարման Կնեսետի ընտրություններն մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 69.4 տոկոսը: Հայկական համայնքի աջակցությունը վայելող «Մերեց» կուսակցությունը, որը ընդգրկված էր «Դեմոկրատական ճամբար» բլոկում, կստանա 5 մանդատ:
Անհրաժեշտ է 61 ձայն կառավարություն ձևավորելու համար: Ձախակողմյան ճամբարն ունի 56, «Լիկուդը» ծայրահեղ կրոնականների հետ՝ 55 մանդատ:
Հնարավոր է համարվում ազգային համաձայնության կառավարության ձևավորումը՝ առանց ծայրահեղ կրոնական կուսակցությունների: Նետանյահուն հայտարարել է, որ Իսրայելի համար պատմական պահ է՝ հավելելով, որ Իսրայելին անհրաժեշտ է «ուժեղ, սիոնիստական կառավարություն»՝ առանց հակասիոնիստական արաբական կուսակցությունների, որոնք «ժխտում են Իսրայելի՝ որպես հրեական և ժողովրդավարական պետության գոյությունը»: Բացի այդ՝ նա խոստացել է. «Մոտ օրերս մենք բանակցություններ կսկսենք, որ ստեղծենք ուժեղ սիոնիստական կառավարություն: Մեզ անհրաժեշտ Է կառավարություն, որի համար Իսրայելը հրեա ժողովրդի պետությունն է: Ես արդեն այդ թեմայով խոսել եմ աջ կուսակցությունների առաջնորդների հետ»: Փաստացի՝ Մերձավոր Արևելքում ավելանում է անկայունության ևս մեկ հասցե, որի անունն է Իսրայել, և՝ շատ անպատեհ պահի, երբ արաբական աշխարհը նորից խառնվել է իրար՝ Սաուդյան Արաբիայի նավթագործարանների վրա Եմենի հուսիտների հարձակման պատճառով, որի մեջ ԱՄՆ-ը մեղադրում է Իրանին: Նետանյահուի հնարավոր պարտությունը թուլացնում է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքերը՝ 2020-ի նոյեմբերի ընտրություններից առաջ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ