Հայաստանի մուտքերն ու ելքերը
06.09.2019 | 00:08
Սովորաբար եթե կա մուտք, կա նաև ելք: Տրամաբանորեն: Համենայն դեպս՝ մուտքը կարող է նաև ելք ծառայել: Իրականության մեջ մուտքերն ու ելքերը ոչ թվով, ոչ տեղակայումով, ոչ ժամանակի մեջ, ոչ էլ հեռանկարով համարժեք չեն: Լինում են դեպքեր, երբ մուտք կա, ելք՝ ոչ, կամ՝ ելքերը բազում են, մուտք չկա:
2019-ի թեժ ամառը անցավ տարբեր պայքարների կարգախոսների ուղեկցությամբ, և սեպտեմբեր մտանք գրեթե նույն ելակետով, ինչպես սկսվել էր ամառը: Իսկ գարնան վերջին մենք գիտեինք, որ մեր երկրում տնտեսական հեղափոխություն է կատարվում: Գիտեինք նույնպես կարգախոսի մակարդակով: Տնտեսական հեղափոխությունը անատոմիական կմախք է, որ չի մսակալում ու չի դրսևորում կենդանանալու ոչ մի ցանկություն: Որովհետև չկա քաղաքական կամք:
Համեմատության համար՝ «Մենք չենք կարող կարգավորել ռազմական հակամարտությունը և աշխարհաքաղաքական բարդությունները՝ հենվելով միայն ծիրանի արտահանմամբ զբաղվող տնտեսության վրա։ Թյուրըմբռնումներ թող չլինեն. ես կարծում եմ, որ գյուղատնտեսությունը կարևոր է, այն կազմում է մեր ՀՆԱ-ի 14 տոկոսը։ Բայց սա հակամարտություն ունեցող երկրի տնտեսություն չէ» և «Այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստանից մրգային գինիների արտահանումն աճել է 41 տոկոսով. արտահանվել է շուրջ 6,3 միլիոն դոլարի մրգային գինի: Անկեղծ ասած՝ նախկինում միշտ կասկածով եմ վերաբերվել այս արտադրատեսակին, բայց այս տարի Սարյան փողոցում գինու փառատոնի ընթացքում համոզվեցի, որ հայաստանցի գինեգործներին հաջողվել է հատկապես նռան գինին հասցնել բոլորովին նոր՝ բարձր մակարդակի և այս ապրանքատեսակը հայկական նոր բրենդ դառնալու բոլոր հնարավորություններն ունի»: Մեջբերումները վարչապետի խոսքից են՝ առաջինը «Նուվել դե Արմենիին» հարցազրույցից, երկրորդը՝ ֆեյսբուքից: Ո՞ր դեպքում է նա հավատարիմ իր ծրագրերին: Դատեք ինքներդ:
Ակնհայտորեն մենք ապրում ենք բազմաշերտ կյանք: Առաջին ու հրապարակային շերտում տարատեսակ հայտարարություններն են, լայվերն իրենց լայքերով ու դիսլայքերով, արդեն կոկորդներիս կառչած պոպուլիզն ու PR-ը: Երկրորդ շերտում բուն իրականությունն է, որ մնում է առանձնասենյակների դռներից ներս ու հազվադեպ է դուրս սպրդում արտահոսքերի տեսքով՝ բացահայտելով իրավիճակներ ու փաստեր, որ հակասում են առաջին շերտում հայտարարված նպատակներին: Երրորդ շերտում կյանքն է, որ համարժեք չէ ոչ մի շերտի ու հերքում է երկու շերտերն էլ իր անսքողելի իրականությամբ: Այս շերտատվածության պատճառով ինչ-որ պահից Հայաստանի հպարտ քաղաքացիներն ու միջին վիճակագրական հայերը հայտնվելու են նույն հարթության մեջ ու տալու են նույն հարցերը, որքան էլ իշխանությունը ջանա հանրային օրակարգում ստվերել բուն խնդիրները: Իսկ խնդիրները եղել ու մնում են նույնը՝ ազգային անվտանգություն, արդյունաբերության վերականգնում ու աշխատատեղերի ստեղծում, ժողովրդագրություն:
Փորձեք գտնել 3 ուղղություններում գոնե 3 քայլ, որ տանում են դեպի խնդրի լուծում: Գտա՞ք: Շնորհավորում եմ: Լիովին կարող եք լինել հաջորդ վարչապետը: Միանշանակ այդ խնդիրները փոխկապակցված են, բայց դա չի նշանակում, որ ոչ մի ուղղությամբ հնարավոր չէ ոչինչ անել, եթե ուղղություններից մեկը խնդրահարույց է: Փաստացի՝ մենք ոչ միայն ազգային օրակարգ չունենք, այլև չունենք ազգային օրակարգ ունենալու քաղաքական կամք: Հուզական հռետորաբանության մակարդակում գետին թափվող խոսքերը օդում էլ մեռնում են: Հակառակ պարագայում՝ մեկուկես տարին այն պատվանդանն է, որի վրա արդեն պիտի լիներ «Նոր Հայաստանի» խորհրդանիշը: Մենք պարզապես զբաղմունք ու ժողովրդին իբրև հանդիսատես որոնող իշխանություն ունենք, որ կորցրել է իրականության հետ կապը: Կամ՝ ինքն իրեն է համարում իրականություն, իսկ իրենից դուրս որոնում է անօրինականություն ու նշանակում մեղավորներ: Սա թուլության ախտանիշ է, որ օրեցօր անհնար է դառնում կոծկելը:
Հուզական ու բուռն քննարկեցինք Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը, գենի պաշտպանությունից մինչև ստոր եվրոպացիների կեղծ արժեքների մերժում, ինքներս մեզ վախեցրինք, որ մեզ դուրս ենք դնում Եվրախորհրդից ու եվրոպական ընտանիքից, քննարկումների մեջ կորցրինք ճիշտն ու սուտը տարբերելու ունակությունը, հեռուստաեթերներում բղավեցինք միմյանց վրա, դավաճան ու հայրենասեր խաղացինք, ու… մոռացանք, որ Ստամբուլյան կոնվենցիան սովորական համաձայնագիր է, որ տասնյակ պետություններ ստորագրել ու չեն վավերացրել և դեռ գլոբուսի վրա են: Արդարադատության նախարար փոխեցինք, որ… հարցը մնա պահեստային: ՈՒ ի՞նչ էր Ստամբուլյան կոնվենցիայի հարցը, եթե ոչ հանրության ուշադրությունը բուն խնդիրներից շեղելու միջոց:
Ինչպիսին է դառնալու անցումային արդարադատության խնդիրը, որ որակվում է դատաիրավական բարեփոխումների չորս տարվա ռազմավարության սյուներից մեկը ու ներկայացվել է հանրային քննարկման: Իմա՝ ստեղծվելու է փաստահավաք հանձնաժողով՝ առավելագույնը 20 անդամով: Փաստահավաք խումբը դատավարություն, քննություն, պատժիչ գործողություն չի իրականացնելու: Փաստերն ու տեղեկություններն է ուսումնասիրելու, իսկ հանձնաժողովը կազմվելու է հեղինակություն վայելող անձանցից, ներառելու է հասարակության տարբեր շերտերը։ Գլխավորը՝ հանձնաժողովը ուսումնասիրելու է 1991-ից 2018-ի մայիսը տեղի ունեցած զանգվածային խախտումները: Օրինակ՝ 1991-ի սեպտեմբերից սկսած բոլոր ընտրական գործընթացների, հետընտրական քաղաքական հետապնդումների, պետության կամ հասարակության կարիքների համար գույքի հարկադիր օտարումների, սեփականազրկումների այլ դրսևորումների, ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների գործերը: Եվ այս ռևիզիոնիզմին հատկացվելու է …2 տարի: Հարց՝ ծավալով տասնամյակների գործը հնարավո՞ր է 2 տարում ավարտել, նույնիսկ եթե 28 տարվա արխիվներն ամբողջությամբ պահպանված չլինեն, թե՞ դարձյալ գործելու է ընտրովիության սկզբունքը՝ անցանկալիների գլխին կախելու դամոկլյան սուրը: Կամ՝ ո՞րն է նպատակը: Հասարակության համախմբու՞մը, թե՞ հակառակը: Արդեն չասած տեխնիկական հարցերը, որ նաև քաղաքական են՝ ովքե՞ր են լինելու այդ հանձնաժողովի անդամները, ի՞նչ չափանիշներով են որոշելու մեղավոր ու անմեղ:
Այսինքն՝ պատրաստվեք. անցումային արդարադատության անվան տակ 2-3 տարի մեզ մատուցվելու է պետականության կայացմանը հույժ անհրաժեշտ որակվող, իրականում պետականության կայացման հետ կապ չունեցող գործընթաց, որ պարբերաբար անարգանքի սյունին է գամելու ինչ-որ անձանց, հետո իջեցնելու է սյունից ու ճանապարհելու է տուն: Սա այն քաղաքականությունն է, որ կոչված է ապահովել ժողովրդավարության ցուցադրական-ձևական կողմը, ո՞վ կասի՝ երբևէ հասնելու՞ ենք բովանդակությանը: Թե՞ մեր օրերի բովանդակությունը մակերեսով սահելն է՝ խորքի սարսափից աչքերը փակած: Հընթացս՝ անվերջ «նախկիններին» քաղաքական կախաղան հանելով: Ե՞րբ է վերջապես ընկալվելու, որ Հայաստանը չի սկսվել 2018-ի մայիս-հունիսից: Մինչ այդ էլ կային երկիրը, պետությունը, ժողովուրդը: Եվ պարբերաբար այս ու այն քաղաքի համալսարանի ռեկտորին, հիվանդանոցի տնօրենին, մանկապարտեզի վարիչին, այս ու այն գյուղի դպրոցի տնօրենին, գրադարանի վարիչին մերկացնելով մի քանի միլիոնի կողոպուտի մեջ, համակարգային կոռուպցիան չենք վերացնում: Պարզապես հաստատում ենք, որ ազգովին գող ենք, ավազակ ենք, աշխատել չենք սիրում, եթե ձեռքներս տանում ենք գրպաններս, կամ ուրիշի գրպանն է, կամ պետության: Համակարգային կոռուպցիան ինքն իրեն կվերացնի՝ առանց մեզ, եթե ստեղծվեն այնպիսի պայմաններ, որ գողությունը ձեռնտու չլինի: Առանց «նախկինների» վրա տակառներ գլորելու: Ի վերջո՝ կա 1917-ի ռուսական հեղափոխության փորձը՝ հարուստների ունեզրկումը ոչ թե հարստացրեց աղքատ պրոլետարիատին, այլ կաթվածահար արեց տնտեսությունը, ու երկրում սով սկսվեց: Նույնիսկ ՉԵԿԱ-ի տոտալ տեռորը իրավիճակ չփոխեց՝ մինչև չհնարվեց նէպը: Սա հիշեցում հատկապես նրանց, որ քայլում են բոլշևիկյան սրբազան ոտնահետքերով: Իսկ ընդհանրապես անգամ ամենասուր կացինը բթանում է, երբ հարվածում է անընդհատ նույն տեղին՝ «նախկիններին» քլնգելն այլևս հանրության վրա քաղաքական արդարության հաստատման միջոցի տպավորություն չի թողնում: Առավել ևս, որ իրականում թե մուկն է պլստում, թե ձուկը՝ խիստ ընտրովի: Ընդհանրապես այս «պլստալ-չպլստալու» հիմքում չկա ոչ մի տրամաբանություն: Տրամաբանությունը պիտի թելադրել գործել հօգուտ պետության, իրականության մեջ տասնյակներով քրեական շինծու գործեր են հարուցվում՝ նպատակ ունենալով «պատժիչ» գործողությունները, ոչ թե արդարության վերականգումը: Իրականության մեջ տնտեսության զարգացման, աշխատատեղերի ստեղծման, ներդրումների բազմապատկման նպատակով ոչ թե «նախկին» ու «ներկա» պիտի բեմադրվեր, այլ աշխատելու հնարավորություն ստեղծվեր: Ո՞վ է տուժում այդ ընտրովի արդարադատությունից ու վրիժառու մանրախնդրությունից, եթե ոչ միջին վիճակագրական հայը, որ տնտեսության բռնի դադարեցման պատճառով ստանում է գնաճ ու կենսամակարդակի անկում: Այստեղ իշխանությունը ունի քաղաքական կամք, բայց խփում է սխալ թիրախի, ի վերջո՝ ինքն իրեն:
Քաղաքական կամքի իսպառ չգոյության վկայություն է Ամուլսարի պատմությունը: Ազգովին քիմիկոս, բնապահպան, հանքաարդյունաբերող դառնալուց զատ՝ հասկացա՞նք, որ իշխանության խեղճությունը դառնում է մեր դժբախտությունը:
Պարզապես արդեն անեկդոտ է հերթական փորձաքննությունն ու հերթական քննարկումը՝ ժամանակ ձգելու այս մարտավարությունը մատնում է ռազմավարության չգոյությունը մի վարչապետի, որ ուրիշից լսած խոսքերը կրկնում է ֆրանսիական ամսագրին, իսկ տեղում ապավինում է ժամանակ շահելուն: Որ ի՞նչ: Ամուլսարն այլևս քաղաքական փակուղի է, որ փակում է ներդրումների մուտքերը Հայաստան՝ երկիրը միջազգային մասշտաբով դարձնում անհուսալի գործընկեր ու մղում ծիրանով ու պոմիդորով պետություն պահելու: Իրապես դուխով վարչապետը վաղուց կայացրած կլիներ իր կյանքի առաջին ոչ պոպուլիստական որոշումը՝ չվախենալով վարկանիշի անկումից: Ինքնանպատակ վարկանիշը վերջ-առաջ անկում է ապրելու: Հարցը վաղուց արդեն «Լիդիան» ընկերությանը չի վերաբերում, բոլորիս է վերաբերում, հատկապես նրանց, որ շողիքն ի բերան՝ անգլուխ, անձեռ-անոտ մանուկների ուրվականով կատարում են իրենց տրված պատվերը: Հարց՝ Ջերմուկը Հայաստանի Հանրապետությու՞ն է, թե՞ անկախ պետություն, որ պատրաստ է ապրել իբրև սանատորիա՝ ոչ մի պարտավորություն չունենալով երկրի առաջ: Եվ անեկդոտ է, որ բնապահպան ինքնահռչակվածները, որ ձայն-ծպտուն չեն հանում հրդեհներից ոչնչացվող բնության, կանաչած Սևանի, աղբի մեջ լողացող Երևանի հարցով, փակում են ճանապարհը «Լիդիանի» առաջ: Կարծես երկրում չկա ոստիկանություն: Հարց՝ ԱՄՆ մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի հարցում վճիռ կայացնելու՞ է, թե՞ Նյու Յորքում գլուխ է գովելու, որ Հայաստանում ժողովրդավարություն է: Սա էր ամառվա պատկերը, որ շարունակվելու է աշնանը: Բարի աշուն ձեզ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. 2020-ից, ԵԱՏՄ կանոնների համաձայն, երրորդ երկրներից Հայաստան ներկրվող ապրանքատեսակների թանկացումը կարող է չեզոքացնել վերջին տարիների տնտեսական աճը: ԵԱՏՄ-ում ապրանքների մաքսային դրույքաչափերը բարձր էին Հայաստանում գործող դրույքաչափերից, 2013-ին Հայաստանը 700-800 ապրանքատեսակների մասով ստացավ մաքսային դրույքաչափերի ներդրման արտոնություն: 2020-ի հունվարից արտոնության ժամկետը լրանում է, սպասեք թանկացումների, որ չեն փոխհատուցվելու: Սա հենց այն դեպքն է, որ ելքերը բազում են, մուտք չկա:
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ