Մոսկվայում գնահատում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Իրանի պատժամիջոցները թուլացնելու ուղղությամբ Վաշինգտոնին համոզելու ջանքերը՝ սեպտեմբերի 2-ին հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպումից հետո: Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգը և միջազգային ակտուալ թեմաներ՝ ներառյալ Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ ստեղծված իրավիճակը՝ տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ-ն: Սերգեյ Լավրովը մեղադրել է ԱՄՆ-ին սադրանքների մեջ. «Մեր ամերիկացի գործընկերները տարածաշրջանի որոշ դաշնակիցների աջակցությամբ ակնհայտորեն ու բացահայտ փորձում են սադրել Իրանին»՝ հայտարարել է Լավրովը:
Մեկ շաբաթ առաջ Իրանի ԱԳ նախարարը Բիարիցում էր, որտեղ մեծ յոթնյակի սամիթն էր: Զարիֆին Ֆրանսիա էր հրավիրել նախագահ Էմանուել Մակրոնը, որ նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ էր քննարկում իրան-ամերիկյան ճգնաժամը: Դեռ լինելով նախագահի թեկնածու՝ Դոնալդ Թրամփը քննադատում էր Իրանի հետ միջուկային համաձայնագիրը և 2018-ին Վաշինգտոնը պաշտոնապես դուրս եկավ համաձայնագրից ու վերականգնեց Իրանի դեմ պատժամիջոցները: Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան որոշեցին հաշվարկների համատեղ մեխանիզմ ստեղծել՝ պաշտպանելու Իրանի հետ առևտուր անող եվրոպական ընկերությունները ամերիկյան պատժամիջոցներից:
RFI
Հ.Գ. Լավրովն ու Զարիֆն սրտներն ուզածի չափ կարող են քննադատել ԱՄՆ-ին, իսկ Թուրքիան հերթական շրջադարձն է սկսում: «Թուրքիան չի պատրաստվում հրաժարվել ոչ ՆԱՏՕ-ից, ոչ իր դաշնակիցներից»՝ Ստամբուլում հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Մինչ այդ նա ասել էր, որ ռուսական Су-35-ները և հինգերորդ սերնդի կործանիչներ Су-57-ները կարող են այլընտրանք դառնալ ամերիկյան F-35-ին, եթե ԱՄՆ-ը շարունակի իրեն նախկինի պես պահել: Էրդողանը հիշեցրել է, որ Թուրքիան արդեն գնել է ռուսական С-400-ները: ԱԳ նախարար Մևկութ Չավուշօղլուն հայտարարել է, որ С-400-ների գնումը բխում էր հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության շահերից և չի ազդի ՆԱՏՕ-ի անդամակցության վրա:
«Մեր անկայուն տարածաշրջանը հարկադրում է մեզ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը մեր պետության պաշտպանության համար»՝ ասել է Չավուշօղլուն էստոնական ERR պորտալին՝ նշելով, որ Ռուսաստանին դիմել են դաշնակիցների անհուսալի վարքագծի պատճառով: Չավուշօղլուն ասել է, որ չնայած ներկա դժվարություններին, Անկարան ԱՄՆ-ին համարում է ռազմավարական դաշնակից: Այս երկու հայտարարությունները ջուրն են գցում ՌԴ նախագահի հույսերը, փաստացի զենքի վաճառքը Թուրքիային դարձնելով միայն ֆինանսական գործարք՝ զրկելով քաղաքական բաղադրիչից: Ակնհայտորեն՝ Անկարան Մոսկվայից սկսում է տարածություն պահել՝ Սիրիայում շահերի բախման պատճառով: Ի՞նչ է կատարվում տարածաշրջանում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ