ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

«Ժողովրդի ծառան» հաղթեց

«Ժողովրդի ծառան» հաղթեց
23.07.2019 | 13:05

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը Գերագույն Ռադայի արտահերթ ընտրություններում հավաքում է 43,9%՝ ըստ ազգային էքզիտ պոլի: Երկրորդը ռուսամետ «Հանուն կյանքի ընդդիմադիր պլատֆորմն» է: Ռադա է անցնում 5 կուսակցություն: Ընտրություններն անցկացվել են խառը ընտրակարգով՝ խորհրդարանի կեսը (225) ընտրվել է կուսակցական ցուցականերով, կեսը՝ մաժորիտար ընտրատեղամասերում, որտեղ ընտրողները ձայն էին տալիս կոնկրետ մարդու, ոչ թե կուսակցության: Գերագույն Ռադան ունի 450 պատգամավոր, բայց մաժորիտար ընտրակարգով ընտրվելու է 199 պատգամավոր 225-ի փոխարեն՝ ընտրություններ չեն անցկացվում Ղրիմի և Դոնբասի որոշ մասերում: Անցողիկ շեմը 5% -ն է:


«Ժողովրդի ծառա» կուսակցությունը էքզիտպոլի արդյունքներով՝ ստանում է 126 մանդատ, դա նախագահ Վլադիմիր Զելենսկուն հնարավորություն կտա իր օրենսդրական նախաձեռնություններն ու բարեփոխումները կատարել Ռադայի աջակցությամբ: Կուսակցության պաշտոնական ղեկավարը Դմիտրի Ռազումկովն է, բայց ոչ ոք չի թաքցնում, որ քաղաքական ուժը նախագահ Զելենսկուն է աջակցում: Երկրորդ տեղում «Հանուն կյանքի ընդդիմադիր պլատֆորմն» է՝ 11,5%-ով: Ընտրություններից 3 օր առաջ Վիկտոր Մեդվեդչուկը հանդիպեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Մինչ այդ նա հանդիպել էր վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի հետ: Նրա կուսակցությունը ստանում է 33 մանդատ: Երրորդը նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխությունն» է՝ 8,9%՝ 26 մանդատ: Յուլիա Տիմոշենկոյի «Բատկիվշչինան» ունի 7,6%՝ 22 մանդատ: Սվյատոսլավ Մակարչուկի «Ձայն» կուսակցությունը ևս անցնում է Գերագույն Ռադա: «Օկեան Էլզի» խմբի մենակատարն ու նրա կողմնակիցները ստացել են 6,3%: Կուսակցությունը ընտրություններից առաջ է հայտնվել և հավաքել է բավականաչափ ձայն, որ ստանա 18 մանդատ:


«Ուժ և պատիվ» կուսակցությունը, որ սոցհարցումներով անցնում էր խորհրդարան, 0,6% պակաս ունեցավ: Կուսակցությունը Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին պետ Իգոր Սմեշկոյինն է, անդամների մեծ մասը զինվորականներ ու ուժայիններ են:
9-րդ գումարման Գերագույն Ռադայի ընտրությունները հուլիսի 21-ին էին, 22 կուսակցություններ և 3000 թեկնածուներ հավակնում էին պատգամավորի մանդատի: Ընտրություններն արտահերթ էին: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր պաշտոնակալության արարողության ժամանակ հայտարարեց խորհրդարանի լուծարման մասին: «Գերագույն Ռադայի լուծարման գլխավոր փաստարկը Ուկրաինայի քաղաքացիների շատ ցածր վստահությունն է այդ կազմակերպությանը»՜ իր որոշումը բացատրեց Զելենսկին:
BBC


Հ.Գ. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառան» Գերագույն Ռադայի արտահերթ ընտրությունների արդյունքներով կարող է ինքնուրույն ձևավորել կառավարություն՝ առանց կոալիցիայի: ԺԾ-ն ստանում է 115-120 մանդատ՝ մեծամասնական ընտրակարգով, ևս 121-ը՝ համամասնական ցուցակով: Առաջին անգամ Ուկրաինայի պատմության մեջ մեկ քաղաքական ուժ բացարձակ մեծամասնություն է ստանում խորհրդարանում և հնարավորություն` ինքնուրույն կառավարություն կազմելու: Արտահերթ ընտրությունների մասնակցության ցուցանիշը, ամառային արձակուրդների պատճառով, ցածր էր՝ 50 տոկոս: Նախագահական ընտրությունների առաջին և երկրորդ փուլերի ժամանակ 63 և 62 տոկոս էր: Փաստացի՝ ուկրաինացիները նախապատվությունը տվեցին նոր ու անհայտ դեմքերին: Վլադիմիր Զելենսկին նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ էլ, արտահերթ խորհրդարանականի ժամանակ էլ խոստանում էր վերացնել կոռուպցիան, խաղաղ ճանապարհով լուծել արևելքում ռուսամետ անջատականների հետ զինված հակամարտության հարցը, շարունակել եվրաինտեգրման կուրսը: «Սա ոչ միայն հսկայական վստահություն է, սա նաև հսկայական պատասխանատվություն է անձամբ ինձ և մեր թիմի համար: Մենք հուսախաբ չենք անի ուկրաինացիներին, դուք գիտեք մեր առաջնահերթությունները, կներեք՝ պիտի կրկնեմ՝ դրանք նույնն են, ինչպես ցանկացած ուկրաինացու համար՝ ավարտին հասցնել պատերազմը, ազատել մեր գերիներին և հաղթահարել կոռուպցիան», - քվեարկության առաջին հաղթական արդյունքները ստանալուց հետո ասաց Ուկրաինայի նախագահը: ԺԾ-ն քարոզարշավի ընթացքում հայտարարում էր 50-100 առաջնահերթ օրենսդրական նախաձեռնությունների մասին, որոնց թվում է պատգամավորական անձեռնմխելիության չեղարկումը:


Ուկրաինան կիսախորհրդարանական-կիսանախագահական կառավարման համակարգ ունի, նախագահը պատասխանատու է արտաքին քաղաքականության, ազգային անվտանգության և պաշտպանության համար: Ներքին քաղաքականության՝ տնտեսության, ֆինանսների և սոցիալական ոլորտների համար որոշիչ լծակները կառավարության ձեռքում են՝ վարչապետի գլխավորությամբ: Իսկ նախարարների կաբինետի ձևավորման լծակները խորհրդարանում են:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2684

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ